«Ոչ մի լումա ավել». Բողոքի երթ հոսանքի թանկացման դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1046 դիտում

22:00 Ազատության հրապարակում ավարտվեց հոսանքի թանկացման դեմ բողոքի երթը: Երթի մասնակիցները պարեցին հրապարակում՝ շնորհավորելով միմյանց հաջողված երթի մասնակցությամբ: Որոշվել է հաջորդ ակցիան անցկացնել հունիսի 19ին, թեեւ շատերը դա համարում են ուշ ժամկետ՝ նշելով, որ պետք է արագացնել ճնշումները հոսանքի թանկացման որոշումը կայացնողների վրա:

20:45 Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքողները որոշեցին շարունակել երթը: «Մենք պարտք չունենք». վանկարկում են նրանք եւ շարժվում դեպի Ազատության հրապարակ: 

20:35 Երթի մասնակիցներն այս պահին հասել են Հանրապետության հրապարակ: Կառավարության մոտ կանգ առնելուց եւ վանկարկումներ հնչեցնելուց հետո նրանք նստեցին Հանրապետության հրապարակի հենց կենտրոնում: Թե որքան է տեւելու նստացույցը՝ դեռ չի նշվում, քանի որ այն ինքնաբուխ է: Նստածները վանկարկում են՝ «մենք ենք տերը մեր երկրի»: 

19:30 Հանրահավաքը շատ կարճ տեւեց: «Ոչ թալանին» կազմակերպության ներկայացուցիչները նշեցին պահանջները, որոնք, ըստ նրանց, ուղղված են Սերժ Սարգսյանին եւ Հովիկ Աբրահամյանին: Պահանջներից գլխավորը, ինչպես նշել ենք, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը թույլ չտալն է: Նկատենք, որ հանրահավաքին մասնակցում էր նաեւ երգիչ Արթուր Իսպիրյանը: Այս պահին մեկնարկել է բողոքի երթը, որն անցնելու է Երեւանի տարբեր փողոցներով եւ կրկին վերադառնա Ազատության հրապարակ: Ակցիայի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում են «Ոչ թալանին», «Ազատ, անկախ Հայաստան», «Պայքար» եւ այլն: 

19:00 Ազատության հրապարակում մեկնարկել է բազմամարդ բողոքի ակցիա՝ Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Բողոքի ակցիային միացել են «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, որոնք Ազատության հրապարակ են եկել երթով՝ Կառավարության շենքի մոտից: 

Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիները նշում են, որ իրենք մտադիր չեն եւս մեկ անգամ «կուլ տալ» Հայաստանի էլեկտրական ցանցերի քմահաճույքը եւ 1 դրամ ավելի վճարել էլեկտրաէներգիայի համար: 

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ առաջարկելով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել շուրջ 40 տոկոսով:

ԱԺ մի քանի պատգամավորներ ուսումնասիրություններ են կատարել եւ կարծում են, որ հոսանքի գինը բարձրացնում են վատ կառավարման հետեւանքով ՀԷՑ-ից գողացված եւ այդ կառույցի պաշտոնյաների «լեքսուսների» գումարները ժողովրդից վերցնելու համար: 

Տեսանյութեր

բեռնել ավելին