ԵԽԽՎ-ն ոչինչ չի անում բանաձեւերի ուղղությամբ

Մի օր լուծումը պարտադրվելու է

ԵԽԽՎ
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հունիսի 21-24-ը կայացած նիստում Հայաստանի հարցը, որպես այդպիսին, չքննարկվեց: Սեպտեմբերի վերջին սպասվող նիստում եւս, ամենայն հավանականությամբ, չի քննարկվելու:

Պատճառը ոչ թե այն է, որ Հայաստանը դադարել է մոնիտորինգի տակ գտնվել, քանի որ արդեն լիովին ժողովրդավար երկիր է, այլ որ ՀՀ հարցով համազեկուցողներն արդեն որերորդ նիստն է` զեկույց չեն ունենում Հայաստանի մասին: Ըստ ԵԽԽՎ կանոնակարգի, որեւէ երկրի մասին հարց լսելուց առաջ տվյալ երկիրը Մոնիտորինգի ենթարկող համազեկուցողները պետք է այցելեն այդ երկիր եւ զեկույց պատրաստեն ԵԽԽՎ պահանջների կատարման վերաբերյալ, ինչն էլ նիստի ժամանակ պետք է քննարկվի: Ասել, որ համազեկուցողները Հայաստանում անելիք չունեին, սխալ կլինի, քանի որ 2008-ի ապրիլից սկսած ԵԽԽՎ-ն թվով 5 բանաձեւ է ընդունել Հայաստանի մասին, որոնցից ոչ մեկի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել: Վերցնենք, օրինակ, քաղբանտարկյալների հարցում այդ բանաձեւերի պահանջները ՀՀ իշխանություններից: ԵԽԽՎ 4 բանաձեւերը (5-րդ` 2216 բանաձեւը վերաբերում է հիմնականում ԼՂ հարցին), որպես կարեւորագույն բացթողում, անդրադառնում են հենց քաղբանտարկյալների խնդրին: Մասնավորապես, 2008-ի ապրիլի 17-ին ԵԽԽՎ ընդունած 1609 բանաձեւը Հայաստանի իշխանություններին կոչ էր արել «անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով եւ շինծու մեղադրանքներով ձերբակալված անձանց»: 2008-ի հունիսի նստաշրջանում Հայաստանի հարցը դարձյալ մտավ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգ եւ ՀՀ-ի վերաբերյալ ընդունվեց նոր` 1620 բանաձեւը, որը հիմնականում վերաբերում էր 1609 բանաձեւի կատարմանը եւ վերջինիս կատարման անբավարար լինելուն` այդ թվում քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց մասով: Հայաստանը շարունակեց մնալ խիստ Մոնիտորինգի տակ: 2009-ի հունվարին ՀՀ-ի վերաբերյալ ընդունվեց 1643 բանաձեւը, որը 1609 եւ 1620 բանաձեւերի կատարմանն էր վերաբերում: Դրանում ԵԽԽՎ-ն ավելի խիստ պահանջներ էր դրել ՀՀ իշխանությունների առաջ եւ զգուշացրել, որ Հայաստանը առաջիկա նստաշրջանում կարող է զրկվել ձայնի իրավունքից: Ողջունելով Սերժ Սարգսյանի կողմից Փաստահավաք խմբի ստեղծումը, ԵԽԽՎ-ն ափսոսանք էր հայտնել, որ մինչ այդ պահը միայն սահմանափակ առաջընթաց է եղել 1609, 1620 բանաձեւերի պահանջների կատարման ուղղությամբ, մասնավորապես, քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասով: 2009-ի հունիսի համաներումը Մոնիտորինգի հերթական նիստից առաջ ՀՀ-ին փրկեց ձայնի իրավունքից զրկվելուց: 2009-ի հունիսի 25-ին ԵԽԽՎ-ն ընդունեց Հայաստանի մասին 4-րդ` 1677 բանաձեւը: Դրանում հստակ պահանջ կար. «Վեհաժողովը կոչ է անում ՀՀ իշխանություններին դատավարության ընթացքում ազատությունից չզրկել այն անձանց, ովքեր ներկայումս հետախուզման մեջ են, սակայն կներկայանան Հայաստանի իշխանություններին մինչեւ այս տարվա հուլիսի 31-ը»: Նիկոլ Փաշինյանն, օրինակ թեեւ ներկայացավ հուլիսի 1-ին, սակայն ձերբակալվեց եւ կալանավորվեց: Այս ընթացքում բավական ակտիվացավ ղարաբաղյան հարցը եւ դրան զուգընթաց համազեկուցողները սկսեցին հաճախ բացակայել նիստերից եւ տարբեր հիվանդությունների պատճառով հետաձգել Հայաստան այցերը: Սա` չնայած նրան, որ 2010-ի մարտին համազեկուցողները բավական խիստ նամակ էին ուղարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պահանջել բարեփոխումների հստակ ժամանակացույց` Մարտի 1-ից հետո չպարզված բազմաթիվ հարցերի վերաբերյալ: Նամակում խոսք կար քաղբանտարկյալների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի մասին: Ժամանակացույցը քննարկելու համար 2010-ի ապրիլին նախատեսվում էր համազեկուցողների այցը Հայաստան, որն այդպես էլ չկայացավ. ֆրանսիացի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն վթարի էր ենթարկվել եւ կոտրել ոտքերը, իսկ բրիտանացի համազեկուցող Ջոն Պրեսկոտը զբաղված էր իրենց ընտրություններով: Ավելի ուշ` մայիսին ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադի «Բանակի ներգրավումը մարտի 1-ի գործողություններին» նախագիծը` գործող իշխանությունների կողմից բանակի գործադրմամբ Մարտի 1-ին հեղաշրջում իրականացնելու մասին, որը ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունվեց ի գիտություն: Քննարկելու համար անհրաժեշտ էր համազեկուցողների զեկույցն այդ մասին: Սակայն Պրեսկոտն ու Կոլոմբիեն հերթական անգամ տապալեցին Հայաստանի հարցի լսումը` չներկայանալով նիստին: Այդ հարցով նրանք Հայաստան նույնպես չեկան: Դա էր պատճառը, որ Մոնիտորինգի հանձնաժողովի հունիսի 21-24-ը կայացած եւ երեկ ավարտված նստաշրջանում չխոսվեց նշված նախագծի մասին: Հոկտեմբերին Փարիզում կայանալիք Մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ նրանք, պարզվում է, նույնպես չեն գա Հայաստան: Համենայնդեպս, երեկ Պրեսկոտն ու Կոլոմբիեն հայտարարություն են արել, որում ասել են, թե համազեկուցողները հաջորդ գարնանն են գալու Հայաստան: Երեկ ընտրվել է ՀՀ հարցով նոր համազեկուցող. փաստորեն Պրեսկոտի հետ Հայաստան կգա այդ նոր համազեկուցողը` Գ. Լինդբլադը: Հետաքրքիր է, որ նրա ընտրությանը դեմ է արտահայտվել հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը. դա հասկանալի է, որովհետեւ Լինդբլադը, ինչպես նշեցինք, արդեն իսկ հասցրել է ՀՀ իշխանություններին մեղադրել 2008-թ մարտի 1-ին պետական հեղաշրջում իրականացնելու մեջ: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով գտնվում է Ստրասբուրգում, երել մեզ տեղեկացրեց, որ առաջիկա Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում նույնպես Հայաստանի հարց չի քննարկվի, քանի որ համազեկուցողները չեն հասցնի գալ Հայաստան եւ զեկույց պատրաստել: Սա նշանակում է, որ այս պահին ԵԽԽՎ-ն գրեթե ոչինչ չի անում իր իսկ ընդունած բանաձեւերը կյանքի կոչելու համար: «Որ ասեմ առանձնապես ինչ-որ բան է արվում, չէ, համենայնդեպս միայն այն, որ մենք մոնիտորինգի տակ ենք»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: Նա չբացառեց, որ հատկապես քաղբանտարկյալների գոյության վրա աչք փակելը կամ նրանց ազատ արձակելու պահանջի կատարումն այսքան ձգձգելը ինչ-որ չափով կապ ունի Ղարաբաղի հարցի շուրջ իշխանությունների բանակցությունների հետ: «Դա ինչ-որ չափով ազդեցություն ունի այդ ամենի վրա, բայց ես պետք է ասեմ, որ թեկուզ մի քիչ ուշանա, մի քիչ երկարի, միեւնույն է, այս խնդիրներից մենք եթե չենք ազատվում կամովին, մի օր մեզ դրա լուծումը պարտադրվելու է»,- նշեց նա:

Կարծիքներ

Հայտնեք ձեր կարծիքը

(չի հրապարակվի)

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter