Տագնապ ա իլալ, վազ ընք տուալ, բեզպիլոտնիկը տեսալ. արցախցի փոքրիկներն ամենից շատ հայրիկներին են կարոտում ու տունը

«Շատ էի ուզում, որ տունս լցվի, շատ էի ուզում հարս ու թոռներ ունենամ, հիմա իմ ուզածն է, տունս հարսներով ու երեխեքով լցվեց»,- սեղան պատրաստելու աշխատանքները համակարգելով՝ ասում է տիկին Նարինեն:

Նրա տունն առավել լի է եղել մոտ երեսուն տարի առաջ: 24 հոգի է նստել մի սեղանի շուրջ. Ադրբեջանի ջարդերից մի կերպ խուսափած, Հայաստան հասած մոտ 2 տասնյակ հյուր է ընդունել Երեւանի իր փոքրիկ բնակարանում: Հիմա էլ նրա տանն են հյուրընկալվել արցախցի Իրան ու Լենան՝ իրենց չորս փոքրիկներով: Նրանց ամուսիններն Արցախի սահմաններն են պաշտպանում: Մարտադաշտում է նաև տիկին Նարինեի աղջկա ամուսինը. կամավորագրվել է ու գնացել սահման: Նրանք երկու պստլիկ երեխա ունեն, երրորդն էլ շուտով պիտի ծնվի: Ամուսինը վիրավորվել էր արկի բեկորից, հրաժարվել է Երևան բուժման գալուց, վիրակապով վերադարձել է կռվի դաշտ:

Իրան ու Լենան պատմում են սեպտեմբերի 27-ի առավոտվա մասին, երբ Արցախի անամպ երկինքը միանգամից մթագնեց չտեսնված թափով արկակոծումից:

«Մեզ համար հանգիստ պառկած էինք, որ դղդրոցը սկսվեց. դրանից մի օր առաջ քաղաքի՝ Ստեփանակերտի օրն էր, նշել էինք քաղաքի օրը, ուրախ անցկացրել, երեխան կարատեի ցուցադրական պարապմունքին էր մասնակցել, եկել էինք, բարձր տրամադրությամբ քնել, ու առավոտյան վեր թռանք էդ ահավոր ձայներից: Երեխեքին արագ հագցրինք, իջանք նկուղ: Ցուրտ էր, խոնավ էր, բայց երեխեքի անվտանգության համար այնտեղ էինք իջնում: Անընդհատ իջնում-բարձրանում էինք: Որ տագնապ էր լինում, իջնում էինք, ձենները կտրվում էր, բարձրանում էինք, երեխեքին կերակրում: Բայց երեխեքն ահավոր վախեցել էին էդ ձեներից»,- պատմում է Իրան: Առաջին օրը գիշերել են նկուղում, հաջորդ օրերին՝ տանը: Նկուղ իջել են միայն արկակոծման ժամանակ:

Փոքրիկ Արենը պատմում է, որ այդ օրը պատրաստվում էր լավ քնել, բայց արկերի դղրդյունից վեր է թռել: Հիմա շատ է ուզում հետ գնալ: «Ամենից շատ ինչի՞ ես ուզում Արցախ գնալ»,- հարցնում եմ: «Պապային ու տունն եմ կարոտել»,- ասում է: «Դպրոցը՝ չէ՞»: «Չէ: Բանակ էի ուզում գնայի, կրակեի էդ թորքերին»,- ասում է: Չի ուզում, որ հայրն իր փոխարեն էլ կռիվ անի, ինքն իր բաժին կռիվն է ուզում:

«Ես շատ եմ մտածում կռվի մասին,- ասում է ութնամյա Տիգրանը,- մտածում եմ, որ հայերը պիտի հաղթեն»: Պատմում է, որ սովորաբար շուտ է զարթնում, հարձակման օրն էլ շուտ էր զարթնել, հագնված էր, պատշգամբում, երբ լսել էր երեք ուժեղ պայթյուն: Հանկարծակիությունից կտրուկ շարժում էր արել, գլուխն ուժեղ խփել պատին: Հետո կանգնել էր ու նայել պայթյունների ուղղությամբ բարձրացող ծխին, մինչ մեծերը վախեցած դեսուդեն վազելով՝ պատրաստվել էին իջնել ապաստարան:

Յոթնամյա Հայկն ամենից շատ կարոտում է դպրոցը, տունը, մաթեմատիկան ու պապային: «Որ տուն գնաս, առաջինն ի՞նչ կանես,- հարցնում եմ ու երկար սպասելով պատասխանի՝ փորձում հուշել,- ընկերներիդ մո՞տ կվազես, խաղալիքներո՞վդ կխաղաս»: «Չէ,- ասում է,- պապուն կխտտիմ» (հայրիկիս կգրկեմ):

«Իսկ ես համ պապուն կխտտիմ, համ կվազեմ ընկերներիս հետ խաղամ»,- միջամտում է Արենը:

«Տագնապ ա իլալ, վազ ընք տուալ, բեզպիլոտնիկը տեսալ»,- պատմում են փոքրիկները: «Չե՞ս վախեցել»,- հարցնում եմ: «Էդ վախտը սնարյադը ծերքիս ինար, տըլան էի, բեզպիլոտնիկը թխեի»,- վստահ ասում է: Մեծերը հաստատում են, ԱԹՍ-ն շատ մոտիկ էր, որ տեսել են: Ու ընդհանրապես, երեխաները ձայներից ոչ թե փախչում էին, այլ վազում՝ տեսնելու, թե ինչ էր:

«Մըր տան ճանապարհը լոխ փըշրալ ըն»,- պատմում է փոքրիկ Արիաննան, ով «Աստղիկ» նախադպրոցական խմբում է սովորում. այնտեղ նկարում է, ներկում, երգում, ու մինչև տասը գումարում-հանում: Ասում է, ինքը հրետակոծությունից չէր վախենում, նմանեցնում էր հրավառության: Երևանն էլ հավանում է, կուզեր այստեղ էլ գնալ դպրոց:

Վերադառնում է տանտերը՝ ազատամարտիկ Վաչոն, ու ինձ հետ ծանոթանալուց անմիջապես հետո բողոքում. «Գրանցվել եմ, չեն կանչում, բա սենց բա՞ն կլինի: Ամբողջ օրը գնում ու գալիս եմ, չեն տանում: Ապրիլյանին գնացինք, էն էրեխեքը գիտե՞ս ինչքան ուրախացան, մեզ հոպարներ էին ասում: Հիմա չեն կանչում: Ոնց որ էն կոնֆետը դրած ա, բայց մեզ չեն տալիս»,- ասում է, բայց միանգամից էլ հավելում, որ չի նեղանում մեր նախարարությունից. գիտի՝ իր ընկերներին, որ տարել են Արցախ, էլի մարտադաշտ չեն տարել, նրանք էլ այնտեղ են դեռ իրենց հերթին սպասում: «Նա ասում ա՝ ո՞ւր ես գնում, արա, ղալաթ ես անում,- կնոջից է գանգատվում, մինչ վերջինս հանդարտ ժպտում է,- հա, բայց ես կիսատ թողած գործեր ունեմ, ընկերոջ արյուն ունենք, ոխ ունենք, մենք կիսատ գործեր ունենք: Թուրքը 8 միլիոն չլինի, 80 միլիոն լինի, մեզ համար դա՝ ոչինչ»:

Ազատամարտիկը ռազմական պայուսակն ու հանդերձանքը պատրաստել է հենց առաջին օրն ու սպասում է անհամբեր: Իսկ փոքրիկ հյուրերին տվել է իր մեդալները՝ ամեն մեկի հետ էլ մի արիության պատմություն, մի անմոռանալի դրվագ:

Փոքրիկներն անընդմեջ աշխուժորեն վազվզում են, խաղում, հետաքրքրվում լուսանկարչական ապարատով, լուսանկարում իրար (լուսանկարները միասին ենք արել), բայց մեծերը հիշում են, որ առաջին օրը նրանք էլ վախեցած էին, վեր էին թռչում ամեն ձայնից, քնում էին շատ անհանգիստ:

Մեծերն արդեն մտածում են այստեղ երեխաներին դպրոց տանելու մասին, որ անդադար չլինեն սահմանից ստացվող լուրերի մթնոլորտում. «Թե չէ հիմա իրենք են մեզ կանչում, թե՝ մամա, տես՝ ինչ ա եղել: Իրենք էլ մեզ հետ այդ ամենն ապրում են, ունենում են վախերն այդ ռմբակոծություններից, հիշում են մարդկանց վազքը դեսուդեն»: Գնացել են դպրոցից դասագրքեր խնդրելու, տնօրենն էլ ասել է, թե ինչո՞ւ երեխաներին չեք բերում: Վստահ են, այդպես ավելի ճիշտ կլինի, մինչև որ վերջանա պատերազմը:

«Որ լաց եմ լինում, գալիս է մոտս, ինքն էլ սկսում լաց լինել»,- ասում է Լենան: «Երեխեքի խաթեր չենք լացում: Բայց դժվար ա: Հեռախոսով խոսում եմ մամայիս հետ, որ կողքից դղրդոցը լսում ենք, անկախ մեզնից հուզվում ենք: Խոսում ենք, թխում են, Տիկոն ասում ա՝ տատա, քյինա պադվալը: Նա ասում ա՝ Տիկո, բալաս, որ տուք տի խելունք կենաք, մունք ստի լյավ ընք իննան: Տիկոն ասում ա՝ մունք խելունք ընք, տատա, մինակ թա քյինա պադվալը»,- պատմում են ու հուզմունքով ասում, որ Արցախում մնացած բազմաթիվ բարեկամների համար օր օրի սովորական են դառնում արկակոծումներն ու նրանք այլևս չեն շտապում պատսպարվել նկուղներում:

Աէրացիա թաղամասում, ուր զրուցում էինք, միշտ բարձրացող-իջնող ինքնաթիռների ձայնն է, առաջին օրերին դա իրենց սարսափի էր մատնում. «Որ նոր էինք եկել, ոնց որ խանգարված լինեինք, չէինք կարողանում նույնիսկ հանգիստ խոսել, առաջին օրը նույնիսկ չենք ծանոթացել»: «Հա,- ծիծաղում է տիկին Նարինեն,- հաջորդ օրն էր, ասացի՝ էլի՛ բարով եք եկեք, բա չիմանա՞մ՝ անուններդ ինչ ա»: Ծիծաղում են:

Երբ արդեն պատրաստվում եմ դուրս գալ, պատերազմի ամենաթեժ կետերում եղած կանայք ժպտում են. «Ներքին հանգստություն ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեր ամեն զինվորը հերոս է, մենք Աստված ունենք, հավատով ենք լցված, լավ է լինելու»: Վազվզող պստոներին նայելով՝ ափսոսում են. «Երեխեքը սիրուն են հիշում մեր Ստեփանակերտը, մեր սիրուն քաղաքը ավիրեցին»:

«Ոչինչ, էլի կսարքենք: Կռիվը պրծավ՝ հայը շինարար ա, կռիվը սկսվեց՝ զինվոր»,- ամփոփում է ազատամարտիկ Վաչոն:

Տպել
2218 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին