Ոչ միայն ցուցանիշներով

ՃԳՆԱԺԱՄԸ ԽՈՐԱՆՈՒՄ Է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Սրանք հենց այն ցուցանիշներն են, որոնք հիմք ընդունելով, տարբեր ռանգի պաշտոնյաներ սկսեցին հայտարարել, թե տնտեսական ճգնաժամն ավարտվել է: Առերեւույթ այդ ցուցանիշները իրոք պլպլան են, համեմատության մեջ վերցրած, իհարկե: Այսպես, տարին փակվում է 14,4 տոկոս տնտեսական անկումով: Սա իրոք պլպլան ցուցանիշ է, եթե հաշվի առնենք, որ տարվա առաջին յոթ ամիսներին, նախորդ տարվա համեմատ, պաշտոնական վիճակագրությունը արձանագրել էր 18,5 տոկոս անկում: Պլպլան է նաեւ այն տեսանկյունից, որ կառավարությունը կանխատեսել էր 15,6 տոկոսի անկում: Այսինքն` անկումը կառավարության կանխատեսածից 1,2 տոկոսով պակաս է: Արդյունաբերության անկումը 7,8 տոկոս է այն դեպքում, երբ տարվա կեսերին արձանագրվել էր այդ ճյուղի մինչեւ 12 տոկոս անկում: Գյուղատնտեսության անկումը անցած տարվա համեմատ ընդամենը 0.1 տոկոս է, այն դեպքում, երբ տարվա կեսին անկումը հասել էր 2,7 տոկոսի:  Շինարարության ծավալների անկում էլ ստացվել է ընդամենը 36,4 տոկոս, տարվա կեսերի` 45 տոկոսի համեմատ: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, 2008 թվականի համեմատ, 2009-ին նվազել է 7,2 տոկոս, իսկ տարվա կեսերին այդ ցուցանիշի անկումը հասնում էր 13 տոկոսի: Մի խոսքով, առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ իրոք, գործերը լավ են: Բայց շտապել պետք չէ: Նախ տնտեսական անկման ցուցանիշը սկսեց բարելավվել  սեպտեմբեր-հոկտեմբեր ամսից: Այսինքն, երբ համեմատում էինք 2009 թվականի, ասենք, առաջին երեք եռամսյակները 2008 թվականի առաջին  երեք եռամսյակների հետ, ցուցանիշները շատ վատն էին, բայց երբ համեմատում ենք ամբողջ 2009-ը ամբողջ 2008-ի հետ, ցուցանիշները փոքր-ինչ բարելավված են: Այդ բարելավվումը պայմանավորված է նրանով, որ տնտեսական աճի տեմպերը սկսեցին կտրուկ նվազել հենց 2008 թվականի երրորդ եռամսյակում: Ու ստացվում է, որ 2009-ի վերջին ամիսները մենք համեմատում ենք արդեն իսկ վատ ցուցանիշներ արձանագրած ժամանակահատվածի հետ: Միայն դրա շնորհիվ է, որ ցուցանիշները դառնում են պլպլան: Իսկ իրականում դրանք շարունակում են շատ մտահոգիչ լինել, անգամ եթե ուսումնասիրում ենք պաշտոնական վիճակագրության հրապարակած համեմատական ցուցանիշները` անցած տարվա դեկտեմբերի տվյալները: Ըստ այդմ` 2009-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել է 18,3 տոկոս տնտեսական աճ: Վատ ցուցանիշ չէ, եթե այն չենք համեմատում անցած տարիների նույն տվյալների հետ: Օրինակ 2008-ի դեկտեմբերին, երբ ճգնաժամը արդեն մտել էր իր իրավունքների մեջ, նոյեմբերի համեմատ, արձանագրվել էր 23,7 տոկոս աճ, իսկ ահա 2007-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել էր մոտ 36 տոկոս աճ: Դեկտեմբերը այդպիսին է, եւ դա շնորհիվ բնակչության ամանորյա պատրաստությունների, որի վրա ահռելի ծավալների փող է ծախսվում: Այդ շրջանում աճում է պահանջարկը ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ, որի շնորհիվ էլ դեկտեմբերին, նոյեմբերի նկատմամբ, երկնիշ աճերով ցուցանիշներ են արձանագրվում: Օրինակ` 2009-ի դեկտեմբերին մանրածախ առեւտրի ծավալները, նոյեմբերի համեմատ, աճել են ավելի քան 70 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը` մոտ 50 տոկոսով: Աճել է նաեւ շինարարության ծավալը` մոտ 15 տոկոսով` այն դեպքում, երբ նախաճգնաժամային 2007-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել էր 37 տոկոս աճ: Մի խոսքով, ճգնաժամի ավարտի մասին պնդումները, մեղմ ասած, հեռու են իրականությունից: Եւ բացի այդ` մի քանի տարօրինակ ցուցանիշներ կան, որոնք թերեւս հատուկ ուսումնասիրության կարիք ունեն: Խոսքն առաջին հերթին արտահանման ծավալների մասին է: Մասնավորապես 2009-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արտահանումը աճել է 1,8 տոկոսով, տարեկան` 34 տոկոս անկման պարագայում: Ի՞նչն է այստեղ տարօրինակ: Նույնիսկ արդեն իշխանությունն է ինքնաքննադատությամբ զբաղվում ու ասում, թե մեր արտահանման մի զգալի մասը հանքահումքային արտադրանքն է, այսինքն խոսքը գունավոր մետաղների հանքաքարերի մասին է: Արդեն մոտ երեք ամիս մեզ համար ամենակարեւոր հանքարտադրանքի` պղնձի միջազգային գները ընդհուպ մոտեցել են նախաճգնաժամային գներին: Օրինակ երեկ պղնձի մեկ տոննայի միջազգային գինը Լոնդոնի բորսայում կազմել է 7 հազար 434 դոլար: Մինչեւ ճգնաժամը պղնձի գինը հասել էր 8 հազար դոլարի, իսկ անցած տարվա կեսերին իջել ընդհուպ մինչեւ 3 հազար 500 դոլար: Բայց այս հանգամանքը, ինչպես տեսնում ենք պաշտոնական ցուցանիշներից, չի օգնել, որպեսզի արտահանման ծավալները գոնե մոտենան նախաճգնաժամային ցուցանիշներին: Բացի այդ, դրամի կտրուկ արժեզրկում է տեղի ունեցել, որը պետք է խթաներ արտահանումը, ինչը եւս տեղի չի ունեցել: Եւ ի վերջո, աշխարհի որեւէ երկրում տնտեսական ցուցանիշները հաշվարկելիս այդ ցուցանիշները վերածվում են դոլարի: Եւ եթե մենք էլ դա անենք, ապա մեր տնտեսական անկումը կլինի ոչ թե 14,4 տոկոս, ինչպես արձանագրում է ԱՎԾ-ն, այլ ավելի քան 30 տոկոս: Մի խոսքով, իրականում ճգնաժամը ավելի է խորացել եւ դեռ կշարունակի խորանալ եթե ոչ չոր ցուցանիշների առումով, ապա որակական իմաստով: Մեր տնտեսությունը չի զարգանում բառիս որակական իմաստով, այլ ընդամենը ցուցանիշներ է ապահովում: Եւ սա մի ճգնաժամ է, որի վերջը Հայաստանում, գոնե այս պահին չի երեւում:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter