Զոլյանի գրպանը նարկոտի՞կ կգցեն

Ուսանողները խոստանում են դասադուլ անել

Հեղինակ՝ Արզօ
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն, ինչպես եւ խոստացել էին, երեկ բողոքի ակցիա անցկացրին` ի պաշտպանություն բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանի, որը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 17-ի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Համալսարանի մոտից շուրջ 200 ուսանողներ, նախ, երթով շարժվեցին դեպի ԿԳ նախարարություն: Մինչ այդ նրանց ընդառաջ եկավ Սուրեն Զոլյանը, հորդորեց լինել կազմակերպված ու քայլել մայթերով, ինչպես պահանջում են ոստիկանները: Ավելի վաղ նա ուսանողներին ետ էր պահել բողոքի ակցիան դասերի հաշվին անելու մտքից: «Ինչպես կազմակերպված այսօր դասի հաճախեցիք, նույն ձեւով կազմակերպված մայթերով եք գնում: Կազմակերպված, ինտելեկտուալ: Դա է մեր ուժը, ինչպես նաեւ` ձեր գեղեցկությունը: Մենք հասնելու ենք հաղթանակի, բայց դրա համար պետք է կազմակերպված աշխատել: Շնորհակալություն, որ դուք ինչ որ անում եք, դասերից հետո եք անում: Որեւէ մեկը էլ չի կարող ձեզ մեղադրել, որ դուք դա անում եք ուղղակի, որպեսզի չսովորեք»,- բարձրախոսով երթի դուրս եկած ուսանողներին դիմեց պաշտոնանկ արված ռեկտորը: Դրանից հետո Սուրեն Զոլյանը մտավ համալսարան, իսկ ուսանողները ճանապարհ ընկան դեպի ԿԳ նախարարություն` վանկարկելով «Զոլյան» ու «արդարություն», իսկ ձեռքներին` տարբեր գրությամբ պաստառներ. «Չկա Զոլյան, չկանք մենք», «ԵՊԼՀ-ն մենք ենք ու պարոն Զոլյանը», «Պարոն Զոլյան, Բրյուսովը Ձեզ հետ է»:

Իսկ արդեն նախարարությունների շենքի մոտ ուսանողները պահանջում էին, որպեսզի չեղյալ հայտարարվի ԵՊԼՀ ռեկտորին աշխատանքից ազատելու կամայական հրամանը: Նրանք նաեւ պահանջում էին, որպեսզի Աշոտյանը թողնի ֆեյսբուքն ու իջնի իրենց հետ հանդիպելու: «Եթե այդքան վստահ է իր հրամանի օրինականության մեջ, շատ կուզեինք տեսնել պարոն նախարարին այստեղ»,- ասաց ուսանողներից մեկը: Արմեն Աշոտյանը, սակայն, այդպես էլ չիջավ: Փոխարենը, նախարարության երկու վարչության պետերի միջոցով առաջարկեց, որպեսզի ուսանողներից կազմված մի խումբ բարձրանա իր մոտ եւ ներկայացնի իրենց հուզող հարցերը: Չընդունելով առաջարկն ու հայտարարելով, թե բոլորն են ցանկանում լսել նախարարին` ուսանողները շարունակեցին պահանջել` վանկարկելով. «Աշոտյան, ի-ջի՛ր»: Համոզվելով, որ միեւնույն է, նախարարը չի պատրաստվում գալ հավաքվածների մոտ` նրանք շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք, որտեղ ուսանողների 5 հոգուց կազմված պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Արմեն Աշոտյանը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսօր ԿԳ նախարարը Լեզվաբանական համալսարանում պատասխանելու է ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Մինչ կառավարության շենք գնալը, Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների պատվիրակը հանդիսացող Նարեկ Սամսոնյանը մեր զրույցում խոստացավ, որ կեսճանապարհից ետ չեն դառնալու: «Մենք ինչ անում ենք, հասցնելու ենք վերջնական հանգրվանին: Դա այն է, որ պետք է այս հրամանը կամ չեղյալ հայտարարվի, կամ նախարարը հրաժարական տա: Ուսանողները պատրաստ են նույնիսկ դասադուլի: Եթե այդ հրամանը ուժը չկորցնի, հայտարարելու են անժամկետ դասադուլ, ու պարալիզացվելու է ողջ բուհի ուսումնական պրոցեսը: Իսկ դրա համար պատասխանատվությունն այն մարդու վրա է, որը միայն  Ֆեյսբուքից է կարողանում խոսել ուսանողների հետ: Մենք չենք ընդունում այդպիսի նախարար: «ֆեյսբուքում» նա հայտարարում է, որ վաղը ես գալու եմ, բոլորիդ հարցերին հատիկ-հատիկ պատասխանեմ` մտածելով, թե մենք չենք գա: Մենք եկել ենք այսօր այստեղ ու սպասում ենք: Նա, որպես ԿԳ նախարար, ինչու չէ` որպես տղամարդ, կարող է գալ եւ իր խոսքի տերը լինել: Բայց դա չի անում պարոն Աշոտյանը: Մեզ համար դա անընդունելի է»,- ասաց Սամսոնյանը: Նա նաեւ չբացառեց, որ ուսանողների հաջորդ քայլը կարող է լինել ուսխորհրդի նախագահի հրաժարականը պահանջելը: «Մենք անընդհատ բարձրաձայնում ենք ուսանողական խորհրդում կատարվող ապօրինությունների մասին, ուսանողներին անընդհատ հավաքում են, տանում են դարձնում Հանրապետական կուսակցության անդամ, եւ այդ ուսխորհրդի նախագահը այսօր առավոտյան հայտարարել է, թե բուհի ռեկտորի հեռացումը օրենքին համապատասխան է: Նույնիսկ կարծիքներ են հնչել ֆեյսբուքյան ֆորումներում, որ ուսանողների հաջորդ քայլը լինելու է պահանջել ուսխորհրդի նախագահի հրաժարականը, որովհետեւ ուսանողական խորհուրդը չի առաջնորդվում իր բուն գործառույթներով: Ուսանողական խորհուրդը զբաղված է որեւէ կուսակցության պրոպագանդայով եւ փորձում է ամեն ինչը քաղաքականացնել»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը: Նշեմ, որ երթից առաջ ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ, սակայն հաստատեց, որ ինքը Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահը ուսանողների երթին չմասնակցեց:

Սպեցնազ է՞լ կուղարկեն
Մինչ ուսանողները պատկան մարմիններին իրենց անհամաձայնությունն էին հայտնում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու կապակցությամբ, ռեկտորը բուհում մամլո ասուլիս էր անցկացնում: 

Նա չհերքեց, նույնիսկ ըստ էության հաստատեց, որ ԿԳ նախարարի որդեգրած քաղաքականությունը պայմանավորված է իր անձով: «Ես չէի ուզենա ոչ անձնավորել, ոչ քաղաքականացնել, բայց այսպիսի նպատակաուղղվածությունը ցույց է տալիս, որ, իրոք, նման միտումներ կան: Սակայն, թույլ տվեք պատճառների մասին ենթադրություններ չանել»,- ասաց Սուրեն Զոլյանը` միաժամանակ նշելով, որ իր այս քայլով Աշոտյանը հարված է հասցրել ՀՀԿ հեղինակությանը: Նա նաեւ ենթադրեց, թե նախարարը չի սպասել ԱԺ ընտրությունների ավարտին, քանի որ մտավախություն ունի, թե դրանից հետո այդ պաշտոնում այլեւս չի լինի: Զոլյանը եւս մեկ անգամ ընդգծեց, որ Արմեն Աշոտյանի հրամանն անօրինական է համարում եւ պատրաստվում է վիճարկել դատարանում:

Ու թեեւ ավելի վաղ հայտարարել էր, թե չի լքելու պաշտոնը, քանի որ օրենքն իրեն պարտադրում է չկատարել ապօրինի հրամանները, այդուհանդերձ, երեկ Սուրեն Զոլյանը նաեւ ասաց. «Ես ենթադրում եմ, որ եթե որեւէ թուղթ ստորագրեմ, կարող է միանգամից ինձ վրա սպեցնազ ուղարկեն: Բնական է` ես զգուշանում եմ»: Աշխատանքից ազատված ռեկտորը չբացառեց նաեւ, անզգույշ որեւէ քայլի դեպքում, գրպանում նարկոտիկ հայտնվելու հնարավորությունը: Նա, սակայն, շարունակում է ուսանողների հետ հարաբերվել որպես ռեկտոր: Սուրեն Զոլյանը երեկ նաեւ հայտարարեց, թե Եվրախորհրդում նույնպես պետք է լսվի իր պաշտոնանկության հարցը: Ինչպես հայտնի է, ԵԽ փորձագետ Սուրեն Զոլյանը նախարարի հրամանով առաջին «խիստ նկատողություն» կարգապահական տույժը ստացել էր այն բանից հետո, երբ առանց թույլտվության մեկնել էր` մասնակցելու Եվրախորհրդի պլենար նիստին: «Եվրախորհրդի հետ կապված` դա աննախադեպ է: Դեռ ոչ մի երկիր նման սահմանափակում իր փորձագետի առջեւ չի դրել: Կառավարությունն իրավունք չունի միջամտելու: Սա ոչ թե իմ հարցն է լինելու, սա լինելու է Եվրախորհրդի պատվի հարցը: Ինչպե՞ս կարելի է Եվրախորհրդի փորձագետին իր աշխատանքը պատշաճ կատարելու համար նկատողություն անել»,- ընդգծեց Սուրեն Զոլյանը:

Հ.Գ. Երեկ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով, ԵՊԼ համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է պրոռեկտոր Գաբրիել Բալայանին` մինչեւ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունների անցկացումը:

Tags for Ուսանողները խոստանում են դասադուլ անել

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter