Հաղթողը կստանա մրցանակ` նուռից
Իսկ վաղն արդեն կանցկացվի բուն մրցույթը, որը գլխավոր փորձից կտարբերվի միայն մրցութային լինելով ու մեկ էլ հրավառությամբ: «Մանկական եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ է հրավառություն լինելու:
Միջազգային երգի այս մրցույթի մասնակից երկրների պատվիրակությունները բոլորն արդեն Հայաստանում են: Նրանց թիվը, «Մանկական եվրատեսիլ-2011»-ի կազմկոմիտեի մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանի խոսքով, շուրջ 150 է: Հայաստան են ժամանել նաեւ «Եվրատեսիլի» առնվազն հազար ֆանատներ: Հյուրերի առաջին խումբը կանգ է առել «Անի պլազա» հյուրանոցում, մյուսներն, ըստ Արտակ Վարդանյանի, մնում են, մասնավորապես, «Կոնգրես» եւ «Շիրակ» հյուրանոցներում: Հետաքրքրվեցի, թե փորձերից բացի` ինչ են հասցրել անել մրցույթի մասնակիցներն ու նրանց ուղեկցող պատվիրակությունները: Ասաց, որ այս ընթացքում նրանք այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ, եղել են Հայաստանի տեսարժան վայրերում: Երեկ էլ մեկնել են Էջմիածին` հյուրընկալվել Գարեգին 2-րդ կաթողիկոսի մոտ: «Երկուշաբթի օրվանից սկսած, մասնակիցներն օրը մի քանի անգամ փորձեր են անում: Իսկ երեկոյան նրանց համար դիսկոտեկ, ուրախ ժամանց է կազմակերպվում»,- ասաց Արտակ Վարդանյանը:
Նշենք, որ բուքմեյքերական գրասենյակներում այս մրցույթի հետ կապված խաղադրույքներ չեն ընդունվում: «Վիվարո» բուքմեյքերական ընկերությունից պատճառաբանեցին, որ «Մանկական եվրատեսիլի» դեպքում երբեք էլ չեն ընդունել, քանի որ դա քչերին է հետաքրքրում: Սովորաբար խաղադրույքներ կատարվում են միայն մեծահասակների «Եվրատեսիլի» ժամանակ: «Ինքը ոչ մի եկամուտ չի էլ բերել: Ժողովրդին թվում է, որ խաղադրույքներ ենք ընդունում, մեծ գումարներ ենք աշխատում: Պարզապես ուզում ենք ավելի մեծ ուշադրություն հրավիրել տվյալ իրադարձության վրա»,- հայտարարեց «Վիվարոյի» ներկայացուցիչը: Ու չնայած «Մանկական եվրատեսիլն» այս տարի անցկացվում է Հայաստանում եւ այդքանով արդեն շատերի ուշադրության կենտրոնում է, այդուհանդերձ, իներցիայի ուժով բուքմեյքերական գրասենյակները անմասն են մնացել այս իրադարձությանը:
Երեկ զրուցեցի նաեւ նախորդ տարի «Մանկական եվրատեսիլում» հաղթած ու այդ մրցույթը Հայաստան բերած Վլադիմիր Արզումանյանի հետ: Այս օրերին նույնպես նա անընդհատ «Մանկական եվրատեսիլով» է զբաղված, քանի որ այս անգամ դրան մասնակցելու է որպես հատուկ հյուր: Հերթական փորձից դուրս գալուց հետո փոքրիկ երգչին հարցրի, թե այս մրցույթից առաջ «վճռորոշ» երազ չի՞ տեսել: Հայտնի է, որ իր հաղթանակից հետո նա հայտարարել էր, թե նախորդ օրը երազում տեսել է, որ հաղթողը հենց ինքն է լինելու: «Չէ, այս անգամ երազ չեմ տեսել»,- ծիծաղելով պատասխանեց Վովան եւ անմիջապես էլ հավելեց. «Կարող է` էս գիշեր տեսնեմ»: Բայց անկախ այն բանից` երազ կտեսնի, թե ոչ, Վլադիմիր Արզումանյանը ցանկանում է, որ այս տարի եւս հաղթող ճանաչվի Հայաստանը: «Չգիտեմ` ով կհաղթի, բայց ուզում եմ, որ Հայաստանը հաղթի: Մնացած երկրները` ինչ հերթականությամբ կուզեն, թող լինեն»,- ասաց նա: Բայց Վովային ավելի շատ դուր են եկել Մակեդոնիայի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Բելգիայի եւ, իհարկե, Հայաստանի ներկայացուցիչների երգերն ու կատարումները: «Մանկական եվրատեսիլ-2011» մրցույթի հատուկ հյուրն այս անգամ կատարելու է իրեն հաղթանակ բերած «Մամա» երգի ռեմիքս տարբերակը:
Մեծահասակների «Եվրատեսիլում» հաջողությունների հասած Սիրուշոն եւս մրցույթի հատուկ հյուրն է լինելու: Իսկ ահա «Մանկական եվրատեսիլ-2011»-ին, ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայացնելու է փոքրիկ Դալիթան` «Welcome To Armenia» երգով: Իսկ հեռուստադիտողն ու հանդիսատեսն այս տարի իրենց նախընտրած մասնակցի օգտին կարող են քվեարկել բոլոր 13 մասնակիցների ելույթներից հետո միայն` 15 րոպեների ընթացքում: Քվեարկության ողջ հասույթը տրամադրվելու է World Vision բարեգործական կազմակերպությանը: Այս տարի նաեւ կհայտարարվեն տարբեր երկրների կողմից մասնակիցներին տրված նվազագույն միավորները` ի տարբերություն նախորդ անգամների: Իսկ հաղթողը կստանա Դիզայներ Նուռի պատրաստած մրցանակը, որը պատրաստված է «Մանկական եվրատեսիլ-2011»-ի լոգոյի նախատիպով եւ խորհրդանշում է հայաստանյան սարերը: Մրցույթն, ինչպես արդեն հայտնի է, վարելու են հաղորդավարներ Ավետ Բարսեղյանն ու Գոհար Գասպարյանը, իսկ բեմի ձեւավորումը հիշեցնելու է Մարզահամերգային համալիրը:









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը