Վերնագիրը` Վազգեն Սարգսյանի

«Էս խելքին ենք, որ...»

Երազիս մեջ Վլադիմիր Վլադիմիրովիչը եկել էր իմ տուն: Պուտինն, էլի՛: Դե, աչքիս լույսը չի, բայց որ եկել-հասել էր իմ տուն, հրավիրեցի ներս: Նամարդություն չարեց` մտավ ներս: Ասացի` նստեք: Նամարդություն չարեց` նստեց: Հետո ինչ եղավ` ինչ խոսեցինք, խոսեցինք, թե չխոսեցինք, սուրճ հյուրասիրեցի, թե չհյուրասիրեցի, ասացի, որ հեչ չեմ սիրում իրեն, իր չեկիստական կերտվածքը ու չեմ սիրել հենց էն գլխից, թե չասացի` չեմ հիշում: Բայց լավ հիշում եմ` նամարդություն չարեց. որ ճամփով եկել էր, էդ ճամփով էլ գնաց:

Երկու օր առաջ էր: Ոչ ոքի չպատմեցի երազս: Ես հավատում եմ երազներին, բայց թե ինչ էր նշանակում էս երազը` տվյալ պահին չհասկացա, դրա համար էլ ոչ ոքի չպատմեցի: Պատմեի` որ ի՞նչ: Ասեի` երազ տեսա, Պուտին ձյաձյան մոտս եկավ սազը ձեռի՞ն... Շատ-շատ` պիտի հակադարձեին` քեզ նայիր, քո տեսած երազներին նայիր:
Ինչեւէ: Հենց ՀՀ Ազգադավ ժողովը օրը ցերեկով քվեարկեց Լեզվի օրենքի այլասերման օգտին, հիշեցի երազս: Ու հասկացա: Պուտինն «աչքալուսանքի» էր եկել: Եկել էր ասելու` մեր ճորտն եք եղել միշտ, մեր ճորտն էլ մնալու եք: Եկել էր ասելու` մենք երբեք չենք թաքցրել, որ վելիկոռուսական շովինիզմը մեր անշեղ ուղին է, դուք էլ երբեք չեք թաքցրել, որ «ռսի օրհնած ոտի» տակի հողն եք, էնպես որ` իրարից նեղանալ չկա: Եկել էր ասելու` ինչ ցանել եք, դա էլ հնձում եք: Եկել էր ասելու` մի հասարակություն, որ մարսել է Հոկտեմբերի 27-ը, մարսում է Մարտի 1-ը, մարսում է քաղբանտարկյալների գոյությունը, սեփական երկրի անապատացումն ու մանկապիղծներին, տասը տարի մարսել է Քոչարյան Ռոբերտին, հիմա էլ մարսում է Սարգսյան Սերժիկին, իր պետական լեզվի գնդակահարությունն էլ կմարսի ու կմարսի, մանավանդ որ` լեզվի գնդակահարությունից ոչ գետակներով արյուն է հոսում ձեր մայրաքաղաքի կենտրոնում, ոչ էլ տասնյակ անմեղ զոհերի դագաղներ են դուրս գալիս ձեր տներից: Եկել էր «բարեկամաբար» զգուշացնելու` սա դեռ սկիզբն է, եթե շարունակեք ձեզ այսպես խելոք պահել, մարսելու եք նաեւ «Կարմիր բանակի» մուտքը Հայաստան` Իջեւանի կողմերով (աղուհացն էլ փորսող տալով մատուցելու են ձեր ծնած-սնած-հղփացրած-լկտիացրած իշխանավորները), մարսելու եք նաեւ ՀՀ լեզվի օրենքի հաջորդ փոփոխությունը, ըստ որի` «ՀՀ պետական լեզուն ռուսերենն է» լինելու: «Դեռ ո~ւր եք,- եկել էր ասելու Պուտինը,- շուտով ձեր քաղբանտարկյալներին սիբիրներ ենք քշելու, հո չենք թողնելու էստեղ իրենց համար քեֆ քաշեն»: Եկել էր ասելու` «Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձեռն է» 88-ականների ձեր ահազանգը շուտով նորից իրականություն է դառնալու ձեր «մեծ եղբոր» ջերմ հայացքի ներքո. եթե պետություն չես` ողորմելի ֆորպոստ ես, շատուքիչն ի՞նչ կարեւոր է, մի բուռ հող կտանք, մի կտոր սուխարի կշպրտենք դեմներդ, գլուխներդ յոլա կտանեք փառք տալով Աստծուն` բա որ ռուսը չլիներ, էսքանն էլ ձեռքներիցս կխլեին...

Հուսահատվա՞ծ եմ: Մեղքս ի՞նչ թաքցնեմ` ճիշտ նկատեցիք: Քանի դեռ չենք գիտակցում, որ իրոք անդունդի եզրին ենք, ու կես քայլ է մնացել, որ գահավիժենք, եւ որ սա հենց այն պահն է, երբ անձնական համակրանք-հակակրանք պետք է դնենք մի կողմ ու համատեղենք մեր ուժերը, ոչ թե միմյանց կեղտոտ կամ մաքուր սպիտակեղենը քրքրենք: Քանի դեռ չենք գիտակցում, որ հիմա մի ընդհանուր թշնամի ունենք, ու էդ թշնամին ոչ Պուտին Վլադիմիր Վլադիմիրովիչն է, ոչ էլ` Ալիեւ Իլհամ Հեյդարօղլին` իր կարդաշներ Գյուլ-Էրդողանների հետ, այլ Հայաստանի ամեն սրբություն պղծող ներկա իշխանությունը, եւ որ չարիքի արմատը ՀՀ նախագահականում պետք է փնտրել, ոչ թե ինչ-որ մանր-մունր «պտուտակների» հրաժարական պահանջել (կարծես` որ Աշոտյանին հանեն, նրա աթոռին Շարմազանովին նստեցնեն, կամ էլ` Գալուստ Սահակյանին` Քուռկիկ Ջալալիին հեծնելու են ու գնան Սարգսյան Սերժիկի դռանը Թուր Կեծակին թափահարեն): Քանի դեռ չենք գիտակցել, որ մենք պայքարում ենք հենց էն օրվա համար, որ հնարավորություն ունենանք ընտրելու ում ուզում ենք, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ջերմեռանդ հակառակորդները վաղը կարողանան գնալ, մերժել նրա թեկնածությունը եւ իրենց ցանկացած թեկնածուին ընտրել, ոչ թե այսօր, երբ այլեւս ոչ առաջ գնալու տեղ ունենք, ոչ էլ` hետ, «ընդդիմադիր-ընդդիմադիր» խաղի մեջ հակաԼեւոնական խրոխտ ճառեր ասել ու հայելու մեջ սեփական «քաջարի» արտացոլանքով հիանալ...

Հուսահատված եմ: Այս պահին միակ հույսս այն է, որ երազիս մեջ Պուտինը նամարդություն չարեց. որ ճամփով եկել էր, էդ ճամփով էլ հետ գնաց: Ահավոր տխուր բան է, որ հույսս երազիս վերջաբանն է, բայց ձեզնից թաքցնեմ, Աստծուց ո՞նց թաքցնեմ:

Հ.Գ. Ի դեպ, երազս ստեղծագործական հնարք չի, իրոք` տեսել եմ: Պուտին Վլադիմիր Վլադիմիրովիչը եկել էր իմ տուն: Հաջորդ անգամ որ գա` դուռը երեսին շրխկացնելու եմ:

Կարծիքներ

#1

- Լանա, 1 year 31 շաբաթ առաջ

Աստված տա երազիդ վերջաբանը ճիշտ լինի, սիրելի Լիզա:

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter