«Սովից սատկեիք, ֆորմա չհագնեիք»
Նշված դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ երեկ սկսվեց այս տարվա ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկվելուց հետո մահացու վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված Վահան Խալաֆյանի գործով դատավարությունը: Ամբաստանյալի աթոռին նստած էին նշված ոստիկանության չորս աշխատակիցներ` քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը եւ օպերլիազորներ Մորիս Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը ու Գագիկ Ղազարյանը: Նրանք մեղադրվում են 24-ամյա երիտասարդին խոշտանգելու մեջ: Ամբաստանյալներից կալանքի տակ է միայն Աշոտ Հարությունյանը: Ըստ պաշտոնական վարկածի, ոստիկանների կամ ավելի ճիշտ` Աշոտ Հարությունյանի կողմից խոշտանգվելուց հետո Վահան Խալաֆյանն ինքնասպանություն է գործել` խոհանոցային դանակով երկու անգամ իր որովայնին հարվածելու միջոցով:
Մինչ դատական նիստի սկսվելը, ավելի կոնկրետ` կողմերի հարազատներին դատարանի դահլիճ ներս թողնելը, երբ մարդիկ դատարանի շենքի մոտ հավաքված սպասում էին, իրավիճակը հանգիստ էր, քանի որ ամբաստանյալի աթոռին նստած ոստիկանների հարազատներից տարածքում չկային: Դատական նիստերի դահլիճը բացվելուց հետո առաջինը Վահան Խալաֆյանի հարազատներին թույլատրեցին ներս մտնել: Մի քանի րոպե անց դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ. կանայք անիծում էին, տղամարդիկ հայհոյում. դահլիճ էին մտել ամբաստանյալ ոստիկանների հարազատները` հիմնականում ընտանիքի անդամները, եւ գործով որպես վկա անցնող ոստիկանները` Չարենցավանի ոտիկանապետի տեղակալ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ: Դահլիճում աղմուկն առավել սաստկացավ, երբ դահլիճ բերեցին ամբաստանյալներին: Անհնար էր տարբերակել, թե ով ինչ էր գոռում եւ ինչպես էր ամբաստանյալների հասցեին իր նզովքն արտահայտում: «Սոված սատկեիք, բայց այդ ֆորմեն չհագնեիք, Էնվերի վիժվածքներ, լրբի ծնունդներ...»,- տեղերից գոռում էին մարդիկ: Օպերլիազորները գլուխները չէին բարձրացնում եւ դահլիճի կողմը չէին նայում: Իսկ Աշոտ Հարությունյանը ժպտում էր: Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց` դիմացինի վրա հարձակվելու պատրաստ մարդու արտահայտությամբ, երբ դատավորի պահանջով իր ընտանեկան վիճակը` ամուսնացած, խնամքին երկու երեխա` չորս եւ հինգ տարեկան, ներկայացնելիս Վահան Խալաֆյանի հարազատները սկսեցին բղավել. «Երեխեքդ նույն ճակատագրին արժանանան»: Իհարկե, դատավոր Մեսրոպ Մակյանը դահլիճում գտնվող մարդկանց պարբերաբար հանգստացնում էր, սակայն, բավական էր ամբաստանյալներից մեկը դատավորի հարցերին պատասխանելու նպատակով տեղից վեր կենար եւ ինչ-որ բան ասեր, որպեսզի կրքերը նորից տեղի տային:
Դատաքննության նախապատրաստական մասի ավարտին մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդեց նիստը հետաձգել, ինչը կողմերի համար փրկության պես հնչեց: Նիստը հետաձգվեց մինչեւ հուլիսի 15-ը, որպեսզի տուժողի իրավահաջորդ Համիկ Խալաֆյանը կարգավորի Արտակ Զեյնալյանին, որպես իր ներկայացուցիչ, գործում ընդգրկելու խնդիրը:
Նիստը հետաձգելու մասին հայտարարությունը, սակայն, ոչ թե կրքերը հանդարտեցրեց, այլ ավելի բորբոքեց, քանի որ ամբաստանյալների հարազատներից ոմանք փոխադարձ լուտանքներ էին տեղում Վահան Խալաֆյանի հարազատների հասցեին: Տասը րոպեից ավել դատական կարգադրիչներին չէր հաջողվում դահլիճում գտնվող մարդկանց դուրս հանել, առավել եւս, որ վտանգ կար, որ դրսում եւս կարող է վեճ բռնկվել: Մի քանի անգամ դատական կարգադրիչներին մի կերպ հաջողվեց, կողմերի միջեւ պատնեշ կազմելով, թույլ չտալ, որ վեճը ծեծկռտուքի վերածվի: Ուշագրավ էր այն փաստը, որ վեճը հրահրում էին ամբաստանյալների հարազատները` հատկապես մի կին, ով մեզ հետ զրույցում ներկայացավ որպես Աշոտ Հարությունյանի մայր` նշելով իր անունը միայն` Լիդա: Սակայն նա Աշոտ Հարությունյանի մայրը չէր, ամենայն հավանականությամբ զոքանչն էր, քանի որ կողքինների հետ խոսակցություններից նման տպավորություն ստեղծվեց: Իսկ երբ այդ կնոջից հետաքրքրվեցինք, թե ինչու է նա անընդհատ Խալաֆյանի հարազատների հետ վեճի բռնվում եւ ինչ խնդիր է ցանկանում այդպիսով լուծել, նա պատասխանեց. «Ես, գիտե՞ք ինչու էի վեճի մեջ բռնվում: Այսքան հարազատները, որ հավաքվել են կարային Վահանին այնպես դարձնեին, որ գող չլիներ, այսքան պատմությունը չլիներ, այնպես դաստիարակեին, որ այսօր ոչ մեկս այստեղ չհայտնվեր»,- ասաց ամբաստանյալի մայր ներկայացած Լիդա անունով կինը: Վերջինիս հետ մեր հարցուպատասխանի շարունակությունը ներկայացնենք առանց խմբագրման.
- Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ Վահան Խալաֆյանը գողություն էր արել:
- Բա ինչու էր այնտեղ (ոստիկանության բաժնում-Վ.Հ.) հայտնվել, ինչու ինձ, ձեզ բաժին չեն տանում: Ես ուզում եմ, որ ձեզ էլ մի օր բաժին տանեն:
- Տեղյակ չե՞ք, որ լրագրողներին էլ են պարբերաբար ապօրինի ոստիկանություն տանում, նրանց նկատմամբ բռնություն կիրառում:
- Անմեղ մարդուն երբեք բաժին չեն տանում:
- Բաժին տանելուց հետո, կարծում եք, որ պետք է մարդուն խոշտանգեն, քանի որ ինչ-որ բանում կասկածում են:
- Ոչ, չեն խոշտանգել, երբեք նման բան չի եղել, ինքը (Վահան Խալաֆյանը-Վ.Հ.) հիվանդ է եղել, ինքն ինքնասպան է եղել:
- Իսկ մարմնի վրայի խոշտանգման հետքե՞րը որտեղից:
- Ինքն է արել, այո, ինքը հիվանդ է եղել, շեղումներ է ունեցել, ինքն իրան վնասել է, ինչի պիտի օրգանի աշխատողը դանակը վերցներ եւ նրան հարվածեր:
- Իսկ ինչո՞ւ են անգամ ոստիկանները ցուցմունք տալիս, որ իրենց գործընկերները Խալաֆյանին խոշտանգել են:
- Ես չգիտեմ` ոստիկաններն ինչու են նման ցուցմունք տալիս:
Նիստից հետո կրքերի բորբոքման առիթներից մեկը եղավ նաեւ այն, որ ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայրը` Հարություն Հարությունյանը, մի քանի անգամ փորձեց զրուցել Վահան Խալաֆյանի հորեղբոր` Համիկ Խալաֆյանի հետ: Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը տուժողի իրավահաջորդի հետ ցանկանում էր զրուցել, որպեսզի ասեր, որ Վահան Խալաֆյանին սպանողը իր որդին չի եղել, քանի որ այն ժամանակ երբ խոշտանգել են երիտասարդին, իր որդին ոստիկանության բաժնում չի եղել: Իսկ ոստիկանների ցուցմունքներում հիմնական մեղքը Աշոտ Հարությունյանի վրա բարդելը նա հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Մարդուն տարել «փուռն» են տվել, լրիվ գործը կազմել են Աշոտի վրա»:
Համիկ Խալաֆյանն իր հերթին մեզ հետ զրույցում, մեկնաբանելով իր հետ Աշոտ Հարությունյանի հոր ունեցած զրույցը, ասաց. «Պնդում է, որ իր որդին մեղավոր չի. ասում են, որ դատաքննության ընթացքում իրենք կասեն, թե ով է եղել իրական մարդասպանը: Մենք էլ հենց այդ ենք ուզում, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի»: Իսկ այն հարցին, թե արդյոք Աշոտ Հարությունյանն ընդունակ էր նման գազանության, Համիկ Խալաֆյանը պատասխանեց. «Աշոտ Հարությունյանը Չարենցավանի բաժնում աշխատում է 2008-ի աշնանից: Չարենցավանցիների շրջանում բազմաթիվ անգամներ տարբեր մարդկանցից լսել ենք նրա սադիստական բնավորության մասին»:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը