Արտագաղթեք եւ ներմուծեք
Եթե տիրապետում են, ապա տնտեսության զարգացման մասին խոսելով ուղղակի ստում են: Իսկ եթե չեն ստում, ուրեմն չեն հասկանում, թե ինչ է նշանակում տնտեսության զարգացում բառիս ամենաճիշտ իմաստով: Մի քանի տարի շարունակ քոչարյանական էլիտար շինարարության հաշվին Հայաստանը արձանագրում էր երկնիշ տնտեսական աճ: Բայց պետք էր ընդամենը մի փոքրիկ ճգնաժամ, որպեսզի հասկացվեր, որ այդ աճ կոչվածը ամենեւին էլ զարգացում չէ, որ դա դեգրադացնում է տնտեսությունը: Այդ երկնիշ աճերի արդյունքը եղավ այն, որ մեկ տարվա ընթացքում մեր արտաքին պարտքը կրկնապատկվեց, իսկ տնտեսության դեգրադացիան ավելի խորացավ:
Այնպես որ, տնտեսության «զարգացման» այն հեքիաթը, որ պատմում են եւ փորձում են հրամցնել որպես փաստ, իրականում հակազարգացում է, եւ անցած տարին դա լավագույնս ցույց տվեց ու դեռ երկար է ցույց տալու: Դեգրադացված տնտեսության լավագույն ցուցանիշը Հայաստանում, թերեւս ներմուծման ծավալներն են: ՀՀ ֆինանսների նախարարությունը օրերս հրապարակեց այս տարվա առաջին յոթ ամիսներին պետական բյուջեի կատարման վերաբերյալ ամփոփ տեղեկանքը, որը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Այն վերնագրված է այսպես. «Պետական բյուջեի եկամուտներն աճել են 79.8 մլրդ, ծախսերը` 37 մլրդ դրամով»: Սա ուշագրավ է այնքանով, որ անցած տարի, երբ բյուջեն նույնքանով թերակատարվում էր, պետական այդ մարմնի պաշտոնական կայքում նույն ամփոփ տեղեկատվությունը վերնագրվում էր շատ ավելի համեստ ու պաշտոնական. «2008 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը»: Սրանից երեւում է, որ մեր պետական մարմինների համար, այդ թվում նաեւ` ֆինանսների նախարարարության համար PR-ը անչափ կարեւոր է: Հարց է, թե ինչու բյուջեի կատարման վերաբերյալ տեղեկանքը նմանատիպ վերնագրերով օծելուց հետո, նույն նախարարությունը իր կայքում տեղադրված պետական բյուջեի մասին օրենքը չի վերնագրվում, ասենք, «ՀՀ 2010 թվականի պետական թույն բյուջե», կամ «Միջնաժամկետ ծախսերի ցենտր ծրագիր» եւ այլն: Բայց սա` ի միջիայլոց: Ավելի կարեւոր է, թե ինչ թվեր կան այդ տեղեկանքում: Դրանցից մեկը պարզապես փշաքաղեցնող է: Այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում ավելացված արժեքի հարկի տեսքով ՀՀ պետական բյուջե է մուտք եղել 170.1 միլիարդ դրամ: Դրանից 108.5 միլիարդը հավաքագրվել է ՀՀ պետական սահմանին հարկումից: Այսինքն, այդքան ԱԱՀ գանձվել է ապրանքների ներմուծումից: Իսկ ահա ներքին շրջանառությունից ստացվել է միայն 61.6 միլիարդ դրամ: Շատ լավ է, կասեն ոմանք, որ ներմուծողներից այդքան շատ հարկ են հավաքում:
Սա ճիշտ նկատառում է, բայց միայն` առաջին հայացքից: Նախ, եթե բոլոր ներմուծողներին, հատկապես ամենախոշորներին ըստ օրենքի հարկեին, ապա սահմանին հարկումից կստացվեր ավելի շատ գումար, քան ստացել են: Բայց ավելի կարեւորն այն է, որ մեր պետական բյուջեի համալրման կարեւորագույն աղբյուրը ներմուծումն է: Ու ստացվում է, որ որքան շատ են ներմուծում, այնքան շատ է հավաքվում բյուջե: Ու ստացվում է, որ բյուջեն մեծ լինելու համար պետք է խթանել ներմուծումը: Ըստ էության գործող իշխանությունը հենց դա էլ անում է, երբ արժեւորում է դրամը: Արդյունքում մենք ունենում ենք այն, ինչ ունենք. արտադրություն չկա, կա աստղաբաշխական ծավալների հասնող ներմուծում: Ընդ որում, ներմուծումը աճում է իրոք երկնիշ տեմպերով: Այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում ներմուծումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 23 տոկոսով, կամ 375 միլիոն դոլարով եւ կազմել է 2 միլիարդ 36 միլիոն դրամ: Սրա շնորհիվ մեր արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, այսինքն ներմուծման եւ արտահանման ծավալների տարբերությունը կազմել է 1 միլիարդ 523 միլիոն դոլար: Անցած տարվա այս նույն ժամանակահատվածում այդ տարբերությունը 1 միլիարդ 299 միլիոն դոլար էր: Այստեղ մի ուշագրավ հանգամանք կա: Իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում խոսելով տնտեսական ցուցանիշների մասին, մի ցնցող շեշտադրում են անում. ասում են, թե արտահանումը ներմուծման նկատմամբ առաջանցիկ տեմպերով է մեծանում: Տոկոսային առումով դա, իհարկե, այդպես է` արտահանումն աճել է 44 տոկոսով, ներմուծումը` 23 տոկոսով: Բայց արտահանման այդ առաջանցիկ աճը հանգեցնում է արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի մեծացմանը: Եթե արտահանումը շարունակի այդպիսի «առաջանցիկ տեմպերով» աճել, ապա մոտ ապագայում այն կհավասարվի զրոյի, իսկ ոչ առաջանցիկ տեմպերով աճող ներմուծումը կհավասարվի մեր համախառն ներքին արդյունքին: Բայց իշխանությունների համար դա բնականաբար նշանակություն չունի: Կարեւորը` մի քիչ բյուջե հավաքեն ու կարողանան փրփուրները բերաններին խոսել տնտեսության զարգացման մասին:








Կարծիքներ
- Անանուն, 1 year 22 շաբաթ առաջ
Hojakap hodvaca apres Hayk jan .
Հայտնեք ձեր կարծիքը