Մե միտինգ, մե քեֆ, մե ուրախութուն
ՀՅԴ-ն երեկ «Դինամո» մարզադաշտում կազմակերպել էր ԼՂՀ անկախության օրվան նվիրված հանրահավաք-համերգ: ՀՅԴ-ի կազմակերպած նախկին հանրահավաքների պես երեկ եւս մասնակիցների գերակշռող մասը ավտոբուսներով մարզերից էին բերվել, որոնց մեջ քիչ չէին դպրոցական տարիքի երեխաները: Հանրահավաք-համերգը սկսվեց հայտարարվածից կես ժամ ուշացումով: Սպորտդահիճից դուրս եկած երկու երիտասարդներ դրսում հավաքվածներին առաջարկում էին անցնել դահլիճ, սակայն նրանց կոչին շատ քչերը հետեւեցին: Արդյունքում դահլիճի 1200 նստատեղերի մի մասն այդպես էլ ազատ մնացին: Հանրահավաք-համերգը վարում էր ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Նրա կոչով դահլիճում գտնվողները վանկարկեցին «ՈՉ», ինչպես մեկ տարի առաջ` հայ թուրքական հայտնի արձանագրություների դեմ կազմակերպված հանրահավաքների ժամանակ: Դժվար է ասել, թե ինչու վանկարկումները մի փոքր անհավես ստացվեցին: Ամեն դեպքում փաստ է, որ դահլիճում ահավոր տոթ էր, եւ դեռ երկրորդ բանախոսին խոսքը չփոխանցած` դահլիճում գտնվողներից շատերը սկսեցին դուրս գալ: Հանրահավաք-համերգի քաղաքական մասում ելույթներով հանդես եկան ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նրանցից առաջինի ելույթն այն մասին էր, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի: Նա մոտ տասը րոպե փորձում էր ներկաներին համոզել, որ պնդումը հիմնավոր է: Իհարկե, մինչեւ այդ այլ կարծիք հայտնողներ չէին եղել, բայց դե... Իսկ Արմեն Ռուստամյանի ելույթի առարկան հայ-թուրքական արձանագրություններն էին: Խոսքը անցած տարվա հոկտեմբերին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված հայտնի արձանագրությունների մասին էր:
Այլ կերպ ասած, Ռուստամյանի ելույթը «թուրքը մնում է թուրք» (այս արտահայտությունը երկու-երեք անգամ նա հնչեցրեց) խորագրի շրջանակներում էր: Ի վերջո, Ռուստամյան իր ելույթը եզրափակեց` հայտարարելով, որ իրենց կուսակցության գերխնդիրը իշխանափոխությունն է: Իշխանափոխություն բառը դահլիճում գտնվողները աննախադեպ ոգեւորությամբ ընդունեցին: Իսկ Ռուստամյանի ելույթից հետո հանրահավաք-համերգի քաղաքական մասն ավարտեց եւ սկսվեց քեֆ-ուրախությունը, որը ապահովելու էին հարթակի ետնամասում սպասող տարբեր պարային համույթներ եւ երգիչ-երգչուհիներ: Հանրահավաք-համերգի մասնակիցների թիվը 200-ից 300 հոգով կարող էր ավելի լինել, եթե դրսում հավաքվածները եւս համաձայնեին ներս մտնել, սակայն, ակնհայտ էր, որ նրանք չէին կարողանում հաղթահարել դահլիճում տիրող անասելի տոթի հանդեպ ունեցած ահը: ՀՅԴ ղեկավար կազմի մեծ մասը եւս դրսում էր: Թերեւս միայն ՀՅԴ անդամ Կիրո Մանոյանն էր ճիշտ դիրք ընտրել` նա կանգնել էր դահլիճի անմիջապես մուտքի մոտ` ականջը դահլիճի կողմը, քիթը դեպի դուրս` այնտեղից եկող մաքուր օդը որսալու մարտական կեցվածքով:







Կարծիքներ
- Վարդգես Գասպարի, 1 year 21 շաբաթ առաջ
+1
- petros, 1 year 21 շաբաթ առաջ
տաշի տուշի... սրանց ուզածը ինչ է վերջապես , 125 տարի է ինչ դեմ ըլլալով կողմ կըլլան...
Հայտնեք ձեր կարծիքը