Ընդհատակից

Nzhdehs, go home

Միքայել Հայրապետյան
Հայերենում «նժդեհ» բառը նշանակում է պանդուխտ, աստանդական, օտարության մեջ գտնվող։ Մեր ազգային հերոսներից մեկը որպես հեղափոխական անուն վերցրեց այն եւ հայտնի դարձավ իբրեւ Գարեգին Նժդեհ։ 1985-ին, երբ սփյուռքահայ համակուրսեցիս` Րաֆֆի Մելքոնը, իր հետ Սիրիայից բերում էր Գարեգին Նժդեհի մի գիրքը, հենց օդակայանում «զինաթափվեց», ապա ձերբակալվեց։

Նորք-Մարաշի դատարանի ներկայիս նախագահ պարոն Ժորա Վարդանյանը կես տարի ԿԳԲ-ում քննեց-քննեց ու «բաց արավ, տեսավ գրած զակոնում», թե Նժդեհի գրքի համար Սիբիր են գնում։ Գենսեկ դարձավ այդ ժամանակ Գորբաչովը, եւ Րաֆֆին Սիբիր գնալու փոխարեն արտաքսվեց, իսկ համալսարանի երիտասարդ կոմունիստների առաջնորդից ամբողջ Հայաստանի կոմսոմոլի շեֆ դարձող Հրանուշ Հակոբյանն ու մյուսները Նժդեհի համար թքեցին-մրեցին Ուսուցչիս, ընկերոջս ու ինձ, բայց չհեռացրին համալսարանից։ Մինչ վարդանյաններն ու հակոբյանները զբաղված էին Մարդկանց հոգիներում Նժդեհին նժդեհ սարքելով, այդ նույն պահին Սերժ Սարգսյանը Կեւորկովին թեյ էր մատուցում։

Անցան տարիներ, Նժդեհի մասին Հայաստանում առաջին անգամ բարձրաձայն խոսեց մի կրակոտ ու տաղանդավոր պատանի` այսօր բանտում որպես պատանդ պահվող Շանթ Հարությունյանը` ԱՄԿ-ի եւ ՀԵՄ-ի հիմնադիրների զարմից։ Նրանից հետո մեկ ուրիշը` իր կյանքը հականժդեհ երկրի բանտերում մաշեցրած լուսե Աշոտ Նավասարդյանը, հիմնեց նժդեհական կուսակցություն, որ կոչեց Հանրապետական։ Չգիտեմ` Նժդեհի կամ Աշոտի մտքով կանցնե՞ր երբեւէ, որ նժդեհականության դեմքը պիտի դառնային Հրանուշ Հակոբյանը եւ, մեղա, մեղա, Սերժ Սարգսյանը։

Այսօրվա նժդեհականները, մոռանալով, թե ինչ է նշանակում այդ Բառը, փետրվարյան զարթնումի մասնակիցներիս անվանեցին «բոմժ»։ Սա ռուսերեն հապավում է, որ համարժեք է հայերեն անտունին, անհասցեին, նժդեհին։ Հանրահավաքների օրերին նրանք ճիշտ չէին, քանի որ, ի տարբերություն Ռ. Քոչարյանի եւ այն 15 հազարի, որ պատերազմից հետո հայտնվեցին Երեւանում, օրինակ` ես տուն ունեի։ Ազատության հրապարակն իմ տանից շատ հեռու չէ, մինչդեռ արյուներախ Քոչարյանի հայրենի Դաշբուլաղից կամ իր գեներալ Գրիշայի հայրենի Չափարից հեռու է մղոններով, եւ ոչ միայն տարածական, այլեւ առաջին հերթին կուլտուրոլոգիական։ Այժմ ճիշտ են` հինգ ամիս տանս չլինելով` ես ստիպված նժդեհ եմ` բոմժ։ Եւ չեմ էլ վերադառնա, «մինչեւ վերջին հագարացին չհալածենք երկրից»։

Հիմա Հայաստանը տարատեսակ նժդեհների երկիր է։ Քոչարյանն ու իր 15 հազարը ապրում են ԺԷԿ-ի կեղծ տեղեկանքներով, ինչի համար ռուսաստաններում ամեն օր ստիպված կլինեին մուծվել տեղական «ուչաստկովիներին»։ Բոմժությունը նրանց էությունն է. վերջերս կարդացի, որ Քոչարյանի գեներալ Գրիշան ուզում է չվել Մոսկվա։ Բա իհարկե՛ Մոսկվա, ո՛չ երբեք Չափար։ Բոմժությունը հո պոզով-պոչով չի՞ լինում։ Ամիսներ անց` ես վերադարձնում եմ արյուներախին ու իր նմաններին. «Ի՞նչ ես լռվել ու պղծում այստեղ, դու տո՞ւն չունես, դու բո՞մժ ես, դու եթիմ-անտե՞ր ես»։ Առավել ողորմելի է նժդեհականների մեկ այլ տեսակ, որ մի ժամանակ կոմունիստ էր, հետո հանգիստ չունեցող հալածյալ մեղավորի ուրվականի պես գաղթել-հայտնվել էր ՀՀՇ-ի ետնախորշերում, վերջում էլ մուտացվեց որպես նժդեհական։ Կոմունիստը Վահան Տերյանն էր, Ալեքսանդր Մյասնիկյանն էր, Սերգեյ Բադալյանն էր, ՀՀՇ-ականը Ալեքսանդր Արզումանյանն է, Արարատ Զուրաբյանն է, Կարապետ Ռուբինյանն է, ցեղակրոնը Աշոտ Նավասարդյանն էր, Հովիկ Վասիլյանն է, իսկ սրանք սովորական տզրուկներ են, որ ծծել եւ դեռ ծծելու են բոլոր ազնիվների արյունն ու ավիշը։ Սիրելի ընթերցող, մի՞թե հաստատակամ ճշմարտությունից բացի այլ վկայություն կամ չարություն տեսար այս գրածիս մեջ։ Շնորհակալ եմ, որ` ոչ։ Հիմա, խնդրում եմ, դա բացատրիր նաեւ չեկիստներին (նժդեհականության եւս մեկ մետամորֆոզ), որ կուսակիցներիս «զրույցի» հրավիրելիս այլեւս չասեն, թե չարություն կա իմ Խոսքում։ Երբ ինձ հետ կես միլիոն Մարդ միաբերան «Հայր մեր» էր աղոթում Ազատության հրապարակում, բոմժ Քոչարյանն իր բոմժերի հետ արյուն հեղեց` չթողնելով, որ Գարունը բացվի։ Հիմա էլ ամենամեծ բարությունն ու Սերն իսկ այն է, որ «եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»-ի հանգույն ասում ենք` ձեր լափածի հետ միասին նժդեհվեք-գալուստվեք այստեղից, գտեք վերջապես ձեր տունը, ուր «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներն ու ձեր խեղված մանկության հուշերն են սպասում։ Այնտեղ գուցե խաղաղվեք, ամբարիշտներ։

Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter