ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՈՎ ԱՊՐՈՂ ՉԷ
Այս առնչությամբ մեր հարցին նախարարը նախ պատասխանեց. «Հավատարմագրային կառավարման կողմը հոլանդական ընկերությունն է, որի սեփականատերը մեկ թե մեկուկես տարի առաջ փոխվեց, բայց հավատարմագրային կառավարիչը չի փոխվել»: Այնուամենայնիվ ով է «Հայփոստի» կառավարիչ ընկերության սեփականատերը, եւ որքանով են իրականությանը համապատասխանում լուրերն այն մասին, որ այդ ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Քոչարյանների ընտանիքին, մեր այս հարցին Սարգսյանը բառացի պատասխանեց. «Բաժնետիրական ընկերություն է եւ ցանկացած ժամանակ կարող են բաժնետերերը փոխվել, ինչը եւ տեղի է ունեցել: Իրենք ազատ են այդ փոփոխությունները կատարելու հարցում»:
Հիշեցնենք, որ «Հայփոստը» հավատարմագրային կառավարման է հանձնվել 2006-ի նոյեմբերին: Իսկ 2008-ի ամռանը լուրեր տարածվեցին այն մասին, որ հավատարմագրային կառավարում իրականացնող «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության սեփականատերը փոխվել է, եւ այդ ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթը պատկանում է Քոչարյանների ընտանիքին:
Գուրգեն Սարգսյանից երեկ նաեւ փորձեցինք պարզել, թե ինչպես է նա վերաբերվում այն հանգամանքին, որ ռուսական «versia.ru» ինտերնետային պարբերականում մի քանի օր առաջ հրապարակված «Հայաստանի շարքային քաղաքացիների կյանքը բարելավելու ներկա փորձերն ինչու են դատապարտված» վերնագրով նյութում բերված էին փաստեր, ըստ որոնց, ՀՀ տնտեսության գերակշիռ մասը կուտակված է մի քանի ներկա եւ նախկին պաշտոնյաների ձեռքում: Մասնավորապես, ըստ այդ հրապարակման, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նրա ընտանիքը հասցրել է կուտակել շուրջ 4 միլիարդ դոլարի, այսինքն Հայաստանի ներկա ներքին համախառն արդյունքի մոտ կեսի չափով հարստություն: Սարգսյանի խոսքերով ինքը մամուլի ոչ բոլոր հրապարակումներին է հավատում եւ չի կարծում, որ ռուսական ինտերնետային պարբերականում բերված տվյալներին կարելի է որպես փաստերի վերաբերվել:
Ամեն դեպքում հայտնի է, որ ՀՀ կառավարության անդամները եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը չնայած 200 կամ 300 հազար դրամ աշխատավարձ են ստանում, բայց կարող են մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ իր նվիրել իրենց ընտանիքի անդամին: Երբ ՏԿ նախարարից փորձեցին այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ նա նախ պատասխանեց, թե չի հասկանում` ինչի մասին է խոսքը: Իսկ երբ հիշեցրեցինք կոնկրետ պաշտոնյաների մասին մամուլում հրապարակված լուրերը նա պատասխանեց. «Ես չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, ինչ է ցանկանում եք, որ Հայաստանի կառավարության անդամները որեւէ հնարավորություն չունենա՞ն: Կառավարության անդամ` չի նշանակում զուտ աշխատավարձով ապրող մարդ: Կառավարության անդամները ունեն նաեւ այլ` օրինական եկամտի աղբյուրներ, տարբեր տեսակի բաժնեմասերից, բաժնետոմսերից ստացված, որոնք կարող են տնօրինել իրենց սեփական հայեցողությամբ: Դրանում ոչ մի անօրինական եւ արգելված բան չկա»,- ասաց ՏԿ նախարարը: Իհարկե, անհասկանալի է, թե իր ողջ կենսագրության ընթացքում միայն պետական պաշտոններ զբաղեցրած անձը ինչ միջոցների հաշվին է կարողանում մի քանի միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր ձեռք բերել: Սակայն, առավել ուշագրավ է այն փաստը, որ կառավարության անդամների եւ մնացած բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասի սեփականության եւ եկամուտների հայտարարագրերում նրանց միլիոնավոր դոլարների ունեցվածքի մասին ոչ մի խոսք անգամ չկա: Այսինքն, ըստ հայտարարագրի պաշտոնյաները սովորական քաղաքացիներ են, բայց կարող են տասնյակ հազարավոր դոլարների ծախսեր իրենց թույլ տալ: Այս առնչությամբ Գուրգեն Սարգսյանի պատասխանն այսպիսին էր. «Դա ուրիշ խնդիր է»: Իսկ մեր այն հարցին, թե ինչ խնդիր է, եւ ինչպես է այդ խնդրին վերաբերվում ինքը` ՏԿ նախարարը, նա պատասխանեց. «Ես կոչված չեմ այդ խնդրին գնահատական տալ, դա իմ պարտականությունների մեջ չի մտնում»:
Ի դեպ, երեկ Գուրգեն Սարգսյանից հետաքրքրվեցին նաեւ, թե արդյոք ինքը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու Լեւոն Քոչարյանի անցած տարի ամռանը տեղի ունեցած հարսանիքին, որին ներկա է եղել ՀՀ ողջ իշխանական վերնախավը: Պարզվեց, որ նա չի մասնակցել հարսանիքին: Արդյոք չի մասնակցել, որովհետեւ զբաղվա՞ծ է եղել, թե՞ չեն հրավիրել, մեր այս հարցին նա պատասխանեց. «Ես այդ հարսանիքին չեմ մասնակցել, այսքանը»:
Հ.Գ. Կառավարությունում երեկ բրիֆինգը հրավիրվել էր, որպեսզի Սարգսյանը ներկայացներ գործադիրի երեկ ընդունած որոշումներից մեկը, ըստ որի, ծանրոցների մաքսազերծումը կարող է նաեւ «Հայփոստի» բաժանմունքներում կատարվել:









Կարծիքներ
- ruzan Sargsyan, 2 years 6 օր առաջ
nra @ntaneq argane a tanganqnnere u kalanqe
- ruzan Sargsyan, 2 years 6 օր առաջ
nra @ntaneq argane a tanganqnnere u kalanqe
Հայտնեք ձեր կարծիքը