Երևան
12 °C
Բեյրութի Բուրջ Համուդ թաղամասում ծնված, մեծացած և 24 տարեկանում հայրենադարձվողների մեծ նավով մայր Հայաստան հասած Հակոբի և լենինականցի Մանիկի ընտանիքում ծնված Հռիփսիմեն հորից ժառանգեց հայ առաքելական եկեղեցու դավանանքին քրիստոնեական անդավաճան նվիրում, խորաթափանցություն, մշտառկա ծարավ գիտելեաց, երգելու շնորհ, մորից՝ աշխատասիրություն: 1953-ի փետրվարին լույս աշխարհ եկած աղջնակը չարաճճի ու հետաքրքրասեր էր, աշխույժ ու կրակոտ: Բնավորության ու խառնվածքի այս գծերն այսօր էլ չեն լքել 72-ամյա Հռիփսիմե Նաջարյանին:
Այնուհանդերձ Գյումրիում գրեթե բոլորին հայտնի հեռուստառադիոհաղորդավար Հռիփսիմե Նաջարյանը մեծ դժվարությամբ է համաձայնում հարցազրույցին: Տնից դուրս գալու, շփվելու ցանկություն որևէ մեկի հետ չունի: Ասում է՝ տեսքն այլևս այն չէ, տրամադրությունը էլ իմ իմացածը չէ վաղուց: Լսում ենք միմյանց, հասկանում և հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերում եկեղեցու բակում:
Իրեն հատուկ շտապողականությամբ մոտենում է: Նույն բարետեսն է՝ խնամված, շպարված, բարեկիրթ: Մեկ-երկու բառ փոխանակում ենք առօրյա կյանքից և հետ պտտում տիկին Նաջարյանի յոթտասնամյակը հատած ու առաջ գլորվող կյանքի անիվը:
Դաստիարակները հանձնարարում էին հետևել երեխաներին, ու գիտե՞ք՝ ինչով էին պարգևատրում ինձ. ջրաներկով
Մանկապարտեզը Հռիփսիմեի կյանքին նոր գույներ է ավելացրել՝ ընկերներ, դաստիարակներ ու ջրաներկ:
Մանկության մասին խոսելիս աչքերում կայծեր են երևում, մտքերը կես դար ու ավել հետ է գլորում, հասնում հայրական տուն, հետո՝ մանկապարտեզ: Անկեղծանում է՝ չարաճճի է եղել:
«Շատ տպավորիչ, հագեցած, գունեղ ու հետաքրքիր էր մանկությունս: Ես շատ աշխույժ եմ եղել, կենսուրախ, միշտ չարաճճի: Մանկապարտեզում երբ գնում էին ժողովի մեր դաստիարակները, հանձնարարում էին, որ հետևեմ երեխաներին: Զարմանալի է, չէ՞, ու ես այդ աշխատանքի համար խրախուսվում էի, ու գիտե՞ք՝ ինչով՝ ջրաներկով: Ասես հիմա էլ զգում եմ ես դրանց հոտը. յուրօրինակ էին: Հիմա՝ տարիների հեռվից՝ առավել»,- ասում է նա:
Դպրոցական տարիները բացահայտել են, որ աղջիկը լավ նկարում է, քայլերը տարել են նկարչական դպրոց: Շատ է սիրել, հաճախել, բայց, ինչպես ինքն է ասում, չխորացավ այդ գործում: Նաև էստրադային խմբում է երգել, խաղացել բեմադրություններում, հետ չի մնացել մրցույթներից, եղել է ուրախների և հնարամիտների «Շիրազ» թիմի անդամ:
«Մրցում էինք տարբեր դպրոցների թիմերի հետ, և մեզ թվաց, որ անիրավացի ցածր միավոր ստացանք: Նամակ գրեցի ես Շիրազին, արդյունքների մասին հայտնեցի, պատմեցի: Նա ինձ պատասխանեց: Երկու ձնծաղիկ էր դրել իր նամակի մեջ, որում գրել էր. «Սիրելի՛ Հռիփսիմե, իմ գյումրուհի՛, իմ հայուհի՛, ստացա հաղթալից ողջույնդ, թող «Շիրազ» թիմին նոր հաղթանակներ լինեն, որոնք համայն հայությանը տանեն հանեն Մասիսն ի վեր»: Երկար տարիներ պահում էի այդ ձնծաղիկները՝ մասունքի նման, հետո դրանք չորացան, երկրաշարժից հետո դժվարությամբ, բայց բաժանվեցի այդ ձնծաղիկներից, իսկ նամակը պահում եմ. թանկ է շատ. իր հրավիրատոմսի վրա էլ գրել էր Շիրազը»,- նշում է զրուցակիցը:
Դպրոցում ուսանել, զուգահեռ երգել, նկարել, մրցեցել և անցել է առաջ: Կրթության մասին մտածել էր պետք և հիմնավոր:
Հենց իլիկի թելը վերջանում էր, Արամ Խաչատրյանի «Գայանեն» էի երգում, ասես սիմֆոնիա լինեին բաբինները
15 տարեկան է եղել, երբ աչքով հայտարարություն է ընկել, որ ժուռնալիստիկայի բաժին ընդունվելու համար երկու տարվա աշխատանքային ստաժ է պետք ունենալ: Մոր օգնությամբ Հռիփսիմեն հայտնվել է Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկայում, աշխատել որպես փաթաթող բանվորուհի: Այստեղ ևս Հռիփսիմեն գույներ, հետաքրքրություն և արվեստ է գտել:
«Ես աշխատում էի ու շատ ճարպիկ էի, իսկ էդ բաբին կոչվածները ոնց որ սիմֆոնիա լինեին, որ պտտվում էին: Հենց դատարկվում էին իլիկները, ես «Գայանեն» էի երգում՝ պառա-պա-պա, պառա-պա-պա, պա-պա-ռա-պա-ռա (ոգևորված երգում է Արամ Խաչատրյանի «Գայանե»-ից փոքր մի հատված -խմբ.): Հաճույքով ու սիրով էի աշխատում, նույնիսկ առաջադիմեցի այնքան, որ ինձ ուղեգիր տվեցին, գնացի շրջագայությունների Հունաստան, Թուրքիա,Կիպրոս, Եգիպտոս: Եվ դա դեռևս 78 թվականին»,- հիշում է նա:
Դպրոցն ու աշխատանքն ավարտելուց հետո զինված գիտելիքներով և պահանջվող ստաժի փաստաթղթով՝ Հռիփսիմեն դիմել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժին: Մեկ միավորով դուրս է մնացել. չի հանձնվել, ուժերը փորձել է նաև հաջորդ տարի: Պատմում է՝ ժուռնալիստիկան փակվել է այդ տարի, բանասիրական բաժինն է ընդունվել, հետո՝ հաջորդ ուստարում, երբ կրկին բացվել է իր ցանկալի բաժինը, արագ տեղափոխվել է ու ընդմիշտ մնացել այդ աշխարհում:
Համալսարանում ուսանելու տարիներին դասախոսները նկատել են, որ լավ սովորելուց զատ՝ Նաջարյանը նաև լավ երգում է: Չեքիջյանի ղեկավարությամբ համալսարանական երգչախմբի անդամ է դարձել:
«Փորձեցին իմ ձայնը այդտեղ, Ռոմիկ կար, ասեց՝ սոպրանո է ձայնդ: Հայերեն, նաև անգլերեն երգեր էինք երգում: Անգլերեն երգերի բառերը հայերեն գրում էի, թե չէ ես ինչ գիտեի դրանց արտասանությունը, առոգանությունը, կարևորը ձայնն ու հնչողությունն էր, որն ինձ մոտ հիանալի էր ստացվում: Շատ բազմազբաղ էի, երանելի ժամանակներ, ի՜նչ դասախոսներ էին, Աստված իմ: Պաշտում էի գրաբարը (ասմունքում է գրաբարով ստեղծագործությունից մի հատված): Պավել Շարապանյանն էր մեր դասախոսը»,- հայացքը փոքր-ինչ թեքում է տիկին Նաջարյանն ու լռում:
Կարճ դադարից հետո վերադառնում է համալսարան: Ասում է՝ լավ է սովորել, սիրով ու նվիրվածությամբ: Դիպլոմային աշխատանքի պատրաստումն էլ հատուկ տեղ ունի նրա կյանքում: Հանրային գրադարանի մշտական այցելուն է եղել աղջիկը:
«Լենինականյան կյանք» գծային-լարային ռադիոն՝ լրագրողական աշխատանքային կենսագրության սկիզբ
Երևանում կրթությունն ավարտելուց հետո Հռիփսիմեն վերադարձել է Լենինական (ներկայիս Գյումրի-խմբ.), աշխատանքի անցել «Լենինականյան կյանք» գծային-լարային ռադիոյում, որը որոշ ժամանակ անց վերակազմակերպվել է որպես 102.5 FM Շիրակի հանրային ռադիո, այնուհետև՝ ՀՌԸ:
Երևանում ուսանած տարիներին աշխատել է և՛ Հանրային ՀՌԸ-ում, և՛ «Հայրենիքի ձայն»-ում, ինչպես նաև թղթակցել «Ավանգարդ»-ին:
«Հրավիրվեցի Բելլա Դարբինյանի տանը՝ հարցազրույցի: Շատ հետաքրքիր ու մտերմիկ զրուցեցինք: Կուզեի նաև առանձնացնել երկրորդ կուրսում «Ավանգարդ»-ում լույս տեսած հոդվածս Մետաքսյա Սիմոնյանի մասին: Ժամանակ չուներ, ես էլ մեկ ամիս հետապնդում էի, արդեն հոգնել էի, բայց մեր դասախոսներն ասում էին՝ քեզ լուսամուտից դուրս են հանելու, դու դռնից ես մտնելու, դռնից հանեն դուրս՝ լուսամուտից ներս կմտնես: Ես էլ ասում էի՝ երբեք նման բան չեմ անի: Բայց ստացվեց հարցազրույցը: Լավ հիշում եմ. ներկայացումից առաջ էր, իր դիմահարդարման սենյակում էինք, ինքը գեղեցկանում էր, որ դուրս գար բեմ, ես արագ-արագ իմ հարցերն էի շարադրում: Նա և՛ շպարվում հարդարվում էր, և՛ բացահայտում դերասան դառնալու գաղտնիքներն ու դժվարությունները, առաջին ծափի բերկրանքն ու էլի շատ բաներ: Մի հմայիչ, փառահեղ տիկին, շատ լավն էր: Ու այդ հարցազրույցից հետո մենք դերասան դառնալու ցանկություն ունեցողներից բազմաթիվ նամակներ ստացանք: Այ նման մեծերին պիտի փառաբանենք, նրանց անցած ուղին ընդօրինակենք, նրանցից սովորելու բան ունենք»,- պատմում է կինը:
«Տեսլա» մեքենա կար, կանգնում էր հրապարակում. տոն օրերի հաղորդավարն էի, խոսում էի հույսով, հավատով. հիմա, ցավոք, լուռ եմ
102.5 FM տիրույթում Նաջարյանին ունկնդիրը ծանոթ է տարբեր հեղինակային հաղորդաշարերից՝ «Գրական չորեքշաբթի», «Վերնատուն», «Երաժշտական խճանկար», «Գոյավիճակ» և այլն:
«Շնչելու ժամանակ չեմ ունեցել, հագեցած էր օրս էլ, կյանքս էլ: Ամուսինս մեկ-մեկ ջղայնանում էր, ասում էր՝ տունը նստի, երեխաներովդ զբաղվիր, չհամաձայնեցի: Երեք տղա ունեմ, դե աշխույժ երեխաներ էին: Մի շնորհալի լրագրող ունեինք, Օլյա էր անունը, ասում էր՝ վիկինգներդ ինչպե՞ս են (ծիծաղում է -խմբ): Սկզբում խմբագիր էի, հետո ինձ ուղարկեցին Երևան, Ջոն Հակոբյանի, Նառա Շլեպչյանի մոտ եմ քննություն հանձնել և այդ ժամանակ ստացել 2-րդ կարգի հաղորդավարի կոչում:
Պատասխանատվությամբ էինք աշխատում, մարդիկ մեզ վստահում, հավատում էին, մենք աջակցում, լուսաբանում էինք խնդիրները: «Տեսլա» մեքենա կար, կանգնում էր հրապարակում, և տոն օրերի հաղորդավարն էի: Հունիսի 1-ին գալիս էին բոլոր մանկապարտեզները, ես հայտարարում էի, իրենք անցնում էին շքերթով, ես խոսում էի հույսով, հավատով: Հիմա, ցավոք, լուռ եմ»,- հիշում է նա:
Այս ստատիկ կյանքը ինձ սպանում է. պատրաստ չէի թոշակառուի կոչմանն ու տանը նստելուն. խեղդվում եմ
«Ցավոք, ես այսօրվան պատրաստ չէի: Երբեք չէի պատկերացնի, որ կարող էի այսպես մեկուսանալ: Սա իմը չէ, այս լռությունը, անընդհատ կենցաղի մեջ ապրելը ինձ համար չեն: Չեմ կարողանում հաղթահարել այս փուլը, դժվարանում եմ, հոգիս տխուր է: Մեկ-մեկ ուզում եմ մտածել, թե երիտասարդ տարիներին տանը չեղած բացս եմ լրացնում, բայց դա էլ հարցի լուծում չէ: Հիմա չեմ աշխատում, բայց դեռ զգում եմ, որ նախկինի նման ինձ ձգում են եթերը, շրջապատը, խոսափողը, կյանքը: Ես այդ ամենից ստրկական կախման մեջ ընկա. դա էլ երևի հիվանդություն էր (կես կատակ, կես լուրջ է անում դիտարկումը -խմբ.)»:
Օրերն այնպես չէ, որ հետաքրքիր ասելիք ունեն հիմա, բայց Հռիփսիմեն փորձում է դուրս պրծնել ստեղծված իրավիճակից: Միշտ չէ, որ ստացվում է: Շատ որ նեղն է ընկնում, արկղերում ամբարած մի ամբողջ կյանքի անձնական արխիվն է բացում, մեկիկ-մեկիկ դնում-վերցնում. «Բազմաթիվ նյութեր ունեմ պահած, բացում եմ, մեկ ջղայնանում, պատռում նետում եմ, մարդկանց ձեռագրային ստեղծագործություններ կան, դրանք եմ դասդասում, ասում եմ՝ տեղ էլ չկա, ախր տունը նեղ է, ես սրանք ինչ անեմ, հետո էլի հավաքում, պահում եմ. չեմ կարողանում բաժանվել դրանցից: Աստվածաշունչ եմ կարդում, բայց ես այսպես չեմ կարող երկար շարունակել: Նստեմ նստարանին նայեմ, թե ով անցավ, ով եկավ, ինչ արեցին. ես խեղդվում եմ, կմահանամ»:
Տիկին Հռիփսիմեն երկար լռում է: Ասում է՝ հոգեպես պատրաստ է աշխատանքի, մասնագիտական առումով խնդիրներ չունի, բայց դժվարություն գուցե ունենա նորագույն տեխնոլոգիաների կիրառման հարցում: Զրույցի վերջում բոլորիս միաբան ու միակամ լինելու հորդոր ունի: Ասում է՝ երկիրը միասնականությամբ է կանգուն մնում, այլ տարբերակ գոյություն չունի:
«Մեր ազգի լինելիությունը, համախմբվածությունը և շարունակականությունը պետք է ապահովել մարդկային բարձր որակներով: Հիմա այս իրականությանը որ նայում եմ, կուչ է գալիս հոգիս, ես ուզում եմ, որ մենք զորեղ լինենք, ումի՞ց ենք պակաս՝ խելքը, միտքը, ստեղծագործական ընթացքը, անվանիները, ուզում եմ մարդիկ սիրեն իրար, չթշնամանան: Շատ հնարավորություններ եմ ունեցել այս երկրից գնալու, բայց մագնիսի նման է Հայաստանն ինձ կապել: Չգիտեմ՝ փոշմանում, թե չեմ փոշմանում իմ ապրած-անցածի համար, բայց հստակ մի բան գիտեմ՝ հնարավորություն լիներ՝ գուցե նույն կերպ կապրեի: Ինչքան կարող եք բոլոր իրավիճակներում միասնական, կիրթ, հավասարակշիռ ու գրագետ եղեք»,- պատգամում է հեռուստահաղորդավարուհին:
Զրույցի վերջում ավելացնում է. «Երկար ճանապարհ եմ անցել, որը եղել է և՛ գողգոթա, և՛ դրախտ, վերելքներով ու վայրէջքներով են հարուստ էջերը կյանքիս: Տարիներ շարունակ ինձ վստահել են ավագ, պատասխանատու, գլխավոր խմբագիրների, Շիրակի հանրային ՀՌԸ-ի գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնները։ Նախկին ԽՍՀՄ ժուռնալիստների միության, ապա՝ Հայաստանի ժուռնալիստների միության անդամ եմ։ Իմ անցած ճամփեքով կրկին կքայլեի, եթե հնարավոր լիներ, և տարիքը բնավ խնդիր չէ: Ուղղակի հիմա մարդիկ են այլ, մտածողություն ու վերաբերմունք է փոխվել»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ
Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը. տեղի է ունեցել ՔՊ Քաղաքական ժողովը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ
Արցախցիների հանրահավաքը՝ բարձրությունից. լուսանկար
Իսրայելական ուժերը 48 ժամվա ընթացքում հարվածել են Գազայում շուրջ 250 թիրախի
«Իմ Քայլը»-ի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի մասնակիցները Չինաստանում ամառային ճամբարի են մասնակցել
Ի՞նչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Թեհրանի համագործակցությունն ԱԷՄԳ-հետ չի դադարեցվել, կշարունակվի նոր ձևաչափով․ Արաղչի
Մանկական կաթի վկայականով Երեմյան կաթնամթերքը միակն է․ տեսանյութ․ լուսանկարներ
Արմավիրում բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Սյունիքի և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
Ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի տնտեսության համար մոտ 2 տրիլիոն դոլար է արժեցել. Էրդողան
Երևանի երկու վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
SOCAR-ն ու Սիրիայի կառավարությունը փոխըմբռնման հուշագիր են կնքել
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
«ՔՊ 6-րդ Քաղաքական ժողովը տեղի ունեցավ Գորիսում». վարչապետը տեսանյութ է հրապարակել
Շղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց է տեղափոխվել հղի կին
Բաքվում ընթանում է Ադրբեջանի ու Սիրիայի նախագահների հանդիպումը
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները
Երեխայի իրավունքների ոլորտում ՄԻՊ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը արգելված է․ հայտարարություն
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ
Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան պայմանավորվել են ամրապնդել ռազմավարական երկխոսությունը
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսաբի առաջին գյուղին
Կապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ ու վիրավոր
ԼՂ առաջին պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջրաշեն տանող ճանապարհին
Հայաստանն ու Վրաստանը մշակույթի բնագավառում համագործակցության ծրագիր են ստորագրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT