Մեզ մի փնտրեք մեռելների մեջ...
Հերոսական կեցվածք ընդունելով, նրանք պնդում են, որ անցած պատերազմում էլ ռուսները մեզ օգնել են ու հիմա էլ կօգնեն: Բնականաբար, ես չեմ տիրապետում արցախյան պատերազմի ողջ ընթացքում հայ-ռուսական միջպետական ու ռազմաքաղաքական փոխհարաբերությունների ամբողջական տեղեկատվությանը եւ չեմ կարող տալ այդ ընթացքում Ռուսաստանի ունեցած դերի ամբողջական գնահատականը: Որպես պատերազմի մասնակից, չեմ ժխտում որոշ անհատ ռուս զինվորների ու սպաների աջակցությունը մեզ ու չեմ էլ ուրանում, որ զենք-զինամթերքն ամեն դեպքում նրանցից ենք ստացել, բայց, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ ռուսական կամ խորհրդային բանակի անմիջական օգնություն ես չեմ տեսել: Մինչդեռ մեր հակառակորդին այդ օգնությունը եղել է անթաքույց եւ էական: Սա ես ասում եմ որպես խորհրդային բանակի հետ ընդհարման առնվազն 3 խոշոր դեպքերի անմիջական մասնակից, եւ որպեսզի իմ պնդումը վերացական չհնչի՝ բերեմ որոշ մանրամասներ:
Մութալիբովը, որին ես համարում եմ ազերիների ամենահաջողված նախագահը, շատ արագ կարողացավ տարածաշրջանում գտնվող խորհրդային բանակի ստորաբաժանումներին շահագրգռելով` ներգրավել իրենց կողմից իրականացվող ծրագրերին, որի արդյունքում, իրենց անմիջական խաղարարար կամ բաժանարար առաքելությունը թողած, բանակը սկսեց ամբողջովին ծառայել Ադրբեջանին: Առանց բանակի մասնակցության հնարավոր չէր լինի իրականացնել հրեշավոր «Կոլցո» օպերացիան, ադրբեջանական ՕՄՕՆ-ը երբեք միայնակ չէր կարող հայաթափ անել Շահումյանի, Հադրութի եւ Բերդաձորի հայկական գյուղերը, բազմաթիվ հայերի գերեվարել ու տեղափոխել ադրբեջանական բանտեր, որովհետեւ մենք երբեք չենք վախեցել թուրքի հետ դեմ առ դեմ կռվելուց, միշտ էլ վտանգն առաջացել է բանակի միջամտության ժամանակ: Ահա մի նմանատիպ ընդհարում էլ տեղի է ունեցել Հաթերքի մերձակայքում:
«Կոլցո» օպերացիան իրականացնելուց հետո խորհրդային բանակի ստորաբաժանումները փորձում էին նույնը կրկնել նաեւ Մարտակերտի ձորակում, սակայն, 18 ըՁՀ-ներից կազմված շարասյունը մեզ հաջողվեց 17 հոգով ետ մղել Դրմբոնի մերձակայքում, նրանք, հանդիպելով դիմադրության՝ վախից հրաժարվեցին իրենց հետագա ծրագրերից ու ավելի ակտիվ սկսեցին հայկական գյուղերից մարդկանց առեւանգման ամենօրյա գործը: 1991 թ. օգոստոսին նրանք առեւանգել էին Հաթերքի 2 բնակիչների եւ փորձում էին նրանց նույնպես տեղափոխել ադրբեջանական բանտեր:
Դա կանխելու նպատակով մենք ստիպված էինք հարձակվել խորհրդային բանակի վրա եւ 32 զինվորների պատանդ վերցնելով՝ խորացանք անտառները: Երեք-չորս ջոկատներից կազմված 63 հոգանոց մեր հատուկ խմբի դեմ, որը հետագայում հայտնի դարձավ «Փառանձեմ» անունով, հանելով մոտ 3600 զինվոր, 90 մարտական տեխնիկա եւ 3 ուղղաթիռներ, խորհրդային բանակի, եթե չեմ սխալվում՝ գեներալ Սավիկովի գլխավորությամբ, հակառակորդը շրջապատեց Հաթերք գյուղն ու շրջակա անտառները եւ վերջնագիր ներկայացրեց պատանդներին ազատելու համար: Միջադեպը մեծ հնչեղություն էր ստացել, ու այն հարթելու համար Հաթերք էին ժամանել Ռուսաստանի ժողպատգամավորներ Շաբաթը եւ Սմիռնովը, Մոսկվայի Մայրական կոմիտեի նախագահը: Սկսվել էին ԳԿՉՊ-ի օրերը, եւ Յանաեւը զանգահարել էր Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար: Եւ նրա հանձնարարությամբ Հաթերք եկան Բաբկեն Արարքցյանն եւ երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանը, Ստեփանակերտից՝ Սերժ Սարգսյանը: Ի վերջո բանակցությունների միջոցով գերիներին փոխանակեցինք, եւ խաղաղությամբ հարթվեց միջադեպը: Սակայն ես համոզված եմ, որ բանակը պատրաստ էր հակառակ դեպքում հողին հավասարացնել Հաթերքն ու շրջակա գյուղերը` ինչպես հայտնել էին իրենց վերջնագրում:
Առհասարակ քաղաքականության մեջ կա մի պարզ ճշմարտություն, որը չգիտես ինչու, մեր շատ քաղաքական գործիչներ չեն ուզում հասկանալ: Թե ժամանակին Խորհրդային Միությունը, թե այնուհետեւ Ռուսաստանը, եւ թե առհասարակ իրեն հարգող որեւէ երկիր իր այս կամ այն քայլը կատարում է իր պետական շահերից ելնելով: Այդ շահի թելադրանքով էր, որ երբ ռուսական ռազմակայանը հանվում էր վրացական Խաշուրի քաղաքից, ռուսները մի պահեստից մեզ էին զենք-զինամթերք վաճառում, մյուսից՝ ազերիներին:
Պատերազմի այն փուլում, երբ ազերիների դիմադրությունը վերջնականապես կազմալուծված էր, եւ ոչ մի դժվարություն չկար եւս 1-2 շրջաններ ազատագրելու համար, հենց Ռուսաստանի միջամտությամբ էր կասեցվում մեր առաջխաղացումը: Այստեղ տեղին է հիշել նաեւ 1915 թվականը, երբ ռուսական բանակը, հասնելով Էրզրում, կրկին իրենց շահից ելնելով՝ հանկարծակի հետ քաշվեցին, հայերին թողնելով թուրքի դեմ միայնակ: Այսօր էլ կարող է նույնը կրկնվել, եւ ամենեւին էլ պետք չէ զարմանալ, կամ առավելեւս՝ զայրանալ այն բանի համար, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել C-300 տիպի զենիթահրթիռային համակարգեր: Դա առեւտուր է, նման այն առեւտուրին, որն անում էին խորհրդային բանակի ռուս զինվորները, երբ հայերին գերի վերցնելուց ու ազերիներին հանձնելուց հետո գալիս ու մեզ հետ սակարկում էին նրանց ետ բերելու համար: Այնպես որ, չի բացառվում, որ նույն ռուսները Արցախի հարցում վաղը նույնպես առեւտրի մեջ մտնեն Ադրբեջանի հետ նավթի, գազի կամ էլ մի ուրիշ գործոնի պատճառով: Հենց այստեղ է, որ ամենայն հավանականությամբ մեր եւ ռուսների շահերը վաղը չեն համընկնելու, ինչից ելնելով էլ մենք պետք է ամեն կերպ հեռու մնանք նման գործարքներից: Վերջին հաշվով մեզանից հող են ուզում, իսկ հողի գինը հատկապես՝ արյամբ ազատագրված, միայն հասկացողին է տրվում: Մյուս կողմից էլ մենք մեր ունեցած-չունեցածը վաղուց վաճառել ու հանձնել ենք ռուսներին ու այս առումով էլ որեւէ հույս չպետք է փայփայենք: Այսքանով հանդերձ, այնուամենայնիվ, թող այն տպավորությունը չստեղծվի, թե ես դեմ եմ հայ-ռուսական հարաբերությունների խորացմանը կամ այլ աշխարհաքաղաքական կողմնորոշման կողմնակից եմ: Քավ լիցի, ուղղակի ես դեմ եմ, որ այդ հարաբերություններում մենք հայտնվել ենք վասալի կարգավիճակում, եւ այսօր արդեն մեր հարցերն առանց մեզ են քննարկում: Հենց այդ` վասալի հոգեբանության արդյունք է նաեւ Գյումրիի ռուսական ռազմակայանի գործունեությունը 49 տարով երկարացնելու որոշումը, որն ինչքան էլ փորձեն ներկայացնել որպես փոխադարձ շահավետ գործարք, այնուամենայնիվ թելադրված է ռուսական շահով: Այնպես որ, մեզ ոչ թե պետք է հետաքրքրի, թե ռուսները կամ որեւէ այլ երկիր ինչ քայլի կդիմի, այլ այն, թե մենք ինչ ենք անելու: Մենք մեկընդմիշտ պետք է ընդունենք, որ, Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ վերսկսվի, մեր հույսը պետք է դնենք միմիայն մեզ վրա: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում. «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր»: Այս պահին ինձ ամենաշատը մտահոգում է այն հարցը, թե համատարած այս անարդարության ու անօրինականության պայմաններում հայտնված մեր ժողովուրդը իր մեջ ուժ կգտնի՞ եւս մի պատերազմ իր ուսերին տանելու համար: Պատերազմի տարիներին սովն ու զրկանքները մեր ժողովուրդը պատվով է տարել, որովհետեւ գիտակցում էր, որ այդ պահին հացից առավել մեզ զենք-զինամթերք ու վառելիք էր պետք, իսկ դրանք մեզ հենց այնպես ոչ ոք չէր նվիրում: Իսկ այսօր խաղաղության 16 տարիներից հետո, ժողովուրդն ինչո՞ւ է հայտնվել սովի ու թշվառության ճիրաններում, ինչո՞ւ են մեր շրջապատում օրեցօր ավելանում մարմնավաճառները, մուրացկաններն ու աղբերից հաց հայթայթողները: Չէ՞ որ նրանք մեր երեկվա լիարժեք քաղաքացիներն էին` բանվորը, արհեստավորը, մտավորականը, իսկ այսօր հանկարծ հայտնվել են այդ կարգավիճակում: Իսկ ի՞նչ վիճակում են կռվող տղաները` կամավորականները:
Կա՞ մեկը, որ հետաքրքրվում է, փորձում է օգնել նրանց՝ գոյատեւել այս պայմաններում: Իհարկե չկա, բառիս բուն իմաստով` չկա, որովհետեւ այդպիսիք լինելու դեպքում թույլ չէին տա հոգեպես եւ ֆիզիկապես ջարդել ազատամարտիկներին, ինչպես եղավ բոլորիս աչքի առաջ: Նրանց մեծամասնությունն այսօր օրվա հացի խնդիրն էլ ի վիճակի չէ լուծել, դեռ ավելին, Մարտի 1-ի դեպքերից հետո էլ մեր «իրավապահ» համակարգը, քննիչներն ամեն գնով փորձում էին հասնել նրան, որ ազատամարտիկն իր մարտական ընկերոջ կամ հրամանատարի դեմ ցուցմունք գրի: Եւ երբ իրենց ստոր ու թուրքավարի մեթոդներով կարողանում էին արդյունքի հասնել, անթաքույց հրճվում էին: Այդպես կհրճվեին միայն թուրքերը՝ հայերին գլխատելուց: Դե իսկ դատավորներն էլ այդ ամենի հիման վրա դատում էին ազատամարտիկներին, անամոթաբար արտասանելով «Հանուն Հայաստանի Հանրապետության» բառերը, մինչդեռ տեղին կլիներ, որ ասեին «ընդդեմ Հայաստանի Հանրապետության...»: Իսկ այն ազատամարտիկներն էլ, ովքեր կարողացան անարատ պահել իրենց ֆիդայի պապերից ժառանգած ազատամարտիկի բարձր անունն ու չկոտրվեցին, այսօր կամ բանտերում են, կամ էլ անասելի խոշտանգումներից հետո կես մարդ են դարձել: Ո՞րն է այս ամենի նպատակը, մի՞թե դրան էին արժանի վերջին հարյուրամյակների ընթացքում առաջին անգամ հաղթանակած ու մեր հայրենիքի սահմաններն ընդլայնած տղաները: Թե՞ կարծում եք, որ այդ տղաները այլեւս պետք չեն. լավ հիշեք, մեծապատիվ մուրացկաններ, նրանք իրենց գործով են անմահ եւ նրանք մեր գալիք սերնդի վաղվա պատմությունն ու հպարտությունն են: Ի՞նչ եք կարծում, վաղվա հնարավոր պատերազմի դեպքում հայրենի սահմանները պաշտպանելու են հաստավիզ օլիգարխներն ու ցմփոր չինովնիկնե՞րը, որոնք անցած պատերազմի ժամանակ էլ իրենց հարստությունն էին դիզում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանել է պետք, մինչդեռ, ցավով եմ սա նշում, շատ-շատերը վախենում են անգամ խոսել այս ամենի մասին: Վախենում են, կարծելով, թե կկորցնեն օրվա հացը, չմտածելով, որ այսօրվա լռության հետեւանքով իրենց սերունդը վաղը ոչ միայն հացազուրկ կդառնա, այլեւ հայրենազուրկ: Ի վերջո, չէ՞ որ բոլորս ենք պատասխանատու այն ապագայի համար, որը թողնելու ենք մեր սերունդներին, եւ եթե ուզում ենք գոնե ինչ-որ տեսանելի ապագա փոխանցել նրանց, պետք է անհապաղ կասեցնենք ազգովի դեպի անդունդ գահավիժումը:
Դրա համար այժմ անհրաժեշտ է կտրուկ քայլեր ձեռնարկվեն սոցիալական արդարության եւ ներքաղաքական ներդաշնակության վերականգնման համար: Ճիշտ է, այսօրվա առաջնահերթ խնդիրն արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելն է, սակայն նախ եւ առաջ պետք է մեր ներքին միասնության, Հայաստան-Արցախ-Սփյուռք միաբանության ու համերաշխության հարցերը լուծել, որովհետեւ մեր միասնական ու որպես ժողովրդավարական երկիր հանդես գալու դեպքում միայն արտաքին աշխարհը հաշվի կնստի մեզ հետ: Իսկ գերտերությունների, տարածաշրջանային երկրների շահերի բախման առկա պայմաներում մենք դեռ կարող ենք մեր ուրույն տեղն ունենալ կամ շահեկան դիրքի հասնել: Հակառակ դեպքում աղետն անխուսափելի է:
Լուսահոգի Սպարապետն ասում էր, որ չկա մի ժողովուրդ, որ պատերազմ սիրի, բայցեւ ինքը չգիտի մի ժողովուրդ, որն այդպես ատի իր հաղթանակած պատերազմը: Առհասարակ մեր պատմությունը ժամանակի ընթացքում տալիս է իր հերոսների եւ դավաճանների արժանի գնահատականը, բայց հաճախ՝ ոչ նրանց կենդանության օրոք: Դա ինչ-որ տեղ նաեւ հայի նախանձի վկայությունն է, որ մեզ ներսից է ուտում, ինչի դառը պտուղները մենք քաղել ենք դարեր շարունակ: Ժամանակն է փոխել մեր մոտեցումները նաեւ այս հարցում: Այնպես որ, մեզ մի փնտրեք մեռելների մեջ, մենք այստեղ ենք՝ դեռ Ձեր կողքին...:
Սասուն Միքայելյան
«Ոգու փորձություն» ՀԿ փոխնախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ








Կարծիքներ
- ArturԱնանուն, 1 year 23 շաբաթ առաջ
+1
- hayko, 1 year 23 շաբաթ առաջ
Levon@ tesnum e vor tun@ varvum e bayc spasum e: Te um e spasum chgites. Sa hamagorcakcutyan nshan e. Zarmanum es te inchu mi angam miting chi anum dprocnerum korupciayi dem, kam inchu anunner chi hnchecnum. Lrum e, dra hamar el joghovrdin jlatum en. Ete @ndimutyun@ sharunakec lrel patmutyun@ nranc davachan kchanachi.
- Micho, 1 year 23 շաբաթ առաջ
Շատ ապրես Սասուն...Ամեն ինչ ճիշտ ես հասկացել և ասում...Բայց ինչու ոչ 98-ին?Լավ սխալվեցինք...Բա ինչու ոչ 2003-ին?Ինչու ոչ մինչև 2008-ը?Բա~ ախպերս, ասողին լսողա պետք,իսկ ասող շատ կար:
Ամեն դեպքում, Սասուն ջան քեզ առողջություն, դուխտ տեղը պահի,քո նման տղեքը էս ազգին դեռ շատ պետք կգան:
- Monika, 1 year 23 շաբաթ առաջ
Apres SASUN jan!!!!!!!! Astvac qez pahapan!
- Անանուն, 1 year 23 շաբաթ առաջ
ԷԴ ՄԻՆՉԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼԴ ԴՈՒ ՕԼԻԳԱՐԽ ՉԷԻՐ. ՊԱԿԱՍ ՉԻՆՈՎՆԻԿ ԷԻՐ?
ՇԱՏ ԷԻՐ ՄՏԱԾՈՒՄ ՀԱՍԱՐԱԿ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ
- Անանուն, 1 year 23 շաբաթ առաջ
voch chinovnik er vochel oligarx ev ayo shat er mtacum hasarak joxovrdi hamar
- Արման, 1 year 23 շաբաթ առաջ
Ցավոք, Սասունը խառնում է Խորհրդային Միությունն ու Ռուսաստանը
- Վարդգես Գասպարի, 1 year 23 շաբաթ առաջ
Դատապարտյալների հիվանդանոց մի այցելության ժամանակ , երբ հետաքրքվեցինք նրանցից մեկի առողջական տարաբնույթ պրոբլեմների մասին, նա ասաց.<Դրանք կարեւոր չեն. եթե նույնիսկ ես էստեղ փթեմ, մեռնեմ էլ դա կարեւոր չի. ինձ համար իմ հայրենիքն է կարեւորը>: Դա ասում էր, ոչթե ինձ նման ռազմաճակատ չտեսած ռոմանտիկ <հայրենասերը>, այլ պատերազմի արահետներում իր առողջությունը զոհաբերած Սասուն Միքայելյանը:
- Մեսրոպ Մեսրոպյան, Հայ Ազգային Կոնգրես, 1 year 23 շաբաթ առաջ
Արմանին:
Ռուսաստանը միշտ էլ իր ազգային շահը ամեն բանից վեր է դասել(ինչի համար ես ամենևին Ռուսաստանին չեմ մեղադրում, ինքն իրեն հարգող ցանկացած պետություն այդպես է վարվում), թե ցարական Ռուսաստանն է այդպես վարվել, թե Խորհրդային Միության մաս կազմող և գերիշխող Ռուսաստանը և թե այսօրվա Ռուսաստանը: Սասունի ասածը այն է, որ խնդիրը մեր մեջ պետք է փնտրենք:
- Armen, 1 year 23 շաբաթ առաջ
Sat chisht verlwcutyun ev patmakan ,ev qaxagakan,ev vergapes mardkayin.Inch verabervum e Rusastanin canotaceq tekuz ev rusneri kormic matucvac patmutyan& ev ktesneq vor rusner& mist caxel en haykakan harc&.Isk inch verabervum e Sasunin vorpes ,,oligarx,,khakadarcem ayd pokraguyn mardkanc,vor Sasuny ete oligarx e apa miayn ir ancyalov.
- AVO, 1 year 23 շաբաթ առաջ
Սասուն Միքայելյանը մեր հերոսն է: Ես խնդրում եմ սա չմոռանալ: Փորփրեք մեր բոլոր հերոսների, ձեզնից յուրաքանչյուրի կողմից ընդուված հերոսի ապրած կյանքը, առորյան եւ կհամոզվեք Սասունը չի արել ոչ մի քայլ, որով չի դասվի նրանց շարքին` ձեր կողմից ընդուված հերոսների: Խոսքս իհարկե Սասունին քննադատողների է վերաբերվում: Եկեք չփնտրենք մեր հերոսներին մեռելների մեջ:
- ANAHIT, 1 year 23 շաբաթ առաջ
Սասուն Միքայելյանն իսկապես բացառիկ անհատականությունների շարքն է դասվում: Ապրես Սասուն ջան, տա աստված քո նմաններն մեր ազգի մեջ շատ լինեն:
- ANAHIT, 1 year 23 շաբաթ առաջ
Սասուն ջան , ամեն օր մայրաբար աղոթում քո առողջութձան համարմ, վստահ եղիր իմ նման մայրեր քո կյանաում շատ կան եւ այդ վերաբերմունքը դու ես վաստակել քո ապրածով
- Անանուն, 1 year 23 շաբաթ առաջ
Asaceq xndrem Robert Qocharyani @ntrutyunneri jamanak um er pashtpanum Heros Sasun@?
- voter viparmenia.com, 1 year 18 շաբաթ առաջ
Ռազմաբազայի իրավունքների ու ժամկետների երկարացման զուգարանի թուղթը հանգեցնելու ՀՀ բանակի հետակա դեգրադացմանը "դե ռսները կան էլի մեզ կօգնեն" կարգախոսի տակ։
Արցախի պատերազմի ու առաջին հանրապետության-Սարդարապատի դասերը , որոնց մասին Սասուն Միքայելյանը նշել է մոռացվում են, իսկ դրանք մեծ ներդրում են ունեցել հայ ժողովրդի գիտակցության իրականությանը համապատասխանեցնելու ու երազանքներից հանելու համար, որ գոնէ նախնական շրջանում հասկացան, որ մեզ բանակ է պետք։
Բայց հիմա ստեղծված բարդակը մնալու է եթե ավելին չվատանա քանի որ էլ պետք չի այնտեղ կարգ ու կանոն հաստատել, մեկա ռսներ կանեն, մեզ կփրգեն....
ԱՄՈԹ է շատ ամոթ, հրճվել ու ուրախանալ մի բանով - ռսների հետ պայմանագրով, որը ընդհամենը փաստում է սեփական ուժերին չհավատալը ու թուլության, ակարողության փաստ է սեփական ձեռքով ստորագրված - «ռուս բրատ ջան երեխեքիս ու կնգաս չեմ կարմ պահեմ ու անվտանգույթուն ապահովվեմ, արի դու մեր տանը մնա, որ հարևանները մեզ չսպանեն»...
Եթե մենք ի վիճակի չենք Հայաստանը պահել ուրեմն մնում է բոլորով քոչենք, հանձնելով ամեն ինչ ուրիշներին - երևի սերժանտա-ռոբոտա-դոդերն դա են նպատակ դրել ուղղակի, փորձում են ռսներին համոզեն, որ մեկա գնալու ենք սախով, որ ինչա թուրքերին չմնա, գոնէ ռսներին տանք, իրենց սիրած «չարյաց փոքրագույնն են ընտրել»....
Հայտնեք ձեր կարծիքը