Քսան տարի առաջ
Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:
Ա. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն` կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը և հիմնը:
Բ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները:
Գ. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն և ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:
Դ. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից:
Ե. Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը: Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը: Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:
Զ. Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների, ԽՍՀՄ ազգային-պետական կազմավորումների հետ, մասնակցում է միջազգային կազմակերպությունների գործունեությանը:
Է. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է: Դրանց տիրապետման, օգտագործման և տնօրինման կարգը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով: Հայաստանի Հանրապետությունը ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտային ֆոնդերի մասնաբաժնի իրավունք:
Ը. Հայաստանի Հանրապետությունը սեփականության բազմաձևության հիման վրա որոշում է իր տնտեսավարման սկզբունքները և կարգը, հիմնում սեփական դրամ, ազգային բանկ, ֆինանսավարկային համակարգ, հարկային և մաքսային ծառայություններ:
Թ. Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է` խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատում. բազմակուսակցություն, կուսակցությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում:
Ժ. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության և մշակույթի սեփական համակարգ:
ԺԱ. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
ԺԲ. Սույն Հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մշակման, իսկ գործող սահմանադրության մեջ` փոփոխությունների և լրացումների կատարման, պետական մարմինների գործունեության, հանրապետության նոր օրենսդրության մշակման համար:
Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ`
Լ. Տեր-Պետրոսյան
23 օգոստոսի,1990 թվական, քաղաք Երեւան







Կարծիքներ
- Կարէն Ա.ՍԻՄՈՆԵԱՆ, 1 year 23 շաբաթ առաջ
Իմ կարծիքը վաղուց է յայտնի։ Դեռ այն օրերին, երբ հռչակագիրն էր մշակւում Հայաստանի «անկախութեան», բայց ոչ երբէք Ազատութեան մասին։ Իսկ շատ կարճ ժամանակ անց առաւելագոյնս բացայայտուեց որ ընկեր Տէր Պետրոսեանը հաւատարմութեամբ իրականացնում է այն փոխադարձ պայմանաւորուածութիւնը, որ հաստատուել էր մոսկովեան էլիտար բանտի մէջ։ Եւ ամէնից սոսկալին այն է որ նրան յաջորդող եւ նրա պէս զեղծուած «ընտրութեամբ» իշխանութեան գլուխ անցած նախագահները շահած տարիների ընթացքին մարդուն մոռացնել տուեցին այն Չարիքը, ինչով սկսուեց Հայաստանի խորտակումը։
Հայտնեք ձեր կարծիքը