Քրեական օրենսգրքի զոհը
«Վերջերս «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կախվելու միջոցով իր կյանքին վերջ տվեց Վարուժան Հովհաննիսյանը, որը ընդամենը 23 գարուն էր ապրել եւ դեռ չէր ճաշակել երիտասարդության բերկրանքը: Նա հեռացավ կյանքից` ո՛չ ասելով իր նկատմամբ կայացրած բիրտ ու դաժան դատավճռին, ո՛չ ասելով մարդակուլ Քրեական օրենսգրքին, մասնավորապես 226-րդ հոդվածին, որի պատժաչափը գերազանցում է գրեթե բոլոր հոդվածների պատժաչափերին եւ համազոր է սպանության հոդվածին: Չնչին քանակությամբ թմրամիջոց փոխանցելով մեկ ուրիշին` անձին որակում են իրացնող: Այդպիսի հոդված միմիայն կարելի է առաջադրել այն դեպքում, երբ իրացնողը ստացել է գերշահույթ: Մեր «Սեւան» ՔԿՀ-ում շատ-շատերն են տառապում այդ հոդվածից, սակայն չկա 1-ը, որ այդ իրացում կոչվածից թեկուզ աննշան շահույթ ստացած լինի:
Բոլորն էլ կես գրամ, նույնիսկ ավելի քիչ հյուրասիրել են մեկ ուրիշի եւ այդպիսի ահռելի պատժաչափի տեր դարձել: Անգամ կանեփ տեսակի (քոլի) համար նույնպիսի պատիժ են սահմանել: Բայց օրինակ, մեր հարեւան Իրանի Հանրապետությունում նույն հոդվածը բաղկացած է տարաբնույթ կետերից` կախված թմրամիջոցի քանակից ու տեսակից, որոնք սկսվում են նվազագույն տուգանքներից ընդհուպ մինչեւ խիստ պատժատեսակներ: Իսկ մեզ մոտ թացը չորի հետ խառնում են` չզանազանելով թմրամիջոցների չափը, տեսակը եւ դրանցից ստացած շահույթը: Հենց սա օրենսդիրի կոպիտ եւ աններելի սխալն է, որի հետեւանքով անձը, գիտակցելով իր արարքի եւ պատժաչափի անհամատեղելիությունը, դիմում է ծայրահեղ քայլերի` վերջ դնելով իր կյանքին: Իսկական թմրաբարոնները այսօր ազատության մեջ են, եւ միեւնույն ժամանակ անձեռնմխելի, որոնք իրենց հարստությամբ կարող են գնել օրենսդիրին` օրենքի հետ միասին: ՔրՕր-ը անհրաժեշտ է ամբողջությամբ վերանայել եւ փոխել մանավանդ 266-րդ հոդվածը, որտեղ առկա է անհամաչափության սկզբունքը հանցանքի եւ պատժաչափի միջեւ: Երբ անձը հանցանք է գործում, նա հասկանալով իր կատարածի վտանգավորության աստիճանը, համակերպվում է եւ լռությամբ կրում պատիժը: Իսկ երբ նրա արարքը որակում են այնպիսի հոդվածով, որը իր կատարած չնչին արարքի համեմատ ունի հսկայական մեծ պատժաչափ եւ հավասարազոր է սպանության հոդվածին, այդ դեպքում անձն ընկնում է հոգեկան ցայտնոտի մեջ, որը եւ վերջիվերջո հանգեցնում է ցավալի վախճանի:
ՔրՕր-ում նմանատիպ հոդվածները շատ են, որոնք անհրաժեշտ է եւ պետք է արմատական փոփոխության ենթարկել: Կան նաեւ հոդվածներ, որոնք կարծես ձեւի համար են եւ ընդհանրապես չեն գործում: Դրանցից մեկն էլ 76-րդ հոդվածն է` վաղաժամկետ-պայմանական ազատությունների մասին, որտեղ պարզ ասվում է, որ եթե դատապարտյալը իր պատիժը կրելու ընթացքում չունի տույժ, նկատողություն, ապա նրան հասնում է վաղաժամկետ ազատում: Իսկ հայաստանյան կալանավայրերում այն չի գործում: Տեղի ադմինիստրացիան ամիս է լինում, որ ներկայացնում է 50 եւ ավելի դատապարտյալ, որոնցից ազատվում են 2-3-ը: 3 ամիսը մեկ դատապարտյալին ներկայացնում եւ մերժում են նրա հասանելիք ազատությունը` միտումնավոր հասցնելով պատժաչափը լրանալու շեմին` դարձնելով նրան պոտենցիալ հանցագործ: Սա նախագահի ներքին հրահանգն է` չազատել, որովհետեւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ապրիլին ցինիկաբար հայտարարեց, որ մեր երկրի ներքին թշնամին դատապարտյալն է` մոռանալով, որ վաղ թե ուշ նրանք դուրս են գալու փշալարերի տիրապետության տակից եւ լրացնելու են մեր հասարակության շարքերը»:
Խմբագրությունը պատասխանատվություն չի կրում քաղաքացիների նամակներում տեղ գտած փաստերի ճշգրտության համար: Մենք պատրաստ ենք տպագրել նյութում բերված փաստերի հետ անհամաձայնություն ունեցող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տեսակետները:







Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը