Դաշտն ազատականացված է, ուսուցիչն ինքնուրույն կարող է ընտրել. ինչ են առաջարկում վերապատրաստող կազմակերպությունները

31/05/2021 schedule15:35

Ձախից՝ Արտաշես Թորոսյան, Արևիկ Պետրոսյան, Վահրամ Սողոմոնյան

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչները օգոստոսի երկրորդ կեսից մինչև նոյեմբերի 30-ը պետք է պարտադիր վերապատրաստում անցնեն: Այդ նպատակով երաշխավորվել է 42 կազմակերպություն, այժմ էլ կրթության նախարարությունը վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկում ընդգրկվելու համար հայտերի ընդունման երկրորդ փուլ է հայտարարել:

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն Արտաշես Թորոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշեց, որ երաշխավորման երկրորդ փուլից հետո կազմակերպությունների մասին ինֆորմացիան ամբողջապես հասանելի կլինի դպրոցներին, որից հետո ուսուցիչները հնարավորություն կունենան ընտրելու, թե որ կազմակերպության դասընթացին են ցանկանում մասնակցել: Վերապատրաստումներից մեկ ամիս հետո կիրականցվի պարտադիր ատեստավորումը:

«Վերապատրաստման ծրագրով նախատեսված է, որ յուրաքանչյուր բաժնի ավարտից հետո կազմակերպությունը գիտելիքների ստուգում կազմակերպի: Եթե ամփոփիչ ստուգողական աշխատանքի միջոցով պարզվի, որ ուսուցիչը նյութը յուրացրել է ու աշխատանքից բավարար արդյունք է ապահովել, ուսուցիչը կստանա տվյալ բաժնի համար նախատեսված կրեդիտը: Բացի այդ՝ ԿԶՆԱԿ-ն իր հերթին նույնպես կարող է կա՛մ ներկա լինել գրավոր աշխատանքին, կա՛մ առանձին իրականացնել գիտելիքների ստուգում, ընտրովի եղանակով»,- ասաց նա:

Խոսելով ԿԶՆԱԿ-ի կողմից իրականացվող գնահատման մեխանիզմների մասին՝ Արտաշես Թորոսյանը նշեց, որ դրանք մի քանիսն են լինելու.

«Գնահատման մի քանի մեխանիզմ ունենք, օրինակ՝ ուսումնական պրոցեսի մոնիթորինգի հատուկ մեթոդիկան, երբ աշխատանքների որոշակի հատվածներ 10-15 վրկ տևողությամբ տեսանկարահանվում են, հետո վերլուծվում են, բացի դրանից՝ օրվա ընթացքում զանգելու ենք ուսուցիչներին և հարցեր ենք տալու այդ օրվա թեմայի վերաբերյալ՝ հասկանալու համար մասնակցել են, թե ոչ, ինչ են սովորել և այլն: Եթե զգանք, որ խնդրահարույց ինչ-որ հարցեր կան, մեր փորձագետները կայցելեն և տեղում կծանոթանան իրավիճակին: Փորձագետներ ունենալու ենք նաև մարզերում, որոնք անընդմեջ հաճախելու են վերապատրաստման վայրերը, ստուգելու են մասնակիցների ներկայությունը, դասալսումներ են անելու և հարցազրույցներ են կազմակերպելու մասնակից ուսուցիչների հետ»:

Արտաշես Թորոսյանը նշեց նաև, որ ուսուցիչների կողմից գնահատվելու են նաև վերապատրաստող կազմակերպությունները. անբավարար գնահատականի դեպքում վերապատրաստող կազմակերպությունը կզրկվի վերապատրաստում իրականացնելու իրավունքից:

Հիշեցնենք, որ վերապատրաստման գործընթացը վերջին երկու տարվա ընթացքում չի իրականացվել, քանի որ դրա համար պատասխանատու հիմնական մարմինը՝ Կրթության ազգային ինստիտուտը, լուծարվել էր:

Ուսուցիչների պարտադիր վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորություն ստացած «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը նշեց՝ ի տարբերություն նախկին վերապատրաստումների՝ դաշտը հիմա ավելի ազատականացված է, և ուսուցիչն ինքնուրույն կարող է ընտրել, թե որ կազմակերպության դասընթացին է ցանկանում մասնակցել:

«Հավանաբար նախկինում մի փոքր այլ տրամաբանություն է գործել վերապատրաստման գործընթացում, որոշակի ինչ-որ ստվերային պայմանավորվածություններ են եղել, երբեմն տնօրենները շատ մեծ ազդեցություն են ունեցել, թե որտեղ պետք է վերապատրաստվեն ուսուցիչները: Բայց այստեղ շատ կարևոր է, որ իսկապես ուսուցիչն ազատ ընտրություն կատարի, և նրա համար որոշիչը լինի վերապատրաստման որակը, այլ ոչ թե  ծանոթ-բարեկամ և այլ հանգամանքներ: Այդ առումով, կարծում եմ, դրական է այս բազմազանությունը, բայց պետք է նաև անպայման ջանքեր գործադրենք, որպեսզի որակ  ապահովվի»,- նշեց նա:

Վահրամ Սողոմոնյանը, խոսելով իրենց կազմակերպության կողմից իրականացվող վերապատրաստումների մասին, նշեց, որ իրենք բոլոր բաղադրիչներով ծրագիր են ներկայացրել հայոց լեզու և գրականություն, անգլերեն, գերմաներեն, մաթեմատիկա, պատմություն, հասարակագիտություն, կենսաբանություն, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա, տեխնոլոգիա առարկաների համար, ինչպես նաև վերապատրաստումներ կիրականացնեն տարրական դպրոցի ուսուցիչների համար:

«Մենք վերապատրաստումը կիրականացնենք Երևանում և Հայաստանի 7 մարզերում՝ Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի մարզում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում: Այդ մարզերում ունենք նաև գործընկեր վերապատրաստողներ: Հույս ունենաք, որ հետագայում կարող ենք նաև այլ մարզերում ընդլայնել մեր գործունեությունը»,- ասաց նա, ապա հավելեց.

«Մեր ծրագրում մենք աշխատել ենք իրավական, մասնագիտական զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր հատվածներում ունենալ նաև առանձնակի ու հատուկ շեշտադրումներ՝ մասնակցային մշակույթի, կարողունակությունների՝ կոմպետենցիաների վրա հիմնված ուսուցման վրա ենք շեշտը դրել, նաև հոգեբանության հատվածում ունենք շատ հետաքրքիր թեմաներ, որոնք ուսուցիչների համար, կարծում եմ, հետաքրքիր պետք է որ լինեն: Աշխատել ենք յուրահատուկ ուղղություններով ավելի ընդգծված թեմաներ ունենալ, որոնք կարող են ավելի օգտակար լինել: Օրինակ՝ օրենսդրական հատվածում մենք շեշտը դնելու ենք ժողովրդավարության սկզբունքի վրա, կրթական օրենսդրության մեջ՝ երեխաների իրավունքների, անհատական, անձնական տվյալների պաշտպանության, ընտանեկան բռնության հարցերի վրա, նաև բուլինգի, մասնագիտական այրման հարցերին ենք ուշադրություն դարձնում հոգեբանություն բաժնում, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում համակցված ուսուցման մոտեցումների վրա ենք շեշտը դնելու: Բայց մասնագիտական զարգացման տեսանկյունից ամենակարևորը կարողունակությունների վրա հիմնված ուսուցումն է, եւ մենք փորձելու ենք հատկապես փորձարկել նոր չափորոշիչներով նախատեսված դրույթները, ուսուցչի համար այն գործիքները, որ կարող են օգտագործվել կոմպետենցիաներ, հմտություններ զարգացնելու համար»:

Վահրամ Սողոմոնյանի խոսքով՝ իրենք փորձել են վերապատրաստողների ուժեղ թիմ հավաքել, որպեսզի բովանդակային մասը դրականորեն աչքի ընկնի. մոտ 50 մասնագետների ցանկում ներառված են Սերոբ Խաչատրյանը, Անուշ Ալեքսանյանը, Թամար Ալեքսանյանը, Միշա Թադևոսյանը, կրթական օրենսդրության մասնագետ Հովհաննես Ստեփանյանը և այլք:

«Նոր ժամանակի կրթություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կազմակերպությունը երաշխավորվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումներ իրականացնելու համար ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, կերպարվեստ, անգլերեն, ռուսերեն, պատմություն առարկաների, ինչպես նաև դասվարների վերապատրաստում իրականացնելու համար:

«Մեր կազմակերպությունը վերապատրաստումներ իրականացնում էր մեր հիմնադրման օրվանից՝ 2020 թվականից: Մինչ հիմա իրականացրել ենք տարբեր ծրագրեր, ունենք հեղինակային մի շարք ծրագրեր՝ «Ուսմասվար», « Քարշիչ ուժ», «Ակտիվ դասարան», «Հզոր դասղեկ» և այլն: Երկու երաշխավորություն ևս ստացել ենք հանրակրթական և միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների վերապատրաստման գործընթաց կազմակերպելու համար: Մեզ դիմած 70 հավակնորդներից 83 տոկոսը ստացան հավաստագրեր: Մինչ այժմ մոտ 550 ուսուցիչներ մասնակցել են մեր տարբեր վերապատրաստումներին, և նրանց կողմից գոհունակությունը ևս մեծ է»,- նշեց նա:

Արևիկ Պետրոսյանն իրենց վերապատրաստումների առավելություններից նշում է այն, որ ուսուցիչներին լայն հնարավորություն է տրված ինքնուրույն ընտրել վերապատրաստման իրենց հարմար գրաֆիկը.

«Ուսուցիչների պարտադիր վերապատրաստումներն իրականացվելու են ինչպես խմբային համակարգին, այնպես էլ ուսուցման կոլեկտիվ եղանակին բնորոշ մեթոդիկաներով: Յուրաքանչյուր մասնակցի համար կազմվում է անհատական ուսուցման պլան՝ անհատական երթուղի և ժամանակացույց: Կազմակերպությունը մասնակիցներին առաջարկում է մասնակցության 12 տարբերակ՝ թե՛ ժամանակային տարբեր ռակուրսներով, թե՛ մեթոդիկաներով: Առաջարկում ենք և՛ առկա, և՛ հեռավար, և՛ հիբրիդ տարբերակներ՝ երկարաժամկետ և կարճաժամկետ, այսինքն՝ այդ 110 ժամը ուսուցիչն ինքը կարող է ընտրել, ենթադրենք՝ 13-15 օրերի մեջ, թե՞ մեկ ամսվա մեջ անցնի: Նշեմ, որ հեռավար հանդիպումներն իրականացվելու են Zoom և MS Teams, Messenger Room և Gmail հարթակների միջոցով: Ծրագրի ավարտին ուսուցչին տրամադրելու ենք էլեկտրոնային փաթեթ, որտեղ կներառվեն բոլոր փաստաթղթերը, գործիքները, որոնք նրանք կարող են օգտագործել իրենց աշխատանքային պրակտիկայի ընթացքում»,- ասաց նա:

Երաշխավորություն ստացած կազմակերպության փոխնախագահը ընդգծեց, որ կազմակերպության բոլոր վերապատրաստողները երկարամյա վերապատրաստման փորձ ունեցող մասնագետներ են՝ ուսուցիչներ, տնօրեններ, փոխտնօրեններ, նաև տարբեր բուհերում դասավանդող մասնագետներ.

«Մեր թիմը երիտասարդ թիմ է. դրա մեջ է նաեւ մեր ՀԿ-ի առաքելությունը: Հասարակական կազմակերպությունը ավելի շատ թվով երիտասարդների է ներգրավում, դա նպաստավոր դաշտ է ստեղծում բոլորիս համար, բերում է նոր մոտեցումներ ու նոր որակներ։

Ծրագրի յուրաքանչյուր բաժինը համապատասխան մասնագետն է վարելու, այսինքն՝ հոգեբանության մասը հոգեբանն է վարելու, մանկավարժության մասը մանկավարժն է վարելու, ՏՀՏ գործիքները սովորեցնելու և վերապատրաստելու է ՏՀՏ մասնագետը, այսինքն՝ վերապատրաստող մենք մի մասնագետի չենք տալիս բոլորը. մասնագիտական մասն է միայն առարկայական մասնագետը վերապատրաստելու»,- նշեց նա:

Արևիկ Պետրոսյանը հավելեց նաև, որ երկրորդ փուլին երաշխավորություն ստանալու համար դիմել են նաև վերապատրաստման երկու՝  «Ուսմասվար» և «Քարշիչ ուժ» դասընթացների համար, որի արդյունքները պարզ կլինեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:

«Այդ երկու ծրագրերը մեր ՀԿ-ն դեռ անցած տարվանից է իրականացրել, և արդեն ունենք վերապատրաստվածներ: Հիմա այդ ծրագրում որոշակի փոփոխություններ ենք կատարել և այնպես արել, որ մեզ մոտ վերապատրաստվածներն էլ կարողանան վկայականը ներկայացնել և համապատասխան կրեդիտը ստանալ: Եվ եթե այդ ծրագրերով վերապատրաստված ուսուցիչները դիմեն ատեստավորման, ապա այդ դասընթացի համար պետության կողմից տրամադրված գումարը կազմակերպությունը կփոխհատուցի»,- ասաց նա:

Մարիամ Գևորգյան

Տպել
8113 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին