2+2 հավասար է 4

Վերցրեք ձեր լապշան ու ...

Արմեն Ալավերդյան
Արդեն մի քանի օր է, ինչ մեր հեռուստաէկրաններից չի իջնում Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք ՊԵԿ պաշտոնյայի ասածները, ապա կհանգենք հետեւյալ մտքին. «Հայաստանում խոշոր հարկատուները տարեցտարի ավելի շատ հարկեր են վճարում: Ընդհանուր հավաքագրված հարկերի մեջ խոշորների կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը վերջին տարիներին 35-40 տոկոսից հասել է 60 տոկոսի»: Սրանով Պետեկամուտների կոմիտեն ուզում է ասել, թե խոշոր հարկատուները ավելի շատ են մասնակցում բյուջեի ձեւավորմանը, ավելի շատ են իրենց վրա վերցնում հարկային բեռը, ավելի քիչ են ստվերում աշխատում եւ այլն: Իրականում, սակայն, գործ ունենք թվերի պարզագույն մեքենայության հետ: Հիմա զինվենք համբերությամբ եւ ուսումնասիրենք մի քանի թվեր: Առաջին մեքենայությունը, որի հետ գործ ունենք` այն է, որ ՊԵԿ-ը համադրում է անհամադրելի թվեր:

Օրինակ, որպես խոշոր հարկ վճարողներ 2010 թվականին հանդես են եկել 343 տնտեսվարող սուբյեկտներ, իսկ 2011 թվականին` արդեն 440: Ինչ է սա նշանակում: Պարզեցնենք. պատկերացրեք, որ 2010 թվականին 10 ընկերներով գնում են բնության գրկում հանգստանալու, եւ նրանց պետք է ընդհանուր առմամբ 10 հազար դրամ: Ընկերներից երկուսն ասում են, որ մենք կդնենք 2 հազարական դրամ: Այսինքն` անհրաժեշտ 10 հազար դրամից 4 հազար դրամը կամ 40 տոկոսը վճարում են այդ երկուսը: Ուրեմն, մնացած 8 ընկերներով պետք է հավաքեն 6 հազար դրամ, այսինքն` յուրաքանչյուրը 750 դրամ: Երկու հազարական դրամ վճարած երկու ընկերներին պայմանականորեն անվանենք խոշոր հարկատու: Հիմա գալիս է 2011 թվականը, եւ կրկին այդ 10 ընկերներով գնում են բնության գրկում հանգստանալու, ու էլի անհրաժեշտ է 10 հազար դրամ: Նրանցից նույն երկուսը Էլի երկու հազարական դրամ են դնում, մյուսները էլի` 750-ական դրամ: Բայց այս անգամ մենք պայմանականորեն խոշոր հարկատու կհամարենք ոչ միայն վերը նշված երկուսին, որոնք երկու հազարական դրամ են դրել, այլ նաեւ 750 դրամ վճարած ընկերներից ցանկացած մեկին: Կստացվի, որ այս անգամ խոշոր հարկատու են հանդես գալիս արդեն երեք ընկերներ, որոնք վճարում են ոչ թե 4 հազար դրամ, այլ 4 հազար 750 դրամ: Ու կստացվի, որ երեքով վճարել են պահանջվող 10 հազար դրամի ոչ թե 40 տոկոսը, այլ արդեն` 47.5 տոկոսը: Տեսնո՞ւմ եք, ոչինչ չփոխվեց` ոչ ընկերներից յուրաքանչյուրի վճարած գումարի չափը, ոչ ընդհանուր գումարը: Մենք միայն մի քիչ «շուստրիություն» արեցինք, պայմանականորեն սկսեցինք խոշոր հարկատու համարել ընկերներից եւս մեկին, եւ թվերը կտրուկ փոխվեցին: Եթե մենք նույնքան պայմանականորեն խոշոր հարկատուների մեջ ներառեինք 750 դրամ վճարող ընկերներից եւս մեկին, ապա կստացվեր` 10 ընկերներից ընդամենը 4-ը վճարել են 10 հազար դրամի արդեն 55 տոկոսը` 5 հազար 500 դրամ: Ճիշտ նույն «շուստրիությունը», բայց ավելի մեծ մասշտաբներով անում է Պետեկամուտների կոմիտեն: Պարզապես նշված 10 հազար դրամը բյուջեն է, իսկ ընկերները` տնտեսվարող սուբյեկտները: Եթե բավարարվենք այս պատկերի ներկայացմամբ, ապա կստացվի, որ խոշոր հարկատուների վճարած հարկերի առումով վիճակը մնացել է նույնը: Բայց իրականում վիճակը ավելի է վատացել, եւ խոշոր հարկատուները իրականում ավելի են նվազեցրել իրենց մասնակցությունը բյուջեի մուտքերի հավաքագրման գործում: Սա էլ ակնհայտ է դառնում թվերի ավելի խորը ուսումնասիրությունից: Այդ ուսումնասիրությունը անելու համար ընդամենը պետք է նայել, թե որքան հարկ են վճարել 343 խոշոր հարկատուները 2010 թվականին, եւ որքան են վճարել 440 խոշոր տնտեսվարողները 2011-ին: Դրա համար վերցնենք պատահականորեն ընտրված համադրելի ժամանակաշրջաններ: Ասենք, 2010 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսների տվյալները համեմատենք 2011-ի նույն ամիսների հետ: Ընթերցողին թվախեղդ չանենք եւ նշենք միայն արդյունքները: Կստանանք հետեւյալ պատկերը: 440-ից յուրաքանչյուրը միջինը 2011 թվականի նշված ամիսներին վճարել է 4.4 տոկոսով ավելի հարկ, քան 343-ից յուրաքանչյուրը 2010 թվականի նույն ամիսներին: Բայց այդ նույն ժամանակահատվածներում ընդհանուր հարկերի ծավալը մեծացել է շուրջ 10 տոկոսով: Եւ ուրեմն ստացվեց, որ խոշոր հարկատուների ցանկում չներառված փոքր ու միջին տնտեսվարողներից յուրաքանչյուրի վրա միջինը ավելի մեծ հարկային բեռ է ընկել, քան նշված խոշորներից յուրաքանչյուրի վրա: Սա էլ է պարզ թվաբանություն: Ուրեմն նշանակում է, որ ՊԵԿ-ի ներկայացրած պատկերը ոչ թե հեռու է իրականությունից, այլ ճշգրտորեն հակառակն է: Իրականում խոշոր հարկատուները նվազեցրել են իրենց մասնակցությունը բյուջեի ձեւավորման գործում: Իսկ սա նշանակում է, որ այստեղ ավելի է խորացել ստվերը: Սա նշանակում է, որ փոքր ու միջին հարկատուները ավելի շատ են հարկային բեռ վերցրել իրենց վրա: Սա նշանակում է, որ Գագիկ Խաչատրյանը եւ իր ղեկավարած պետական եկամուտների կոմիտեն փորձում են լապշաներ կախել հայ հանրության ականջներից: Վերցրեք ձեր լապշան ու... կախեք ձեր ականջներից:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter