Ստեփանակերտի այն հատվածներում, ուր ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք, այլև զինծառայող չկա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը ներկայացնում է հարցազրույցի հայերեն տարբերակը:

Ֆրանս 24 - Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարցազրույց տալու Ձեր համաձայնության համար։ Վստահաբար, ձեր տարածաշրջանը շատ դժվարին ժամանակներ է ապրում այս օրերին։

Ես կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել մի քարտեզի վրա, որն այս պահին լայնորեն շրջանառվում է միջազգային հարթակներում։ Հնարավոր է, որ Դուք համաձայն չեք այդ քարտեզում պատկերվածի հետ։ Այնտեղ Հայաստանը գտնվում է ձախ մասում, իսկ Ադրբեջանը՝ աջ կողմում, և այն, ինչ կարմիրով ներկված է որպես ադրբեջանական տարածք, վիճելի շրջանն է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության, որը նախորդ դարի 90-ականների սկզբին անկախություն հռչակեց, ինչն առ այսօր չի ճանաչվել ՄԱԿ-ի գեթ մեկ անդամ երկրի կողմից, ներառյալ Հայաստանը։

Վերջերս մենք ականատես եղանք խնդրի լուծման չափազանց կոշտ մոտեցումների։ Մասնավորապես, Դուք գնացիք Լեռնային Ղարաբաղ և հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այստեղ կրկին ես պետք է հիշատակեմ, պարոն վարչապետ, որ ՄԱԿ-ի անդամ երկրներից և ոչ մեկը համաձայն չէ այդ ձևակերպման հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ես Ձեր ցուցադրած քարտեզը, ցավոք սրտի, չեմ տեսնում, և դրա հետ կապված որևէ մեկնաբանություն անել չեմ կարող: Ինչ վերաբերում է Ձեր նշած հայտարարությանը, շատ կարևոր է իմանալ Լեռնային Ղարաբաղի հարցի պատմությունը, որովհետև Ձեր խոսքի մեջ էլ Դուք ասացիք՝ վիճարկվող տարածք: Ցավոք, ինչ-որ պահի միջազգային լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի հարցը ներկայացնում են որպես տարածքային վեճ: Եվ սրա պատճառն այն է, որ մոռացության է մատնվել Լեռնային Ղարաբաղի հարցի ծագման պատմությունը:

1988 թվականին Խորհրդային Միության ժամանակներում, երբ տեղի էր ունենում վերակառուցման և ժողովրդավարացման գործընթաց, Ղարաբաղի ժողովուրդը, օգտվելով գորբաչովյան բարեփոխումների շրջանից, որոշեց վերականգնել իր իրավունքները: Իսկ իրավունքը խախտվել էր Խորհրդային Միության ձևավորման շրջանում, երբ Ստալինի կամայական որոշման հետևանքով 80 տոկոս հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կցվեց Խորհրդային Ադրբեջանին և ոչ թե դրվեց Խորհրդային Հայաստանի կազմ: Եվ ահա 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանին միավորվելու վերաբերյալ որոշում, և դա բացարձակապես խաղաղ գործընթաց էր: Ընդ որում՝ ցանկանում եմ ընդգծել, որ այն ժամանակ այդ շարժումն ընկալվում էր որպես Խորհրդային Միության ժողովրդավարացման գործընթաց, և շատերը Եվրոպայում ասում էին, որ Ղարաբաղյան շարժման սկսած պրոցեսի արդյունքում էր, որ փլուզվեց Բեռլինի պատը: Եվ ահա այս խաղաղ քաղաքական որոշմանը Խորհրդային Միությունը և Խորհրդային Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ իրականացնելով հայերի սպանություններ Սումգայիթ և Բաքու քաղաքներում: Եվ ահա այսպես ծագեց կոնֆլիկտը:

Ինչ վերաբերում է արդեն Խորհրդային Միության փլուզման ժամանակաշրջանին, երբ Խորհրդային Ադրբեջանը հռչակեց անկախություն Խորհրդային Միությունից, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, օգտվելով խորհրդային այն օրենսդրությունից, որ եթե խորհրդային հանրապետությունն անկախություն է ստանում, նրա կազմում գտնվող ինքնավար միությունը կարող է իր կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել, կայացրեց որոշում և հռչակեց իր անկախությունը: Ինչ վերաբերում է նրան, որ մինչև հիմա ոչ ոք չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը, դրա համար էլ Ղարաբաղի ժողովրդի և հայ ժողովրդի պայքարը շարունակվում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն օգտագործելու, իրացնելու հնարավորություն ունենա:

Իսկ ինչո՞ւ է Արցախը, Լեռնային Ղարաբաղը Հայաստան: Եթե Դուք այսօր լինեք Ղարաբաղում, կտեսնեք այնտեղ 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցն ստեղծվել է հենց Լեռնային Ղարաբաղի տարածքում: Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը և ավելին միշտ եղել են հայեր: Իսկ Հայաստան նշանակում է հայերի երկիր, և Լեռնային Ղարաբաղն իր ողջ պատմության ընթացքում եղել է հայերի երկիր: Եվ ուզում եմ ընդգծել նաև, որ, այո՛, սա ոչ թե տարածքային վեճ է, սա մարդկանց իրավունքի իրացման խնդիր է, որովհետև, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, 1988 թվականին այդ գոյութենական վտանգը եղել է:

«Ֆրանս24» - Պարոն վարչապետ, Դուք նշեցիք Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի մասին։ Ես կուզենայի վկայակոչել միջազգային իրավունքի շրջանակում առկա կարգավորումները։ Մասնավորապես, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել են մի շարք բանաձևեր, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղին, և Դուք գիտեք, պարոն վարչապետ, այնտեղ նշված է՝ օկուպացված տարածքներ, ինչը ենթադրում է, որ այդ տարածքներն օկուպացվել են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ո՞վ է օկուպացրել: Եթե ուշադիր նայեք այդ բանաձևերը…

«Ֆրանս24» - Օրինակ, 62243 բանաձևի մեջ նշված է՝ Ադրբեջանի օկուպացված տարածքներում, որից հետևում է, որ Ադրբեջանը չէ, որ օկուպացրել է իր սեփական տարածքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես շարունակեմ իմ նախադասությունը: Ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում էր գոյութենական վտանգի առաջ: Մինչև շարժում սկսելն այդ գոյութենական վտանգը սողացող էր՝ այն առումով, որ Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված էր հայկական ինքնության դեմ: Իսկ շարժումը սկսվելուց առաջ այդ գոյութենական վտանգն արդեն դարձավ ուղիղ սպառնալիք, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայության դեմ օգտագործվում էր ուժ: Եվ անկախության հռչակման այդ շրջանում ամբողջական ռազմական գործողություններ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ: Քաղաքները, գյուղերը, բնակավայրերը ռմբակոծվում էին, և մարդիկ հնարավորություն չունեին շուրջ 2 տարի իրենց բնակարաններում, իրենց տներում ապրելու: Եվ քանի որ ոչ մի միջազգային ուժ չէր կանգնեցնում այս պրոցեսը, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանական ուժեր ձևավորեց, և ինքնապաշտպանական ուժերի գործունեության արդյունքում այդ հրետակոծություններն ու հրթիռակոծությունները պարզապես ստիպված էին հեռու տանել իրենց տներից:

Եթե Դուք ուշադիր նայեք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, կտեսնեք՝ այդտեղ հստակ գրված է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և դրա արդյունքում կորցրել է տարածքներ, և այդ տարածքները կորսվել են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի, տեղի հայկական ուժերի գործունեության արդյունքում: Այսօր էլ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, և դա կարող է կրկին բերել ծանր հետևանքների ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Ադրբեջանի համար:

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, քիչ ժամանակ է մեզ մնացել։ Ես կուզենայի անդրադառնալ այն հռետորաբանությանը, որն օգտագործվում է Ձեր կողմից Թուրքիայի առնչությամբ։ Դուք ասում եք, որ Թուրքիան ուղղակիորեն և բացահայտ կերպով աջակցում է Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջոցներով։ Դուք պնդում եք, որ Թուրքիան ներգրավված է հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ցեղասպանական նկրտումներում։ Այնքան էլ մեծ չէ աջակցությունը Ձեր միջազգային գործընկերներից, մասնավորապես Ռուսաստանից։ Արդյոք Դուք գտնում եք, որ աշխարհը ճիշտ չի ընկալում խնդիրը կամ անտարբեր է դրա նկատմամբ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ եկեք արձանագրենք, որ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն արդեն ընդունել են, որ Թուրքիան ներգրավված է ռազմական գործողություններում, և Թուրքիան է հրահրել այս ռազմական գործողությունները:

Երկրորդը՝ միջազգային հանրության բազմաթիվ ներկայացուցիչներ, երկրներ, պետություններ՝ Ռուսաստանը, Իրանը, Ֆրանսիան, այլ երկրներ, ընդունել են, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ և ահաբեկիչներ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը ձեռնարկելու համար: Եվ, ըստ էության, ես հստակ ասում եմ, որ, այո՛, Թուրքիան վերադարձել է 100 տարի անց Հարավային Կովկաս՝ հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը շարունակելու համար: Բայց դա ունի շատ կոնկրետ պրագմատիկ նպատակ՝ որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ նրա էքսպանսիոնիստական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք շարունակելու համար: Եվ այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի հետ հարաբերություններում, Կիպրոսի հետ հարաբերություններում, և աշխարհը պետք է առերեսվի այս փաստի հետ: Ես ասել եմ, որ եթե այս փաստը պատշաճ ձևով գնահատականի չարժանանա, Եվրոպան պետք է Թուրքիային սպասի Վիեննայի մերձակայքում:

«Ֆրանս24»- Պարոն վարչապետ, մենք քիչ ժամանակ ունենք, բայց ես կուզենայի ևս մեկ հարց ուղղել Ձեզ։ Վերջերս պատասխանելով քաղաքացիական անձանց սպանություններին առնչվող հարցադրմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրեց Հայաստանին ռազմական տեխնիկան քաղաքացիական բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայելու մեջ, ինչն էլ իր կարծիքով հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Ձեր մեկնաբանությունը, պարոն վարչապետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, վերջերս տեսանյութ է հրապարակվել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի ռմբակոծությունների մասին, և միջազգային լրատվամիջոցները նկարահանել են այդ տեսարանները: Եվ ես ուշադրություն դարձրի, որ այդ տեսարաններում, այն տեղերում, որտեղ ռումբեր են նետվում, ոչ միայն զինվորական ենթակառուցվածք չկա, այլև ընդհանրապես ոչ մի զինվորական չկա: Դա արվում է ցեղասպան քաղաքականության շրջանակում: Ալիևը, Ադրբեջանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հայությանը ցեղասպանության ենթարկել՝ սպանելու, տեղահանելու և էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով:

Եվ կարող են միջազգային լրատվամիջոցները վկայել դա, որ Ստեփանակերտում ընդհանրապես տեղի է ունենում հետևյալը՝ ուղղակի քանդվում են մարդկանց տները, որ նրանք հետագայում այդտեղ ապրելու հնարավորություն չունենան: Եվ սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի առաջ է, և այս հարցի լուծումը մեկն է՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի շրջանակում: Որովհետև Լեռնային Ղարաբաղը, Լեռնային Ղարաբաղի հայությունը չի կարող գոյություն ունենալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Դա ուղղակի բացառված է, և միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եվ ես ուրախ եմ, ի դեպ, որ տեղական ինքնակառավարման, քաղաքային խորհուրդների մակարդակում Եվրոպայում այս պրոցեսն սկսել է: Եվ հույս ունենք, որ այն ալիքաձև կտարածվի:

«Ֆրանս24» - Պարոն վարչապետ, և ամենավերջին հարցը։ Դուք աննախադեպ մեծ հեղինակություն եք վայելում Ձեր երկրում։ Միջազգային հանրությունը չափազանց բարյացակամ վերաբերմունք դրսևորեց Ձեր կառավարության հանդեպ։

Բոլորովին վերջերս՝ 2018 թ.-ին խաղաղ գործընթացի արդյունքում, որը հայտնի է որպես Թավշյա հեղափոխություն, Դուք եկաք իշխանության։ Ինչու՞ չեք օգտագործում Ձեր հեղինակությունը բովանդակալից բանակցություններ սկսելու համար, որն ինչպես Դուք գիտեք, ենթադրում է փոխզիջում` տարածքային զիջումներ, որը շատ ավելի լավ տարբերակ է, քան այն մահերն ու ավերածությունները, որը մենք տեսնում ենք այսօր և որի ականատեսն ենք եղել տասնամյակներ շարունակ ձգձգվող հայ-ադրբեջանական այս հակամարտության ընթացքում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես փորձել եմ անել դա և կոմպրոմիս եմ առաջարկել, բայց բանակցային այդ պրոցեսների ընթացքում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը, հիմա նաև՝ Թուրքիան, որևէ կերպ չեն ուզում հրաժարվել ցեղասպանության քաղաքականությունից: Եվ ես էլի ասում եմ, որ այս խնդիրն այսօր առավոտ ևս այլ լուծում չունի, քան «անջատում՝ հանուն փրկության» բանաձևի կիրառումը: Որովհետև Ադրբեջանը, հիմա նաև Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ, մի խնդիր է դրել իր առաջ՝ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն:

«Ֆրանս24» - Կարո՞ղ եք ավելի կոնկրետ ներկայացնել, պարոն վարչապետ, թե ինչ զիջումների եք պատրաստ Դուք գնալ։ Ես Ձեզ կխնդրեի այդ ենթատեքստում անդրադառնալ նաև այսպես կոչված բուֆերային գոտուն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իհարկե, կարող եմ ավելի կոնկրետ: Երբ ես դարձա վարչապետ, ես նախ առաջարկեցի հետևյալ բանաձևը: Գիտեք, ինչ, անընդհատ խոսվում է զիջումների մասին: Նախ մենք պետք է հայեցակարգ ունենանք՝ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Եթե որևէ մեկը կարծում է, որ հայկական կողմը միակողմանի զիջումներ պետք է անի, խոսում է հայկական կողմի կապիտուլյացիայի մասին: Դա հարցի կարգավորում չէ: Ես առաջարկել եմ, որ մենք նախ հայեցակարգային մակարդակով հասկանանք լուծման բանաձևը: Եվ ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես բանակցային գործընթացում ներգրավված առաջին ղեկավարն եմ, ով ասում է, որ որևէ լուծում պետք է նաև հակառակ կողմի համար ընդունելի լինի: Բայց Ադրբեջանը շարունակել է իր դիրքորոշումը՝ ասելով, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի միայն Ադրբեջանի և Ադրբեջանի ժողովրդի համար, որը, ըստ էության, նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտումների միջոցով հայերից պետք է մաքրվի:

«Ֆրանս24»- Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, մենք կուզենայինք Ձեզ ավելի շատ հարցեր տալ։ Սակայն, ցավոք սրտի, ժամանակակը թույլ չի տալիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շնորհակալ եմ:

Տպել
3929 դիտում

Ընտրողի կատարած քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելիս, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել

Պետությունը հաստատակամ է՝ ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար եւ թափանցիկ իրացումը. Արարատ Միրզոյան

Անթույլատրելի է գերիների հարցը սակարկության առարկա դարձնելը. Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահին

Արարատ Միրզոյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնային

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահին

Երթևեկության փոփոխություն Գայի պողոտայում

Որոշ երկրներում կորոնավիրուսը գլուխ է բարձրացնում

Արարատ Միրզոյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Անտոնիո Գուտերեշը վերընտրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դաշինքի թեկնածուն, ՃՈ ծառայողն ու ևս 1 անձ ձերբակալվել է կաշառք բաժանելու և կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով

Ընտրական գործընթացները չպետք է որևէ կերպ ազդեն սահմանների անվտանգության վրա. նախագահի հեռախոսազրույցը Հարությունյանի հետ

Հայաստանը «Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել

Կանայք ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից ծեծի չեն ենթարկվել. ծառայությունը հերքում է տարածված տեղեկությունը

Իրանում վթարվել է քվեատուփերով ուղղաթիռը. մեկ մարդ զոհվել է

Եվս 1 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի որոնողական աշխատանքների արդյունքում

Ձերբակալվել է «Պատիվ Ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանը. Արսեն Բաբայան

Իբրահիմ Ռաիսին հաղթում է Իրանի նախագահի ընտրություններում

Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը. այս և այլ հիշեցումներ ՀՀ դատախազությունից

Նիգերիայի իսլամիստ զինյալների թիրախում դարձյալ դպրոցականներն են

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության անդամներին

Նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույցներ է ունեցել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանի և ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հետ

Պենտագոնը դուրս է բերում իր զինուժի մեծ մասը Մերձավոր Արևելքից

Միրզոյանը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանն է ներկայացրել ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդիրը

ՀՀ գլխավոր դատախազությունը վաղն ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ

Յալթայում ջրհեղեղի հետևաքով 18 մարդ տուժել է, 1-ը՝ մահացել

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել սրտային վիրաբույժ Միհիր Սուսանիին

Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր, կատարել ձեր ընտրությունը. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք. Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է ժողովրդին (տեսանյութ)

Բայդեն-Պուտին հանդիպումը կնպաստի ԵՄ-Ռուսաստան երկխոսությանը

Պացիենտներին հարկադրաբար հավաքի տանելու մասին տեսանյութի կապակցությամբ ստուգողական գործողություն կիրականացվի

Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել է 18 նյութ. ՔԿ

Ավիավթար Ռուսաստանի Կեմերովոյի մարզում

ՀՀ դատախազությունը ընտրությունների օրը հնարավոր հանցավոր գործողություններից զերծ պահելու նպատակով տեսանյութ է հրապարակել

Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

Ոչ պաշտոնապես հայտնի է Իրանի նախագահի ընտրություններում հաղթած թեկնածուն

Զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

Հաստատվել է կորոնավիրուսի 81 նոր դեպք. փաստացի բուժում է ստանում 2.578 պացիենտ

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է. Քննչական կոմիտե

Քվեարկե՛ք արդար ու ազատ, հաշվետու եղեք միա՛յն ձեր խղճին. ՀՀ նախագահ (տեսանյութ)