Բողոքի ցույց
Մրգի եւ բանջարեղենի առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ չարենցավանցիներ նախօրեին եւ երեկ Չարենցավանի քաղաքապետարանի առջեւ բողոքի ցույց եւ նստացույց են անցկացրել: Բողոքի ակցիային մասնակից վաճառականներից Գրետա Պետրոսյանը երեկ մեզ հայտնեց, որ իրենք դժգոհում են հարկային ծառայությունից, որը վերջերս ՀԴՄ-ներ չունենալու համար իրենց տուգանել է ավելի քան 1 մլն դրամով: «5 աշխատողի տուգանել է` յուրաքանչյուրին 200 հազարական դրամով: Մեզ ասում են` պետք է հաշվիչ դրամարկղային մեքենաներ դնեք: Մենք բազմաթիվ հարկեր ենք վճարում, դրան գումարած` «տեղի փող» ու ի վիճակի չենք նաեւ այդ ՀԴՄ-ները գնել: Դրա համար էլ որոշել ենք չաշխատել, բողոքել»,- հայտնեց տուգանքից բողոքող վաճառականը: Նստացույցը երեկոյան ժամը 18-ին ավարտվել է, քանի որ հարկայինից բողոքի ակցիայի մասնակիցներին վստահեցրել են` «տուգանքը կսառեցնենք, գնացեք աշխատեք»: Ըստ տիկին Գրետայի` վաճառականները չեն հավատում հարկայինի այդ վստահեցմանը, բայց համենայնդեպս ցրվել են:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը