Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն (մաս 4)

21/01/2015 schedule09:10

Մաս 1, Մաս 2, Մաս 3

1998թ. հրաժարականից, Ռոբերտ Քոչարյանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկուսանում է իր առանձնատանը եւ շփվում բացառապես համախոհների նեղ շրջանակի հետ:

Ժամանակի ընթացքում նրա շփման շրջանակը շարունակաբար ընդլայնվում է, բայց սա դառնում է Տեր-Պետրոսյանի գործունեության առանցքային ոճը. տանը փակված՝ ընդունել տարբեր մարդկանց, սուրճ խմել, զրուցել նրանց հետ, քննարկել տարբեր հարցեր: Տեղի է ունենում յուրահատուկ բան. մի կողմից Տեր-Պետրոսյանը գործնականում տնից դուրս չի գալիս, բայց բոլորը հասկանում են, որ նա ինչ-որ գործունեություն է ծավալում: Սրա համար ոչ մի կոնկրետ ապացույց չկա, բայց բոլորը համոզված են. նա ինչ-որ բանի սպասում է, ինչ-որ բան մտմտում է: Տեր-Պետրոսյանին որպես օրենքով սահմանված առանձնատուն հատկացվում է Հրազդան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող սեւ շենքը, որտեղ նախկինում տեղակայված էր Հայաստանի հակահետախուզությունը: Բլրի գագաթին կանգնած մենավոր առանձնատունը նպաստում է Տեր-Պետրոսյանի շուրջ խորհրդավորության ձեւավորմանը, եւ նրա հետեւորդները խորապես համոզված են՝ նա վերադառնալու է քաղաքականություն, նա վերադառնալու է իշխանության:

Ինքը՝ Տեր-Պետրոսյանը, իր քաղաքական ձգտումների մասին ոչինչ չի ասում, բացարձակապես ոչինչ: Նույնիսկ ամենամերձավորների ուղիղ հարցերին ի պատասխան՝ անեկդոտներ է պատմում, ցրում հարցերը, չլսելու տալիս: Բացասական պատասխանի բացակայությունն արդեն փսփսոցներ է հարուցում, բայց Տեր-Պետրոսյանը որոշում է ավելի խորացնել ինտրիգը եւ իր շփումների, զրույցների ընթացքում հաճախ է հիշում Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլին: Նրանք, ովքեր ուսումնասիրել են կամ կարդացել են դը Գոլի մասին, հասկանում են, որ հրաժարականից հետո Տեր-Պետրոսյանի ապրելակերպը էականորեն հիշեցնում է դը Գոլին: Ֆրանսիայի ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնից 1946 թվականի հունվարի 20-ին տված հրաժարականից հետո՝ դը Գոլը մեկուսանում է Փարիզից շուրջ 200 կիլոմետր հեռու՝ Շամպանի փոքրիկ կալվածքում: Հետաքրքիրն այն է, որ ինքը՝ դը Գոլը, այդ ժամանակահատվածի իր կարգավիճակը հաճախ է համեմատել Նապոլեոնի առաջին աքսորի հետ: Եւ այսպիսով, դը Գոլի կերպարը դառնում է Տեր-Պետրոսյանի քաղաքական գործունեության հիմնական այլաբանությունը: Նրա հետ շփվող մարդիկ առաջին նախագահից հաճախ են լսում դը Գոլի, նրա պատմական մասշտաբի, Ֆրանսիայի ճակատագրում նրա ունեցած վճռական դերի մասին: Դը Գոլի նկատմամբ առաջին նախագահի ցուցաբերած հետաքրքրության մասին լուրեր են հայտնվում մամուլում, եւ սա դառնում է Տեր-Պետրոսյանի այլաբանական, խորհրդավոր, բայց միակ ուղերձը հանրությանը, եւ այդ ուղերձը մեծ հաշվով ոչ թե ինքն անձամբ է փոխանցում, այլ երկրորդ, երրորդ, չորրորդ անձանց միջոցով: «Տեր-Պետրոսյանը խոսում է դը Գոլի մասին», «Տեր-Պետրոսյանը կարդում է դը Գոլի մասին», «Տեր-Պետրոսյանը հետաքրքրված է դը Գոլով». այս տեղեկությունները բանավոր կամ գրավոր միջոցներով փոխանցվում են քաղաքականապես ակտիվ շրջանակներին, մամուլի միջոցով՝ հանրությանը:

Ի՞նչ առանձնահատուկ բան կա, ուրեմն, դը Գոլի կերպարի մեջ, ի՞նչն է դը Գոլի մեջ գրավում Տեր-Պետրոսյանին, ինչո՞վ է նրա կերպարը համահունչ Տեր-Պետրոսյանի քաղաքական պլաններին:

1946 թվականին հեռանալով իշխանությունից՝ դը Գոլը, 12 տարի անց, վերադարձել է ակտիվ քաղաքականություն եւ ընտրվել Ֆրանսիայի նախագահ: Դը Գոլը երկար ժամանակ համբերատար, հետեւողական սպասում էր իր ժամին եւ նա հստակ ձեւակերպել էր, թե որն է այն ժամը. Ֆրանսիան պետք է հասկանա, որ ինքը, միայն ինքը կարող է երկիրը դուրս բերել զարգացման որակական նոր մակարդակի, միայն ինքը կարող է փրկել Ֆրանսիան վերահաս աղետից, ինչպես մի անգամ արել է նախկինում: Առաջին հեռացումից հետո դը Գոլը պատրաստ չէ քաղաքական ասպարեզ վերադառնալ որպես սովորական քաղաքական գործիչ կամ նախագահի թեկնածու: Նա կամ չի վերադառնա, կամ կվերադառնա որպես փրկիչ, որպես ժողովրդի հայր, որպես չգերազանցված պետական առաջնորդ: 1958-ին Ֆրանսիայում ստեղծված տնտեսական, քաղաքական ճգնաժամը, Ալժիրում մեկնարկած զինվորական խռովությունն ու պատերազմը հենց այսպիսի իրավիճակ են ստեղծում. բոլորը հայացքները հառում են դեպի դը Գոլը, փափագում են նրա վերադարձը, եւ Ֆրանսիայի գործող նախագահ Ռենե Կոտեն դը Գոլին խնդրում է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը: Մի քանի ամիս անց՝ վարչապետ դը Գոլն ընտրվում է Ֆրանսիայի նախագահ:

1997 թվականի սեպտեմբերի 26-ի ասուլիսում, երբ Տեր-Պետրոսյանն ասում էր, որ երրորդ անգամ նախագահի թեկնածու կառաջադրվի, եթե իրան ազգովի խնդրեն, հենց դը Գոլի վերադարձի տրիումֆը նկատի ուներ: Այդ  հայտարարությունն անելու պահին Տեր-Պետրոսյանն արդեն մտքում ուներ դը Գոլին: 1997-ին Հանրապետության նախագահի աշխատասենյակ մուտք ունեցողները նրա սեղանին հաճախ էին տեսնում դը Գոլի մասին պատմող գրքեր, դը Գոլի հեղինակած գրքերից: Կասկածից վեր է. առաջին նախագահը այդ գրքերի մեծ մասը նախկինում կարդացել է, բայց հիմա դրանք նրան հետաքրքրում են բոլորովին այլ պատճառով: Այդ գրքերի ընթերցումը նրան օգնում է գծագրել սեփական քաղաքական ապագան:

Դը Գոլը վճռական նշանակություն է ունենում նաեւ Տեր-Պետրոսյանի հրաժարականի լեյտմոտիվի հարցում, հենց դը Գոլի «ազդեցությամբ» է Տեր-Պետրոսյանը գրում իր հանրահայտ «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը:  Դը Գոլի պատմական քայլերից մեկը համարվում է նրա որոշումը՝ անկախություն շնորհել Ալժիրին, որ Ֆրանսիայի վերջին գաղութներից մեկն էր, եւ որտեղ ծավալվող ազատագրական պայքարը արյունաքամ էր անում Ֆրանսիան: 

Տեր-Պետրոսյանը որոշում է Ղարաբաղի հարցը ներկայացնել հենց այս հարթության վրա. քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, Հայաստանը չի կարող զարգանալ: 1997թ. սեպտեմբերի 26-ի ասուլիսում առաջին նախագահն անում է իր թեւավոր դարձած հայտարարությունը. «Հայաստանը նորմալ պետություն չի դառնա, լավ չես ապրի Սերգո ջան, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ շրջափակումները չվերանան»,- հայտարարում է Տեր-Պետրոսյանը՝ այն ժամանակ դեռեւս Հանրային հեռուստատեսության լրագրող Սերգո Երիցյանի հարցին ի պատասխան: Սրանից ընդամենը օրեր անց՝ հրապարակվում է Տեր-Պետրոսյանի հանրահայտ «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածը, որտեղ Տեր-Պետրոսյանը զարգացնում է Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման անհրաժեշտության միտքը՝ դա, ըստ էության, համարելով պետականության կայացման ճանապարհին գոյություն ունեցող թիվ 1, եթե ոչ միակ անելիք: Իսկ հարցի շուտափույթ լուծման եղանակը, ըստ Տեր-Պետրոսյանի, կարգավորման փուլային տարբերակն է, որը ենթադրում է «գրավված» տարածքների վերադարձ Ադրբեջանին՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման:

Տեր-Պետրոսյանը գիտի, որ նման հայտարարությունները բողոքի ալիք են բարձրացնելու թե՛ հանրության եւ թե՛ իշխանության ներսում: Բայց այս հայտարարություններն անելու պահին նա գիտակցել է իր հրաժարականի անխուսափելիությունը, եւ  ուրեմն, առանձնապես չի մտահոգվում հնարավոր դժգոհությունների կապակցությամբ. հիմա արդեն նա մտածում է հեռանալուց հետո իր վերադարձի մասին: Այսօր սա տարօրինակ կարող է հնչել, բայց 1997-ի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը համոզված է, որ իրենից հետո եկող նոր իշխանություններին չի հաջողվի երկար պահել ստատուս քվոն՝ ազատագրված տարածքները: Նա այս մասին ուղիղ հայտարարում է 1997թ. սեպտեմբերի 26-ի ասուլիսում՝ վստահ պնդելով, որ միջազգային հանրությունը թույլ չի տա 20-30 տարի պահպանել ստատուս քվոն, այսինքն՝ ազատագրված տարածքները: Նաեւ ակնարկում, թե ստատուս քվոյի պահպանման առավելագույն ժամկետը մի քանի տարի է: Սա այն վերջին դետալն է, որի միջոցով Տեր-Պետրոսյանը ամբողջացնում է իր դըգոլյան կերպարը:

Նա, ինչպես եւ դը Գոլը, ղեկավարել է իր երկրի պատերազմական հաղթանակները: Նա, ինչպես եւ դը Գոլը, կհեռանա իշխանությունից, նա, ինչպես եւ դը Գոլը, կվերադառնա իշխանության, որովհետեւ քաղաքական, տնտեսական ճգնաժամերը եւ Ալժիրյան (Ղարաբաղյան) պատերազմը (կամ էլ գրավյալ տարածքները վերադարձնելու անխուսափելիությունը) բոլորի համար ակնհայտ կդարձնի, որ միայն ինքը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երկիրը կհանի այս վիճակից: Ռոբերտ Քոչարյանի հայտնվելը ՀՀ նախագահի պաշտոնում Տեր-Պետրոսյանի պլանի անբաժանելի մասն է: Ո՞վ, եթե ոչ Քոչարյանն է առավել հարմար թեկնածուն՝ երկիրը կրախի առաջ կանգնեցնելու համար: Նա նույնիսկ կարգին հայերեն չի կարողանում խոսել: Այդ կիսագրագետ, ագրեսիվ գավառացին, ով, մեծ հաշվով, օտար է երեւանյան միջավայրի համար, շատ արագ բոլորին ակնհայտ կդարձնի Տեր-Պետրոսյանի վերադարձի անհրաժեշտությունը:

Իհարկե, այնպես չէ, որ Շառլ դը Գոլի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռացման եւ քաղաքական հայտ ներկայացնելու ժամանակահատվածները նույնական են:  Շառլ դը Գոլը, օրինակ, խորը մեկուսացումների արանքում երբեմն քաղաքական ակտիվություն է ցուցաբերել, իսկ Տեր-Պետրոսյանը՝ փաստացի ոչ մի: Դը Գոլի կուսակցությունը մինչեւ 1953 թվականը որոշակի քաղաքական հաջողություններ է գրանցել, Տեր-Պետրոսյանի ՀՀՇ-ն՝ ոչ մի: Հասկանալի է, որ մաքուր նույնականություն չէր կարող լինել ի բնե: Տարբեր երկրներ, տարբեր մարդիկ, տարբեր հանգամանքներ, տարբեր ժողովուրդներ: Բայց նախագահի պաշտոնից հեռանալով՝ Տեր-Պետրոսյանը նախագահական հայտ է ներկայացնում ավելի քան 10 տարի անց, մոտավորապես նույնքան, որքան դը Գոլի դեպքում: Եւս մեկ կարեւոր զուգադիպություն-հանգամանք. Շառլ դը Գոլը հեռացումից հետո իր քաղաքական երկրորդ փուլի խորքային ուղերձները ձեւակերպում է եռահատոր  «Ռազմական հուշագրության» մեջ, որոնցից առաջին հատորը կոչվում է «Կոչ», երկրորդը՝ «Միասնություն», երրորդը՝ «Փրկություն»: Դը Գոլն այստեղ պատմում է երկրորդ համաշխարհային պատերազմում իր գործունեության մասին, եւ այս եռահատորյակը դառնում է նրա մեկուսացման, առանձնակեցության վերջի խորհրդանիշը: Այս գրքերը հրատարակելուց հետո է նա վերադառնում ակտիվ քաղաքականություն:

Նույնը անում է Տեր-Պետրոսյանը, մի փոքր այլ տրամաբանությամբ: 2005-ին նա հրատարակում է «Խաչակիրները եւ հայերը» պատմագիտական աշխատության առաջին հատորը, 2006-ին իր ելույթների, հարցազրույցների, հոդվածների ընտրանին, 2007-ին «Խաչակիրները եւ հայերը» աշխատության երկրորդ հատորը, որը վերնագրված է հետեւյալ կերպ. «Գահաժառանգության իրավունքը եւ իշխանության «լեգիտիմությունը» Կիլիկյան Հայաստանում»: Գրքի շապիկը զարդարում է կիլիկյան մետաղադրամի պատկերը, որի վրա գրված է. «Լեւոն թագավոր հայոց»: Այս գրքի հրատարակումից վեց ամիս անց՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է քաղաքականություն եւ 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնում: 

1998-2008թթ. ժամանակահատվածի Տեր-Պետրոսյանի կանխատեսումները ե՛ւ իրականացան, ե՛ւ չիրականացան: Իրականացան, որովհետեւ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում Հայաստանն ապրեց դժնդակ ցնցումներ՝ բազմաթիվ քաղաքական սպանություններ, հոկտեմբերի 27-ի ոճրագործություն, 2003թ. նախագահական ընտրությունների կեղծում, 2004-ի ապրիլին բախումներ, քաղաքական բազմաթիվ հետապնդումներ, լրագրողների եւ քաղաքական գործիչների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար, «Ա1+» հ/ը փակում, Պողոս Պողոսյանի սպանություն եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց Հայաստանին գոնե այդ ժամանակահատվածում ոչ ոք չհարկադրեց վերադարձնել Ղարաբաղի մերձակա տարածքները, տնտեսական կոլապսներ չեղան եւ ձեւավորվեց օլիգարխիա կոչվող մի նոր խավ, որը, Քոչարյանի իշխանության հիմնական հենարանը լինելով, հնարավորություն ուներ իրեն թույլ տալ ամեն ինչ: Եւ, ի վերջո, ամենակարեւորը. Ռոբերտ Քոչարյանը իր ձեռքում կենտրոնացրեց ողջ պետական իշխանությունը՝ այնաստիճան, որ մտադիր էր իշխանությունը փոխանցել իր հավատարիմ թիմակիցներից մեկին՝ Վարդան Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին: Սա նշանակում էր, որ ոչ ոք չէր պատրաստվում Տեր-Պետրոսյանին իշխանություն փոխանցել, ոչ ոք չէր պատրաստվում նրան խնդրել՝ վերադառնալ իշխանության: Սա նշանակում էր, որ եթե Տեր-Պետրոսյանը վերադառնա քաղաքականություն, պետք է ստիպված լինի անցնել տաժանակիր քաղաքական ճանապարհ, մի միջավայրում, որտեղ շատ-շատերը իր անվան հետ են կապում Երրորդ հանրապետության բազմաթիվ դժբախտություններ: 2007-ի ամռանը Տեր-Պետրոսյանը ծանր ընտրության առաջ էր եւ նա կատարեց իր ընտրությունը՝ 2007 թվականի սեպտեմբերի 21-ին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում տասնամյա լռությունից հետո առաջին հրապարակային ելույթը ունենալով:

Ա. Սմբատյան

շարունակելի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16228 դիտում

Պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Մարտի 26-ին imID համակարգը հասանելի կլինի

TOON EXPO-ի շրջանակում կարող եք ստանալ 1% idcoin․ Idram&IDBank

Որ պահին Ռոբերտ Քոչարյանը չունենա 200 միլիոն դոլար, Աննա Գրիգորյանը չի լինելու նրա կողքին․ Ալեքսանյան

Հայաստան վերադառնալու աջակցության խնդրանքով Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 10 քաղաքացի

Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում մայիսի 4-ին և 5-ին

Մետրոպոլիտենում շարունակվում են աշխատակիցների համար անվտանգ աշխատանքային միջավայրի ձևավորման գործընթացները

Դաշնակցության քրոնիկ գործունեությունն է գալ, իրականը դարձնել անիրական ինքնություն ու լացել. Ռուբինյան

Առնվազն 18 մարդ է զոհվել Բանգլադեշում ուղևորատար ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով. տեսանյութ

Սերժի իշխանության ժամանակ Ձեր ասածի համար Ձեր ծնոտին չէի՞ն տվել. Ձեզ ֆինանսավորում են, որ գաք էստեղ դոշ ծեծեք

Մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները ներառվեցին պարտադիր ապահովագրության համակարգում

Պլանը եղել է Ռոբերտ Քոչարյանի գուբերնատոր դառնալը. Ալեն Սիմոնյան

Ես հայտարարե՞լ եմ, որ ուժեղ եմ. ես ասել եմ՝ լեգիտիմ եմ, իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է. Փաշինյան

Խանդանյանը նշանակվել է Հունգարիայում կայանալիք ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության ղեկավար

Վանաձորի համայնքապետարանի ավելի քան տասնյակ աշխատակիցներ բերման են ենթարկվել. մանրամասներ

Մենք հնարավորություն էինք ստեղծել, որ Ղարաբաղում լիներ քաղաքական գործընթաց, բայց որոշ շրջանակներ խոչընդոտեցին

Թաթոյանը Փաշինյանին հաղթել է, Ալիևին՝ ջախջախել, նախկիններին՝ տուն ուղարկել, Կարապետյանին սկի չի էլ նկատում

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին

Հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում. սպասվում են թաց ձյան և անձրևի տեսքով տեղումներ, քամու ուժգնացում

Իրավապահների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների. ՆԳՆ

Սև ծովում ԱԹՍ-ով հարձակում է եղել թուրքական լցանավի վրա

2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան

«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ին

ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողների

Ըստ պլանի՝ ՀՀ-ն չոքեչոք խնդրելու էր միանալ Միութենական Պետությանը Ղարաբաղի անորոշությունը հետաձգելու դիմաց

Մենք նախկինում ունեցել ենք սառեցված պատերազմ, ունեցել ենք պատերազմի հետաձգում, բայց ոչ խաղաղություն. Փաշինյան

Թրամփը խուսափել է «պատերազմ» բառն օգտագործելուց և Իրանի դեմ նախաձեռնածն անվանել «ռազմական գործողություն»

Խնդիրներ շատ ունենք ու շարունակում ենք աշխատել, բայց ունենք նաև զգալի առաջընթաց. ԿԳՄՍ նախարար

Ազատության պողոտայում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմավիրում Ford Transit-ը կամրջից ընկել է. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու

Մեր հարևանները զգալի օգնություն ցուցաբերեցին․ Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ-ին

Վլադիմիր Վարդանյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված են. Սիմոնյանն արձանագրություն է ստորագրել

Աջափնյակ վարչական շրջանի համար 47 մսուր-մանկապարտեզը վերակառուցված է. վարչապետ

ՀՀ մի քանի տարածաշրջանում անձրև է տեղում

Դատախազությունը պահանջում է «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենից բռնագանձել 5 գույք, 163 մլն դրամ

8 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի ԱԲ տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը․ ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը

Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են