Սեպտեմբերի 9-ը թեժ է լինելու
Սեպտեմբերի 9-ին, ինչպես երեկ տեղեկացրել էինք, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում քննարկվելու է «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագիծը: Թե երբ է տեղի ունենալու նախագծի քվեարկությունը, դեռ հստակ չէ: Հստակ է միայն, որ ՀՀ իշխանությունները որեւէ ձեւով չեն կարող խոչընդոտել այդ քննարկմանը: Բանաձեւի նախագծի նախաբանում, հենվելով եւ հղում անելով մի շարք միջազգային կոնվենցիաների, մասնավորապես ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից 2008-ի մարտի 14-ին ընդունած 62/243 բանաձեւի վրա, որով, հիշեցնենք, պահանջվում է «հայկական զորքերը անհապաղ դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից», 2010-ին Կանադայում ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների` Մեդվեդեւի, Սարկոզիի, Օբամայի համատեղ հայտարարության վրա, որով նրանք ընդգծել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 դրույթների եւ 2009-ի հուլիսի 10-ին Աքվիլայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում իրենց հայտարարությանը կից հրապարակված Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այն է` օկուպացված տարածքների վերադարձ, ներքին տեղահանվածների վերադարձ, խաղաղարար օպերացիա, կամարտահայտություն եւ այլն, առաջարկվել են հետեւյալ կետերը.
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան`
1. կրկին հաստատում է միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների կիրառելիությունը այն իրավիճակին, որը վերաբերում է հակամարտության գոտի հանդիսացող ԼՂ տարածաշրջանին եւ դրա հարակից տարածքներին
2. վերահաստատում է նաեւ պարտավորությունը` ապահովել հակամարտության գոտի հանդիսացող ԼՂ տարածաշրջանից եւ դրա հարակից տարածքներից արտաքսված բնակչության անքակտելի իրավունքը` վերադառնալ իրենց տները եւ ընդգծում է դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը
3. Սահմանում է, որ ԼՂ տարածաշրջանից եւ դրա հարակից տարածքներից արտաքսված բնակչության վերադարձը մարդկանց միջեւ վստահության եւ շփումների խրախուսմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար բարենպաստ պայմաններ կստեղծի
4. սահմանում է նաեւ, որ բոլոր միակողմանի միջոցառումները, որոնք ձեռնարկվել են հակամարտության գոտի հանդիսացող տարածքների ֆիզիկական բնույթը, ժողովրդագրական կազմը, կազմակերպչական կառուցվածքը եւ կարգավիճակը փոխելու ուղղությամբ, իրավաբանական ուժ չունեն եւ բանակցությունների հիման վրա հակամարտությունը կարգավորելու ճանապարհին լուրջ խոչընդոտ են հանդիսանում
5. ընդգծում է հակամարտության գոտի հանդիսացող ԼՂ տարածաշրջանում եւ հարակից տարածքներում մշակութային արժեքների եւ սրբազան վայրերի պահպանման անհրաժեշտությունը
6. ընդգծում է, որ անհրաժեշտ է անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել` պարզելու այն անձանց ճակատագիրը, ովքեր հակամարտության պատճառով համարվում են անհետ կորած եւ պետություններին վճռականորեն կոչ է անում, իսկ միջկառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին խորհուրդ տալիս` ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ այդ հարցում համապատասխան օգնություն ցուցաբերելու համար
7. առաջարկում է Մարդու իրավունքների խորհրդի հատուկ ընթացակարգերով, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով ստորաբաժանումներին եւ ՄԱԿ-ի մյուս ստորաբաժանումներին, կախված հանգամանքներից, իրենց համապատասխան մանդատի համաձայն` հակամարտության գոտի հանդիսացող ԼՂ տարածաշրջանում եւ հարակից տարածքներում ուսումնասիրել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը եւ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների պահպանումը
8. ԵԱՀԿ-ին առաջարկում է ուսումնասիրություն անցկացնելու նպատակով շտապ կարգով կազմակերպության անդամ հանդիսացող պետությունների ներկայացուցիչներից կազմված եւ համապատասխան փորձագիտական գիտելիքներ ունեցող բազմազգ առաքելություն ուղարկել եւ պատրաստել զեկույց հակամարտության գոտի հանդիսացող ԼՂ տարածաշրջանի եւ հարակից տարածքներում միջազգային մարդասիրական իրավունքի եւ մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների պահպանման վիճակի վերաբերյալ` հատուկ ուշադրություն դարձնելով այդ տարածքներում վերաբնակների տեղակայման, մշակութային արժեքների ու սրբազան վայրերի վիճակի վրա, եւ գլխավոր քարտուղարին խնդրում է անհրաժեշտության դեպքում դրա հետ կապված համապատասխան օգնություն ցուցաբերել
9. խնդրում է գլխավոր քարտուղարին ՄԱԿ-ի ստորաբաժանումների, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությամբ եւ հետեւելով համաձայնագրերին, կախված հանգամանքներից, Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում ներկայացնել սույն բանաձեւի իրականացման վերաբերյալ համապարփակ զեկույց
10. սահմանում է 65-րդ նստաշրջանի նախնական օրակարգում ընդգրկել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» հարցը:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը