Հոդված Յիրիկյանի մասին
Ռուսական cnews.ru կայքը «MTC-ը վարկավորել է Հայաստանի պոտենցիալ նախագահին» վերնագրով հոդվածում ուշագրավ տվյալներ է հրապարակել «Vivacell» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ ռուսական MTC-ը 90 միլիոն դոլարի վարկ է տրամադրել իր հայաստանյան դուստր ընկերության` «Ղ-Տելեկոմ»-ի համասեփականատիրոջը` լիբանանյան Պիեռ եւ Մուսա Ֆատուշ ընտանիքին: Ըստ կայքի, շուկայի մասնակիցները չեն բացառում, որ վարկը կարող է պետք գալ Ֆատուշների ընտանիքի բարեկամ, «Ղ-Տելեկոմի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների իրականացման համար, որին դիտարկում են որպես Հայաստանի Հանրապետության նախագահի հնարավոր թեկնածու:
Պարբերականը հիշեցնում է, որ Լիբանանում ծնված Յիրիկյանը 2001-ին տեղափոխվել է ԼՂ եւ գլխավորել Ֆատուշների ստեղծած «Ղարաբաղ Տելեկոմ» հեռակոմունիկացիոն ընկերությունը: Ըստ կայքի, 2004-ին ՀՀ իշխանությունները «ԱրմենՏել» ընկերությանը զրկել են բջջային կապի բացառիկ արտոնագրից եւ Հայաստանում գործունեության արտոնագիր տվել նաեւ «Ղ-Տելեկոմ»-ին, ինչը այն ժամանակ խոսակցությունների տեղիք տվեց, որ այդ ընկերությունում իրենց շահն ունեն այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ կապի ու տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը:
CNews-ը որպես այս ընկերության առանձնահատկություն է ներկայացնում այն, որ սա MTC խմբի մեջ մտնող օպերատորներից ամենաշատն է գումար ծախսում բարեգործության վրա: Ըստ պարբերականի, այդ գումարների աղբյուր կարող են լինել Լիբանանի հայ համայնքի հանգանակած միջոցները: «Օրինակ, «Ղ-Տելեկոմը» գումարներ է հատկացնում կարիքավորների համար բնակարանների կառուցման, սոցիալական առումով կարեւոր օբյեկտների վերանորոգման, Հայ-ռուսական բարեկամության այգու հիմնման համար, ֆինանսավորում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի նախագահի մրցանակը եւ այլն»,- մանրամասնում է CNews-ը: «Ղ-Տելեկոմը» մեծ աշխատանքներ է տանում բարեգործության ոլորտում եւ ԶԼՄ-ներում ակտիվորեն գովազդում է իր գործունեությունը, ինչն էլ Ռալֆ Յիրիկյանի քաղաքական հավակնությունների շուրջ խոսակցությունների հիմք է ծառայել»,-«Деловой экспресс» շաբաթաթերթի վերլուծաբան Կարեն Արզումանյանի խոսքն է մեջբերում CNews-ը, ապա հավելում, որ «Hayinfo»-ի տվյալներով` Ռոբերտ Քոչարյանը կարող է Յիրիկյանի թեկնածությունը առաջադրել 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Վերջում CNews-ը գրում է, որ MTC-ում հրաժարվել են մեկնաբանել Յիրիկյանի քաղաքական հավակնությունների եւ «Ղ-Տելեկոմի»` բարեգործության վրա ծախսվող գումարների վերաբերյալ:








Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը