Ապրել առաջին գծում. Այգեպար

03/07/2014 schedule20:18

Հունիսի 27-ի երեկոյան, լույս 28-ի գիշերը եւ վաղ առավոտյան Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մասին սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը մեզ համար ակնհայտ դարձրին. ստեղծվել է մի իրավիճակ, որին պետք է ինչ-որ կերպ արձագանքել:

«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամների հետ կարճ քննարկումից հետո որոշեցինք մի քանի հոգով այցելել Այգեպար, որ այդ պահի տեղեկատվությամբ, ադրբեջանական հարվածի հիմնական ուղղությունն էր:

Այցի նպատակն էլ պարզ էր. առաջիկա գիշերը լինել Այգեպարում, գտնվել նույն իրավիճակում, ինչ սահմանապահ գյուղի ցանկացած բնակիչ: «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը, նույնանուն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանը, կինս՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը եւ տողերիս հեղինակը շաբաթ օրը կեսօրին մեկնեցինք Երեւանից եւ մի քանի ժամ անց հասանք Այգեպար, որ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա է:

Ու չնայած մեր ճանապարհի վերջին՝ 40 կիլոմետրանոց հատվածը՝ Իջեւանի Այգեհովիտ գյուղից մինչեւ Այգեպար, անցնում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, եւ տեղ-տեղ գտնվում է ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ, չկար որեւէ փաստ, հանգամանք, նույնիսկ ակնարկ, որ կհիշեցներ՝ գիշերը Այգեպար - Մովսես - Ներքին Կարմիրաղբյուր - Չինարի հատվածում տեղի ունեցած հրեշավոր գնդակոծության մասին: Ավտոմեքենաները, այդ թվում ուղեւորատար միկրոավտոբուսներ, ազատ երթեւեկում էին, հսկիչ-անցագրային կետեր սահմանված չէին, մայրուղու երկայնքով իրենց հոտերն ու նախիրները արածեցնող հովիվներ էին միայն հանդիպում: Ճանապարհը մինչեւ Այգեպար եւ գյուղի հիմնական փողոցը ասֆալտապատ էր եւ բարեկարգ:

Բայց տեղացիների հետ մեր շփման առաջին վայրկյաններից հասկանալի դարձավ. նախորդ գիշերը դժոխային է եղել: Այգեպարը դասական իմաստով գյուղ չէ, այլ բանվորական ավան: Այն հիմնադրվել է նախորդ դարի 30-ականներին եւ այստեղի բնակչությունը ծխախոտի խոշոր ֆերմենտացիոն գործարանի բանվորներն են եղել: Գյուղի հինգհարկանի շենքերից մեկի բնակիչները պատմում էին, որ մինչեւ գիշերվա ժամը երեքը հարեւաններով շքամուտքում են անցկացրել: Նրանց տնտեսական պատշգամբները, պատուհանները գտնվում են ադրբեջանական դիրքերի ուղիղ նշանառության տակ եւ շքամուտքը միակ տեղն է, որտեղ կարելի է պատսպարվել գնդացրային կրակից: Գյուղի երեխաները վաղ առավոտից հակառակորդի կրակած գնդակների հարուստ ավար էին հավաքել: Նախորդ գիշեր ադրբեջանցիները հիմնականում կրակել են Դյագտերյովի եւ Շպագինի խոշոր տրամաչափի գնդացիրով, որ ավելի շատ հայտնի է ДШК` դեշեկա անունով: 12.8մմ տրամաչափի այս գնդացիրով կարելի է խոցել մինչեւ 3.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներ: Գյուղի բազմաթիվ տների վրա դրոշմված են նախորդ օրվա գնդակոծման հետքերը:  

Նախորդ գիշերվա լարվածությունը զգալի էր մարդկանց դեմքերին. նրանք ամեն քայլափոխի զգուշացնում են. այդտեղ երկար մի՛ կանգնեք, մեքենան այդտեղ մի՛ կանգնեցրեք: Մթնելուն պես՝ բջջային հեռախոսը զգուշությամբ օգտագործեք, լույսը կտեսնեն:

Գյուղի տների ադրբեջանահայաց կողմում վաղուց արդեն մոռացել են ապակու մասին. պարբերական գնդակոծումները անհնար են դարձրել դրանց կիրառումը, պատուհանները հիմնականում ցելաֆոնապատ են: Էլեկտրական լույսը օգտագործում են միայն հայաստանահայաց պատուհաններ ունեցող սենյակներում կամ էլ մանրամասն քողարկելու պարագայում: Փողոցների լուսավորության մասին ընդհանրապես ավելորդ է խոսել ու մտածել:

Գովեն ամիենց տունը ամենամոտն է հայ-ադրբեջանական սահմանին: Խոսքի մեջ անընդհատ ասում եմ, որ սա Հայաստանի վերջին տունն է, ինքը ամեն անգամ ուղղում է՝ առաջին: Երկհարկանի տունը շուրջանակված է պատշգամբով: Պատշգամբի երկայնքով ծածկոցներ են կախված՝ ադրբեջանցիների տեսադաշտը փակելու համար: Տան արտաքին պատերը «փորագրված» են տարբեր զինատեսակների ազդեցությունից՝ հրետանային արկեր, «Գրադ», դեշեկա, «Ալազան». այս բոլոր զինատեսակները 20-ամյա հակամարտության ընթացքում իրենց հետքն են թողել պատերի վրա: Գովեն ամին, սակայն, նույնպես կիսում է տպավորությունը, թե նախորդ գիշեր ադրբեջանցիք հիմնականում խոշոր տրամաչափի գնդացիր են օգտագործել: Ու չնայած նաեւ մի քանի պայթյուններ են հնչել, առայժմ պարզված չէ, թե ինչն է եղել դրանց պատճառը: Հնարավոր է, կրակահերթերի տակ մնացած ականներ են պայթել: Գովեն ամին եւ մյուսները, սակայն, միանշանակ եւ վստահ պնդում են. նախորդ գիշերվա գնդակոծությունը ամենաինտենսիվն է եղել 1994 թվականի զինադադարից ի վեր:

Ադրբեջանական սահմանապահ դիրքերը Գովեն ամիենց տնից 250-ից 300 մետրի վրա են գտնվում: Բայց նախորդ գիշերվա կրակոցները այս դիրքերից չեն արձակվել, այլ բլրի վրա գտնվող հենակետից, որտեղից ողջ Այգեպարը տեսանելի է, ասես ափի մեջ: Ուղիղ նշանագծով ադրբեջանական հենակետից Այգեպար հազիվ 1 կիլոմետր լինի: Դեշեկայի համար սա միջին տարածություն է: Մոտակա բարձունքների վրա հայկական եւ ադրբեջանական դիրքերը շատ խառն են դասավորված: Բայց ինչպես ադրբեջանական այս դիրքը գերիշխում է Այգեպարի եւ Մովսեսի վրա, այնպես էլ մեր ունեցած մի քանի դիրքեր գերիշխում են ադրբեջանական Ալիբեյլի գյուղի վրա, որը գրեթե կպած է Այգեպարին: Տիկին Լիդան, ում տանը գիշերեցինք, պատմում է, որ երբ հարսանիքում ադրբեջանցիները կենաց են ասում, իրենք պարզորոշ լսում են: Զինվորականները հասկանալիորեն քչախոս են, բայց որքան հասկացանք՝ Ալիբեյլիի նկատմամբ մեր ունեցած գերիշխող դիրքերի հակագործողություններն են, որ ադրբեջանցիներին ստիպել են լռել:

Ասացի արդեն, որ գիշերեցինք տիկին Լիդայենց հյուրընկալ տանը: Օջախը հյուրընկալ էր, բայց տունը կիսավեր: Այս եւ հարեւան տունը բլրի վրա գտնվելու բերումով կիսավեր են դարձել հակամարտության երկարատեւ ընթացքում: Պատերին այնքան փամփուշտների ու բեկորների տեղ կա, որ հաճախ դժվար է հինը նորից տարբերել: Հարեւան ընտանիքը երկհարկանի տուն ունի, բայց երկրորդ հարկում ընդհանրապես չի բնակվում, որովհետեւ այն պատերազմի ընթացքում ավերվել է հակառակորդի հարվածներից, զինադադարի հաստատումից հետո էլ՝ պարբերական  կրակահերթերի չափազանց հեշտ թիրախ է դարձել: Այգեպարում մեր գտնվելու ողջ ընթացքում՝ հունիսի 28-ի երեկոյան, լույս 29-ի գիշերը եւ առավոտյան որեւէ լուրջ միջադեպ չգրանցվեց: Մի քանի հատուկենտ կրակոցներ են հնչել՝ անորոշ ուղղությամբ: Այգեպարցի մի կին մեզ հրաժեշտ տալու պահին մոտեցավ ինձ. «Մի բան հարցնեմ էլի. ինչի՞ ա էդպես, որ երբ վերեւներից մարդ ա գալիս, թուրքերը չեն կրակում»: Վերեւից եկած մարդիկ մենք էինք…

Վերջին մեկուկես-երկու տարում ինտենսիվացած կրակոցները տարածքային կորուստներ չեն պատճառում, բայց մաշում են Այգեպար գյուղը: Ասում են՝ նախորդ օրերի կրակոցներից հետո մեկ-երկու ընտանիք մտմտում է հեռանալ: 30-ամյա Հայկը, որ Բերդ-Երեւան տաքսի է վարում, բացատրում է նման մտայնություն ունեցողների դրդապատճառները. «Երեկ Երեւանից եկել եմ՝ տեսել երեխեքս մի անկյունում կուչ եկած դողում են: Պատկերացրեք՝ երեխայի համար անվտանգ խաղալու տեղ չկա. խաղալու տեղը պրիցելի տակ ա, դպրոցի ճամփան պրիցելի տակ ա, դպրոցը՝ պրիցելի տակ ա: Բա ես հիմա ի՞նչ անեմ»,- ասում է Հայկը, ում տղան 7 տարեկան է, աղջիկը՝ 9:

Հիմնական զգացողությունը, սակայն, որ համակել է այգեպարցիներին` լքված լինելն է, երեւանցիների, հայաստանցիների, իշխանությունների, ընդդիմության, բոլորի կողմից մոռացված եւ անտեսված լինելը: Գյուղի դպրոցը նորոգված է, լավ, նորոգված ամբուլատորիա  կա, մեր այցի նախորդ օրը այնտեղ էր եղել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ով ներկայացել էր գյուղին մարզադահլիճով ապահովելու ծրագիր: Բայց պրոբլեմը բոլորովին ուրիշ տեղում է: Այգեպարը, արդեն ասացի, որ բանվորական ավան է եղել: Այստեղ գյուղատնտեսական նշանակության հողեր չկան: Ու եթե ուրիշ տեղերում մարդը գոնե կարող է հող մշակել՝ լավից-վատից, այստեղ այդ հնարավորությունն էլ չկա: Մարդիկ Այգեպարում լինելու, Այգեպարում ապրելու ոչ մի տնտեսական խթան չունեն: Այգեպարցու համար հասկանալի չէ, թե ինչու, օրինակ, երեւանցին, որ գոնե ապակեպատ պատուհան ունի, պետք է գազի ու հոսանքի համար նույն գինը վճարի, ինչ ինքը, որ ապրում է ցելաֆոնապատ պատուհաններից այնկողմ,  դեշեկայի քրքրած տանիքի տակ ու որպես հետեւանք՝ փտած հատակի ու պատերի մեջ: Ո՞վ է կրելու այն վնասները, որ պատերազմը հասցրել է իրենց, ինչպես են իրենց թոռնիկները ծնվելու, ապրելու եւ մեծանալու ադրբեջանցու ուղիղ նշանառության տակ:

Գովեն ամիենց տան պահարանը զարդարված է թոռնիկների եւ որդիների լուսանկարներով, որոնցից ոչ ոք այս պահին գյուղում չէ: Գովեն ամին շատ բան չի ուզում. նա ընդամենը ուզում է, որ Երեւանում հասկանան, որ եթե ինքը այդ տանը չապրի, իր հարեւանը իր տանը չապրի, թուրքը այդպիսով ավելի մոտ է գտնվելու Երեւանին, Սեւանին, Դիլիջանին, Իջեւանին: Այգեպարցիները ուզում են, որ Երեւանում հասկանան, որ մարտական դիրքում կանգնած բանակը թիկունքով է ուժեղ, այգեպարցին բանակի հիմնական թիկունքն է, ու էդ թիկունքը ամեն օրվա հետ թուլանում է, որովհետեւ աշխատանք չկա, առողջություն չկա, եկամուտ չկա, հնար չկա, ու ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու հետո: Այսպես էր զինադադարից հետո, բայց վերջին շրջանի կրակոցները ավելի են սրել հարցերը: Գյուղում վերջին անգամ հինգ տարի առաջ է հարսանիք եղել: Ասում են՝ հարեւան Ալիբեյլիից հաճախ են հարսանիքի, քեֆ-ուրախության ձայներ լսվում: Խոսում են, թե իբր հարեւան Ալիբեյլին Ադրբեջանում հերոս գյուղի կարգավիճակ ունի, եւ այնտեղի բնակիչներն այնքան արտոնություններ ու հնարավորություններ ունեն, որ հեռանալու մասին չեն էլ մտածում: Իսկ Այգեպարի 250 տեղանոց դպրոցը ընդամենը 57 աշակերտ ունի, ու դեռ հայտնի չէ, թե վերջին կրակոցները կնվազեցնե՞ն այս թիվը:

Բոլորը հասկանում են, որ պետության առաջնահերթ խնդիրը պետք է լինի Այգեպարի եւ սահմանապահ գյուղերի բնակչության թվի աճը: Այս խնդրի լուծման համար մարդիկ մի քանի քայլ են պատկերացնում. նախ` սահմանապահ գյուղերին հատուկ կարգավիճակ է անհրաժեշտ տալ, ինչը կնախատեսի կոմունալ վճարների էական զեղչեր եւ սոցիալական ու առողջապահական ծառայությունների հասանելիություն: Բայց սահմանապահ գյուղի հարցը հնարավոր չի լինի լուծել առանց աշխատատեղերի: Այգեպարում աշխատող միակ ձեռնարկությունը գինու գործարանն է, որը միայն սեզոնային կարգով է գործում եւ ապահովում ընդամենը 20-25 աշխատատեղ: Բանակում պայմանագրային հիմունքներով ծառայելու հնարավորությունը ինչ-որ տեղ մեղմում է խնդիրը, բայց միայն ինչ-որ տեղ:

Այս պահի ամենահրատապ խնդիրը, սակայն, այգեպարցիք համարում են կյանք մաշող կրակոցների դադարեցումը: Սրան հնարավոր երկու լուծում կա՝ քաղաքական եւ ռազմական: Քաղաքական լուծումն այն է, որ զինադադարի պահպանման երաշխիքներ ստեղծվեն, ռազմական լուծումն այն է, երբ ադրբեջանական դիրքերը ուղղակի գրոհով վերցվեն: Այգեպարցիներին թվում է, թե իրական լուծումը հենց սա է: Կարճատեւ քննարկումից հետո բոլորս համաձայնվում ենք, որ սա այն դեպքն է, երբ էմոցիաներով առաջնորդվել չի կարելի, եւ հարկավոր է լրջորեն կշռել բոլոր թեր եւ կողմ փաստարկները:

Շարունակելի

Տպել
3653 դիտում

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին