Մեռնել կցանկանա՞ք

01/08/2013 schedule09:04

Արդեն երեկո էր, երբ ազատել էի գլուխս փողոցի աղմուկից, մի կերպ հասել տուն, վիրակապ դրել ձեռքիս թեթեւ կտրվածքին եւ որոշել վերջապես կարդալ մոտս կուտակված նյութերը: Նյութերը շատ էին, հիմնականում երիտասարդ հեղինակների աշխատանքներ, ֆանտաստիկայի ժանրում գրված ստեղծագործություններ, որոնք ես խոստացել էի կարդալ եւ հայտնել կարծիքս: Վերջապես կար ազատ ժամանակ եւ թերթերի, բրոշյուրների ու սովորական A4 ֆորմատի թղթերի կույտը սպասում էր նվաստիս համեստ գրաքննադատական կարողություններին:

Սակայն զանգեց հեռախոսս: Չեմ հիշում նույնիսկ` ուրախացա գլուխս այդ տեքստերը կարդալու պարտականությունից ազատելու պոտենցիալ հնարավորությունից, թե զայրացա` հասկանալով, որ էլի պետք է տանջվեմ խղճի անամոթ խայթերից:

Զանգահարողը Արան էր:

- Բարեւ,- ասում է,- ի՞նչ ես անում:

- Ոչինչ,- պատասխանում եմ,- մի քանի բան ունեմ կարդալու:

- Դրանք թող,- ասում է եւ շարունակում,-արի մոտս, էստեղ քեզ համար հետաքրքիր դեպք կա:

- Մյուս անգամ,- խուսափում եմ,- էս երեկո ուզում եմ կուտակված գործերս թեթեւացնել:

- Բայց սա կատարյալ հետաքրքիր դեպք է,- համառում է,- ես կասեի` հետաքրքիր դեմք է:

- Հնարավոր է, որ ինձ մոտ էլ կան հետաքրքիր դեմքեր,- ես էլ եմ փորձում համառել,- մնա մյուս անգամ:

- Հետեւիցդ տաքսի եմ ուղարկել արդեն,-ասում է առանց առարկություններս հաշվի առնելու,- հինգ րոպեից մոտդ կլինի, ու որ լինես մոտս տասնհինգ րոպեից, սպասում եմ քեզ:

Հեռախոսն անջատվում է:

Մեղավոր հայացքով նայում եմ սեղանիս թղթակույտին:

- Կներեք,- ասում եմ ու զգում, որ իսկական սրիկա եմ: Ախր ես էլ գիտեմ, թե ինչ է նշանակում սպասել գրածիդ մասին կարծիքի:

* * *

Տաքսին ինչպես միշտ ուշացավ եւ մի քանի րոպեում գլուխս նորից լցվեց փողոցի աղմուկով: Այն, ինչ կատարվում էր քաղաքում, նման էր իսկական ալեկոծության: Կառավարությունը որոշել էր թանկացնել առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքների գները, թանկացրել էր տրանսպորտի ուղեվարձը, ավելացրել հարկերը փոքր ձեռնարկատերերի համար: Եվ քաղաքը վերածվել էր մի ընդհանուր պայթունավտանգ զանգվածի: Ու նրա մեջ չէր վտանգը, որ հնարավոր էր բախում կառավարական ուժերի եւ քաղաքացիական անհնազանդություն հայտնած քաղաքացիների միջեւ, թեեւ այդպիսի բախման վտանգը կար եւ կախված էր օդում Դեմոկլեսի թրի պես: Ավելի մեծ վտանգ էր ներկայացնում քաղաքացիական անհնազանդություն հայտնած քաղաքացիների եւ թանկացումները լուռ ու մունջ տանող քաղաքացիների միջեւ կոնտրաստային տարբերությունը: Դա իսկական ճեղք էր հասարակության մեջ, իսկական, եթե ուզում եք, ռասսայական տարբերություն: Եվ այդ տարբերությունը կարող էր վերածվել իսկական խտրականության:

- Ֆրիտյորֆ 26, ձե՞ր հետեւից են ուղարկել տաքսի Քաղաքային Հոսպիտալից,-տաքսիստի ձայնը հետ բերեց ինձ մտքերիս ընթացքից: Նույնիսկ չէի նկատել, թե ինչպես էր եկել մեքենան:

- Այո,- պատասխանեցի:

- Կներեք,- ասաց,- ողջ քաղաքը խցանումների մեջ է,- հազիվ եմ ճանապարհ բացում, բայց հիմա կգնանք շրջանցիկով, ուղիղ ժամանակին հետ կհասնենք:

- Դուք գիտեք,- անտարբեր ասացի ես, նստեցի հետեւի նստատեղին: Հայացքս լուսամուտից դուրս էր, փողոցներով ընթանում էին ցուցարարների երթեր, բակերից անընդհատ ներսուդուս էին անում մարդկանց նորանոր խմբեր: Ոստիկանական ջոկատները, խառնված քաղաքացիների ամբոխի մեջ, խուճապահար եւ մոլորված տեսք ունեին:

- Վիրավո՞ր եք,- հարցրեց տաքսիստը` ցույց տալով վիրակապով ձեռքս:

- Ստից բան է:

- Ցույցի ժամանա՞կ:

- Միամիտ սայթաքեցի ու դիպա դուրս ցցված խողովակին:

- Իսկ ինձ խփեցին դիտմամբ,- նա թեքեց գլուխն, ու ես տեսա այտով մեկ ձգվող սպին:

- Խո՞րն է,- հարցրեցի:

- Բժիշկն ասաց, որ միշտ կմնա:

Լռեցի:

- Իսկ այդ անասունները քթները տնից չեն հանում նույնիսկ:

Նորից լռեցի:

- Պետք է ոստիկաններին թողնել, էս օլիգարխներին թողնել ու դրանց ջանն ընկնել, մեկ առ մեկ ճիպոտով մշակել, տեսնեմ էդ ժամանակ էլ ոչխարի պես կբառաչե՞ն:

«Ոչխարի պես»,- կրկնեցի ես մտքումս:

- Ամեն մի տանը վեր ընկած ջայլամ ջուրն է լցնում մեր ողջ պայքարը:

- Մեր պայքարը բոլորի համար է,- փորձեցի թուլացնել լարվածությունը,- նույնիսկ նրանց ու նույնիսկ օլիգարխների:

- Օլիգարխների, նրանց երեխաների, բայց ոչ երբեք ոչխարների,- կտրուկ վրա բերեց տաքսիստն ու լռեց:

Ես նայում էի նրան հետեւի նստատեղից: Նրա լռությունը ծանր էր: Ինձ թվում էր, թե նրա դեմքի ձախ կողմից, որտեղ սպին էր, ծանր քար է կախված, ու այդ քարն ավելի ու ավելի էր ծանրանում:

* * *

Քաղաքային Հոսպիտալի մոտ մեզ արդեն սպասում էր Արան:

- Ողջույն,- ասաց նա` արագ-արագ մոտենալով մեքենային,- գնանք վերեւ:

Նա դեն նետեց ձեռքի ծխախոտը:

- Եթե այդքան շտապում էիր, միգուցե ուղղաթի՞ռ ուղարկեիր հետեւիցս:

- Հոսպիտալի տրամադրության տակ հիմա ուղղաթիռներ չկան, մի մասը հասցրել ենք ուղարկել ծայրամասեր` ագիտացիոն թռուցիկներ տարածելու, իսկ մյուս մասն առավոտյան առգրավվեց ոստիկանության կողմից:

- Կատակ էի անում,- ասացի ես,- ցույց տուր հետաքրքիր դեպքդ կամ դեմքդ, ի՞նչ է դա:

Նա առաջ ընկավ եւ ուղեկցեց ինձ դեպի Հոսպիտալի հսկայական շենքը, տարավ ընդարձակ ֆոեներով, ահռելի սպասասրահներով, նեղլիկ ու երկար միջանցքներով, գլուխկոտրուկային աստիճանավանդակներով, հրթիռային վերելակներով: Մեր այդ սլացիկ երթն ավարտվեց սեւ մետաղական դռան առջեւ, որն ըստ իս գտնվում էր շենքի արեւելյան թեւում` մոտավորապես 36 եւ 44-րդ հարկերի սահմանում:

Դուռը թակեց որոշակի հերթականությամբ: Քիչ անց այն բացվեց` ի ցույց դնելով բավականին մռայլ եւ ընդարձակ մի տարածք, որն ուներ ցածր առաստաղ եւ փայլուն մոխրագույն հատակ: Սրահի կենտրոնում մետաղական աթոռներ էին, որոնցից մեկը զբաղված էր: Աթոռը զբաղեցրած անձն ուներ գզգզված մազեր, հագած էր անհասկանալի ցնցոտիներ, իսկ խելագար հայացքը սահում էր սրահով մեկ: Արայի առաջնորդությամբ մոտեցանք աթոռներին: Նստեցինք ցնցոտիավոր մարդու դիմաց: Նրա հայացքը փորձեց կանգ առնել մեզ վրա, սակայն չկարողացավ ֆիքսվել բավականաչափ ամուր եւ շարունակեց իր ընթացքը տարածության մեջ:

- Այս մարդուն գտել են արվարձանում, աղբանոցի մոտակայքում: Սկզբում աղբահանները մտածել էին, թե բոմժ է, եւ զանգահարել էին սոցիալական ծառայություն: Իսկ այնտեղ, ինքդ գիտես, թե ինչ է կատարվում հիմա: Հետո զանգահարել էին ոստիկանություն, սակայն ոչ ոք չի պատասխանել, քանի որ հիմա բոլորը դրսում են: Ստիպված զանգահարել են "շտապ օգնություն", եւ ահա այս հրաշքը մեզ մոտ է:

Ես հարցական նայեցի Արային` նա համոզվա՞ծ է, որ այս խղճուկ գիժը հրաշք է:

Կարծես պատասխանելով հարցիս` խելագարի աչքերը սառեցին, նա կենտրոնացավ, սկսեց նայել ինչ-որ տեղ մեզ վրայով ու սկսեց.

- Հիլիոնները սկսեցին սպանդը: Ես այդ ժամանակ առուշների գավառային հետազոտական կայաններից մեկում էի, դրանք ինձ այնտեղ փորձերի էին ենթարկում: Հիլիոնները վերացրեցին այդ գավառը գրավիտացիոն ռումբերով, այրեցին ամբողջը հեղուկ կրակով, իսկ հետազոտական կայանի ավերակների մոտ սկսեցին սպանդը:

Խելագարը լռեց:

Արան շարունակեց նրա փոխարեն:

- Սա նրա պատմության միջին հատվածն է: Նա պատմում է ընդհատումներով եւ առանց ժամանակագրային հերթականության: Որպեսզի քեզ ավելի հասկանալի լինի` նրան մեր ժամանակով հինգ տարի առաջ փախցրել են ոմն առուշներ, որոնք հումանոիդներ էին: Փախցրել են եւ տարել իրենց մոլորակ` ուսումնասիրություններ կատարելու համար: Սակայն այդ ժամանակ առուշների մոլորակի վրա տեղի է ունեցել հիլիոնների հարձակումը: Հիլիոնները, ինչքանով հասկացել եմ, հումանոիդներ չեն:

Ես լսում էի` ժպիտը դեմքիս: Դասական սյուժե է գիտական ֆանտաստիկայի համար: Ինչպես էլ որ երեկոն ավարտվի, ես կարող եմ հանգիստ խիղճ ունենալ, քանի որ մեկ գիտաֆանտաստիկ պատմություն արդեն լսել եմ:

Խելագարը նորից կենտրոնացավ, նորից նայեց ինչ-որ հեռու տեղ.

- Այդ առուշների հետ ես գնացի դեպի մինուսային լեռները` մոլորակն ինչ-որ կերպ լքելու համար: Բայց պարզվեց, այնտեղ արդեն տեղավորված էր հիլիոնների մեկ դիվիզիոն: Նրանք շրջապատեցին մեզ եւ սկսեցին հերթով սպանել առուշներին եւ նրանց հետ հետազոտական կայանից փախած բոլոր ռասսաներին:

- Իսկ քեզ չսպանեցի՞ն,- հարցրեցի ես` թեեւ Արան նշան էր անում ինձ` լռել:

- Ինձ չսպանեցին:

- Ինչու՞:

- Ես չէի ուզում: Երբ հելիոնը բարձրացրեց իր սուրը, ես առաջ պարզեցի ձեռքերս եւ բղավեցի: Հիլիոնը հետ գնաց, խորհրդակցեց մյուս հիլիոնների հետ եւ ինձ բաց թողեցին: Բայց մյուսներին սպանեցին:

- Իսկ ի՞նչ էին անում մյուսները:

- Ոչինչ, նրանք ուղղակի մահանում էին...

- Իսկ ինչպե՞ս դու հասար այստեղ:

Խելագարը նորից կորցրեց կենտրոնացումը, հայացքը սկսեց լողալ:

Ես դարձա Արային.

- Հմմ...,- ասացի ես:

- Ի՞նչ կասես:

- Դե ես չեմ հոգեբույժ, դուք կտաք դիագնոզը:

- Ի նկատի ունեմ` սրա պատմածը քեզ պետք կգա՞:

Հիշեցի տանը մնացած թղթակույտը:

- Ես մտածեցի, թե քեզ դուր կգա, մանավանդ որ ստեղծեցի տագնապի մթնոլորտ` քեզ շտապեցնելով, հետեւիցդ մեքենա ուղարկելով:

- Լավ, լավ ես մտածել, Ճիշտն ասած իրոք տպավորված եմ, -բարեհամբյուր ասացի ես,- դուրս գա՞նք ծխելու:

* * *

Արան նորից ուղեկցեց ինձ երկար-բարակ միջանցքների լաբիրինթով, մինչեւ հերթական դռները բացելիս չհայտնվեցինք պատշգամբում` ահռելի բարձրության վրա: Դիմացներս քաղաքն էր` ալեկոծվող քաղաքը:

- Ձեռքդ ցույցի ժամանա՞կ ես վնասել,-հարցրեց Արան:

- Այո:

- Այս գիշեր մասնակցելու եմ քաղաքապետարանի դիմաց անցկացվող պիկետին:

Գլխով դրական շարժում արեցի:

- Ի՞նչ ես կարծում սրա պատմածի մասին:

- Նրան փաստորեն չեն սպանել միայն նրա համար, որ չի ուզեցել մահանալ, փորձել է դիմադրել:

- Փաստորեն այդպես է ստացվում:

- Այնպես ենք խոսում, կարծես իրոք այլ մոլորակից է եկել, իսկ պատմածն էլ զուտ ճշմարտություն է,- մի փոքր նյարդայնացա ես:

- Հնարավոր է, որ այդպես է...,- ասաց Արան:

- Իսկ հնարավոր է, որ նա ուղղակի մեր քաղաքից է:

Քամին վազում էր պատշգամբի բազրիքներով, վերցնում մեր սիգարետների ծուխն ու տանում հեռու, գուցե դեպի ցած, դեպի քաղաքը, որի բջիջներն են նրա մարդիկ: Մարդիկ, ովքեր պայքարում են եւ մարդիկ ովքեր համաձայն են խոնարհվել:

Վահե Ղուկասյան

Տպել
1497 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին