Ամուսնալուծությունները շատացել են, ամուսնությունները՝ պակասել. հոգեբանը վերլուծում է պատճառները

Սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնին, որն այս տարի նշվում է փետրվարի 8-ին, սիրահարները միմյանց համար անակնկալներ են պատրաստում, նորից ու նորովի խորհում եւ խոսում իրենց սիրո, հավերժաբար միասին, ուրախ ու երջանիկ ապրելու մասին: Իսկ ամուսնությամբ հեքիաթները հաճախ ավարտվում են:

Ամուսնությունից հետո սկսվում է կա՛մ նոր ու հրաշալի հեքիաթ՝ նաեւ իր երկգլուխ վիշապներով, անտակ հորերով, բայց անպայման վերջում հաղթող բարիներով, կա՛մ՝ ձանձրալի ու անհրապույր իրականություն՝ անտանելի հոգսերով, որից միայն փախչել ես ուզում: Ու մեր իրականության մեջ փախչողները շատանում են:

Վերջին տասը տարիներին Հայաստանի Հանրապետությունում անընդմեջ նվազել է ամուսնությունների թիվը, ավելացել՝ ամուսնալուծություններինը: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ եթե 2008-ին գրանցվել է ավելի քան 18 հազար ամուսնություն, ապա 2018-ին դրանք եղել են մոտ 15 հազար, իսկ ամուսնալուծությունները 2008-ին եղել են մոտ 3 հազար, 2018-ին՝ մոտ 4 հազար: 

Ամուսնությունները մեր երկրում առավել շատ գրանցվում են փետրվարին, սեպտեմբերին, հոկտեմբերին ու նոյեմբերին, ամենաքիչը՝ հունվարին: 

Նշված տասնամյակում ավելի հաճախ են բաժանվել նորապսակներն ու մինչեւ ինը տարվա ամուսինները. մյուս տարիքային խմբերում ցուցանիշներն այդ ընթացքում գրեթե չեն փոփոխվել: 

 

Ամուսնացողների միջին տարիքը շարունակաբար բարձրանում է: Ամուսնացող տղամարդկանց տարիքը 2008-ին միջինում 29 էր, 2018-ին՝ 31, կանանց միջին տարիքը 24 էր, ապա՝ 27: Բարձրացել է նաև առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը՝ նշված տասը տարում 24-ից հասնելով 26-ի՝ կանանց պարագայում, եւ 28-ից 30-ի՝ տղամարդկանց պարագայում:

 

Աշխարհում ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշները Եվրոպայում են: Իսպանիայում, Պորտուգալիայում, Լյուքսեմբուրգում, Չեխիայում եւ Հունգարիայում ամուսնալուծությունների մակարդակն ավելի քան 60 տոկոս է (ամուսնությունների կեսից ավելին ավարտվում է ամուսնալուծությամբ): Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն ունի Բելգիան՝ մոտ 70 տոկոս: Ամուսնալուծությունների մակարդակը ԱՄՆ-ում մոտ 53 տոկոս է: Պաշտոնապես ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշը Չիլիում է՝ 3%: 

Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնալուծությունների թիվը մեծանում է, քանի որ շատանում են զույգերի ակնկալիքներն ամուսնությունից. ի դեպ, ամուսնալուծությունների երեք քառորդը նախաձեռնում են կանայք: Չարդարացված սպասելիքներից առաջանում է դժգոհություն եւ ամուսնությունից «ազատվելու» ցանկություն: Առավել դյուրին է դարձել ամուսնալուծության գործընթացը. այն հիմա առավել հաճախադեպ է, հանրության համար՝ արդեն սովորական: Արդյունքում ամուսնություններն էլ ընկալվում են՝ որպես նվազ կարեւոր, էական, սրբազան իրողություններ:

Ամուսնալուծությունների պատճառներից է,  ըստ սոցիոլոգների, կրոնի դերը նվազումը. կրոնները սովորաբար հորդորում են ներել, հանդուրժել, ընդառաջել, համբերել, նվիրվել, մինչդեռ ժամանակակից արժեհամակարգը կրող մարդն առաջին հերթին սովորում է պաշտպանել իր իրավունքները, բավարարել անձնական պահանջները:

Ամուսնալուծությունների կրոնական քարտեզում առաջին տեղում քրիստոնեությունն է. բաժանվում է ուղղափառ քրիստոնյա զույգերի 37 տոկոսը, կաթոլիկների՝ 36 տոկոսը: Բուդդիստ զույգերի 30 տոկոսն է ամուսնալուծվում, հրեաների՝ 28 տոկոսը, մուսուլմանների 20 տոկոսը: Հինդուիստների ամուսնություններն անհամեմատ ամուր են, բաժանվում է նրանց միայն 1 տոկոսը:

 

Ամուսնալուծությունների հոգեբանական հիմքերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ընտանեկան հոգեբանության սեմինարներ վարող, «Մոր եւ մանկան անկյուն» հաղորդաշարի հեղինակ, հոգեբան Նարինե  Իսրայելյանի հետ: Պատճառներից առաջինը մասնագետը նշել է երիտասարդների՝ ամուսին-կին-ծնող դառնալու անպատրաստությունը:

«Ամուսնացողներն այսօր չունեն հոգեբանական գիտելիքներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինեն իրենք եւ ինչպիսին՝ զուգընկերները: Այսօրվա ընտանիքում նրանք չեն տեսնում մեր ժամանակի, մեր գենային համակարգի մեջ իրենց դերը: Մանկուց դա չեն սովորում: Զբաղված են մեծերը՝ պիտի հասցնեն կենցաղային խնդիրները լուծել: Իսկ դպրոցն էլ առավել վերացական գիտելիքի վրա է կենտրոնացած, եւ չի պատասխանում կենսական հարցերի: Դպրոցի գիտելիքն առավել ուղղված է անցյալին, երեխաներին չեն սովորեցնում՝ ինչ պիտի անեն նրանք ներկայում, առավել եւս՝ ինչ պիտի անեն այս 12-15 տարեկանները, երբ լինեն 25-30 տարեկան»,- ասաց հոգեբանը:

Հաճախ թե՛ աղջիկները եւ թե՛ տղաները չեն մասնակցում տնային գործերին եւ ձեռք չեն բերում այն հմտությունները, որ հետագայում նրանց պետք են գալիս. ծնողներն ասում են՝ դու միայն դասերդ արա: «Երեխային մեծացնում են այնպես, որ ընտանիքի մեծահասակների՝ մայրիկի, տատիկի, պապիկի նկատմամբ որեւէ պարտավորություն չունի: Որ ինքը նրանց ոչինչ չունի տալու, այլ միայն վերցնող է (վերցնում է սեր, ջերմություն, հոգատարություն, նվերներ, եթե վարքը լավը չէ՝ նկատողություններ), բայց չի անում իր տարիքին հատուկ գործեր»,- նշեց նա: Հետագայում, երբ նրանք այդ գործերին են առերեսվում, մոլորված են զգում:

Այս առումով, առավել խոցելի են տղաները. «Կրթական ոլորտի պատմությունը մեզ հուշում է, որ աղջիկներն ավելի պարտաճանաչ են, քան տղաները, որ բնազդով ավելի քիչ են կրում անտրամաբանական պահանջներ (անում բաներ, որ իրենց պետք չեն): Տղաների մերժումն ու ըմբոստությունն ավելի մեծ է, քանի որ իրենք ունեն դրսի՝ բակի, ընկերական հարաբերությունների ավելի մեծ այլընտրանք: Այսպիսով, տղա երեխաները նաեւ դպրոցում լավ չեն սովորում»,- նկարագրեց Իսրայելյանը:

Փաստացի, եթե դիտարկում ենք թե տղաների եւ թե աղջիկների կյանքի պատմությունը մինչեւ 20-25 տարեկան, տեսնում ենք, որ նրանք ծնող լինելու պարզ գիտելիքներ չունեն: Ուսումնասիրությունները փաստում են, որ ողջ աշխարհում երեխաները, հանգստի ու զվարճանքի այսօրվա բազմատեսակ առաջարկների մեջ մեծանալով, շարունակում են մնալ երեխա: Իրենց ցանկությունները, հանգիստը, վայելքը ընկալում են՝ որպես մեծ երեխա: Եվ իրենց մեծի դերն անկատար է լինում: «Ստացվում է՝ մեծ երեխաները ունեն փոքր երեխա: Եվ ամուսնալուծությունների ցուցանիշներն էլ մեծանում են, երբ ընտանիքում ծնվում է երեխա»,- ասաց նա: Հոգեբանի խոսքով՝ ծնողավարական մշակույթ չունեցող «մեծ երեխաները» իրենք իրենց դուր չեն գալիս այդ դերում, և հուսահատության, անկարողության զգացում են ունենում: 

Ամուսնալուծության ծանրակշիռ պատճառներից մեկն էլ ընտանեկան բռնությունն է: Նարինե Իսրայելյանը վստահ է, որ պարբերաբար դրսեւորվող թե ֆիզիկական եւ թե հոգեբանական բռնության պարագայում բաժանվելը ճիշտ է: «Երբ անձնային խնդիրները բերում են այնպիսի պաշտպանության, որ մարդը դառնում է ագրեսիվ, լինում է բռնություն: Երբ տղամարդը գիտի, որ եթե ստեղծել է ընտանիք, պիտի կարողանա կենցաղն ապահովել, բայց չի կարողանում, ինքն իրեն դուր չի գալիս, իր մոտ սկսվում են փախուստներ՝ թե համակարգչային-վիրտուալ աշխարհ, թե՝ այլ: Որքան անձը տրվում է այդպիսի փախուստի, այնքան ինքն իրեն ավելի դուր չի գալիս, եւ այնքան ավելի շատ է տրվում այդ փախուստին, եւ այդպես շարունակ: Հետո սկսում է ինքն իրեն պաշտպանել բոլորից, եւ այն օղակը, որ ամենաթույլն է՝ կինը, զավակը, մտերիմ մարդիկ, որոնք, վստահ է, կներեն կամ կդիմանան, առաջին հերթին են հարված կրում: Այստեղ է նա փորձում ապացուցել իր ուժը, վերականգնել իր դիրքը: Իհարկե, չի վերականգնում, քանի որ ինչքան բռնությամբ, վատով ապացուցի իր լավը լինելը, այնքան զգում է, որ ինքը լավը չի, այնքան ավելի է դիմում այդ պաշտպանական միջոցին: Խոսքն, իհարկե, սիտուատիվ բռնության մասին չէ, այլ՝ պարբերական»,- նշեց Նարինե Իսրայելյանը:

Հոգեբանական բռնությունը եւս հաճախադեպ խնդիր է. Իսրայելյանի խոսքով՝ կնոջ նկատմամբ այն դրսեւորվում է մի դեպքում խիստ սահմանափակումներով, կանոններով, որոնց վանդակում կինն իրեն զգում է նվաստ, անկարեւոր, ոչ լիարժեք: Մյուս դեպքում դա թույլ, անկատար, վախեցած կենցաղով տղամարդու՝ այդ կենցաղով տեղափոխվելն է կնոջ կենցաղ, որով նրան էլ է տանում հոգեբանական մենաստան: «Բռնության պարագայում ճիշտ է ամուսնալուծությունը, քանի որ մարդը, որ պիտի բռնանալով ապացուցի իր կարեւորությունը, երբեք դա չի ապացուցի, բայց և երբեք կանգ չի առնի»,- նշեց հոգեբանը:

Հնարավո՞ր է բաժանության շեմից հետ բերել ընտանիքը: Հոգեբանի՝ տասնամյակների փորձը վկայում է՝ հնարավոր է նույնքան, որքան՝ անհնար: Փախուստի միտքը հաճախ է լինում, երբ մարդիկ ելք չեն տեսնում: Դա իրականում անձնապես փրկվելու ցանկությունն է, էլ չեն փորձում իրավիճակը փրկել: Այստեղ կարելի է տեսնել, թե անկարողության համար ինչ հիմքեր կան, եւ դրանք շտկել:

Հոգեբանական աշխատանքն այն զույգերի հետ, որ ամուսնալուծության մտքին են հասել, բայց փորձ են անում հասկանալ խնդիրը, առավել արդյունավետ է մասնագետի հետ, քանի որ նրա նկատմամբ զույգը չունի նեղացնելու, բարկացնելու, խնայելու մտահոգություն: Մասնագետն օտար է, եւ օտարի հետ կիսում են այն խնդիրները, որ խուսափում են պատմել հարազատներին. «Երբեմն պարզվում է՝ «էլ չեմ ուզում» պաշտպանությունը առաջացել էր ոչ թե չսիրելուց, այլ՝ անկարողությունից: Եվ հարաբերությունները վերականգնվում են: Բայց, ցավոք, պատահում է, որ տեսնում ենք ամուսնությունը պատահական է, եւ սիրելու, զիջելու որեւէ տեղ չկա: Ամուսինները համագործակցելով միասին ճանապարհ պիտի անցնեն. որոշ դեպքերում իրենց ժամանակ տաս թե չտաս, նրանք չեն կարող միասին գնալ, քանի որ նրանց ընտրած կյանքի ճանապարհները տարբեր են. նրանք հինգ, տասը տարի միասին քայլելով պիտի միասին անցնեն նույն ճանապարհը՝ թեկուզ վիճելով, նեղանալով-հաշտվելով, բայց նույն ուղղությամբ պիտի գնան: Եթե երկու մարդ տարբեր կյանքի ճանապարհ է պատկերացնում, միասին գնալ չեն կարող»:

Արկածներով լի հեքիա՞թ, թե՞ անտանելի հոգսաշատ իրականություն. իրական սիրո բարձունքից տեսարանն էապես տարբեր է լինում, Սուրբ Սարգիսը վկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6374 դիտում

Ողջունում ենք Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության հաստատումը․ ԱԳՆ

Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, տապալում հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցումը

Միջազգային մակարդակ են դուրս եկել․ հապա, հապա՝ մեր սեքսի ձևերով․ Սաֆարյան

Խաղաղության համաձայնագրի կնքումից հետո արևմտյան ուժեր կտեղակայվեն, որոնք կապահովեն Ուկրաինայի անվտանգությունը

Վարչապետը տիկնոջ հետ մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

2025-ի չորրորդ եռամսյակում գնաճը դանդաղել է, դեկտեմբերին կազմել 3.3 տոկոս, տնտեսական ակտիվությունն արագացել է

ԱԳ փոխնախարարն ու Հնդկաստանի պաշտպանության ուժերի շտաբի պետը բարձր են գնահատել զարգացող հարաբերություններ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարությունների միջև

Քոչարյանը չի սերտել ՀՀ տարածքը, քանի որ պատրաստ էր մի մեծ կտոր՝ Մեղրին զիջել. Ղազարյան. տեսանյութ

Ոստիկաններն ապօրինի շրջանառությունից մոտ 2,5 կգ մեթամֆետամին են հանել․ կան կալանավորվածներ․ տեսանյութ

Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Իրանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. արտաքին ճնշում, ներքաղաքական կոլապս. ինչ է սպասվում. տեսանյութ

Հայկական կուսակցության «Սեքսի նախարարության» խոստումը՝ ոչ մի չբավարարված կին․ The Telegraph-ի անդրադարձը

Ռուսաստանը չի մասնակցելու TRIPP-ին. ով է նա, որ ներառենք, ինչ է արել մեզ համար. Բլեյան. տեսանյութ

Կոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումը

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է հասել Հայաստան

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՚Ֆլահերթիի հետ

Փոխվարչապետը Քորմիերի հետ զրույցում շնորհակալություն է հայտնել ՀԲ թիմին․ քննարկվել է Խաղաղության խաչմերուկը

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբեռանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն

Գևորգ Պապոյանը կայցելի մարզեր՝ քաղաքացիների հետ հանդիպման․ նախարարը ժամանակացույց և տեսանյութ է հրապարակել

Վարչապետն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի գլխավորած պատվիրակությանը

Հրապարակվել է Էլեկտրոմոբիլների ներմուծման 2025-ի սակագնային արտոնությունից օգտված 61 մեքենաների ցանկը

Համբարձում Մաթևոսյանը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Դպրաբակի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար

ԱԲ-ն հնարավորություն է լուծելու բազմաթիվ խնդիրներ․ քննարկվել է Ֆինանսների նախարարության 2025-ի հաշվետվությունը

Տեղեկատվական դիմադրողականությունը՝ որպես ազգային անվտանգության հիմնասյուն

Ոստիկանի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն, լիազորությունը կասեցվել է

Ինչ է մտքին դրել Գագիկ Ծառուկյանը. ումից է նա թույլտվություն ստացել և ում թիկունքից կհարվածի

Հայաստանյան հանրային խոսույթը աչքի է ընկնում խտրական, անհանդուրժող, թիրախավորող, պիտակավորող ձևակերպումներով

Ֆինանսների նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անկանխիկ գնումների դեպքում տնտեսվարողներից պահվող միջնորդավճարները կնվազեցվեն

Լոռիում գազալցակայանի աշխատակցի շանը կրակել ու սպանել է մոտակա ռեստորանի սեփականատերը

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս կվերադարձվի համայնքին

Ինչպես կարող է փոխվել Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուի կարգավիճակը. նախարարը պարզաբանել է

Փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում

Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը․ հանդիպում ԱՆ-ում

2025 թվականի ընթացքում կառուցվել, հիմնանորոգվել և միջին նորոգման է ենթարկվել 504 կմ ճանապարհ․ Խուդաթյան

Բարելավվել են ազատազրկված անձանց պահման պայմանները. Սրբուհի Գալյանը՝ 2025-ի աշխատանքների մասին