Պահանջում ենք
Երեկ թվով 12 կազմակերպություններ հանդես են եկել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական եւ ապօրինի քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին իշխանություններին հասցեագրված հայտարարությամբ, որում ասվում է. «2010թ. հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ակնհայտ ապօրինի վճռով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման: Ողջ դատաքննության ընթացքում որևէ հիմնավորում չներկայացվեց նրա կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու առումով: Ավելին, Փաշինյանի նկատմամբ առաջադրված էր նույն բովանդակությամբ մեղադրական եզրակացությունը, որը նախկինում առաջադրվել էր ընդդիմության ներկայացուցիչ յոթ քաղկալանավորներին, և որի հիման վրա վեցի նկատմամբ կայացվել էր ավելի պակաս ժամկետ նախատեսող ազատազրկում, ինչի հետևանքով նրանք համաներմամբ հայտնվել են ազատության մեջ: Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դատարանի վճիռը ոչ թե իրավական որոշում է, այլ քաղաքական հետապնդման անթաքույց ակտ: Կայացվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն, ինչը քրեորեն պատժելի արարք է: Հայաստանի իշխանությունները պարտավոր են ապահովել արդար դատավարություն` չբարդելով 2008թ. մարտի 1-ին քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցագործությունների պատասխանատվությունը ընդդիմության վրա` ի դեմս Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրականացվող քաղաքական և ակնհայտ ապօրինի քրեական հետապնդումը և ազատ արձակել նրան»: Հայտարարությունը ստորագրել են «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» հայաստանյան կոմիտեն, «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության», «Իրավունքի և ազատության կենտրոն», «Փաստաբաններ մարդու իրավունքների համար», «Հույս», «Զարթոնք 89», «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն», «Մենք+», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ, «Էկոդար» կազմակերպությունները:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը