Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

Սրանից ուղիղ 100 տարի առաջ՝ 1920-ի հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին, Հայաստանում հանրային տրամադրությունը բարձր էր: Երկիրը կամաց-կամաց կարծես հառնում էր նախորդ տարիների ավեր ու քայքայված վիճակից: 1920 թվականի հունիսից հայկական բանակը մեկը մյուսի հետևից ՀՀ վերահսկողության տակ էր վերադարձնում Հայաստանի այն շրջանները, որոնք ապստամբած էին Հայաստանի դեմ՝ Զանգիբասարը (հետագայի Մասիսի շրջանը), Վեդին, Դավալուն (այսօրվա Արարատը), Սևանա լճի արևելյան ափը, Դարալագյազի (Վայոց ձորի) հատվածները: Հաջողությամբ հետ մղվեց Ղազախից ռուս-ադրբեջանական ուժերի ներխուժումը դեպի Շամշադին և Իջևան: Հուլիսի կեսերին հայկական բանակը մտավ Շարուրի դաշտ (ներկայիս Նախիջևանի Հանրապետությունում) և առաջ շարժվելով հասավ Նախիջևան քաղաքի մատույցները: Հուլիսի վերջին, անցնելով հակահարձակման, հայկական զորքերը ազատագրեցին բոլշևիկյան՝ ռուս-ադրբեջանական ուժերից Գորիսը (ճիշտ է, սա ժամանակավոր հաղթանակ էր):

Բանակի հաջողությունները մեծ ոգևորություն էին առաջ բերել: Անլուծելի թվացող խնդիրները սկսել էին լուծվել: Խոսում էին այն մասին, որ մինչև 1920-ի աշուն պետք է ավարտվի Արևելյան Հայաստանի ամբողջացումը՝ Հայաստանին պետք է միացվեին Լեռնային Ղարաբաղն ու դրանից էլ հյուսիս ընկած հայաբնակ շրջանները՝ Գանձակի շրջանում, իսկ հաջորդ տարում պետք է ազատագրվեր Տաճկահայաստանը (Նիկոլ Աղբալյանի ելույթը 1920-ի օգոստոսի երկուսին): Եվ իրոք, Արևելյան Հայաստանի ամբողջացումը նախապատրաստական գործողություն էր, որը պետք է ապահովեր Տաճկահայաստանի ազատագրման ապագա գործողության թիկունքը: Շնորհիվ այս հաղթանակների լուծվում էր ոչ միայն տարածքային, այլև՝ գաղթականների տեղավորման, հացի պաշար ստեղծելու հարցը:

Հյուսիսային Կովկասից և Թիֆլիսից հայ գաղթականները սկսում են վերադառնալ Հայաստան՝ տեղավորվելու համար նոր ազատագրված տարածքներում:

Հայաստանը չհայտարարված փաստացի պատերազմի մեջ էր բոլշևիկյան Ռուսաստանի, Ադրբեջանի և ռուսների դաշնակից Քեմալի հետ, բայց տրամադրությունը բարձր էր, իսկ հաղթանակները՝ շոշափելի և տպավորիչ: Այս ամենին եկավ լրացնելու 1920-ի օգոստոսի 10-ին վաղուց սպասված Սևրի հաշտության պայմանագիրը, որը Թուրքիայի հետ կնքեցին Առաջին Համաշխարհայինում հաղթած Անտանտի պետությունները, այդ թվում՝ Հայաստանը, որով Տաճկահայաստանի մեծ մասը ճանաչվում էր անկախ Հայաստանի մաս: Թվում էր՝ հայկական երազանքները վերջապես իրականանում են, 30-ամյա Հայկական հեղափոխությունը (ինչպես այն ժամանակ կոչում էին հայկական ազատագրական պայքարը) մոտ էր իր հաղթական ավարտին:

Ինչո՞ւ չիրականացան երազները, և կործանվեց այս բարձր տրամադրությամբ ապրող Հայաստանը: Այսօր էլ շատերը, այդ թվում՝ պատմաբանները, համարում են, որ պատճառը Հայաստանի դիմադրությունն էր ռուս-թուրքական դաշինքին, որ եթե 1920-ի մայիսին չճնշվեր բոլշևիկյան խռովությունը, և Հայաստանի կառավարությունն իշխանությունը զիջեր բոլշևիկներին, ապա չէինք ունենա այն կորուստները, որոնք ունեցանք: Այս տեսակետը կարելի է հերքել մեկ նախադասությամբ՝ եթե 1920-ի մայիսից Հայաստանի կառավարությունը չընտրեր դիմադրության ուղին, ապա Արարատյան դաշտի մեծ մասը կլիներ Նախիջևանի կազմում, Հայաստանից դուրս կմնային, հավանաբար, Սյունիքը, Սևանի արևելյան ափը և այլն: Ղարաբաղի մասին կմնար միայն երազել այդպիսի սահմաններով Հայաստանում: Մենք ունեցել ենք և ունենք այն սահմանները, որոնք կարողացել ենք պաշտպանել կամ ազատագրել, ոչ ոք մեզ ավելին չի տվել, ոչ էլ վերցրել է: Իսկ եթե ունեցել ենք կորուստներ, ապա պատճառը ոչ թե դիմադրությունն է, այլ այն, որ անհրաժեշտ էր է՛լ ավելի հզոր ու է՛լ ավելի կազմակերպված դիմադրություն, քան ունեցել ենք: Սա կարճ պատասխանն է: Բայց մենք փորձենք մի քիչ էլ բացել: 

Մեծ թղթե շերեփը. ի՞նչ էր Սևրը և ինչո՞ւ այն չիրականացավ 

Ի՞նչ էր Սևրի պայմանագիրը:

Երբեք ոչ Սևրից առաջ, ոչ Սևրից հետո հայ ժողովուրդը չի ունեցել իր իրավունքների նման բարձր կարգի միջազգային ճանաչում: Աշխարհի առավել հզոր տերությունները, այն ժամանակվա հաղթող պետությունները՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի գլխավորությամբ ստորագրել էին մի պայմանագիր, որով անկախ Հայաստանի մաս էին ճանաչվում Էրզրումը, Վանը, Մուշը, Տրապիզոնը…: Հայաստանը ելք էր ունենում Սև ծով: Ավելին՝ նույնիսկ Թուրքիայի պաշտոնական կառավարությունը ստորագրել էր այդ փաստաթղի տակ և ճանաչում էր Հայաստանն այդ սահմաններով: Ճիշտ է, բացի պաշտոնականից, կար նաև ոչ պաշտոնական Թուրքիան՝ Քեմալի «Ազգային ուխտը», բայց դրա մասին մի փոքր ուշ…:

Սա նվեր չէր հայ ժողովրդին, այլ փոխհատուցում այն մեծագույն զոհաբերությունների, որ ունեցանք Առաջին Համաշխարհային պատերազմում, և այն մեծ ջանքերի, որը գործադրեցինք թուրքերի դեմ պատերազմում որպես հաղթող Անտանտի «փոքր դաշնակից»: Այժմ չենք հիշում և չենք էլ հիշեցնում, բայց 1915-ի Մեծ Եղեռնը ոչ թե վակուումի մեջ տեղի ունեցած ողբերգություն էր, այլ մաս էր Առաջին Համաշխարհայինի: Ավելի կոնկրետ՝ հայերը ոչնչացվել են ոչ թե որպես հայեր սոսկ, այլ որպես Անտանտի՝ ՄԲ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դաշնակից: Մեր այսօրվա պատմական ընկալումը Մեծ Եղեռնն անորոշ, լղոզված սահմանների մեջ է դնում, մաքուր հայ-թուրքական խնդիր է ներկայացնում, բայց Մեծ Եղեռնը ոչ թե հայ-թուրքական, այլ միջազգային հարաբերությունների սահմաններում միայն ճիշտ բացատրություն ունի: Ոչ թե հայ-թուրքական, այլ հայ-թուրք-ռուսական, հայ-թուրք-ֆրանսիական, հայ-թուրք-անգլիական եռանկյունիներում: Եվ սա հստակ գիտակցում էին բոլորը, այդ թվում՝ մեծ տերությունները:

Մյուս կողմից էլ, Սևրը շարունակությունն ու գագաթն էր Հայկական հարցի միջազգայնացման դրա արձանագրման միջազգային մեծ պայմանագրերում՝ Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերից սկսած: Սա թագնուպսակն էր հայկական պայքարի այն ուղղության, որի հույսը հայկական հարցը միջազգային դիվանագիտությամբ լուծելն էր, այսպես կոչված՝ թղթե շերեփի ուղղության, որի կրողները զարմանալիորեն քիչ չեն նույնիսկ այսօր…:

Իսկ ինչո՞ւ չնայած նրան, որ բոլոր հզոր տերությունները, այն, ինչ կոչում ենք «քաղաքակիրթ աշխարհ» կամ «ողջ աշխարհը», և նույնիսկ պաշտոնական Թուրքիան ճանաչեցին Հայաստանի իրավունքները Տաճկահայաստանի վրա, Սևրի պայմանագիրը չիրականացավ: Ավանդական պատասխանն ասում է՝ որովհետև «չար ռուսներն» ու «չար թուրքերը» միացան իրար հետ, իսկ «նենգ անգլիացիները» մեզ չօգնեցին: Իհարկե, ռուսներն ու թուրքերը միացան, բայց մենք պետք է 100 տարի առաջ եղած դեպքերից ոչ թե հերթական հայոց ողբի ու նեղվածության համար նյութ հավաքենք՝ ինչքան վատն է աշխարհը մեր նկատմամբ թեմայի մեջ, այլ անկախ քաղաքականություն վարող ազգին վայել՝ իրատեսական, քաղաքական օրինաչափություններ դուրս բերենք:

Եվ, ուրեմն, ինչո՞ւ: Մի քանի ընդհանրացված պատճառ ձևակերպենք:

Պայքարի օրենքը

Թեև Սևրի պայմանագրով մեծ տերությունները ճանաչել էին Հայաստանի իրավունքները տաճկահայկական նահանգների վրա, որոնք 1920-ի դրությամբ Հայաստանի վերահսկողությունից դուրս էին, սակայն, ոչ պաշտոնական պայմանն այն էր, որ այդ տարածքները պետք է ազատագրվեն հայկական ուժերով: Մեծ տերություններից որևէ մեկը չուներ այդ պահին իրական հնարավորություն մեծ ռազմական գործողություն իրացնելու Քեմալի դեմ, և ոչ էլ նման ծրագիր կար: Ավետիս Ահարոնյանի հուշերում արձանագրված են իր՝ Ահարոնյանի (որն այդ ժամանակ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր) և անգլիական ներկայացուցչի խոսակցությունն այս թեմայով: Անգլիացիները հստակ նշում էին, որ իրենք չեն կարող նոր պատերազմ վարել Թուրքիաի դեմ, և Տաճկահայաստանը պետք է ազատագրվի Հայաստանի ուժերով: Ահարոնյանը պնդում է, որ հայկական բանակն ի զորու է իրականացնել այդ նպատակը, բայց ունի զենքի, հանդերձանքի և պարենավորման կարիք: Անգլիացիները խոստանում են լուծել այդ հարցերը, և իրոք՝ հայկական բանակը ստանում է և զենքը, և հանդերձանքը, և պարենավորումը: Մնացածը, այսինքն՝ Տաճկահայաստանի բուն ազատագրումը, պետք էր անել սեփական ուժերով:

Չենք քննարկում այստեղ՝ հնարավո՞ր էր դա, թե՞ ոչ: Բայց քանի որ հայկական բանակը պարտվեց 1920-ի հայ-թուրքական պատերազմում, Սևրի պայմանագիրը փաստացի կորցրեց իր ուժը: Եվ սրանում չկա ոչ մի անարդարություն: Այլ պարզ օրինաչափություն՝ որևէ ժողովուրդ կարող է հասնել իր նպատակին հենվելով գերազանցապես սեփական ուժերին: Արտաքին ուժերը կարող են աջակցել, օժանդակել, բայց հիմնական գործիքը հարցեր լուծելու սեփական ուժերն են:

Դիմադրության օրենքը: Քեմալի դասերը Հայաստանի համար

Ինչպես տեսանք, «ողջ աշխարհը» և նույնիսկ Թուրքիայի պաշտոնական սուլթանական կառավարությունը ճանաչել էր հայ ժողովորդի իրավունքները: Բայց կար մեկ մարդ, որն իր «ոչ»-ն էր ասում: Դա թուրք գեներալ Մուսթաֆա Քեմալն էր, որը 1919 թվականին համախմբեց իր շուրջ թուրքական բանակի մնացորդները Փոքր Ասիայում ու հռչակեց «Ազգային ուխտը»՝ դիմադրության ծրագիրը Առաջին Համաշխարհայինում հաղթած մեծ տերությունների ծրագրերին: Մեզանում շատ է գրվել, իհարկե, Քեմալի մասին՝ որպես հայ ժողովրդի թշնամիներից մեկի, որպիսին նա, անշուշտ է՛ր: Բայց, հայ ժողովուրդը թշնամիներ շատ է ունեցել, ու այդ ցանկում Քեմալը մեկն է շատերից: Սրանով չէ Քեմալը հետաքրքիր ու կարևոր: Հետաքրքիր ու կարևոր է՝ դասեր քաղել, նույնիսկ չվարանենք ասել՝ սովորել Քեմալի պես թշնամուց:

Բացարձակ մեկուսացման ու մենակության մեջ, մերժված իր սեփական երկրի կառավարության կողմից իսկ (չնայած, հանուն արդարության նշենք, որ այդ մերժումը մեծամասմաբ ձևական էր), գլխովին պարտված բանակի գեներալը, պատերազմից հիմնովին քայքայված, ավերված, կիսաքաղց, աղքատ երկրում, համախմբելով ջարդված բանակի որոշ մնացորդներ, վճռական դիմադրության ծրագիր է հայտարարում ամբողջ աշխարհին՝ չունենալով սկզբնապես որևէ այլ հենարան, բացի սեփական կամքից: Այդ հիմա, երբ հայտնի է պատմության ավարտը, հեշտ է ասել՝ Քեմալը հաղթեց: 1919-ին, երբ նա սկսում էր իր գործը, աշխարհի հզորների դեմ պատերազմ հայտարարած ավազակ էր: Նրա արարքը խելագարություն էր, վնասակար խելագարություն նույնիսկ թուրքերից շատերի համար, որոնք վախենում էին, որ Քեմալի պատճառով առանց այդ էլ ստորացված ու պարտված Թուրքիան է՛լ ավելի խիստ պատիժների կենթարկվի հաղթողների կողմից: Պոլսի թուրքական թերթերը գրում էին, որ Քեմալի համառության պատճառով անգլիացիները նույնիսկ Պոլիսը չեն թողնի Թուրքիայի կազմում: Նա կռվում էր գրեթե չորս ճակատով՝ հույների դեմ՝ արևմուտքում, ֆրանսիացիների և հայերի դեմ՝ Կիլիկիայում, հայերի դեմ՝ արևելքում: Քեմալի գլխավորած զինուժը ոչ այսօրվա Թուրքիայի բանակն էր, ոչ էլ նույնիսկ նախկին Օսմանյան կայսրությանը: Դա նախկին բանակի մնացորդն էր՝ պարտված, վատ զինված, վատ հագնված, կիսասոված ու ոչ մեծաքանակ:

Այդ հետո Քեմալն ունեցավ դաշնակից ի դեմս Սովետական Ռուսաստանի: Բայց սկզբում նա գործում էր մենակ: Եվ ունեցավ դաշնակից միայն ու միայն այն պատճառով, որ հռչակեց իր դիմադրությունն աշխարհի հզորներին, և մեկ տարի համառորեն պայքարեց: Չլիներ Քեմալի կամքը, չէր լինի նաև ռուսների օգնությունը նրան, որը կենսական էր: Եվ ինչպիսի դաշնակից ձեռք բերեց Քեմալը՝ Թուրքիայի ամենաոխերիմ թշնամի Ռուսաստանը: Դաշինքը պետք էր երկուսին էլ, որովհետև այդ ժամանկվա Ռուսաստանն էլ նույն քայքայված, ավեր, սոված երկիրն էր, որը Կովկասում բավականին փոքրաթիվ ռազմուժով էր գործում և նույնպես պատերազմի մեջ էր աշխարհի հզորների դեմ՝ սեփական իսկ տարածքում:Եվ ի՞նչ պիտի ասեին կամ մտածեին Քեմալի շարժման մասին 1919-20 թթ.-ին շատերը, եթե ոչ այն, որ սա անհույս ու վտանգավոր մի արկածախնդրություն է: Եվ այդպես էլ ասում ու մտածում էին, ինչը բնական է, եթե մի պահ պատկերացնենք մեզ այդ ժամանակվա մեջ՝ արդեն մեկ անգամ գլխովին ջախջախված բանակի մնացորդները իրենց արդեն հաղթած մեծ պետությունների դեմ, միջազգային պայմանագրերի դեմ:

Սա է Քեմալի դասը հայերիս համար: Նույնիսկ անհույս թվացող իրավիճակներում, վճռական կամքը կարող է հաջողության հասնել, դաշնակիցներ գտնել, եթե երդվում և ուխտ է կապում՝ հասնել իր նպատակներին, դիմադրել, պայքարել:

Վճռական մենակը՝ Նժդեհի դասերը Հայաստանի համար

Մեզանում նման օրինակ էր Գարեգին Նժդեհը: Նժդեհի մասին էլ շատ է խոսվում Հայաստանում, բայց հիմնական դասը, որը պետք է քաղենք Նժդեհի գործից, կարծես չի արվում: Նժդեհը հերթական մեկը չէ հայ հերոսների շարքում: Հերոսներ մենք շատ ունենք, և բոլորն էլ արժանի են մեծարանքի: Բայց Նժդեհի եզակիությունը այդտեղ չէ, այլ վճռական մենակի իր դիրքորոշման մեջ է: Նա ժամանակի եզակի արևելահայ ծագմամբ զորավարն էր, որ հաջողությամբ կռվում էր ոչ միայն թուրքերի, այլև ռուսների դեմ (մյուս հաջող կռվողը տաճկահայ Սեպուհն էր, իսկ օրինակ Դրոն ակնհայտ խնդիր ուներ ռուսների դեմ կռվելու):

Նժդեհի հիմնական կռիվը, իր խոսքերով ասած, «թրքաբոլշևիզմի» դեմ էր, այդ կռվում նա հռչակ հանեց, և այդ կռվով առավել կարևոր պատմական դասեր թողեց մեզ: 1920-ի ամռան վերջին-աշնան սկզբին, երբ Դրոյի զորամասերը Գորիսից ու Սիսիանից նահանջել էին, երբ ռուս-թուրքական ուժերը գրավել էին Նախիջևանը և Ղափանը, պահեր են եղել, երբ Նժդեհի վերահսկոցության տակ միայն մի քանի գյուղ է մնացել Մեղրու շրջանում, և նա կռվել է ռուս-թուրքական ուժերի դեմ երեք ճակատով այդ մի քանի գյուղն ունենալով: Նրա միակ կապն արտաքին աշխարհի հետ եղել է պարսական սահմանը: Եվ Նժդեհը կարողացել է ոչ միայն դիմադել, այլև հաղթել 1920-ի աշնանը, ճիշտն այն ժամանակ, երբ կանոնավոր հայկական բանակը պարտվում էր Կարսի պատերի տակ, Նժդեհի ժողովրդական բանակը ազատագրում է Կապանը, Գորիսը, Սիսիանը՝ դուրս մղելով ռուս-թուրքական ուժերին այդտեղից: Նժդեհի բանակը կանոնավոր չէր, այլ ժողովորդական էր, և նրա վարած կռիվն էլ տարբերվում էր սովորականից իր մեթոդներով՝ պայմաններին համապատասխան:

Սա էլ Նժդեհի դասը՝ վճռական մենակի դիմադրությունը և ժողովրդական հենարանը կարող են հաղթել նույնիսկ անհույս իրավիճակներում:

Ցավոք, չունեցանք համահայկական մասշտաբի Նժդեհ, ոչ էլ իսկ Քեմալ, որպեսզի 1920 թվին կարողանային իրականություն դարձնել այն, ինչ աշխարհը մեզ իրավականորեն տվել էր՝ Սևրի պայմանագիրը: 

Հեղափոխական սկզբունքը: Կորսված ժամանակը

Շատ է խոսվում 1920-ի մասին, բայց ստվերում է մնում դրան նախորդող 1919-ը: Բայց շատ պատասխաններ մեր թեմայի հետ կապված թաքնված են այդտեղ:

1919-ը մի եզակի թիվ էր ամբողջ նորագույն հայոց պատմության մեջ, երբ տարածաշրջանում ավանդապես գերակայող երկու հիմնական ուժերը՝ Ռուսատանն ու Թուրքիան, բացակայում էին՝ կազմալուծված, քայքայված, պառակտված դրանք զբաղված էին իրենց ներքին խնդիրներով: Մոսկվան չէր վերահսկում նույնիսկ Հյուսիսային Կովկասը: Քեմալական շարժումը նոր էր ծավալվում, և Տաճկահայաստանում անիշխանական վիճակ էր: Այսրկովկասի ժողովուրդները թողնված էին իրենք իրենց բախտին:

Իսկ ի՞նչ էր անում այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը: Ճիշտ է, Հայաստանն էլ այդ ժամանակ քայքայված, ավեր, սովամահ էր: Բայց այդ վիճակում էր Առաջին Համաշխարհայինից տուժած Արևելյան Եվրոպան ու Մերձավոր Արևելքը՝ մեր վիճակը գուցե առավել ծանր էր, բայց բացառություն չէր: Հայաստանի այդ ժամանակվա կառավարությունը Խատիսյանի գլխավորությամբ ոչ միայն Տաճկահայաստանի հարցում ոչինչ չէր ձեռնարկում, այլև հանդուրժում էր, որ Արևելյան Հայաստանի զգալի մասը, այդ թվում՝ Արարատյան դաշտի մեծ մասը. Նախիջևանը և այլն, որոնք Հայաստանի տարածք էին համարվում, մնան հայկական վերահկողությունից դուրս, ապստամբ վիճակում: Լուծում չէր ստանում նաև Ղարաբաղի հարցը: Իսկ դրանց լուծումն, ի դեպ, նաև սոցիալական աղետի խնդիրը կարող էին մասմաբ լուծել՝ տասնյակ հազարավոր սովամահ ու անտուն գաղթականներին կարելի է տեղավորել ապստամբ շրջաններում, ինչպես դա արվեց 1920-ին: 

Խատիսյանի կառավարության քաղաքականության հիմնական շեշտը «դիվանագիտությունն էր»: Սպասում էին՝ երբ մեծ տերությունները պետք է իրավականորեն ճանաչեն անկախ և միացյալ Հայաստանը, ինչպես նաև իրավականորեն լուծեն Նախիջևանի և այլ հարցերը: Բայց այդ գործընթացը ձգձգվում էր, մինչև գործը հասավ Թուրքիայի հետ հաշտության պայմանագրին, ինչպես տեսանք եկավ 1920 թիվը՝ լրիվ այլ ուժային հաշվեկշռով՝ վերադարձած Ռուսաստանով, և ուժեղացած քեմալական շարժմամբ, և երկուսի դաշինքով: 1919-ը, թերևս, կորսված հնարավորությունների ամենամեծ տարին էր հայոց պատմության մեջ: Այն խնդիրները, որոնց գոնե մի մասը կարելի էր լուծել 1919-ին, լուծվեցին միայն 1920-ի ամռանը:

Միայն բոլշևիկյան մայիսյան խռովությունը ի զորու եղավ փոխել տալու Հայաստանի քաղաքականությունը: Խատիսյանի կառավարության փոխարեն ձևավորվեց նոր՝ Օհանջանյանի կառավարությունը, իսկ փաստացի երկիրը ղեկավարում էր ռազմական և ներքին գործոց նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը: Նոր կառավարությունը «դիվանագիտականի» փոխարեն սկսեց իրացնել հեղափոխական, այսինքն՝ սեփական ուժերի վրա հենված և ժողովորդական դիմադրության քաղաքականություն: Այս քաղաքականությունը շատ արագ սկսեց արդյունքներ տալ՝ անլուծելի թվացող հարցերը հերթով սկսեցին լուծվել, և գոնե Արևելյան Հայաստանի տարածքն ամբողջանալ:

Իհակե, երկու կառավարությունների քաղաքականության հակադրումը մի քիչ սխեմատիկ է, նրբերանգներ հաշվի չառնող, բայց  որպես զուտ սխեմա բավական է՝ հիմնական հետևություններն անելու համար: Բայց ինչո՞ւ այդ դեպքում այս նոր՝ հեղափոխական քաղաքականությունը (հեղափոխական ենք գրում՝ օգտագործելով հենց ժամանակակիցների բնութագրումը, այլ ոչ թե մեր վերագրումը) վերջնական հաջողության չհասավ: Պատասխանն արդեն մասամբ տվել ենք՝ որովհետև այդուհանդերձ այն բավականաչափ հեղափոխական չէր, պետք էր ավելի մեծ ժողովրդական համախմբում և ավելի կոշտ ու վճռական դիրք: 

1920-ի հայ-թուրքական պատարեզմը: Հնարավո՞ր էր հաղթել

Եվ այստեղից վերջին հարցը:

Հնարավո՞ր էր արդյոք հաղթել 1920-ի հայ-թուրքական պատերազմում, և այդու իրացնել Սևրի պայմանագիրը՝ մասամբ կամ ամբողջությամբ:

Հաղթելն, իհարկե, միակ ելքն էր Սևրի իրացման, և ինչպես տեսանք, դա հստակ գիտակցվում էր այն ժամանակվա հայկական կառավարության կողմից:

Մենք համարում ենք, որ հաղթել հնարավոր էր, և մեր նախորդ ողջ շարադրանքն արդեն պետք է լինի դրա ապացույցը:

Միշտ հարց է ծագում՝ ինչո՞ւ էր հնարավոր 1918-ին հաղթել Սարդարապատում, բայց նույնը հնարավոր չեղավ 1920-ին՝ Կարսում: Սարդարապատոմ հայերս ավելի վատ պայմաններում էինք՝ կայացած բանակ չկար, թշնամին մոտեցել էր ընդհուպ Երևանին, թուրքական բանակը դեռ պարտված չէր, թեև թուլացած, բայց Օսմանյան կայսրության կանոնավոր զորքն էր և այլն:

Սարդարապատից առաջ հայկական զորքերը շարունակ նահանջել են՝ հանձնելով Երզնկան, Կարինը, Վանը, Կարսը, Ալեքսանդրապոլը: Հայկական բարձրաստիճան սպաները պատրաստվում էին Երևանն ու Ղարաքիլիսան (Վանաձորը) նույնպես թողնել և նահաջել «դեպի լեռներ»: Հաղթանակի հույս ու հավատ բանակում չկար: Եվ ինչպե՞ս տեղի ունեցավ հաղթանակը, ինչպե՞ս այդ նույն նահանջի ծրագրեր մշակող զորավարներն ու պարտվող զորքը կռվեցին: Պատճառը մեկն է՝ մինչ հայկական բանակը նահանջում էր, Երևանում 1918-ի գարնան ամիսներին ծավալվում էր հանուն դիմադրության ժողովրդական շարժում, որի կազմակերպիչն էր Արամ Մանուկյանն ու նրա շուրջ համախմբված Դաշնակցության Վանի կոմիտեն իր «Աշտանանք» պաշտոնաթերթով: Ժողովուրդը ցույցեր էր անում Երևանի փողոցներում՝ դիմադրության կազմակերպման պահանջով, գործիչներն ու թերթերը քարոզչություն անում, Արամ Մանուկյանը գլխավորում ու կազմակերպում այդ շարժումը:

Ժողովրդական այդ շարժումը ոչ թե սոսկ անհատների ջանքը, բայց ոչ էլ տարերային, այլ հենց կազմակերպված ժողովրդական ուժը, հենք դարձան տրամադրության փոփոխության և հաղթանակի: Սա էր Սարդարապատի գաղտնիքը՝ կազմակերպված ժողովրդական շարժում, հայրենական պատերազմ:

1920-ի հայ-թուրքական պատերազմն իր էությամբ ժողովրդական, հայրենական պատերազմ էր և պետք է դրսևորվեր որպես այդպիսին: Բայց այդպես չեղավ փաստացի: Հայկական կանոնավոր բանակում գլխավոր դերերում էին նախկին ռուսական բանակի սպաները: Այդ նույն սպաները, որոնք նահանջում էին 1918-ին, և միայն ժողովրդական շարժումից ոգևորված նորից ձեռք բերեցին դիմադրողականություն: Սպաների մյուս խումբը, որոնք կոփվել էին ոչ թե ռուսական կանոնավոր բանակում, այլ հեղափոխական պայքարում՝ Սեպուհը, Դրոն, Նժդեհը և այլք, երկրորդական դիրքեր էին մղված, և բացի այդ չէին ընդունվում ռուսահայ սպաների կողմից, որոնց վստահված էր գլխավոր դերակատարումը Կարսի ճակատում:

Խնդիրն այն չէր, որ ռուսահայ սպաները վատ մասնագետներ էին, այլ այն, որ նրանք կրողը չէին հեղափոխական և հայրենասիրական մտածողության: Հայաստանի անկախությունը նրանց համար մի ժամանակավոր պատահականություն էր: Հայկական ազատագրական պայքարը նրանց համար ապրված երևույթ չէր, և նրանք չեն մասնակցել դրան: Մինչ հայ-թուրքական պատարեզմը հայկական հեղափոխության՝ ազատագրական պայքարի գագաթնակետն էր, որում պետք է վերջնական լուծում ստանար 30-ամյա պայքարը: Ռուսահայ սպաների համար, սակայն, սա մի հերթական, կանոնավոր պատերազմ էր, որում կարելի էր հաղթել կամ պարտվել՝ ըստ հանգամանքների: Ժողովրդական, հեղափոխական պատերազմում պարտություն չկա:

Ավելին կար՝ մայիսյան խռովության ժամանակ ռուսահայ սպաները իրենց լավագույնս չէին դրսևորել: Նրանք ըստ էության չեզոք դիրք էին գրավել, էլ չասած, որ բոլշևիկները կարողացել էին բավականին ամուր դիրքեր գրավել բանակում՝ շնորհիվ ռուսասիրական տրամադրությունների: Միայն Սեպուհի գլխավորած տաճկահայ ուժերով հնարավոր եղավ ճնշել մայիսյան ապստամբությունը: Բայց Հայաստանի նոր կառավարությունն այստեղից էլ վճռական հետևություններ չարեց: Բանակի հարցում նա վարեց պահպանողական քաղաքականություն, շարունակեց առաջին դերերը վստահել «պրոֆեսիոնալներին», և չմիջամտել բանակի «ներքին գործերին»: Ըստ էության Կարսի ճակատում թուրքերի դեմ կռվում էր ոչ այնքան հայկական ժողովորդական բանակ, որքան ռուսական նախկին բանակի մի հատված: Եվ հակառակը՝ թուրքական կողմից կռվում էին թեև ոչ մեծաքանակ, բայց ազգային, հեղափոխական ոգով տոգորված սպաներ: Սա է 1920-ի պարտության գաղտնիքը, այլ ոչ թե այլ մասնավոր հանգամանքներ:

Եթե հայկական կողմից պատերազմը ստանար ժողովրդական, հայրենական, հեղափոխական բնույթ, ինչպիսին էր, օրինակ, Նժդեհի պայքարը Զանգեզուրում, եթե ինչպես 1918-ին ռուսահայ սպաները ենթարկվեին ժողովրդական շարժմանն ու գործիչներին, այլ ոչ թե իրենք ղեկավարեին պայքարը, եթե Ռուբեն Տեր-Մինասյանը չվարաներ դառնալ հայկական Քեմալ, ապա, ամենայն հավանականությամբ Սևրի սահմաններն իրականություն կդառնային, և մենք կունենաին անկախ Հայաստան՝ 1918-ից ի վեր մինչև մեր օրերը: Սուտ է, որ անխուսափելի էր Հայաստանի անկախության անկումը, պարտությունը, բոլշևիկացումը: Նման պատմական ֆատալիզմ ժողովրդին քարոզոզները կեղծում են պատմության բուն իսկ էությունը, որն է՝ չկա որևէ անխուսափելի բան, ոչ ոք դատապարտված չէ պարտության:

Երեկ և այսօր: Թուղթ ու փաստ

Ի՞նչ ունենք այսօր ի համեմատություն 1920-ի:

1920-ին ունեցանք մի մեծ «թուղթ», որով Հայաստանի մաս էր ճանաչվում պատմական Հայաստանի մեծ մասը, այլև սրան ի հավելումն՝ ելք էինք ունենում դեպի Սև ծով: Նման թուղթ, վավերացված աշխարհի մեծերի կողմից, ինչպես նշել ենք, չենք ունեցել ոչ առաջ, ոչ հետո: Բայց դա այդպես էլ մնաց թուղթ, և այժմ միայն պատմական դասեր քաղելու կարող է ծառայել: Ինչու թուղթը չդարձավ իրականություն՝ բացատրեցինք արդեն:

Այսօրվա Հայաստանը չունի «թուղթ»: Ավելին՝ այսօր «թուղթը» մեր դեմ է՝ «ամբողջ աշխարհը», «միջազգային հանրությունը» ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, էլ չասած՝ ազատագրված տարածքների մասին: Բայց թղթի փոխարեն, ունենք՝ փաստ: Եվ այդ փաստին հասել ենք ոչ թե միջազգային թղթերով, այլ սեփական ուժերով: 1988-91 թթ. հայկական հեղափոխոխությունը, և 1991-94-ի պատերազմը ոչ պակաս համարձակ և «անհույս» դիմադրություն էր, քան վերը բերված օրինակները: Իհարկե, ձգտում ենք Արցախի միջազգային ճանաչմանը: Բայց աշխարհը կատարյալ չէ՝ լավ է ունենալ և թուղթ, և փաստ, բայց Սևրի օրինակը չի խաբում՝ փաստն առանց թղթի, մեղմ ասած, ավելի հաճելի է, քան թուղթն առանց փաստի:

Այսօր մեր հակառակորդ Ադրբեջանն է թղթի և իրականության հակասության դարդին: Միջազգային ճանաչված սահմաններ, ՄԱԿ-ի ԳԱ ռեզոլյուցիաներ և այլն, և այլն, բայց դրա դիմաց այն պարզ իրականությունը, որը որևէ բան, որը դու սեփական ես համարում, ոչ ոք երբեք քո փոխարեն չի կարող «վերցնել և տալ»: Կարելի է որքան ուզես մեծ հաջողությունների հասնել դիվանագիտական ճակատում, բայց աշխարհի օրենքը մնում է անփոփող՝ վերջնական լուծումը ոչ թե թղթերն են ու «միջազգային հանրությունը», այլ սեփական կազմակերպված ջանքն ու պայքարը:

Սևրի և 1920-ի դասերը

Սևրի և ընդհանրապես 1920 թվի դասերը շատ պարզ են:

  1. Պատմության և քաղաքականության մեջ ոչինչ կանխորոշված չէ, և ոչ մեկը երբեք դատապարտված չէ պարտության։
  2. Միշտ կա դիմադրության և պայքարի ռեսուրս: Նույնիսկ անհույս թվացող իրավիճակներում դիմադրությունն իմաստ ունի: Դիմադրությունը չի պարտվում: Պարտվել կարող է ոչ բավարար չափի դիմադրությունը: Դիմադրողը կարող է դաշնակիցների վերածել նույնիսկ սեփական թշնամիներին:
  3. Ժողովրդական համախմբումն ու կազմակերպումը վճռորոշ ուժ է, որն իր կամքը կարող է թելադրել նույնիսկ աշխարհի առավել հզոր տերություններին
  4. «Աշխարհը» ոչինչ չի կարող պարտադրել, չի կարող նաև «փրկել»: Նա կարող է օգնել, օժանդակել կամ հակառակը՝ խանգարել, բայց «աշխարհի» ցանկություններն ու գործողությունները հավասարակշռված են ժողովուրդների ցանկություններով և գործողություններով:
  5. Ժողովուրդների հաղթանակների գաղտնիքը՝ սեփական ուժերի վրա հենված քաղաքականությունն է:

 

Հրանտ Տեր-Աբրահամյան

Տպել
13545 դիտում

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան