«Բզում եք, մի բան է դուրս գալու»

Հրանտ Թադեւոսյան
Մեր թերթի երեկվա համարում հրապարակում կար այն մասին, որ Հայաստան ներմուծվող գազի որակի նկատմամբ պարտադիր պետական վերահսկողություն չի իրականացվում:

«ՀԺ»-ին տված հարցազրույցում «Հայռուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ինժեներ Հրանտ Թադեւոսյանը նկատեց, որ բացի իրենց լաբորատորիաներում ստուգվելուց, «Հայռուսգազարդի» խոշոր սպառողները` ՋԷԿ-երը, «Արարատցեմենտ» ընկերությունը, ունեն սեփական լաբորատորիաներ եւ այնտեղ ստուգում են մատակարարվող գազի որակն ու չեն բողոքում: Ուրեմն, նաեւ բնակիչները պետք է համոզված լինեն, որ գազի որակը բարձր է:

- Պարոն Թադեւոսյան, հայաստանյան սպառողները դժգոհում են, որ վերջին տարիներին սկսել են ավելի շատ գազ ծախսել, հետեւաբար` ավելի շատ գումար վճարել, ասենք, սենյակում միեւնույն ջերմաստիճանը ստանալու համար: Բողոքում են գազի կալորիականությունից, ճնշումից, գույնից, եւ որ կրակը ոչ թե կապույտ է լինում, այլ շատ հաճախ` կարմիր, որ միանգամից գազը չի վառվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:
- Մենք կարո՞ղ ենք ձեզ հետ միասին գնալ ինչ-որ մի բնակարան, որտեղից դժգոհություն կա ու փորձարկում իրականացնել: Ես խնդրում եմ կազմակերպել դա: Մենք ունենք նաեւ շարժական լաբորատորիա, որը վկայագրված է համապատասխան` էկոնոմիկայի նախարարի կողմից:

Ցանկացած ժամանակ` գիշեր կլինի, ցերեկ կլինի, գնանք Հայաստանի գազատրանսպորտային համակարգի ցանկացած կետից միասին չափումներ անելու: Նախապես ինձ տեղյակ մի պահեք, որպեսզի հատուկ այդտեղ ուրիշ գազ չուղարկեմ, չնայած` չեմ էլ կարող:

- Այսօր, առանց գնալու եւ փորձարկելու, կարո՞ղ եք վստահեցնել, որ սպառողներին մատակարարվող գազը համապատասխանում է պետական ստանդարտներին:
- Ես, ուրեմն, վստահեցնում եմ մի քանի անգամ եւ ֆիքսում եմ, որ գազի կալորիականությունը, ըստ ԳՕՍՏ-ի, պետք է լինի ոչ պակաս, քան 7 հազար 600 կիլոկալորիա` 1 խմ-ից: Այսօրվա պայմաններում ՀՀ-ում վաճառվող գազի համար բազային արժեք է որոշվել 7 հազար 900 կիլոկալորիայի համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ 25 տարվա աշխատանքային փորձի ընթացքում (զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ), Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազը երբեւիցե չի եղել 8 հազար կիլոկալորիայից պակաս: Եւ այս պարագայում մենք «Երեւան» ՋԷԿ-ի, «Հրազդան» ՋԷԿ-ի եւ մյուս խոշոր սպառողների համար գազը թանկացնում ենք, որովհետեւ կալորիականությունը ավելի բարձր է (ՋԷԿ-երը վճարում են ըստ կալորիականության): Իրենք ամեն օր ստուգում են ստացված գազի որակը, մեզ հետ ունեն աշխատանքային կարգ: Եւ երբեք, բացառությամբ եզակի դեպքերի, խնդիրներ չեն առաջանում: Այսօրվա դրությամբ, մեզ մոտ գազի կալորիականությունը նվազագույնը 8 հազար է, առավելագույնը` 8 հազար 600: Ես կարող եմ որպես մասնագետ ենթադրել, թե ինչով է պայմանավորված բնակիչների դժգոհությունը: Դա երեւի թե անշնորհակալ գործ է, բայց փորձեմ մեկնաբանել: Օրինակ, մի բնակչի մոտ գազը կարմիր  է վառվում: Թող բարի լինի իր գազասարքը ստուգել: Իսկ հարցնենք այդ բնակչին` քանի՞ տարի առաջ է ինքը կարգաբերել այդ սարքը կամ քանի՞ տարեկան սարք է: Ընդ որում, ՕԳԳ-ի խնդիր գոյություն ունի, այսինքն` մի գազը կարող ենք այրել մի տեղ, ստանալ ավելի շատ ջերմություն, մեկ այլ տեղ` ավելի քիչ: Բայց այդ գազի կալորիականությունը նույնն է, գազը չփոխվեց: Կամ բնակիչը վրդովվում է շատ վճարելու համար: Գազի թանկացում է եղել, եկեք խոստովանենք: Այդ մարդիկ կարող  է չեն սովորել ավելի թանկ վճարելուն: Երկրորդ` ես նոր նայում եմ ամեն օրվա մեր օդերեւութաբանական տվյալները, որովհետեւ մենք պլանավորում ենք ներկրվող գազի քանակը, եւ տեսնում եմ` 10 աստիճանի տարբերություն կա անցած տարվա նույն օրվա համեմատությամբ: 10 աստիճան ցուրտ է: Դուք պատկերացրեք, եթե դրսում 10 աստիճանով ցուրտ է, իսկ ներսում ես նորից պետք է պահեմ 18-20 աստիճան, ինչքա՞ն ավելի շատ գազ կծախսեմ:

- Բայց մարդիկ նկատում են, որ նաեւ ամռանն են ավելի շատ ծախսում, երբ բնակարանը չեն ջեռուցում:
- Կարող է մարդ միշտ կասկածել: Դա չի նշանակում, որ նա իրավացի է այս պարագայում: Դրա համար ես խոսում եմ ձեզ հետ փաստաթղթերով: Կա այս նորման, իմ գազը այսպիսին է, չգիտեմ` ով որտեղ է տաքացնում, ինչ է անում, ոնց է անում: Բայց եթե խնդիր լինի, կարող եմ ցանկացած բնակարանում վերցնել փորձանմուշը: Կրկնում եմ, դժվար չէ Հայաստանում գտնել քիմիկոսներ, գտնել համապատասխան սարքեր աշխատացնողներ` որպես անկախ փորձագետ: Թող գան, մենք փորձարկում անենք կամ իրենք անեն, դուք համոզվեք: Եթե բնակիչը ծախսում է օրական 5-10 խմ գազ, խոշոր սպառողները 1 մլն 200-300 հազար խմ գազ են վառում եւ չեն դժգոհում: Իրենք ի վնաս իրե՞նց են աշխատում: Բոլորը սեփականաշնորհված, բոլորը շահույթ հետապնդող հիմնարկներ են:

- Իսկ հնարավո՞ր չէ ՋԷԿ-երին մի գազ մատակարարել, բնակիչներին` մեկ այլ:
- Հնարավոր է: Օրինակ, «Երեւան» ՋԷԿ-ին մի գազ ենք տալիս, «Հրազդան» ՋԷԿ-ին` մեկ այլ գազ: Երրորդը չկա: Հայաստան գազը մտնում է երկու կետից` Պարսկաստանից ու Ռուսաստանից: «Երեւան» ՋԷԿ-ին գալիս է պարսկական եւ ռուսական գազի խառնուրդ (նաեւ ինքը ամեն օր չափումներ է կատարում եւ ստանում), «Հրազդան» ՋԷԿ-ը ստանում է միայն ռուսական գազ: Երբ որ կա խոշոր սպառող, որն էլ ունի իր համապատասխան լաբորատորիաները եւ հսկում է, դրանից այն կողմ վերահսկողություն գոյություն չունի ուղղակի: Այլ հարց է` 630 հազար բաժանորդները ոնց հսկեն ինձ: Թող գնան «Հրազդան» ՋԷԿ` ստուգեն: Խնդրում եմ, գնացեք «Հրազդան» ՋԷԿ, «Երեւանի» ՋԷԿ, «Արարատցեմենտի» լաբորատորիա, համատեղ փորձեր արեք, ստացեք թվերը: Կարող եք մասնագետների խումբ ստեղծել: Բայց ուղղակի այդ լաբորատորիաներում գումար կպահանջեն, որովհետեւ փորձարկումն իրականացվելու համար ծախս են անելու: Հիմա հարց. ուզո՞ւմ եք «Հայռուսգազարդը» վճարի: Ամեն թաղամաս թող մի մասնագետի լիազորի, գան մի քանի անգամ մասնակցեն փորձերին: Ում որ վստահում եք, ով որ հասկանում է գործից:

Հ.Գ. Հետաքրքիր է, որ երբ ոլորտի պատասխանատու պետական մարմիններից փորձում ես պարզել` վերահսկողություն իրականացվո՞ւմ է Հայաստան ներմուծվող եւ բնակիչներին մատակարարվող գազի որակի նկատմամբ, նրանք չեն ասում` եթե, ասենք, խոշոր սպառողներ հանդիսացող ՋԷԿ-երն այդ առումով դժգոհություններ չունեն, իրենց միջամտությունը գործին անիմաստ է: Նրանք միայն հայտարարում են, որ բնակիչներից բողոքներ ստանալու դեպքում կուսումնասիրեն գազի որակը: Ի դեպ, «Հայռուսգազարդի» փոխտնօրենը երեկ ընդգծեց, որ մտադիր է հասնել այն բանին, որպեսզի բնակիչներն էլ գազի դիմաց վճարեն ըստ կալորիականության: Քանի որ, նրա պնդմամբ, գազի կալորիականությունն ավելի բարձր է, քան նախատեսված է, ուստի սակագինն էլ ավելի բարձր կլինի: «Բզում եք, մի բան է դուրս գալու վերջը` ես լավ գիտեմ, բայց դրանից, հաստատ իմացեք, բնակիչը չի շահելու»,- ասաց նա:

Tags for «Բզում եք, մի բան է դուրս գալու»

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 
 

facebook youtube twitter