Մանանեխ` ընթրիքից առաջ
Հայաստանի Սահմանադրական դատարանի եզրակացությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, Թուրքիային, ըստ էության, «իր մոր փորը» գցեց, որովհետեւ թուրքերը արձանագրությունների վավերացումից հրաժարվելու եւ դրա պատասխանատվությունը Հայաստանի վրա գցելու հնարավորություն ստացան: Ու երբ թուրքերը բացահայտ սկսեցին հայտարարել, թե ՀՀ ՍԴ որոշումից հետո չեն պատրաստվում գնալ վավերացման, արձանագրությունների հայ համախոհների եւ հակառակորդների հայացքները հերթական անգամ ուղղվեցին դեպի առաջիկա ապրիլի 24-ը: Արձանագրությունների հակառակորդները հույս ունեն, թե Թուրքիայի հրաժարումը դրանք վավերացնելուց` ԱՄՆ սենատին, կամ նախագահ Օբամային կմղի, ի վերջո , պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կողմնակիցների հույսն այն է, թե ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման սպառնալիքը Թուրքիային կստիպի այնուամենայնիվ գնալ արձանագրությունների վավերացմանը: Նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած մի իրադարձություն, սակայն, որը հայ-թուրքական հարաբերությունների հետ որեւէ առնչություն չունի, հուշում է, որ հայաստանյան վերը նշված հույսերը սին են, եւ իրագործման ոչ ենթակա: Խոսքը Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահների` ստամբուլյան հանդիպման մասին է, որը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի միջնորդությամբ: Միջնորդական այսօրինակ առաքելություն կարող է իրականացնել միայն վերը նշված երկու երկրների նկատմամբ հսկայական ազդեցություն ունեցող տերությունը, եւ այդ տերությունը, տվյալ դեպքում, Թուրքիան է: Իսկ թե ինչպիսի մեծ պրոբլեմների մեջ են Ամերիկայի Միացյալ Նահանգները Պակիստանում եւ Աֆղանստանում, կարծում եմ տեղյակ է ամենասովորական լրահոսին հետեւող ցանկացած մեկը: Նման պայմաններում մտածել, թե ԱՄՆ-ն կփորձի ճնշումների այնպիսի լծակ կիրառել Թուրքիայի նկատմամբ, ինչպիսին Հայոց ցեղասպանության ճանաչման իրական սպառնալիքը, լուրջ չէ: Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Իրաքում եւ Իրանի հետ կապված պրոբլեմները, հնարավոր չէ չնկատել, որ Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար աճում է օր օրի, եւ Սպիտակ տունը չի կարող այդպիսի բացահայտ առճակատման գնալ Անկարայի հետ: Այնպես որ, Հայաստանը հերթական անգամ թղթե շերեփավորի դերում է, իսկ Հայաստանի դիվանագիտական կորպուսը Պոնչո Էդոյի գլխավորությամբ, կարող է ընդամենը փոքրիկ բալիկի դերակատարում ստանձնել, որի թշերն ամեն անգամ քաշում են` ի նշան նրա հնազանդության նկատմամբ ունեցած գոհունակության: Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նա հայ-թուրքական հարաբերությունները առայժմ չի կարողանում կարգավորել, չի կարողանում կարգավորել արաբ-իսրայելական կոնֆլիկտը, չի կարողանում կարգավորել Իրանի պրոբլեմը, չի կարողանում կարգավորել իրաքյան թնջուկը, Աֆղանստանի հարցը, եւ այսպես շարունակ: Այս ամենի արդյունքում Օբաման երեւի ծանր երազներ է տեսնում ամեն գիշեր: Բայց մյուս կողմից շատ մեծ մխիթարանք էլ ունի. չէ՞ որ Խաղաղության Նոբելյան մրցանակ արդեն իսկ ստացել է: Իսկ սա նշանակում է` խաղաղություն հաստատելու կարիք առանձնապես չկա:
www.nikol.am







Կարծիքներ
- Vahagn GHUKASYAN, 2 years 1 շաբաթ առաջ
Նիկոլ Փաշինյան
... սա նշանակում է` խաղաղություն հաստատելու կարիք առանձնապես չկա:
Խաղաղություն հաստատելու կարիք չկա, իսկ այ հակառակի` անկայունության, կռվի, ու այս կարգի իրավիճակների կարիքը կա: 2003թ. մարտ ամսին Ստամբուլում մի հաղորդում տեսա: Երևի կլոր սեղան էր` նախորդ գիշերը ԱՄՆ-ն և նրա զինակիցների կողմից Իրաքի սկսված պատերազմի մասին: Թե ի՞նչ էին խոսում բան չեի հասկանում, բայց հաղորման ընդացքում երևի մի քանի անգամ հեռուստացույցի էկրանին մի քարտեզ (Իրանը իր բոլոր հարևանների հետ միասին) ցուցադրվեց: Սկզբում քարտեզի վրա Իրանի տերիտորիան էր ընդծված. բայց հետագա պատկերումների ընթացքում քարտեզը գունափոխվում է ու Իրանի սահմանակից պետությունների տարածքներն էին ավելի ընդգծված երևում: Հատկապես Իրաքի ու Աղվանստանի վրա երկար կանգ առան, բայց մյուս հարևաններին, դրանց թվում նաև մեր Հանրապետության տերիտորիան էլ որոշակի ընդացք ընդծված մնաց…
Սկսեցի մտածել այն մասին, որ Իրանը Աղվանստանից կամ Իրաքից շատ ավելի հզոր երկիր է: Կայսրություն: Ու դժվար թե Արևմութքը Իրանի հարցերը փորձի պատերազմի միջոցով լուծել: Հաստատ ամերիկացիները որոշել էն Իրանի կայսրությունը շրջափակման միջոցով` ներսից «պայթեցնել»: Այսինքն ստացվում է թուրքերի դարավոր մուրազը, անկախ իրենց կամքից եկել համնկել է Ամերիկաի շահերի, նպատակների հետ…
Կարծում եմ սա նույնպես նշանակում է, որ Արևմուտքը խաղաղություն հաստատելու ցանկություն առայժմ չունի` իր ռազմաբազաների ներկայությամբ շահադրդված…
Հայտնեք ձեր կարծիքը