Մարդիկ պետք է տեսնեն, որ որեւէ ինքնակամ կառույց այլեւս չի օրինականացվելու. Մկրտիչ Մինասյանը՝ օրենքի նոր նախագծի մասին

Հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որի գործարկումից հետո ինքնակամ շինությունների օրինականացումը նախատեսվում է բացառել: Ասել է թե՝ վերջ դնել արմատացած այն երեւույթին, երբ այս կամ այն կառույցը հայտնվում է՝ առանց համապատասխան թույլտվությունների, որովհետեւ կառուցապատողը գիտի, որ մի գեղեցիկ օր դա օրինակացվելու է, իսկ հաճախ էլ ինքնակամ շինությունները վեր են խոյանում իշխանությունների հետ ձեռք բերած համաձայնության արդյունքում՝ հետագայում օրինականացվելու պայմանով: 

Արդարադատության նախարարության մշակած նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացում: Նշվում է, որ նախագծի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը:

Այս նախագծի, քաղաքաշինության, քաղաքացի ձեւավորելու գործում ճարտարապետության դերի մասին «Հայկական ժամանակի» հարցերին է պատասխանել Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա վստահ է, որ ապօրինի կառույցները հաճախ վկայում են կառուցողի անպատասխանատվության ու եսամոլության մասին, իսկ դրանք բացառելու համար անհրաժեշտ է օրենքը գործադրել առավելագույն խստությամբ:

- Պարոն Մինասյան, օրենքը գործարկվելուց հետո նախատեսվում է, որ այլեւս ոչ ոք չպիտի կարողանա նախ կառուցել ու հետո օրինականացնել: Չկա՞ մտավախություն, որ տեղեկանալով նմանատիպ օրենքի մասին հիմա՝ մինչեւ օրենքի ընդունումը, ապօրինի շինարարությունը բուռն ծաղկում կապրի, եւ բոլորը կշտապեն օրինականացնել իրենց ինքնակամ կառուցածները:

- Ոչ, դա այդպես արագ չեն կարող անել: Օրենքը, եթե պատրաստ է, ապա շուտով կշրջանառեն, իսկ նոր սկսված կառույցները կհամարեն, որ ոչ օրինական կառույցներ են: Մարդիկ չեն հասցնի կամ կվախենան հիմա նոր շինարարություն սկսել:

- Մի նմանատիպ իրավիճակ էլ 1995-1996 թթ էր: Բազմահարկերի կից տարածքների այգիները հատած ու լոլիկ-պղպեղ ցանած մարդիկ, երբ նմանատիպ մի օրինագծի մասին հայտարարվեց, շատ արագ իրենց «բոստաններում» պատեր շարեցին, եւ որպես կառույց՝ օրինականացրին: Ըստ Ձեզ՝ նույնը չի՞ լինի հիմա:

- Կարծում եմ՝ այս օրենքը հնարավորինս շուտ պիտի գործարկվի: Եթե մենք ժամանակին ապօրինի կառույցները քանդեինք, ոչ թե օրինականացնեինք, ապա հիմա այսպիսի խայտառակություն չէր լինի: Հիմա մենք տեղեր ունենք, որ նույնիսկ անցնելու ճանապարհ չեն թողել, տեղ կա, որ մարդն իր սեփական տանը չի կարողանում մոտենալ: Այսինքն, այն ժամանակ այդ սեփականաշնորհումն այնպես հապճեպ արվեց, որ մարդիկ շատ արագ ինչ-որ շինություններ կառուցեցին անօրինական, որ օրինականացնեն: Ընդհանրապես չի կարելի թույլ տալ անօրինական կառույցների օրինականացում: Այս օրենքը պիտի ընդունվի կարճ ժամանակում:

- Ըստ Ձեզ, այս օրենքը բավարա՞ր է ոլորտը կարգավորելու համար, չկա՞ կարիք ավտոտնակներով, բակային խանութներով զավթված համայնքապատկան հողերը համայնքներին վերադարձնելու քայլեր ձեռնարկել, ոչ միայն հետեւել, որ բշտիկների պես այս-այն շենքի վրա չավելանան կցակառույցներ, վերին հարկեր, այլեւ հետեւել, որ շենքի ներսում էական սխալներով փոփոխություններ չարվեն:

- Այս պահին դիտարկվում է արտաքին շինությունների խնդիրը. երբ կառույցը դուրս է գալիս դեպի մայթ, խանգարում է ուրիշներին եւ այլն: Դրա հետեւանքներն են, որ հիմնականում վեճերի հիմքում են: Կարեւոր են, իհարկե, նաեւ ներքին փոփոխությունները. մարդիկ կան, որ տարածքն ընդարձակելու նպատակով կտրում են այն սյունը, որի վրա հենված է առաստաղը, իսկ դրա արդյունքում հենց իրենք կմնան իրենց առաստաղի տակ: Ես էլ կից կառույցների սարսափելի օրինակներ եմ տեսել, նման անթույլատրելի պատկերներ բոլորը կարող են տեսնել. հսկայական կցակառույցներ կան ընդամենը մի փոքր տրամաչափի խողովակի վրա հենված՝ շատ տգեղ, ապօրինի կառույցներ, որ չեն օրինականացվել, բայց չեն էլ քանդվել՝ վտանգի տակ դնելով հենց այդ մարդուն: Այս օրենքը, իհարկե, միայն սկիզբն է. ուղղակի հիմա պետք է, որ մարդիկ իմանան, որ այն ամենն, ինչ կառուցում են, օրինականացնելու ենթակա չէ այլեւս:

- Երբ քայլում ենք քաղաքով, տեսնում ենք բազմաթիվ հարկեր՝ կառուցված բազմահարկ շենքերի տանիքներին՝ իրենց հորինվածքով անհամապատասխան…

- Ոչ թե անհամապատասխան, այլ տգեղ, անօրինական, անթույլատրելի՝ հաշվի առնելով շենքի կայունությունը, մյուս բնակիչների անվտանգությունը: Մի մարդ ինքն իր համար կառուցում է, բայց վտանգի տակ է դնում շենքի մյուս բոլոր բնակիչների անվտանգությունը:

- Ըստ Ձեզ, եղածն եղա՞ծ է, թե՞ դրանց նկատմամբ էլ որոշակի գործողությունների է պետք դիմել՝ վերարժեւորելով քաղաքի ընդհանրական կերպարի կարեւորությունը:

- Վերարժեւորելու խնդիր չկա. մեր աչքի առաջ կատարվել են ապօրինություններ ինքնաթողության պայմաններում: Միշտ էլ եղել է օրենք, որ չի թույլատրել մարդկանց նախագիծ փոխել: Եթե մեկին ընդառաջելով թույլատրել են տանիքում ինչ-որ բան դնել, նա այնտեղ երկու հարկ է սարքել: Պետք էր դա շատ շտապ քանդել, ոչ թե թույլ տալ, որ բնակեցնեն: Բայց քանդելուն խանգարել է մեր մենթալիտետը. ասում են՝ հայերը տուն սարքող են, ոչ թե՝ քանդող: Եվ այդ ասույթը հետագայում վերածվում է իրական դժբախտության: Դրանք բոլորը պիտի քանդվեն:

- Ինչպե՞ս փոխել մենթալիտետը, վերաիմաստավորել այդ ասույթը:

- Դա այնքան պարզ է. ուղղակի մարդիկ սովորել են շրջանցել օրենքը իրենց երկու-երեք քառակուսի/մետր տարածքի ավելացման համար ու չեն պատժվել: Այ եթե պատժվեին՝ դրամական, այլ վարչական միջոցներով, այլեւս նման բան չէին անի: Իսկ հիմա մեր երկիրը լի է ապօրինի կառույցներով:

- Ըստ Ձեզ, օրենսդրական բաց չկա՞ր, խնդիրը միայն գործադրմա՞ն մեջ է եղել:

- Ապօրինի կառույցների հարցը եղել է քննարկման առարկա, սակայն օրենքը հստակ սահմանել է արգելքը: Այլ երկրներում միանգամից կտրում են դրա առաջը, չեն թողնում, կամ եթե կառուցված է լինում քանդում են, կամ քանդել են տալիս իրենց միջոցներով: Եթե մի քանի տեղում այդպես արված լիներ ժամանակին, ապա մյուսները չէին անի: Գիտեք, բնակչության մեջ շատ արագ տարածվում է, որ՝ մի արեք, միեւնույնն է, քանդել են տալիս: Բայց եթե անտարբերություն է, տարբեր օղակներ մատների արանքով են նայում այդ ամենին, արդյունքում ապօրինությունն էլ լավ ծաղկում է: Կենտրոնական փողոցների ամենալավ շենքերի վրա ամենատհաճ կառույցներն են:

- Եվ հիմա, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք անել հաջորդիվ, եւ ի՞նչ՝ հնի հետ:

- Նախեւառաջ պետք է, որ մարդիկ տեսնեն, որ որեւէ անօրինական կառույց այլեւս չի օրինականցվելու: Մեր պետությունը հարուստ չէ, հարուստ պետության դեպքում կարելի էր հենց այսօր այդ բոլոր կից կառույցները վերացնել: Ուղղակի վերացնել: Հիմա քանի որ կա բնակարանային խնդիր, քանդվելը չի կարող իրականցվել: Սա է հենց խնդիր. իսկ վտանգը մնում է: Տեղեր կան, որ պատշգամբները առաջ են տարվել նախ մի քայլով, հետո՝ մյուս քայլով, հետո՝ երրորդ քայլով, այսինքն՝ ինքն իր բնակարանի մեջ լույս չի ստանում, մարդը նույնիսկ այդքանը չի հասկանում:

- 1980-ականներին նորակառույց շենքերում նույնիսկ արգելում էին բազրիքից դուրս լվացք փռել, որ շենքերի արտաքին տեսքը չաղճատվի:

- Այո, մոտ երեսուն տարի առաջ պիտի ասենք, որ ապօրինությունները եղել են, բայց զանգվածային բնույթ չեն կրել: Արգելքներին հետեւել են, չի թույլատրվել ընդհուպ մինչեւ այն, որ սեփականատերն իր սեփական տան ներսում որեւէ փոփոխություն աներ: Իսկ այսօր սյուներ է կտրում:

- Կարո՞ղ է փոխվել այսօր մտածողությունը, որ ավելի քան քսան տարի ընդունելի է համարել հինգ հարկանի շենքի վրա եւս երեք հարկ կառուցելը:

- Այո, մարդկանց պետք է հասկացնել, որ օրենքը ամենակարեւոր բանն է, որ հասարակությունը կարողանա ապրել: Որովհետեւ եթե մի մարդ դա անում է, ապա ինքը վնասում է մյուսներին՝ շատերին: Մեկը ստանում է որոշակի տարածք, առավելություն, իսկ մյուսները տուժում են, կարող են մնալ փլատակների տակ: Եվ հասարակությունն էլ պիտի թույլ չտա, պիտի հետեւի, հսկի: Ես գիտեմ դեպք, որ հարեւանները դժգոհել են մի հարեւանի կողմից բակի տարածքի օկուպացիայից: Բայց եղել են մարդիկ, որ դրան նայել են մատների արանքով՝ խնամի, ծանոթ, բարեկամ են ունեցել, ու լռել են:

Արդեն առկա ապօրինի կառույցները մի գեղեցիկ օր իրենց լուծումը ստանալու են: Օրինակ, ավտոտնակների խնդիրը մեր քաղաքի տարբեր հատվածներում տարբեր է. որոշ տեղերում նույնիսկ վերգետնյա կայանատեղի նախատեսված չէ: Բայց ստորգետնյան էլ կառուցվում է, մեքենաներն էլի կայանում են դրսում, մի ստենդ էլ դնում են, թե տարածքն իրենցն է, ու այդպես քիչ-քիչ այդ տարածքն օկուպացնում են: Չգիտեմ՝ ինչու, մեզ մոտ այդպիսի մոտեցում կա, թե ամեն մարդ իր պատշգամբից պիտի տեսնի իր մեքենան:

- Ե՞րբ կփոխվի այդ մոտեցումը:

- Շատ երկար կտեւի: Երբ հիվանդին երկար ժամանակ ոչ մի բուժում չեն տալիս, ճիշտ դեղեր չեն տալիս, հետո նրա բուժումը շատ երկարատեւ է լինում: Այ, եթե հենց սկզբից է արվում բուժումը, առողջացումն էլ լինում է ակնհայտ: Դա պետք է ժամանակին արվեր, չթողնվեր, որ այսպես հիվանդությունը խորանա: «Հայը չպիտի քանդի» մոտեցումը մեզ խանգարել է ճիշտ ապրել. Յոթ բալանոց ֆոնի վրա կառուցված հինգ հարկանի հին շենքի վրա առանց այն ամրացնելու կառուցում են երեք հարկ ու ասում՝ «հայը չպիտի քանդի»: Այսինքն՝ բոլորի գլխին կախում են մի դամոկլյան սուր, որ պոկվելու է հաստատ: Եվ մարդիկ չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը դրա նկատմամբ: Եվ դա միայն ու միայն կվերանա մեծ խստությունների ու պատիժների դեպքում:

- Կրթական գործոնը չե՞ք տեսնում:

- Ոչ, դա պիտի արվեր շատ փոքր ժամանակից: Հիմա մեծացել են երեխաներ, որ բակում խաղալու տեղ չեն ունեցել, քանի որ կանգնած են եղել մեքենաները, գարաժների արանքում զբաղվել են բոլորովին այլ խաղերով, իսկ դա մի ամբողջական շղթա է, որի օղակներն առանձին չենք կարող վերցնել: Եթե դու ունենում ես լավ բակ՝ սպորտային գործիքներով, երեխաները խաղում են, վազվզում են, դա ուրիշ կրթություն է, իսկ եթե ունենում ես մի կցկտուր տեղ՝ լցված գարաժներով, տարբեր բնույթի մարդկանցով, որ գարաժների արանքներում ինչ-ասես անում են, դա լրիվ ուրիշ արդյունք է տալիս:

- Ճարտարապետությունը, որ տեսնում է երեխան մանկուց, նրան կրթում է՝ որպես որոշակի տիպի քաղաքացի. իտալական ճարտարապետությունն իտալացի է ձեւավորում, ֆրանսիականը՝ ֆրանսիացի, մեր մայրաքաղաքում, մեր երկրում մեծացող մարդն ինչպիսի՞ն է:

- Ճարտարապետությունը նկար չի, որ չուզենաս նայել, չնայես: Այն երաժշտություն չի, որ չես հավանում, չլսես, ջազ չես ուզում լսես, Մոցարտ լսես: Ճարտարապետությունը քաղաք է: Մարդը եթե դուրս է գալիս, իր բակն անկանոն է, ինքն արդեն ընկվճված է սկսում իր օրը, քանի որ զգում է, որ իր բակն արդեն կարգավորման ենթակա չէ, ինքն արդեն տխրում է: Մարդը գնում է մի գեղեցիկ պողոտայով ու մի տհաճ կառույց է տեսնում, որ դուրս է եկել մայթ, աղավաղել մայթը, աստիճանները ներդաշնակ չեն… Գուցե այդ շենքն առանձին վերցրած լավը լինի, բայց բոլորովին կապ չունի այդ միջավայրի հետ, եւ այդ տրամադրությունը մարդու հետապնդում է մինչեւ վերջ:

- Մարդն ապրում է դիսոնանսի մեջ անզորության զգացումո՞վ:

- Այո, մինչեւ օրվա վերջ, տարիներ շարունակ: Այդպիսի բան է ճարտարապետությունը: Եթե ապրեիք Վենետիկում, Վիեննայում, այլ տրամադրություն կունենայիք, կուզեիք ստեղծագործել, քանի որ չորս կողմն արվեստի գործեր են, որ պահվում են մեծագույն լրջությամբ ու հարգանքով: Մեր ճարտարապետությունը շատ լավն է, բայց մենք այն չկարողացանք հասկանալ, պահել, արժեւորել: Չկարողացանք կարեւորը գիտակցել: Վերջին երեսուն տարիների ընթացքում տարբեր աստիճանի հասած փողատերերը սարքել են 250 եկեղեցի. երեւի թե հույս ունեն, որ իրենց չգիտեմ ինչ արածների համար Աստծու մոտ թողություն կստանան հետո (դառնորեն ծիծաղում է): Բայց իրենք կարող էին այդ գումարների գոնե կեսն ուղղեին այն հուշարձաններին, որ հիմա փոշիանում են, իսկ դրանք մեր արվեստի հիմքն են, մենք դրանցով Եվրոպայում խոսք ունենք, մեզ այնտեղ հարգում են դրանց համար: Մենք լացակումած ասում ենք՝ ուր է մեր Անին, բայց մենք այստեղ չորրորդ դարի հիասքանչ գործեր ունենք, որոնք լքված են ուղղակի: Նայեք Երերույքի տաճարը, որ սահմանին մոտ է: Մարդ չի գնում. ոնց որ մերը չլինի, այդ հրաշքը չի պահվում: Փոխարենը խնամքով պահվում է Ապարանի երկաթյա խաչը. իսկ մարդ զարմանում է՝ ոնց կարելի է բնության մեջ նման սոսկալի բան կառուցել:

- Բայց այդ նոր կառույցներն էլ նախագծում-կառուցում են մեր նորօրյա ճարտարապետները:

- Երբեմն գումարները, դիրքը մարդկանց տրամադրում են մտածել, թե իրենք ամեն ինչ գիտեն, որովհետեւ ճարտարապետը նման բան չէր անի:

- Բայց այդ ամենը նախագծել են ճարտարապետները, չէ՞:

- Չէ, ճարտարապետը միշտ շատ լավ բան է ուզում անել, բայց կա փողի ներդրողը, որը փողը տալիս է, ասում է՝ ես այսպես եմ ուզում: Ճարտարապետը երկար է վիճում ինվեստրի հետ՝ թե այդպես չի կարելի, բերեք գոնե այսպես փորձենք: Փորձում է բացատրել, որ մեր հուշարձանների առավելությունն այն է, որ բնությանը չի խանգարում, նա բնությունը, կարծես, լրացնի, նա բնության մասնիկ է: Գնացեք, նայեք ցանկացած տեղ, մեր հուշարձանները կարծես թաքնված են բնության մեջ: Իսկ հիմա նոր անողները ուզում են անպայման մի ցցված բան ցույց տան՝ թե սա մենք ենք:

ՀԳ. Նշենք, որ այս նախագիծը՝ «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» բաղկացուցիչներով, հանրության դատին է հանձնվել մոտ երկու շաբաթ առաջ: Եվ երկու շաբաթ շարունակ մենք փորձել ենք այս օրինագծի մասին զրուցել նաեւ Քաղաքաշինության կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի մասնագետների հետ, սակայն երկշաբաթյա մտորումներից հետո քաղաքաշինության կոմիտեից հրաժարվեցին հարցազրույց տալ: Քաղշին կոմիտեի խոսնակ Ջեմմա Բաղդասարյանը մեզ հաղորդեց, որ որոշվել է հետեւել օրինագծի հանրային քննարկմանը, եւ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններ տալուց: Քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասաց. «Ես չեմ կարծում, որ այս փուլում ճիշտ կլինի, որ մեր մասնագետները կարծիք հայտնեն»: Այն դիտարկմանը, որ օրենքը գործադրողները նաեւ իրենք են լինելու, որ հիմա էլ առկա օրենքի խութերն ամենից լավ հենց այս ոլորտում աշխատող մասնագետներին են ծանոթ, Կարապետյանը հակադարձեց. «Դրված է նախագիծը հանրային քննարկման, թող հանրությունն էլ քննարկի»:

Տպել
3790 դիտում

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր