Ձյուն, կարկուտ, անձրեւ
Հունվարի 25-ին Երեւանում տեղացած կայծակով ուղեկցվող ձյունը, ձնաբուքը, ուժեղ քամին քաղաքացիների շրջանում խուճապ էր առաջացրել, եւ դա բնական էր, քանի որ ոչ միշտ կարելի է նման բանի ականատես լինել: Երեկ նույնպես նախորդ օրվա եղանակը շարունակում էր մարդկանց խոսակցության թեման լինել, մասնավորապես երիտասարդները ավելի տարիքով մարդկանցից փորձում էին ճշտել, արդյո՞ք նման բան էլի եղել էր, երբ եւ այլն: Այս հարցերի պատասխանը ստանալու համար, դիմեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոն: Ըստ կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանի` հունվարի 25-ի եղանակը չի կարելի արտառոց համարել: «Նման եղանակը «անոմալ» երեւույթ չէ: Բնության մեջ նմանատիպ դեպքեր չեն բացառվում, բայց հաճախ էլ չեն լինում: Խուճապի առիթ չկա, քանի որ նման եղանակը վատ հետեւանք չի թողնի ո՛չ բնության, ո՛չ էլ մթնոլորտի վրա»,- երեկ մեզ հետ զրույցում նշեց Զարուհի Պետրոսյանը եւ ավելացրեց, որ հունվարի 25-ին Երեւանում տեղացած ձյան ժամանակ որոտած կայծակի պատճառը օդի ջերմաստիճանի կտրուկ նվազումն էր.«Մինչ ամսի 25-ը օդի ջերմաստիճանը շատ բարձր էր, իսկ երբ սկսեց ձյուն տեղալ, ջերմաստիճանը շատ կտրուկ նվազեց, ինչի արդյունքում էլ կայծակ եղավ»: ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի ղեկավարը դժվարացավ նշել, թե արդյոք երբեւէ Երեւանում նման եղանակ գրանցվել է, թե ոչ. «Վերջին 10 տարիներին նման տաք ձմեռ, տաք հունվար չի եղել: Հետեւաբար, չեն եղել նաեւ նման եղանակային պայմաններ, ինչպիսին գրանցվեցին հունվարի 25-ին, երբ միաժամանակ տեղաց եւ անձրեւ, եւ ձյուն, եւ փոքր կարկտահատիկներ: Ընդհանուր առմամբ, հունվարի 25-ի եղանակը հազվադեպ երեւույթ էր, բայց ոչ բացառիկ»: Ըստ Զարուհի Պետրոսյանի հունվարի 25-ին եղանակն այնպիսին էր, ինչպես կանխատեսել էր ԱԻՆ «Հայպետհիդրոմետ»- ը: Զարուհի Պետրոսյանը մեզ տեղեկացրեց նաեւ մոտ օրերս սպասվող եղանակի եւ օդի ջերմաստիճանի մասին: Ըստ նրա` առաջիկա 2 գիշերներին հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի: Եթե երեկ գիշերը օդի ջերմաստիճանը Երեւանում -4 էր, ապա 2 օրվա ընթացքում այն կնվազի մինչեւ -11 աստիճան ցուրտ: Սակայն հունվարի 29-ից սկսած օդի ջերմաստիճանը կրկին աստիճանաբար կբարձրանա, ինչի արդյունքում հունվարի 30-31-ից գիշերային ժամերին Երեւանում կսպասվի -2- 4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին -1-ից +5 աստիճան տաքություն: Ի դեպ առաջիկա 2 օրերին ձյան տեսքով տեղումներ չեն սպասվում ոչ միայն Երեւանում, այլ նաեւ հանրապետության ողջ տարածքում:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը