Ադրբեջանը եւ Իսլամական պետությունը

23/03/2015 schedule16:20

2014թ. հունիսի 29-ից Մերձավոր Արեւելքի սրտում՝ Սիրիայի եւ Իրաքի լայնածավալ տարածքների վրա «խալիֆայություն»՝ իսլամական կրոնապետություն է հռչակել եւ շարիաթի նորմերով կառավարում է իրականացնում «Իսլամական պետություն» (ԻՊ) սուննի իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպությունը:

ԻՊ-ի ստեղծման արմատները տանում են 1999թ. Հորդանան: Կառույցն իր պատմության ողջ ընթացքում մի քանի անգամ անվանափոխվել է՝ պայմանավորված գործունեության աշխարհագրական արեալի եւ հետապնդած նպատակների առանձնահատկություններով («Միաստվածություն եւ Ջիհադ», «Ալ-Կաիդան Իրաքում», «Իրաքի իսլամական պետություն», «Իրաքի եւ Շամի իսլամական պետության» (ԻՇԻՊ)): Արդեն 2013թ. ուղղակիորեն ներգրավվելով սիրիական հակամարտությանը՝ կառույցը որդեգրում է հստակ գործելաոճ եւ նպատակներ՝ որպես առաջնախնդիր հռչակելով «մերձավոր թշնամու» դեմ պայքարը՝ երկու երկրներում «անհավատ» (Իրաքում՝ շիայական, Սիրիայում՝ ալաուիական) վարչակարգերի տապալումը, իսկ որպես վերջնանպատակ՝ դրանց տարածքներում «խալիֆայության»՝ իսլամական կրոնապետության ստեղծումը: ԻՇԻՊ-ն իսլամական պետություն ստեղծելու ճանապարհին սկզբունքային եւ անզիջում պատերազմ հայտարարեց նաեւ Սիրիայի եւ Իրաքի տարածքներում գործող այլ հակակառավարական կառույցներին՝ հասնելով լուրջ ձեռքբերումների եւ իր շարքերը համալրելով սիրիական աշխարհիկ հակակառավարական կառույցներից անջատված՝ հատկապես օտարերկրացի զինյալների խմբավորումներով, որոշ ցեղային զորամիավորումներով:  ԻՊ-ն իշխանության ներքո ունի աշխարհի՝ ավելի քան 80 պետություններից ժամանած շուրջ 50 հազար զինյալ, 3-4 մլն բնակչություն, եւ այդպիսով՝ իրական սպառնալիքի է վերածվել ինչպես անմիջական հարեւան պետությունների, այնպես էլ ողջ միջազգային հանրության համար:

Այս համատեքստում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարն իրենց արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկը հռչակած արեւմտյան մի շարք պետություններ հայտարարեցին երեւույթին դիմագրավելու պատրաստակամության մասին: Արդեն 2014թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն առաջին օդային հարվածները հասցրեց ԻՊ-ի դիրքերին: Իսկ սեպտեմբերի 5-ին Ուելսում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում որոշվեց Իրաքի եւ Սիրիայի տարածքներում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարելու նպատակով ձեւավորել միջազգային ռազմական կոալիցիա, որին այսօր արդեն անդամակցում է շուրջ 60 պետություն (հիմնականում արեւմտյան գերտերությունները եւ նրանց տարածաշրջանային դաշնակիցները):

Ռազմական կոալիցիայի անդամ պետություններից բացի, ԻՊ-ի դեմ պայքարում կարեւոր դերակատարություն ունի Իրանը, որը կառույցի գործունեությունն ուղղակի սպառնալիք է համարում սեփական անվտանգությանը: Մերձավոր Արեւելքում հատկապես վերջին 4 տասնամյակների ընթացքում ակտիվացած սուննի-շիա «սառը» հակամարտության շրջանակներում «շիայական շղթայի» օղակներ հանդիսացող իրաքյան եւ սիրիական վարչակարգերի պահպանումն ու դիրքերի ամրապնդումն արտաքին քաղաքական գերակա ուղղություն է հանդիսանում Իրանի համար: Այս համատեքստում՝ սուննիական ծայրահեղ արմատական խմբավորումների սպառնալիքը չեզոքացնելու նպատակով Իրանը որդեգրեց ինքնուրույն գործելաոճ՝ չհավատալով դաշնակիցների հռչակած նպատակների անկեղծությանը եւ չանդամակցելով հակաահաբեկչական կոալիցիային: Ավելին՝ Իրանն անգամ հրապարակավ բացառում է կոալիցիայի հետ համագործակցելու հնարավորությունը՝ ինքնուրույն, ի տարբերություն միջազգային կոալիցիայի՝ նաեւ ցամաքային ուղղակի զինված ներգրավվածություն ունենալով իսլամականների դեմ պայքարում եւ համակողմանիորեն աջակցելով դաշնակից վարչակարգերին: Այդ նպատակով ռազմական մակարդակում Իրանը, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հատուկ ստորաբաժանումների միջոցով, ոչ միայն համագործակցում է իրաքյան բանակային ստորաբաժանումների հետ, այլեւ՝ ըստ անհրաժեշտության, օգտագործում է նաեւ օդուժը՝ Իրաքի տարածքում գտնվող շիայական սրբավայրերի պաշտպանության նպատակով, իսկ Սիրիայում, լիբանանյան «Հըզբոլլահ» շիայական արմատական կազմակերպության հետ միասին, համակողմանիորեն աջակցում է այդ երկրի գործող իշխանություններին: 

«Խալիֆայություն» հռչակելուց հետո ԻՊ-ը շրջանառության մեջ դրեց տարաբնույթ քարտեզներ, որոնց միջոցով, առնվազն քարոզչական նպատակներով, հայտարարեց իր հեռահար նպատակների ու հավակնությունների մասին. այդ քարտեզներում կառույցի սիմվոլիկայի կիրառմամբ գծանշված էին նախկին արաբական խալիֆայության զբաղեցրած սահմանները՝ Պիրենեյան թերակղզուց մինչեւ Չինաստանի արեւմտյան շրջաններ՝ ներառելով նաև Հյուսիսային եւ Կենտրոնական Աֆրիկան, Մերձավոր Արեւելքը, Կովկասը (նաեւ Հայաստանը), Միջին Ասիան, Հնդկաստանը:

Կասկածից վեր է, որ ժամանակակից աշխարհում ԻՊ-ի կողմից նման հավակնությունների առարկայացումն ուղղակի ռազմական ագրեսիայի միջոցով անհնար է՝ հատկապես կառույցի դեմ պայքարում վերջին շրջանում արձանագրված էական հաջողությունների եւ արդեն իսկ ծրագրված նպատակային հատուկ ռազմագործողությունների, ինչպես նաեւ առավել հաճախակի բնույթ ստացած ներքին դավադրությունների առկայության պարագայում: Մինչդեռ՝ իսլամականներն իրենց հռչակած «ջիհադական» պայքարն առավելապես պատկերացնում են առանձին պետություններում ցանցային բջիջների ձեւավորմամբ, ընդլայնմամբ եւ անհրաժեշտության դեպքում դրանք «մերձավոր թշնամու»՝ գործող վարչակարգերի դեմ ուղղորդմամբ: Այս հարցում ենթադրվում է կիրառել կառույցի կազմում հանդես եկող տասնյակ հազարավոր արտերկրացի զինյալների՝ իրենց բնակավայրեր գործուղելու, տեղերում քարոզչական բազա ստեղծելու եւ «ջիհադական» պայքար մղելու մարտավարությունը:

Վերոնշյալի համապատկերում՝ ԻՊ-ի գործունեությունից բխող անուղղակի, գուցե նաեւ՝ անմիջական ազդեցության, սպառնալիքի տակ է հայտնվել Ադրբեջանը, որը կառույցի տարբեր ներկայացուցիչների կողմից բնորոշվել է որպես «մսով կարկանդակ»: Դեռեւս սիրիական հակամարտության սկզբնական փուլերում սիրիական վարչակարգի արտաքին հակառակորդների եւ հատկապես Թուրքիայի, Պարսից ծոցի միապետությունների կողմից սկզբունքային գործելաոճ որդեգրվեց՝ նպաստել աշխարհի տարբեր երկրներից վարձու զինյալների (մեծամասամբ սուննի մուսուլմանների) հավաքագրմանը եւ սիրիական հակակառավարական զինված խմբավորումների շարքերում ներդրմանը: Այս իրողությունները որոշակի արձագանքի արժանացան նաեւ Ադրբեջանում, չնայած, որ այն բնույթով աշխարհիկ պետություն է եւ բնակչության շուրջ 75%-ը շիա է: Զինյալների հավաքագրման գործընթացն առավել լայն թափ ստացավ 2012թ. վերջից: Հավաքագրումը հիմնականում իրականացվում էր դեռեւս 90-ականների առաջին կեսին սաուդական եւ քուվեյթական հովանավորությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամների, սաուդցի անհատ քարոզիչների կողմից ստեղծված ծայրահեղական համայնքների միջոցով: Սկզբնական շրջանում սիրիական հակամարտությանը մասնակցող ադրբեջանցիների շրջանում գերակշռում էին առավելապես սոցիալական (տարբեր տվյալներով՝ շարքային վարձկաններն ամսական ստանում են 300-600 դոլար, կախված պատասխանատվության ծավալներից՝ մինչեւ 2000 դոլար), ապա նաեւ՝ գաղափարական, արժեհամակարգային դրդապատճառները:

Ի դեպ, Ադրբեջանի պարագայում առկա է մի ուշագրավ իրողություն. Սիրիա մեկնող ադրբեջանցիները հանդես են գալիս տարբեր հակամարտ ճամբարներում՝ մի կողմից սալաֆիները՝ հիմնականում իսլամական ծայրահեղ արմատական կառույցների շարքերում, մյուս կողմից՝ ավելի փոքր թվաքանակով՝շիա ադրբեջանցիները, իրանական որոշ կառույցների միջնորդությամբ՝ կառավարական ուժերի կազմում: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդած տվյալների համաձայն, ցայժմ Սիրիա են մեկնել այդ պետության շուրջ 500 քաղաքացիներ, ընդ որում՝ հենց ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, սպանված զինյալների թիվը հասնում է 200-ի:

Կասկածից վեր է, որ ադրբեջանցի վարձկանների մասին պաշտոնական տվյալները բավականաչափ հեռու են իրականությունից: Այս մասին վկայում է թեկուզ միայն այն իրողությունը, որ Սիրիա «ջիհադի» մեկնած ադրբեջանցիները ոչ միայն ընդգրկվել են տարբեր առանձին ծայրահեղ արմատական կառույցներում, այլեւ ունեցել են իրենց համայնքները, խմբերը եւ նույնիսկ գործել սեփական հրամանատարական կազմի ներքո: Իսկ ամենաուշագրավը՝ 2014թ. դեկտեմբերին ԻՊ-ի շարքերում հանդես եկող ադրբեջանցի զինյալներն անգամ հեղաշրջման անհաջող փորձ են իրականացրել՝ նպատակ ունենալով զավթել կառույցի ղեկավարությունը, թալանել շրջանի բնակչությանը, ապա փախչել Թուրքիա: Իսկ իրենց գործողություններն արդարացրել են այն հիմնավորմամբ, թե ԻՊ-ի ներկայիս առաջնորդները սխալ գործելաոճ են որդեգրել, ինչը մոտ ապագայում կհանգեցնի դրա ոչնչացմանը միջազգային կոալիցիոն ուժերի եւ քրդական զինուժի հարվածներից: Մինչդեռ՝ միջադեպի բացահայտումից հետո դրա բոլոր 4 մասնակիցները կախաղան են բարձրացվել Սիրիայում իսլամիստների կենտրոն Ռակկա քաղաքում՝ զինված ըմբոստություն իրականացնելու, փախուստի, կազմակերպության անդամների սպանության եւ ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին չենթարկվելու, նրա հասցեին հնչեցրած քննադատության համար մեղադրանքներով:

Ինչ վերաբերում է երեւույթին ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքին, ապա սկզբնական շրջանում նրանք փորձում էին հատուկ ուշադրություն չդարձնել սեփական քաղաքացիների՝ «ջիհադի» մեկնելու հանգամանքի վրա: Մինչդեռ՝ ադրբեջանցի զինյալների սպանության մասին ավելի ու ավելի հաճախ ստացվող տեղեկատվությունը, սիրիական պատերազմին նրանց մասնակցության իրողությանը միջազգային հանրության եւ ԶԼՄ-ների պարբերական անդրադարձները, ադրբեջանական հասարակության շրջանում ավելի ու ավելի աճող անհանգստությունը հարկադրեցին ԱՀ-ի պետական եւ հոգեւոր իշխանություններին՝ առավել աչալուրջ մոտեցում ցուցաբերել խնդրին: Ընդ որում՝ սկզբնական շրջանում Ադրբեջանի պաշտոնական, փորձագիտական եւ կրոնական շրջանակները փորձում էին դիմագրավել երեւույթին՝ օգտագործելով այն հակահայկական քարոզչության նպատակով: Այս համատեքստում՝ նրանք գնահատում էին երկրից դուրս ընթացող հակամարտություններին ադրբեջանցիների մասնակցությունը՝ հակասող «ջիհադական պայքարի» սկզբունքներին եւ փորձում էին ուղղորդել վերջինների ներուժը դեպի «իրական ջիհադական ճակատ»՝ ղարաբաղյան պատերազմ՝ պաշտպանելու «իրենց հայրենիքը, հավատքը, հողը եւ ընտանիքները»: Այդ նպատակով Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը՝ «Կովկասի մուսուլմանների վարչության» ղեկավար շեյխ ուլ-իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեն, անգամ 2014թ. հունվարին հատուկ ֆեթվա (իսլամում՝ որեւէ հարցի մասին որոշում) հրապարակեց:

Մինչդեռ՝ հենց Սիրիայում, ապա նաեւ Իրաքում ծավալված գործընթացների տրամաբանությունը, ԻՊ գործունեության առանձնահատկությունները, մասնավորապես՝ նույն Իրաքի եւ Սիրիայի օրինակով «մերձավոր թշնամու»՝ այսինքն մուսուլմանական բնակչություն ունեցող երկրների «անհավատ վարչակարգերը» տապալելուն միտված գործողությունների առաջնահերթությունն ուրվագծում է ադրբեջանական իշխանություններին սպառնացող իրական վտանգները եւ փաստում նրանց վարած քաղաքականության սխալականությունը՝ երկրում իսլամական ծայրահեղ արմատական տրամադրությունների աճը զսպելու հետ կապված: 

Ասվածի վկայությունն է անցյալ տարեվերջին եվրոպական Another Western Dawn News-ով տարածված տեղեկատվությունը: Դրա համաձայն, ԻՊ-ի «ՆԳ նախարար» Աբդ ալ-Ուահիդ Խուդայիր Ահմադը հանդիպել է կառույցի շարքերում հանդես եկող ադրբեջանցիներին, գովել ադրբեջանցի «շահիդներին» (նահատակ) եւ կոչ արել՝ զենք վերցնել ընդդեմ երկրի իշխանությունների ու ազատագրել Բաքուն, որն «ամենաթանկարժեք իսլամական երկրներից է»:

Վերոնշյալ տեղեկատվությունը լուրջ մտահոգություն առաջացրեց Ադրբեջանի քաղաքական եւ պետական շրջանակներում: Իշխանությունները, զգուշանալով ահաբեկչական աճող սպառնալիքից, բարձրացրեցին արեւմտյան պետությունների, Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների, կառավարական առանցքային նշանակության օբյեկտների անվտանգությունը: Իսկ պատասխանելու այն հարցին, թե որքանո՞վ են իրական ԻՊ-ից բխող սպառնալիքներն Ադրբեջանի համար, անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի հանգամանք:

1. Ադրբեջանական իշխանությունները հասարակության շրջանում խուճապ չառաջացնելու նպատակով փորձում են չահազանգել խնդրից բխող իրական սպառնալիքների մասին, մինչդեռ, այնուամենայնիվ, ամենայն լրջությամբ են վերաբերում դրան: Նախ եւ առաջ, առավել մեծ ուշադրության են արժանացվում ծայրահեղ արմատական գաղափարներով առաջնորդվող համայնքներ ունեցող շրջանները՝ հատկապես Ադրբեջանի հյուսիսում, երկրի՝ բնակչության թվաքանակով երկրորդ՝ Սումգայիթ քաղաքում, ինչպես նաեւ մայրաքաղաք Բաքվի շրջակայքում՝ արբանյակ քաղաքներում: Բացի նշվածից, ադրբեջանական հատուկ ծառայությունների գործունեության առանցքում են գտնվում երկիր ժամանող, Սիրիայի եւ Իրաքի տարածքներում ռազմական գործողություններին հնարավոր մասնակցություն ունեցած ադրբեջանցիները, ովքեր այստեղ են հասնում մեծամասամբ Թուրքիայից՝ կա՛մ օդային ճանապարհով, կա՛մ ցամաքային՝ հիմնականում Վրաստանի տարածքով եւ  թուրք-նախիջեւանյան սահմանով:

2. ԻՊ-ի շարքերում հանդես եկող ադրբեջանցիների թվաքանակն այնքան էլ էական չէ Ադրբեջանում գործող իշխանությունների դեմ ուղղակի զինված առճակատման գնալու համար: Իսկ առկա իրավիճակում կառույցն առավել նպատակահարմար է համարում հարաբերական անկայունություն ապրող արաբամուսուլմանական երկրներում (Եմեն, Լիբիա, Եգիպտոս) ծավալվող ներքաղաքական գործընթացներին միջամտելու մարտավարությունը: Այս պայմաններում Ադրբեջանի պարագայում առավել հնարավոր է առանձին ահաբեկչական հարձակումների սցենարը, որի արդյունավետությունը եւս բավականաչափ բարձր չէ՝  հաշվի առնելով իրավապահ մարմինների կենտրոնացված գործունեությունն այդ ուղղությամբ:

3. Ներկայում Ադրբեջանի Հանրապետության ընդդիմադիր դաշտում առկա քաղաքական, նաեւ գաղափարական վակուումը շատ արագ կարող է լցվել իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներով ուղղորդվող ուժերի կողմից, որոնք, քաղաքական պայքարից բացի, կարող են գնալ նաեւ ռազմական առճակատման ճանապարհով: Նման սցենարի համար, դարձյալ Սիրիայի եւ Իրաքի օրինակով, ԻՊ-ը լայնորեն օգտագործում է սոցիալական բազան՝ իշխանություններից դժգոհ, իսլամական ծայրահեղ արմատական գաղափարներ ունեցող հասարակական տարբեր շերտերի (Ադրբեջանի պարագայում՝ առավելապես ազգային փոքրամասնությունների) ներկայացուցիչներին, որոնց թիվը, ըստ ադրբեջանական Haqqin.az համացանցային պարբերականի կողմից անցյալ տարեվերջին իրականացված հաշվարկների, շուրջ 40 հազար է:

4. Նախորդ կետում նշված սցենարը հնարավոր է գործարկվի նաեւ երկրում տարբեր դրդապատճառներով որոշակի դժգոհությունների, քաղաքացիական անհնազանդության բռնկման պայմաններում, երբ իրավիճակից կարող են օգտվել ադրբեջանական հասարակության վերոնշյալ շերտերի ներկայացուցիչները, որոնք որոշ դեպքերում ունեն նաեւ սեփական զինված խմբավորումները: Ընդ որում՝ իրադարձությունների նման ընթացքի դեպքում գործընթացներին կարող է էականորեն նպաստել Վրաստանի եւ հատկապես՝ Ռուսաստանի հետ սահմանակցության հանգամանքը. մասնավորապես՝ վերջին պարագայում իրավիճակն առավել պայթունավտանգ է դարձնում սահմանների երկու կողմում միեւնույն էթնիկ խմբերին պատկանող բնակչության առկայության իրողությունը:

Արմեն Պետրոսյան
արեւելագետ, պատմական գիտությունների թեկնածու

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2908 դիտում

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Կարևորվել է Եվրոպոլում ՀՀ կապի սպայի նշանակումը. ՆԳՆ փոխնախարարն ընդունել է ԵՄ գնահատման առաջին առաքելությանը

Երբ պատասխանատուները թերությունները շտկեն, կարկուտից տուժած համայնքները կստանան իրենց փոխհատուցումները

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցել

Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվել. կա տուժած

Երկրաշարժ Սև ծովում

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը

Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը, ՏԿԵ նախարարն ու Կոտայքի մարզպետը հետևել են ճանապարհաշինական աշխատանքներին

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացմանը

4 ԸԸՀ անդամների լիազորությունները վաղաժամ դադարել են. ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

Նոր հորիզոններ ու հույզեր. ամփոփվեց «Ապագա» հիմնադրամի «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագիրը. տեսանյութ

Ո՞ւմ վրա է ՌԴ խաղադրույքը 2026-ի ընտրություններում. ինչ հրահանգի է սպասում Գարեգին Բ-ն. տեսանյութ

ԱԳ նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

Միհրան Հակոբյանին դարանակալել, հետապնդել են. բռնությունը նախապես է պլանավորվել. հայտնի է՝ ովքեր են իրականացրել

COP17-ը հանրային-մասնավոր համագործակցության արդյունավետ նոր մեխանիզմների ձևավորման հիանալի հնարավորություն է

Երբ և ինչպես պետք է քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից. տեսանյութ

Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

ԲՏԱ փոխնախարարն ու Համաշխարհային բանկի պատվիրակությունը քննարկել են ՀՀ-ի համար նախատեսվող նոր ծրագրի մշակումը

ՊԵԿ-ն ու ՉԺՀ մաքսային ծառայությունը խորացնում են համագործակցությունը ԼՏՕ փոխճանաչման ուղղությամբ

Միհրան Հակոբյանի ծեծի գործով 4 անձ է ձերբակալվել

Երևանի համայնքային 151 դպրոցից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է

Բարձր է գնահատվել ՆԳՆ ջանքերը վիզաների ազատականացման գործընթացում. քննարկվել է Բրունների առաջիկա այցը Հայաստան

Տարին մի քանի անգամ դաշտ է դուրս գալիս «Գելափ»-ը, որի նկարած թվերին հավատում է ընդամենը մեկը՝ Ռոբերտ Քոչարյանը

Կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր ընտրություն կազմակերպելու օնլայն հնարավորություն. ինչպես միանալ պահանջին

Հայաստանը պատրաստ է աշխատել ավելի անվտանգ և կայուն ապագայի համար․ Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի կառավարությունը վճռական է Հարավային Կովկասում խաղաղությունն ապահովելու գործում. ՀՀ նախագահի ելույթը

Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

CSDP ծառայության մեդալով են պարգևատրվել Հայաստանում Եվրոպական Միության առաքելության միջազգային և ՀՀ անդամները

ՀՀ նախագահը ծաղկեպսակ է դրել Թուրքմենստանի «Չեզոքության հուշահամալիրի» մոտ

Պայթյուն Նորապատ գյուղում. կա տուժած

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 12-ին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

Հրապարակվել է դեկտեմբերի 1-ի դրությամբ տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Առողջության համընդհանուր ապահովագրության» օրենքի նախագծին

ՀԷՑ-ը հայտարարում է 100Ա եռաֆազ էլեկտրոնային հաշվիչների ձեռքբերման գնահարցման գործընթաց

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կգործարկվի նախատեսված ժամկետից շուտ. Ավանեսյան

Փաշինյանը Մոսկվայում այցելել է «Ատոմ» թանգարան, մասնակցել միջազգային կոնֆերանսի. լուսանկարներ

Բա էն ժամանակ չգիտեի՞ր՝ մարտունեցիները աշխատասեր են, ասեիր՝ ո՞ւր եք գնում, թե՞ Սերժը թևեր չէր տվել. Ղազարյան

Կալիֆոռնիայում գազի արտահոսքի հետևանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել. կան տուժածներ. տեսանյութ

Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու