Գրականություն առարկայի չափորոշիչը մնում է ամենաքննարկվածը. ինչ բանաստեղծություններ կան նախագծում

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների եւ օրինակելի ծրագրերի՝ Գրականություն առարկայի չափորոշիչը շարունակում է մնալ ամենաքննարկվածը: Ինչպես մասնագետներն, այնպես էլ լայն հանրությունը չափորոշչում ներառված հեղինակների ու նրանց ստեղծագործությունների մասին ամենատարբեր՝ ողջամիտ ու տարօրինակ կարծիքներ են հնչեցնում: Ըստ էության, սակայն, շատերն են համակարծիք, որ ընտրությունն ըստ հեղինակների դիտարկելը ճիշտ չէ, կարեւոր է հատկապես այն, թե տվյալ հեղինակի ո՛ր գործն է նախատեսվում ընդգրկել դպրոցական ծրագրերում: Նշում են, որ հանճարեղ գործեր կան, որ անհասկանալի են որոշակի տարիքային խմբերի համար, անթույլատրելի՝ դպրոցական ընթերցանության եւ դասարանային քննարկումների թեմա դառնալու առումով:

Այսպես, ներկայացնենք բանաստեղծություններ, որ ընդգրկված են Գրականություն առարկայի նոր չափորոշիչներով դասագրքերի «Լրացուցիչ ընթերցանության եւ նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)» ցանկում. այն եւս աշխատանքային, լրամշակվող տարբերակ է, որ հիմա ակտիվորեն քննարկվում է սոցիալական ցանցերի գրական եւ ոչ գրական հարթակներում: Սկսենք 7-րդ դասարանից, քանի որ մինչ այդ նախատեսվում է հայ գրականությունն ուսումնասիրել Մայրենի, եւ ինտեգրված Ես եւ իմ հայրենիքը առարկաների շրջանակում:

        7-րդ դասարան

Հովհաննես Գրիգորյան

«Հայաստան»

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

 

Սիլվա Կապուտիկյան

«Մոխրագույն աչքեր»    
Ինձ չի տվել հողը հայոց
Հնոց գեղերը հայուհու,
Ոչ սեգ հասակ, ոչ հուր հայացք,
Ոչ հյուսքերի բոցեր հլու.
Պարգեւել է նա ինձ խորունկ
Զույգ մոխրագույն աչքեր միայն
Լցված մոխրով իր դարերի,
Խորքում՝ անթեղը ներշնչման...
Հայկական աչքեր
Ու'ր էլ լինենք, ինչ դեմքի վրա՝
Խորշոմած մի մոր, թե մանկան մի թուխ,
Հոգնած հարսների դեմքին արեւհար,
Հայկակա'ն աչքեր, գեղեցի՜կ եք դուք:
Դուք, տեսած այդքան լաց ու արհավիրք,
Ինչպե՞ս կարեցաք դարերից այն հին
Մնալ այսքան մե՜ղմ, այսքան գեղեցի՜կ,
Այսքան գեղեցի'կ նայել աշխարհին...
    

        8-րդ դասարան

Ռազմիկ Դավոյան

«Երեկ տխուր, այսօր ուրախ»

Երեկ տխուր, այսօր ուրախ,

Ալիքի պես ծափ եմ տալիս,

Երեկ՝ դեպի անհայտություն,

Այսօր դեպի ափ եմ գալիս:

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին

Կամ ծիծաղում խենթի նման,

Ինձ բաշխում եմ ավազներին

Անապատի գետի նման:

Ինձ բաշխում եմ անմնացորդ,

Իմ ժպիտներն ո՞ւր են տանում,-

Ծիծաղիս մեջ ամեն անցորդ

Հոգնած հոգին է լվանում:

Վաղը երբ որ մշուշ լինի,

Եվ արցունքներ ծնվեն ցավից,

Գուցե մեկը փոքրիկ մի կայծ

Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

 

Խաչիկ Մանուկյան

«Գոյամարտ»

Բարձունքը մերն է, տղերքը` չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին
Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու Մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան։

 

Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու՝
Մորթապաշտ օրս զինով զրահած,
Ու մթնած հոգուս փչակները խուլ
Ո՞նց բացեմ խինդ ու նվագի առաջ։

Անուններ չտամ – սուրբ են բոլորն էլ,
Իմ պղծությունն եմ առավել զգում,
Պստիկ հոգսերի մեջ եմ մոլորել
Իմ փուչ անցյալն ու գալիքն անխոստում։

Ինչ-որ կրակ կար՝ համով, ինքնաբորբ,
Աստվածաարեւ ավանդին հլու,
Ես էդ կրակի հաճությանը խորթ՝
Ձեր կյանքի հաշվին ո՞նց եմ ապրելու։


Հողդ չեմ տեսել, ցավդ չեմ կիսել,
Չեմ դարձել զոհ քո հաղթության համար,
Ոչ էլ կոչեր են շուրթիցս հոսել
Հեղափոխական հարթակին հարմար։

Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես՝
Սատանաները չեն հասկանալու,
Բայց պիտի կանգնեն խոնարհ հարսի պես
Քո դեմ՝ շանթահա՚ր հայացքիդ հլու։

Լույս– մամիկներիդ պայծառ աչքերին
Շղարշ է դառնում ջուրը դառնաղի,
Դեռ ծավալվում է քո քղանցքներին
Տուրուդմփոցը դիվային խաղի։
Ու որ իմն ես դու, ու որ քոնն եմ ես,
Ու իմ արյունը՝ քեզ սպեղանի…
Դեռ պիտի փարվի Տիզրան Մեծի պես
Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի։

 9-րդ դասարանում ուսուցչի ու աշակերտի հայեցողությամբ պիտի ընտրվեն սիրային բանաստեղծություններ Վահագն Դավթյանի, Հուսիկ Արայի, Ներսես Աթաբեկյանի ստեղծագործություններից: Նաեւ առկա են այս ստեղծագործությունները:

Հենրիկ Էդոյան

«Այլ լռությունը բառերի միջեւ»

ՊՈԵԶԻԱՆ փողոցը չէ,

այլ փողոցով անցնող

մարդը միայնակ,

ձեռքերը գրպաներում,

պոեզիան ծառը չէ,

այլ թռչունը` ծառի

ճյուղերում ապրող,

պոեզիան դեմքը չէ,

այլ դեմքի վրայով

ստվերը սահող,

պոեզիան երկինքը չէ,

այլ ամպը` երկնքում,

պոեզիան բառը չէ,

այլ լռությունը

բառերի միջեւ,

կապը անծանոթ

երկու անցորդների,

որ գուցե այլեւս

չեն տեսնի իրար:

 

Հրաչյա Սարուխան

«Հայաստան» 

Դու իմ հետադարձ հասցեն ես միակ
Եվ իմ եզակի ճակատագիրը,

Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը…
Անկրկնակոշիկ Համապատմության
Սայթաքումները մեզ աղավաղել
Եվ թաց երգերս փակ վերքերիս մեջ
Սատանայաբար փորձել են թաղել։
Որպեսզի դառնամ թափառող ծրար՝
Չունենամ նույնիսկ հետադարձ հասցե,
Բայց մենք վերստին փարվել ենք իրար
Ու հուսաբանել՝ Տեր մի արասցե…
Դու իմ հետադարձ հասցեն ես միակ,
Իմ անկրկնելի ճակատագիրը,
Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ,
Իմ հիշատակաց միակ Երկիրը:

 

Վարդան Հակոբյան

«Բանաստեղծության փոխարեն»

Ես սիրում եմ իմ հայրենիքն անկեղծորեն՝ ինչպես բոլորը եւ
անասելի խորշում եմ
հայրենասիրության մասին խոսքերից, ինչպես,
իհարկե, ո՛չ բոլորը:

Զոհվածներին կխնդրեի՝ հրաժարվել ծաղիկներից
նրանց, ովքեր
պսակներ դնելու պահին հատուկ նկարահանվում են՝
հուշարձանները դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության:

Ռամիկներին կխնդրեի՝ մերժել ձեռքսեղմումները նրանց, ովքեր
միեւնույն պահին ժողովրդի մեջ հատուկ նկարահանվում են ՝
նրան դարձնելով մասն իրենց քարոզչության:

Աստծուն կխնդրեի՝ չընդունել մոմավառությունը նրանց, որոնք
հաղորդության պահին խորանում վանքի հատուկ
նկարահանվում են՝
աղոթքը դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության:

Ես կխնդրեի եւ հանրությանը՝ երբեք չվստահել նրանց, ովքեր
սարեր են խոստանում անվերջ՝
մոռանալով, թե քանի սար է արդեն մնացել հայոց աշխարհում:

Տանել չեմ կարող հայրենասիրության մասին տիրադները, իսկ
երբ ճգնում են սերը բառավորել,
սկսում եմ արդեն չսիրել՝ ոչ ինձ, եւ
ոչ էլ անգամ հայրենիքը:

 

Արտակ Համբարձումյան

«Ո՞ւմ են սփոփելու այս երգերս մռայլ»

Ո՞ւմ են սփոփելու այս երգերս մռայլ,
Իմ տառապանքը ո՞վ է սիրով ամոքելու,
Ո՞վ է տառապելուց եղել այսքան շռայլ,
Այսքան ժլատ եղել բողոքելուց:

Եվ նույնիսկ դու՛, իմ սե՛ր, որ իմն էլ չես կարծես,
Կփայփայե՞ս արդյոք բանաստեղծի սերը,
Որ դառնահամ կյանքից նա սիրում է եւ՛ քեզ,
Ե՛վ քո սիրուց ծնված տանջանքները:

Բանաստեղծի հոգին միշտ էլ փակ է մնում,
Նրան ծերացնում է հարազատ մայրն անգամ,
Նա մեռնում է, ինչպես շախմատում է լինում.
Թագուհուն են խոցում, բայց զոհվում է արքան:

 

Վահագն Դավթյան

«Կեսն է գիշերվա...»
Կեսն է գիշերվա...
Կուզեի այնպես ես քո տունը գալ,
Տեսնել շփոթմունքն ու շիկնանքը քո,
Հոգնած ամպի պես
Իմ կարոտները կրծքիդ հեկեկալ
Եվ սրտիս նման դողացող ձեռքով
Մատնե՜րդ շոյել,
Բազուկներիս մեջ
Քո փխրուն ու տաք նազանքն օրորել...
Իմ քնքշանքների թավիշն անարատ,
Իմ թախիծների կապույտն ալիքվող,
Իմ արցունքների կայծկլտումը տաք
Ու տառապանքիս բոսորը փռել հայացքիդ ի տես,
Ասել, որ դու ես տերն այդ բոլորի,
Սակայն չգիտես:

 

Հուսիկ Արա

Եվ սերը ասաց

Ամեն բան հարաբերական է տիեզերքում,
բացառությամբ այն սերը,
որ ես ունեմ քո նկատմամբ:

Եվ իմ սերը ասաց` լույս լինի,
քո աչքերը եղան.
տեսավ, որ աչքերը չքնաղ են,
սպիտակ մասը ցերեկ կոչեց,
սեւը` գիշեր,
որ ամեն օր քնի եւ արթնանա քո կոպերի տակ:

Սերը ասաց` երկինք լինի,
քո հայացքը եղավ,
ասեց` երկիրը լինի,
քո ձեռքերը եղան,
որ պինդ գրկեն իրեն,
հանկարծ չընկնի ջրերի վրա:

Սերը ուզեց արեւ լինի`
քո համբույրը եղավ,
ուզեց լուսին լինի`
քո ժպիտը եղավ,
եւ աստղերը` հմայքը քո,
որ չմոլորվի առանձնության մեջ:

Եվ սերը քեզ ստեղծեց.
եղար դու`
մարմին ու էություն,
որ շատացնես
համբույրը,
ժպիտը,
հմայքը
եւ իշխես բոլորի ու իր վրա:

Ամեն բան հարաբերական է տիեզերքում.
միայն դու ես
բացարձակ Ես,
ինչպես առաջին խոսքը,
որ հնչեց քաոսի մեջ
եւ եղավ:

 

Ներսես Աթաբեկյան

«Մենք այստեղ եղել ենք»

Մենք այստեղ եղել ենք:
Հիշեցի´:-
Այստեղ բույրեր կան դեռ
Անցյալ օգօստոսից,
երբ ծորում էր ինչպես
դեղին մեղրը հացին
հետկեսօրը`թանձր ու թափանցիկ,
եւ բույրերից հստակ առանձնանում,
բարձրանում էր բույրը հասած դեղձի,
դռնապանը մայթին
մի պուտ ջուր էր ցանում
ու պրկվում էր նեղլիկ ծիածանով
անածական սիրուն եկեղեցին:

Քո արմունկից քիչ վեր
աղվամազ էր դեղձի,
քո արմունկից քիչ վար
կիսած դեղձի փոսիկ,
շոգն իսկապես շոգ էր,
ու թվաց ինձ
շոգած մայթը հիմա պիտի մայթով հոսի:

Անթափանցիկ շոգ էր,
Երբ հպվեցիր,
փշաքաղված դեղձի
աղվամազ էր, ու քեզ
կարոտեցի հեռվից սիրածի պես
ու սիրեցի ինչպես հեռացածին…

 

       10-րդ դասարան

Աննա Դավթյան

«Նկարեցինք այս երկիրը»

Նկարեցինք այս երկիրը,
ամենուր չորություններ դուրս եկան՝
քարեր, քիչ,
խորխորատ:
Քչությունից ծիլեր դուրս եկան՝
թափանցիկ,
քարերի գույնը դեռ մեջները,
ջուր ավելի, քան պնդություն:
Նվաղուն դուրս եկան քարերի մեջ,
մեծ ամպի տակ:
Նկարեցինք ամպերի տարածվելը,
մարգեր դուրս եկան քարերի մեջ՝
հավասար, գուգահեռ, կայտառ,
գծել էր մեկը:
Անձրեւ եկավ,
ոչ ոք չխանգարեց, որ ջրվեն ծառերը,
եկավ, փայլեցրեց տերեւները,
կուտակվեց հողի մեջ:
Կանաչը բարձրացավ, շատացավ, լցրեց իրենով,
նկարեցինք այս երկիրը,
շողաց:
Շողում էր:

 

       11-րդ դասարան

ՍՈՆԱ ՎԱՆ

«Մայրս»

... ես
այս օրերիս
Աստծուն
կրում եմ
վերնաշապկիս տակ
տաք հացի նման
ու բաժանում եմ
ում որ պատահի

մեր խոհանոցում
մեծ
փայտյա տաշտը
միշտ նույն չափով էր
լցված
խմորով

մայրս
կարծես թե
իր մատներից էր
սարքում խմորը

կամ
ավելի շուտ
խմորը կարծես
մորս մատների
մետամորֆոզն էր
փայտյա տաշտի մեջ

մայրս...
երբեմն
փորձում էր սրբել
քրտինքը դեմքի
եւ տասը հավասար
խմորի շիթեր
մորս մատներից
ձգվում էին
մինչեւ
նրա ճակատը

հայրս ասում էր
որ
խմորից է
մայրս մեզ սարքել
ու
ծիծաղում էր

մայրս լռում էր
ու շարունակում
խմորից
ճերմակ
հրեշտակներ կախել
մատների ծայրից

մայրս...
երդվում եմ
կարող էր քայլել
ջրերի վրա
թե կարողանար
ձեռքերը
մի կերպ
պոկել խմորից...

 

Տիգրան Պասկեւիչյան

« էսօր Գերմանն ինձ նկարեց»

էսօր Գերմանն ինձ նկարեց
ու ես դարձա ՆԿԱՐ:
Երեկ անհոգի էի, ազատ,
էսօր դարձա Նկար:
Լույսը լույսով ճառագեց,
ըստվերն ամոթից մեռավ.
Գերմանին ի՞նչ, չըխկ-չըրխկացրեց,
որ ես դառնամ ՆԿԱՐ:

Հիմի ո՞ւր եմ, Աստված գիտի,
Ի՞նչ եմ ինձնից բացի,
Եթե ՆԿԱՐՆ ինձ հանդիպի,
Վայ թե չըճանաչի:

 

Ղուկաս Սիրունյան

«Հարցազրույց»

Թղթակիցն հարցրեց ընկնող ծառին,
թե իմանայիր այսքան կացնավոր ձեռք կա
մոլեգնող շուրջդ,
կուզեի՞ր ծնվել։
Ծառը թեք ընկավ ու ճարճատյունով տապալվեց գետնին։
– Թեկուզ իմ ուսի այս բնի համար,
որ կաչաղակը հյուսեց այս գարուն՝ արժեր աշխարհ գալ։
– Ի՞՝նչ ծրագրեր ունեք այսուհետ։
– Ես փայտ եմ արդեն…
փայտն ի՞նչ ծրագիր պիտի ունենա։
– էլ հարցեր չունեմ։
– Ո՞վ ես,– ծառն հարցրեց իր վերջին շնչում։
– Ես կաչաղակն եմ,–
թղթակիցն ասաց կողքի սաղարթից։

 

Սլավի-Ավիկ Հարությունյան

«Տրտմություն»

կգան նրանք
որոնց սպասել ենք
կգան նրանք
որոնց մատնել էին կախաղանի
կգան հաղթողները պատերազմի
կգան փախածները մարտից
կգան հեռացածները երկրից
կգան բերդերում նստածները
կգան մեռյալները հանուն Որդու եւ Հոր
կգան բոլորը
բայց ոչ երբեք նրանք
որոնց սիրել ենք

 

Հակոբ Մովսես

«Մորս»

Եվ քամիներն ահա
ճանապարհներ դարձան, -
ես գնում եմ հեռու,
ես գնում եմ հեռու:

Եվ թափուր են մնում
օրորոցներն անձայն,
եւ մանուկներն այնտեղ
էլ չեն տեղավորվում:

Եվ մեզ ի՞նչ է մնում
կորցնելուց բացի, -
եւ մեր դուռն են թակում սկիզբ ու վերջ, -
եւ ասում ես դու ինձ`
տե՛ս, երկինքը հեռվում,
եւ աստղերը` անծայր երկնքի մեջ:

Ես ելնում եմ հիմա
եւ գնում եմ ահա,
գիտեմ` ինձ հետ դու չես գալու, -
դու մնում ես հեռվում -
դու մնում ես հեռվում`
մանկությունս այնտեղ
պահպանելու:

 

Էդուարդ Հարենց

«Ուրցով թեյ» 

Ես ու երկու ընկերներս (զույգեր` քույր-եղբայր)
ամենաչարն էինք մանկապարտեզում:
Նախաճաշի ժամին ծլկում էինք,
ուշացած գալիս,
իբր թե` «Մենք չգիտեի՜նք»…
Պատժում էին, իհարկե:
Մինչ բոլոր երեխաները
արդեն
իջնում էին խաղալու,
մենք ստիպված էինք…
(«Առանց նախաճաշելու` բակ իջնել չկա´»):
Իսկ մենք շատ էինք խելոք
ու շատ էինք չար.
ձուն ուտում էինք` միայն դեղնուցը,
թեյը թափում էինք…
Հետո հպարտ-հպարտ իջնում էինք բակ
ու հայտարարում,
թե` «Մենք կերանք մեր Հացը»…
Դպրոցական արձակուրդների ուղիղ կիզակետում,
երբ ամռան դեղնուցն`
ասես ոսկեզօծ ներվաթելերի ու ասեղների վրա
արդեն մատուցված էր,
մենք` պապիս տասներեք թոռները,
կեսօրից հետո,
դանակ-մկրատով ու տոպրակներով
զուգված-զարդարված,-
լեռնալանջն ի վեր մխրճվում էինք
օրվա երկնագույն սպիտակուցի մեջ`
ուրց հավաքելու մրցության ծեսի…
Միշտ մնում էի ես թիկունքում վերջինի.
ամենադանդաղը ե´ս էի վազում
(ամենագեղեցիկ վազքը ի´մն էր):
Ես ծաղիկների խենթ սիրահար եմ,
ամբողջ ծեսը տանուլ էի տալիս`
տարբեր ծաղիկներ հետազոտելով…
Երեկոյից առաջ,
երբ ոսկին գնալով թանկանում էր,
մենք` ասես հոգնած,
բայց եւ մրցույթի արդյունքներն իմանալու
անհամբերությունից`
շտապով տուն էինք վերադառնում:
Հանձնում էինք մեր «ավարը»,
լվացվում էինք
ու գալիս-շարվում սեղանի շուրջը,
որի մոտ պապս մեզ էր սպասում:
Ու նա գեղեցի՜կ ու դանդաղորե՜ն
(ինչպես վազում էի ես)
հերթով ստուգում էի մեր տոպրակները:
Հասնելով իմին` նա նախ զարմանում էր.
գրեթե ամբողջը հիացինտներ են,
միայն չնչին ուրց…
Հետո հիշում էր,
աչքը գցում էր Ավետարանին,
լուռ ժպտում էր`
հայտարարելով,
թե ամենաշատ ուրցը ե´ս եմ հավաքել…
Խոնարաբար շիկնում էի:
Դպրոցը ես ավարտեցի արծաթե մեդալով…

 

Հասմիկ Սիմոնյան

«Մեղուներ պահող աղջիկը» 

մեղրից ես դու ծնվել,
ինձ մեղրից հարցրու:
հին հնդկական պոեզիա

Մեղվապահը պապս է,
իսկ ես մորս մասին եմ ուզում խոսել,
որ ժիր մեղու է,
եւ տունը մայրիկի բուրում է տարատեսակ համադամ թխվածքներով,
եւ սիրտը մայրիկի փափուկ է մանուշակի տերեւի պես,
մենք բոլորով ուտիճների նման կծոտում ենք անդադար մայրիկին,
որ ժպտում է լուռ ու գեղեցիկ՝ ի պատասխան մեր տգեղ խոսքի, որի մեջ ձայնավորները շատ են, բաղաձայնները՝ կարճ:

Մայրիկն աշխատում է օրնիբուն,
եւ իսկապես կուզեր հանգստանալ, եթե վստահ լիներ, որ դա եւս աշխատանք է:
Նա հաճախ է օգտագործում «երջանիկ» բառը, երբ նկարագրում է իրեն ու մեզ
եւ այնքան վստահ է խոսում, որ դժվար չի կռահել՝ նա քիչ է երջանիկ եղել,
որովհետեւ այդպես վստահ կարող են լինել միայն դժբախտները, իսկ երջանիկները կասկածում են միշտ:

Մայրիկը սիրում է իր ծաղիկներին:
Ծաղիկները սիրում են մորս,
եւ այդ սերը չի կեղտոտվում բառերով ու գունազարդ պատկերներով:
Դա ծաղկումի ու շոյանքի միջեւ մի բան է, որ անհեթեթ է թվում մեզ
ու հատկապես հայրիկին, որին թվում է՝ լուսամուտագոգը զավթել են
եւ սպառնում է պարբերաբար ազատել մեր տունը կանաչ ելուզակներից:
Բայց մայրիկը սիրում է ծաղիկներին,
ծաղիկներն էլ սիրում են մորս ու առավել փարթամ աճում:

Մայրիկը թխում է անուշեղեններ՝ ոլորուն, շերտավոր, քառակուսի ու կլոր:
Նա փորձարար է, որ ոչ մի կերպ չի գնահատվում
քաղցրի հանդեպ պահպանողական հայացքներ ունեցող մեր տանը,
եւ ալյուրի հետքը նրա այտին խիզախումի նշան է համառ,
որ անտարբեր սրբվում է իմ կամ եղբորս կողմից:

Նա կարդում է գրքեր
ու ժամանակակիցներից գիտի բոլորին
ոչ միայն դեմքով ու գրքի կազմերով:
Հավանում է քչերին: Ես այդ թվում չկամ:
Հատկապես թարգմանություններս համարում է անտաղանդ,
Իսկ փորձարկումներս լեզվի՝ լեզվի հանդեպ բռնություն:
Sարիների հեռվից եկած նրա խոհարարական գրքույկում
Սեւակից հաջողված տողեր կան,
հատվածներ Բ. Պրուսի «Տիկնիկից»
եւ կարելի է գտնել ցուցումներ,
թե ինչպես պատրաստել միկադո եւ ինչպես հաշվարկել օրերը՝
հղիանալու համար ցանկալի սեռի պտղով:

Մայրիկը չի խմում, չի ծխում, ատում է ծխող կանանց,
եւ ամեն անգամ նորովի է մեռնում,
երբ սիգարետի հոտ է առնում ինձնից,
երբ սիգարետի մասին հիշատակվում է բանաստեղծությանս մեջ,
երբ սիգարետով նկար է հայտնվում համացանցում՝ իր աղջկա ակտիվ մասնակցությամբ:
Մայրիկը բռնում է սիրտը, լացում
եւ հիշեցնում արցունքների միջից,
որ ծխելուց ատամները դեղնում են, ձայնը՝ կոպտանում,
իսկ մազերը կարող են թափվել:

Հորս առաջին կրակայրիչը նվիրել է մայրիկը:

Երբեմն մենք կռվում ենք,
ու մայրիկը պնդում է մշտապես, որ ինձ փոխեցին իմ գրքերը
ու տարան իր աղջկան, եւ ես բնավ իր այն աղջիկը չեմ, որ ունեցավ գարնանը,
որ այդ ես չէի կարդում, այլ գրքերն էին կարդում ինձ
ու նշումներ անում վրաս եւ ընդգծում մատիտով,

մայրիկը հիշեցնում է հաճախ
որ ես տրամաբանելուց զրո էի,
եւ երբ միասին հաշվում էինք, թե քանի ոտք ունի աթոռը, իմ պատասխանը
ապուշի պես լռելն էր:
Ուզում եմ ասել քեզ, մա, որ շատ բան առանձնապես չի փոխվել
լռելը շարունակում է մնալ իմ հոբբին
թեեւ դու էլ շարունակում ես սարսափել, թե ոնց քեզնից ծնվեցի ես
ու միակ բանը, որ հարմար գտա ժառանգել քեզնից, ոտնաթաթերդ են մեծ
ու՞մ քաշեցիր էսքան անպատասխանատու
չես դադարում ամեն օր զարմանալ
ու ես էլ
չեմ դադարում
ամեն օր
զարմացնել

քեզ հետ, մա, քեզ հետ,
ապրելով անհնարին դաժան կյանքը այս՝
բացթողումների, տագնապի ու սիրո
հիմա, երբ մի պստլիկ կատու տաքացնում է որովայնս դատարկված
ես քեզ եմ պարզում ձեռքս
որովհետեւ չունեմ ոչ մեկի
որովհետեւ ինչ ունեմ, դու ես
քո ներումը մեծ
եւ երբեք չկիսատվող սիրտը քո
որ այնքան հաճախ է գոռացել ինձ վրա
զայրույթից
հուսահատությունից

ինձ տուն տար մա
լվա դեմքս
եւ երբ գրականությունը իմ ետեւից գա
ասա, որ ես հոգնել եմ շատ
ասա, որ ես մենակ եմ շատ
ասա, որ ես հետ եմ գնում
եւ իմ մանկությունը
թողած
դեղինի մեջ՝
մեղրի ու մեզի, արեւի ու ոսկու

ասա
եղավ
լավագույն սկիզբը
ու վատագույն սկիզբը եղավ
ասա, որ ինձ կերան
ասա, որ ես չկամ
ասա թող ինձ քեզ մոտ թողնի մա
ասա թող ես դառնամ պստլիկ շարժուն մեղու
բզզամ ու չերեւամ
բզզամ ու չերեւամ
բզզամ ու չերեւամ

 

 

Մարինե Պետրոսյան

«HAPPY END» 

ֆիլմը

ատոմային պատերազմի մասին էր

ռումբն արդեն քցել էին

ու փրկվելու

ոչ մի տարբերակ չկար

բոլորս գիտեինք որ

մեռնելու ենք

10 րոպեից

կամ 20

շատ շատ մեկ օրից

կամ երկու

բայց ինչ տարբերություն

երբ որ հույս չկա

փրկվելու

հետո հանկարծ

հոսանքը գնաց

ֆիլմն ընդհատվեց

ու ես հասկացա որ

փրկությունը

երբեմն գալիս ա

երբ որ արդեն չես

հավատում

 

12-րդ դասարան

Վահե Արսեն

«Միակ շարժվողը…» 

Երբ դու հիվանդանոց ընկար՝
ես հասկացա, թե որչափ անկատար ու տրամաբանական է մեր աշխարհը...
Երբ որդիս ծնվեց՝ առանց ամպերին նայելու տեսա նույն աշխարհի շարժվելը...
Երբ մայրս մահացավ՝ մտածեցի, որ աշխարհն անկատար է եւ անտրամաբանական...
Իսկ հիմա, երբ ես եմ մեռնում ու նայում ամպերին՝ միակ շարժվողը երկինքն է...

 

Նշենք, որ թե «Գրանիշ գրական համայնք» ֆեյսբուքյան հարթակում եւ թե գրողների անձնական էջերում գրականության ցանկի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Եթե, օրինակ, Խաչիկ Մանուկյանի «Գոյամարտ»-ը դպրոցական դասագրքերում ողջունել են բոլոր մեկնաբանողները, ապա Մարինե Պետրոսյանի, Ներսես Աթաբեկյանի բանաստեղծությունները, շատերի դիտարկմամբ, պարզունակ են: Հրապարակախոս, գրող, բանաստեղծ Տիգրան Պասկեւիչյանին էլ դուր չի եկել իր գործերից հատկապես այս մեկի՝ դպրոցական ծրագրում ներառելը. «Իմացա, որ Գերման Ավագյանին նվիրված իմ բանաստեղծությունը եւս տեղ է գտել նոր չափորոշիչներով դասագրքի «Լրացուցիչ ընթերցանության եւ նախագծային աշխատանքների առաջարկվող գրականություն (ընտրովի)» ցանկում: Վստահ եմ՝ նվաստիս գործը ցանկ է տեղափոխվել ուղղակի Ֆեյսբուքից, ոչ հեղինակի գրքերի հետազոտման եւ բծախնդիր ընտրության արդյունքում։ Առաջարկում եմ 11-րդ դասարանի աշակերտներին ազատել այդ պարտադրանքից՝ նրանց հայացքն ուղղելով բնությանը, թռչուններին, սարերի ուրվագծերին եւ ամպերին»,- գրել է նա։

Նշենք նաեւ, որ 7-9-րդ դասարաններում Գրականություն առարկային հատկացված է շաբաթը երեք դասաժամ, տարեկան՝ 102 դասաժամ, 10-12-րդ դասարաններում՝ 2-ական, տարեկան՝ 68 դասաժամ:

Տպել
2595 դիտում

Որոշ կազմակերպություններ և անհատներ փորձեցին ուղղորդել ջավախքցիների քվեները․ հորդորում ենք կատարել ազնիվ ընտրություն

Առանց մամուլի ու փակ դռների հետևում. Բայդենն ու Էրդողանն առաջին դեմ առ դեմ հանդիպումն են անցկացրել

ԲՀԿ-ի մի խումբ երիտասարդներ փորձել են խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը

Անհայտ անձինք ՄԻՊ-ի անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու

Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Զաքյան փողոցում

Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը

Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրենը viber-ում աշխատակիցներին հրահանգել է մասնակցել Քոչարյանի քարոզարշավին

«Ոչ մի բախում». ըստ քաղաքագետի, «եթե ոմանք ընտրություններից հետո իրենց տեղը հանգիստ չնստեն, ուրիշ տեղ կնստեցնեն»

Ուզում ենք տեսնել առաջընթաց գրանցող Հայաստան․ Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լին Թրեյսիի հետ

Ինչո՞վ ենք մենք երախտապարտ ցեղասպան Ռուսաստանին, քա՞ղցր է սպանողի ձեռքը. Վարուժան Ավետիսյան

Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ ԿԸՀ-ին հասցեագրված գրության վերաբերյալ Հանաձնաժողովը դիրքորոշում է հրապարակել

Հեղափոխությունից հետո ես բերել եմ 20 մլրդ դոլար վարկ 1 տոկոսով, որը չեն ընդունել. Ծառուկյան

Քավոր-սանիկ լինելու փաստը շատ է շահարկվում, բայց մոռանում են՝ որպես թիմ ինչ հալածանքներ ենք կրել. Տավուշի մարզպետ

Բաքուն ինքնահաստատվում է ֆուտբոլի հաշվին. անպատժելիության հետևանքները

Մարտունու շրջանում չոր խոտատարածկ է այրվել․ կրակը տարածվել և մասնակի այրել է նաեւ բնակիչներից մեկի գարու արտը

Աստված ինձ երեք անգամ է կյանք տվել.19-ամյա Էրիկ Խաչատրյանն 8 ամսվա գերությունից հետո Հայաստան վերադարձածներից մեկն է

5 անշարժ գույք, «Niva-2121». ընտրակաշառքի գործով կալանավորված ԲՀԿ պատգամավորի թեկնածուի ունեցվածքը

Կառավարման համակարգը թևակոխել է թվայնացման նոր փուլ․ Տիգրան Ավինյան

ՀՀ ոստիկանության պետն իրավունք ունի պարգևատրելու բացառապես ոստիկանության ծառայողներին․ ոստիկանության պարզաբանումը

ԱԻ նախարարի մոտ քննարկվել են պետական ֆինանսավորմամբ հոգեբանական աջակցության ծրագրի առաջին փուլի արդյունքները

Արտակ Բեգլարյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը

Ընտրակաշառքի գործով կալանավորված Արմավիրի նախկին քաղաքապետը 55 հազար դոլար եւ 4 մլն դրամ ունի

Մարտունի ԲԿ-ից Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխվածների թիվը ավելացել է. նրանց վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության

Տեղի է ունեցել «Ա. Սպենդիարյան-150» հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողություն

Վազգենի արածն անելն այս փուլում եւ ընդհանրապես շատ դժվար գործ է. Արամ Սարգսյան

67-ամյա տղամարդը ձերբակալվել է 7-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով․ ՔԿ

Հանքավանի հանգստյան գոտիներից մեկում՝ փոքր, կեղտոտ վանդակում, բանտարկված արջ է պահվում. ահազանգ (լուսանկար)

Առուշան Առուշանյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է (տեսանյութեր)

Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ

Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել․ տուժածը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է

Կրթական հաստատությունների ավարտական փաստաթղթերը շուտով այլեւս թղթային տարբերակով չեն լինի. Արտակ Պողոսյան

Երևանի կենդանաբանական այգում ծնվել է եվրոպական արու եղնիկ

Հունիսի 15-ին ՔՊ-ի քարոզարշավը կշարունակվի Սյունիքում․ Հանրապետության հրապարակից նախատեսվում է ավտոերթ

Քաղաքացիներն իրենց քվեարկությամբ կարող են ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ. Փաշինյան

ՏԻՄ ներկայացուցիչներն այցելել են դիրքեր (լուսանկարներ)

Երևանի տրանսպորտային բոլոր թունելների լուսավորությունն արդիականացվել է

Վաղը 3751 դիմորդ միասնական քննություն կհանձնի «Հայոց լեզու» առարկայից

Մայր Աթոռն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ինչու են ընտրությունները կենաց-մահու կռվի վերածվել. քաղաքագետը՝ 2-րդ փուլի հավանականության, հնարավոր բախումների մասին