Մի օր պայթելու է
Շրջանակը սեղմվում է: Բռնի մահը ինչ-որ տեղ մոտիկ է: Շնչում է թիկունքիդ, մինչ դու զբաղված ես քո առօրյա գործերով, հոգսերով, անհոգությամբ: Ժպտում է անպատժելիության եւ գործը հապճեպ կոծկող «վարպետի» լպիրշ ժպիտով: Զրուցում է Նախարարության ստահոդ հաղորդագրության լեզվով: Էլի՛ ինքնասպանություն: Կարծես սա ինքնասպանների երկիր լինի: Չգիտես ինչու` իրենցից ոչ ոք այդպես էլ ինքնասպանություն չգործեց: Ու մինչ մենք շարունակում ենք նստել սրճարաններում, երեկոներ վայելել, կռվել-բարիշել, ամուսնանալ-բաժանվել, փայփայել մեր մանր ու միջին եսիկները, նրանք ժամանակ առ ժամանակ մեզանից մեկին սպանում են: Ու լավ է, դիակների հետ դեռ չեն նկարվում:
Մի երկիր, որի նախկին նախագահը տառապում էր որսորդի ու վոյինի բարդույթով, ու որի թիկնապահներն օրը ցերեկով մարդ էին սպանում մի անզգույշ բառի համար, պիտի գար հասներ էս վիճակի՝ որսորդների միություն, այլ ոչ թե պետություն: Մարդաորսի երկիր: Մեկին` սրճարանում, մյուսին` ոստիկանությունում, երրորդին` բանակում, չորրորդին` մեքենայի տակ գցելով, տասին էլ՝ Երեւանի կենտրոնում: Սաֆարի՛: Մեկը կա՞ որ իրեն լրիվ ապահով է զգում:
Երեւի արդեն քչերը չեն հասկանում, որ իրական հայրենասիրությունը ոչ թե «թուրքի մե՛րն ա», ոչ թե ամպագոռգոռ երդումներն են Հայաստանի արեւ, ոչ թե արհեստական պաթոսն է, այլ հայազգի Ռամիլ Սաֆարովների դեմ պայքարը՝ հետեւողական, սառնասիրտ ու մինչեւ վերջ: Անցյալից ժառանգված այլասերված հայրենասիրության մի տեսակ կա, որ ասում է՝ մեր բանակի ներքին խնդիրները պետք չի դուրս բերել հանրային դաշտ, որ թշնամին չուրախանա, ու որ էլի եսիմ ինչ: Իրականում ամեն բան ճիշտ հակառակն է: Եթե հայկական բանակն, իրոք, արժեք է մեզ համար, ուրեմն որեւէ նման դեպք չպետք է անտեսվի, լռեցվի: Իրական առողջ հայրենասիրությունն այն է, որ եռակի եռանդով հենց նման դեպքերի դեմ պայքար ընթանա: Որովհետեւ սա, իրոք, նաեւ երկրի անվտանգության եւ պաշտպանության հարցն է: Իսկ ինչ վերաբերում է թշնամուն, ապա մեր թշնամին, Զաքաթալայի շրջանի Սայադլու գյուղի բեղավոր թուրքը չէ, այլ նախեւառաջ նա, ով սպանում է մեր եղբայրներին` լինի դա բանակում, ոստիկանությունում, թե քաղաքի փողոցներում: Ահա, թե ո՛ւմ դեմ է պետք անխնա պայքար, ահա, թե ո՛ւմ դեմ է պետք սերմանել ատելություն եւ թշնամանք, ահա թե ո՛ւմ որեւէ զիջում չպետք է լինի: Շակալների այդ տեսակն իրականում ավելի վախկոտ է, քան որեւէ այլ կենդանի անտառում եւ դաշտում: Նա միայն անպատժելիության մթնոլորտում է «վոյինանում»: Այդ տեսակն է, որ պետք է չեզոքացվի մեր երկրում: Շատ եմ ուզում ասեմ, որ Արտակը պետք է վերջին զոհը դառնա: Բայց դա ասելով չի: Պետք է մի օր հակահարված հասցվի այս կենդանիներին:
Սիրում ենք ասել, որ հայերը օրինապաշտ ժողովուրդ չեն: Օրինապաշտությունն իրականում այնքան էլ միանշանակ բան չէ: Նացիստական Գերմանիայի եւ ստալինյան Սովետական Միության քաղաքացիները ամենաօրինապաշտներիցն էին աշխարհում: Իհարկե, դա բավականին յուրահատուկ օրինապաշտություն էր, որը կապ չունի իրավական պետության քաղաքացու օրինապաշտության հետ: Ահա, այս յուրահատուկ «օրինապաշտության» տեսակը, կարծես, ինչ որ առումով բնորոշ է նաեւ մեզ: Դա ունի իր դրական եւ բացասական կողմերը: Համենայնդեպս, ես լավ հիշում եմ 1993-ի ամառը Թբիլիսիում, որտեղ այդ ժամանակ բնակվում էի: Քաղաքում կատարյալ բեսպրեդել էր տիրում: Ալկոհոլի եւ թմրանյութերի մշտական ազդեցության տակ գտնվող Վրաստանի ազգային գվարդիայի զինվորները քաղաքի տեր ու տնօրենն էին: Ու կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի՛ «տնօրինություն էր» սա: Կա՛մ գուցե չպատկերացնեք: Որովհետեւ նրանք առանց որեւէ պատճառի սպանում էին, բռնաբարում էին եւ կողոպտում էին: Հասավ նրան, որ հարբած եւ ուռած «հայրենիքի պաշտպանները» օրը ցերեկով փողոցում երեխա էին սպանում: Այդպիսի դեպք եղավ հենց մեր թաղամասում: Թվում էր, թե կառավարությունն անզոր է, իսկ Թբիլիսիում ապրելը վերածվում էր աբսուրդի թատրոնի: Այդ ժամանակ էր, որ քաղաքում սկսվեց ինքնադատաստանների շղթան: Անելանելի իրավիճակի մեջ ընկած մարդիկ, տեսնելով, որ կառավարությունն անզոր է կամ ցանկություն չունի որեւէ բան անել բոլոր չափերն անցած «զինվորների» դեմ, իրենք սկսեցին դատ ու դատաստան տեսնել:
Այդ դատաստանները պակաս դաժան չէին, քան այն ինչ անում էին գվարդիականները: Նույնիսկ հասկանալով դրա արդարությունը, մինչ այժմ սարսափում եմ հիշելով, թե ի՛նչ սարսափազդու վրեժ էին լուծում իմ այն ժամանակվա համաքաղաքացիները: Միջնադարյան ամենադաժան պատիժները ձեզ օրինակ: Ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ դա ունեցավ իր ազդեցությունը: Ընդ որում` շատ արագ: Մոտավորապես մեկ ամսվա մեջ, եթե ոչ ավելի կարճ ժամանակահատվածում, Թբիլիսիում կյանքը վերադարձավ նորմալ հուն: Պարզվեց, որ կառավարությունն էլ այդքան անզոր չէ, եւ մի քանի ժողովրդական ինքնադատաստաններից հետո շատ արագ լուծեց գվարդիականների կարգապահության խնդիրը: Ես չեմ ասում, որ սա օրինակելի գործողություն է, եւ կոչ չեմ անում կիրառել վրացական փորձը Հայաստանում: Բայց, կարծում եմ, որ ուշ թե շուտ վիճակը կարող է հասնել նաեւ այս տիպի դրսեւորումների: Իհարկե, մեր մոտ այսօր 1993-ի Վրաստան չէ: Կարգուկանոնի խաբկանք կա: Մե՛ր բեսպրեդելն ինստիտուտի վերածված բեսպրեդել է, որի հայրերը նույն «հայրենիքի պաշտպանի» անվան տակ եւ իմիջով հանդես եկած «ասֆալտի ֆիդայիններ են»` հասած իշխանության բուրգի գագաթին: Այդ առումով մեր վիճակը նույնիսկ ավելի բարդ է: Մեզ սպանում են ոչ թե ամեն օր ու ամեն տեղ, այլ ժամանակ առ ժամանակ, «դոզայով», իբր պատահականորեն, իբր «դեպք էր՝ եղավ», իբր «այդպես էլ է լինում՝ կյանք է», իբր «ոչ ոք երաշխավորված չէ»: Ասում են, թե կովերն էլ են մտածում, որ իրենց ցեղակիցներին մորթում են պատահականորեն, ժամանակ առ ժամանակ, իսկ ընդհանուր առմամբ, մարդիկ կովերին պահում են ուղղակի նրանց սիրուն աչքերի համար, այնպես, որ անհանգստանալու առիթ չկա:
Մի օր պայթելու է: Մի օր պիտի պայթի: Մի օր պատիժը գալու է, ու, Աստված տա, որ դա լինի օրինական պատիժ, այլ ոչ թե միջնադարյան ծես: Բայց եթե լինի վերջին տարբերակով, ոչ ոք ոչ մեկին թո՛ղ չմեղադրի: Հին օրենք է՝ ականն ընդ ական... Արտակի հոգին արդեն լույս է, արդեն Աստծո դռներն է բախում, իսկ նրան սպանողները դեռ կենդանի են, դեռ մեր մեջ են ապրում, դեռ իրենց մայրերին ջերմ խոսքեր են ասում, դեռ խնդում-մնդում են, իրենց մարդ ու տղամարդ են զգում, դեռ իրենց կապկամարդային «ճիշտն» են գովաբանում՝ հայկական Ռամիլ Սաֆարովները: «Վերջին 15 տարիների ընթացքում բանակի հրամանատարներն ավելի շատ հայ զինվոր են սպանել, քան ազերի»,- ասում է ֆեյսբուքյան իմ ընկեր Դանիել Իոաննիսյանը: Հայ զինվորին սպանողի ձեռքը պիտի վերջապես կոտրվի, գլուխը ջարդվի:








Կարծիքներ
- Գայանե, 1 year 27 շաբաթ առաջ
Մենք ենք մեր թշնամին:Ցավում եմ կատարվածի համար:
Էլ ինչպես կարող եմ որդուս բանակ ուղարկել ու հանգիստ քնել:
- Davit, 1 year 26 շաբաթ առաջ
Hianali hodvac er paron Ter-Abrahamyan! cavum em depqi hamar, iroq Astvats ta sa gone verjin lini, el voch mi hay ZINVORI mayr, hayreni artadrutyan takanqneri patcharov tox arcunq chtapi....
- Martik, 1 year 26 շաբաթ առաջ
voch mi normal azg ays vichak@ chi handurji,@nenc vor hayastanum aproxnerin ays vichak@ lriv dur galis
CAVAKCUM EM SPANVACI HARAZATNRIN,ASTVAC HOGIN LUSAVORI
- Gena , 1 year 26 շաբաթ առաջ
Շնորհակալություն Հրանտ: Ցավոք սրտի սպանողները տառաճանանչ չեն որ գրածդ կարդան, համ էլ ժամանակ էլ չունեն: Զբաղված են երկիրը և ժողովրդին թալանելով: Կարդացողը էլի սպանվողն է:
- Անանուն, 1 year 26 շաբաթ առաջ
հայազգի Ռամիլ Սաֆարովներին vor veracnenq , mer azgy el problem chi unena , exac problemnern el arag khaxtahari .
- Mephistopheles, 1 year 26 շաբաթ առաջ
Էդ որ ասում են "թուրքին արժանի հակահարված կտանք" Էս բանակն է ադրբեջանցիներին հակահարված տալու՞… սրա՞ վրա է հույսներս… Իսկ գեներալ մանվելն ու՞ր է…
- Սէվ, 1 year 26 շաբաթ առաջ
Ափսոսում եմ , որ դու էլ պարտադրվեցիր նման տեքստ մեջտեղ բերել...
- SARGIS, 1 year 26 շաբաթ առաջ
Բանակը նաև նրա համար է, որ չորացնի մեր մայրերի, քույրերի, կանանց աչքերը: Նրանց աչքից հեռու պահի պատերազմի չարիքը, ահն ու դողը: Նրանք առանց պատերազմական սթրեսի սերունդ տան մեզ` տղամարդկանցս: Իսկ այսօր վերոնշյալի հականիշներն են դառնում "չափանիշ": Ամոթ մեզ, ամոթ մեզ տղամարդ կոչողին, ամոթ մեզ իսկական հայ ասողին: ԱՄՈԹ ՆԱԵՎ ԻՆՁ, ԻՆՁ, ԻՆՁ...
- Անանուն, 1 year 26 շաբաթ առաջ
Երանի քո լավատեսությունն ունենայի, սիրելի Հրանտ, պայթելու առումով եմ ասում, որ հավատում ես, թե մի օր պայթելու է: Ես հակված եմ կարծելու, որ այս ոչխարակերպ ժողովուրդն արդեն գենետիկական թափոնի է վերածվել և, եթե նույնիսկ այս բոլոր վերջին իրադարձություններից հետո էլ չի պայթելու, ուրեմն թող քանդվի այս երկիրը, որ մեր նմաններն էլ այստեղ չհամալրեն Ռուսաստանին սպասարկող ստրուկների շարքերը:
- Սուրեն Վարդապետյան, 1 year 26 շաբաթ առաջ
Հրա~նտ, Հրա~նտ...,
Որքա~ն գեղեցկությամբ ես քննադատում, որքա~ն շռայլություն կա “քո տեսակի” ծածուկ գովաբանության, և "ուրիշ տեսակի” առաչոք պախարակման մեջ: Կեցցե՜ս: Ռասիզմի հիմքը տեսակի պայքարն է, և մոլորության հիմքը` սեփական տեսակն ավելի բարձր համարելը: Որտեղի՞ց քո մեջ "տեսակի պայքարի" մոլորությունը: Թող Աստված ողորմի Արտակին. և՜ նրա հոգին, և՜ մարմինը: Իսկ դո՞ւ: Դու ի՞նչ կապ ունես այս ամենի հետ: Նորից ներքին թշնամի՞ ես փնտրում: 1000ավոր գրքեր ես կարդում, և չհասկացա՞ր, որ դո՜ւ ես այդ թշնամին, և որ տեսակավորելը հենց նույն ինքը` սեփական անձն ուրիշներին քննադատելու ներքին հաճույքն է: Բայց դա էլ կարևոր չի:
Իհարկե հայրենասիրությունը թուրքին (վրացուն, ռուսին, ամերիկացուն) մեղադրելը, և սեփական սրիկաներին գովաբանելու մեջ չէ: Կամ` կենացներ ասելը, կամ սեփական ազգը բոլորից վեր դասելը և այլն: Այս շղթան կարելի է անընդհատ շարունակել: Պարզվում է ոմանց համար դարեր են անհրաժեշտ նման պարզագույն ճշմարտությունները հասկանալու համար: Սակայն եթե իսկապես ուզում ես, որ այս ազգն առաջ գնա, և որ այն թոթափի իր վրայից սեփական ուղեղների լվացման համար գործածված ջուրը, ապա, բարի եղիր, ոչ թե քաղաքականացնել այս երևույթը, այլ`բերել այն հարթություն, որտեղ մարդիկ կկարողանան գիտակցել, որ տեսակը հենց իրենց մեջ է, և ոչ թե` այս կամ այն քաղաքական գործչի: Միթե՞ նույն Հայաստանում 90-ականներին մի քիչ ավել, կամ մի քիչ պակաս, նույն դժգույն պատկերը չէր նաև Հայաստանի առաջին անկրկնելի և անգերազանցելի նախագահի ժամանակ: Տեսակի պայքար չկա՜, Հրանտ: Ինչպես կենացն է կեղծ հայրենասիրություն, այնպես էլ` տեսակն է պայքարի կեղծ թիրախ: Չկա տեսակ, կա առօրյա կյանքի պայքար, կեղծն իրականից տարբերելու մղում: Տեսակը չի, որ մեր թշնամին է, այլ ուրիշի մեջ թշնամի գտնելը, և դրանով իսկ սեփական անձը “լավ տեսակին” դասելը: Կարծես վախենում ես քո մեջի “շակալին” զգալուց, կամ էլ գիտակցելով այս նրբությունները, կարծում ես, ազատվու՞մ ես “շակալ տեսակ” լինելու կապանքից:
Մի վախեցիր, Հրանտ: Զգա՜ նաև քո մեջ այդ “շակալին”, իջիր երկիր, որ երկինք բարձրանալդ երևա: Հակառակ դեպքում, ովքեր երկրի վրա են, “շակալ” են, երկնքում եղածներն էլ` դատավոր:
Ինչևէ. այս ամենն ալեգորիա էր ընդամենը: Մեր ընկերոջը` Արտակին, և բոլոր հոգիներին խաղաղությու~ն:
Հարգանքներով`
Սուրեն
- Անանուն, 1 year 26 շաբաթ առաջ
Սուրեն Վարդապետյան Ete du katcum es vor tesaki pajqar chka du xorapes sxalvum es . Asem najev vor Vanon u Serjy nujn tesakn en , ha' u hayeri mi 30 - 40 tokosn el nujn tesakn en . Dra hamar el
es ori enq . Es azgi petqa ztel ! bajc chgitem te vonc .
- Անանուն, 1 year 26 շաբաթ առաջ
Բոլորս անընդհատ ցավում ու ցավակցում ենք: Ես դա վաղուց էի նկատել ու զգացել, պարզապես քոմենթները նորից հիշեցրեց մեր ազգային մազոխիստական էության մասին: Չգիտեմ ինչու նման սարսափելի իրադարձությունները մեզ մոտ ոչ թե կատաղություն են առաջացնում այլ համալրում են մեր հավերժական վշտի անսպառ դարանը: Կգա՚ մի օր, որ մենք մեր ցեղասպանված լինելուց ազատվենք ու վիշտը փոխարինենք կատաղությամբ, ապշահար քարացածությունն էլ վճռական գործողություններով:
Ասենք զզվել ենք, հերիք ա, վերջ ա պետք տալ այս ամեն ինչին ու անենք այն ինչ որ պետք է անել՝ պատժենք, այնքան մինչև բոլորի գլուխների մեջ չմտնի ճիշտն ու սխալը, թույլատրելին ու անթույլատրելին:
Հայտնեք ձեր կարծիքը