Կորոնավիրուսով վարակված լինելու լուրը մարդկանց ճնշող մեծամասնության համար մեծ սթրես է. Կարմիր խաչի հոգեբան

Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող մի կին այս առավոտ ցած է նետվել պատուհանից: Դեպքի մասին «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան՝ բուժկենտրոնից ասացին, որ նախաքննական գաղտնիքով պայմանավորված՝ մանրամասնություններ հաղորդել չեն կարող՝ հրաժարվելով պատասխանել նույնիսկ կնոջ ստացած կոտրվածքների, ընդհանուր առողջական վիճակի մասին հարցերին: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ նշեց, որ դեպքը պետք է հետազոտվի՝ պարզելու համար պատճառները: Ըստ նրա՝ ասել, որ կնոջ արարքը կապված է կորոնավիրուսով վարակված լինելու հետ, չեն կարող:

Կորոնավիրուսի հետ կապված դեռ մարտ ամսից հոգեբանական աջակցություն է մատուցում Հայկական կարմիր խաչը: Թեժ գծի պատասխանատու, ծրագրային հոգեբան Արմիդա Զախարյանը մեզ հետ զրույցում հավաստեց՝ կորոնավիրուսով վարակված լինելու լուրն ստացող մարդկանց ճնշող մեծամասնությունը հոգեբանական բարդ վիճակում է հայտնվում:

«Պետք է այս դեպքը առանձին լավ ուսումնասիրվի, դիտարկվի, թե այս կինը նախկինում ինչ խնդիրներ է ունեցել, որովհետեւ իր քայլը միանշանակ կապել կորոնավիրուսի հետ, գրագետ չի լինի: Մենք չգիտենք՝ նախկինում ինչ սթրեսայնություն է ունեցել, ինչ կյանքի փորձ, ինչպես է հաղթահարել իր սթրեսները: Կորոնավիրուսը կարող է լինել մեկ ազդակ եւս, որ խթանի սուիցիդի դիմելը, բայց գուցե նախատրամադրվածություն եղել է, որին կորոնավիրուսը նպաստել է: Միայն խորքային մասնագիտական վերլուծությամբ կարելի է հասկանալ, թե ինչի արդյունք է դա եղել: Համոզված եմ, որ դեպքն ունի իր նախապատմությունը»,- ասաց Զախարյանը՝ անդրադառնալով պատուհանից ցած նետված կնոջ դեպքին:

Ի պատասխան ճշտող հարցին, թե միայն կորոնավիրուսով վարակվածության լուրը կարո՞ղ է մարդուն հասցնել ինքնասպանության գաղափարին՝ նա նշեց, որ թեպետ ամեն առանձին դեպք պետք է հետազոտել մասնագիտորեն, սակայն ընդհանուր առմամբ կարելի է գրեթե բացառել, որ միայն վարակվածության մասին լուրը կարող է հակել նման քայլի:

«Մարտ ամսից մենք ունեցել ենք մոտ 11 հազար զանգ, որի շուրջ մեկ երրորդը եղել է հոգեբանական տարբեր խնդիրների հիմքով: Երբ մարդը վարակվում է, իր առաջին մտավախությունն է լինում, որ ընտանիքի անդամներին, մտերիմներին չվարակի, քանի որ սա օդակաթիլային վարակ է: Դա վախ է, խորքային մեղքի զգացում, սակայն կորոնավիրուսի այս տեսակը դեռ քիչ ուսումնասիրված է, եւ որքան էլ մարդիկ տարբեր աղբյուրներից հետազոտությունների տվյալներ են վերցնում, ամեն դեպքում, դեռ շատ բան ոչ ոք չգիտի: Եվ հենց այս անորոշությունն էլ մեծ սթրեսի պատճառ է դառնում»,- ասաց Արմիդա Զախարյանը:

Մասնագետը պատմեց, որ մարդկանց վախեցնում է հիվանդության անկանխատեսելի ընթացքի անորոշությունը: Վախենում են, թե իրենց օրգանիզմն ինչպես կկրի այն եւ թե մտերիմները՝ ընտանիքի ավելի տարեց, քրոնիկ հիվանդություններ ունեցող անդամները, ինչ խնդիրներ կունենան, կկարողանա՞ն հաղթահարել, թե՞ չէ: «Նրանց մոտ տագնապայնությունը բարձրանում է: Խորքային պատասխանատվության ծանր վիճակ է լինում հատկապես երիտասարդների մոտ, որ մտածում են՝ ես թեթեւ-թեթեւ կհաղթահարեմ, բա իրենց հետ ինչ կլինի, իմ պատճառով ինչ կարող է լինել: Զանգեր ունեինք հղի կնոջ հետ կապված. ընտանիքի անդամներից թեստ էին արել, պատասխանը դեռ չգիտեին եւ շատ էին վախենում, թե կնոջ հետ ինչ կլինի, երեխայի հետ ինչ կարող է լինել»,- պատմեց նա:

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությունը բերել է սթրեսայնության բարձրացման եւս մի քանի հիմք: Արմիդա Զախարյանի խոսքով՝ մարդը, որ ունի շփման կարիք, հիմա ստիպված է անորոշ ժամանակով զերծ մնալ սոցիալական շփումներից, դրանք հասցնել նվազագույնի, փոխարինել հեռահար տարբերակով, որը ոմանց համար հասանելի կամ հարմար չէ: «Կյանքի ռիթմի հետ անհամաձայնությունը, մարդու պահանջների պարբերաբար չբավարարվելը կարող են հասցնել բարձր սթրեսայնության»,- հիշեցրեց նա:

Սոցիալական խնդիրները շատ կապված են հոգեբանականին, փաստում է հոգեբանը. «Աշխատանքը կորցնելու վտանգը, տնից կատարվող աշխատանքի դիմաց ցածր վարձրատրվելը մեծ խնդիրներ են: Հատկապես հայկական ընտանիքներում տղամարդիկ իրենց պատասխանատու են զգում ընտանիքն ապահովելու, երեխաների ապագայի համար, նրանք մեծ սթրեսի են ենթարկվում»:

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի՝ աշխարհին բերած անորոշությունն ու անկառավարելիությունն է, որ վարակված-չվարակված, բոլորին հարվածում է: «Բոլորի պլանները ձախողվել են, եւ ոչ ոք չգիտի՝ որքան ժամանակով: Այս անորոշության զգացումը կարող է բավական փոխել մարդու նախատրամադրվածությունը կյանքի հանդեպ: Ծնողները մտահոգվում են դպրոցականների, ուսանողների համար: Ապագայի համար որեւէ բան հնարավոր չէ պլանավորել: Նաեւ, եթե ընտանիքում վարակի դեպք է լինում, մեկը վարակված է, մյուսները սպասում են, որ իրենք էլ անպայման վարակվելու են: Եվ այդ անընդհատ սպասողական վիճակը, նեգատիվի սպասումը կործանարար է: Մարդու օրգանիզմն այդքան տանել չի կարող»,- նկատեց հոգեբանը:

Նշեց, որ մեկուսացման ու ֆիզիկական ակտիվության նվազման պայմաններում համընդհանուր պսիխոսոմատիկ խնդիրներն արդեն ակնհայտ են դառնում. շատ են քնի ռիթմի խանգարումները, գիրացումը. մարդիկ փորձում են պահանջմունքները հագեցնել ուտելու միջոցով, անորեքսիան, երբ բացառում են սնունդը. «Ես ավելի քան համոզված եմ, որ մենք կորոնավիրուսի ավարտից հետո ունենալու ենք հոգեկան առողջության խնդիրների ավելացում: Եվ սրանում մեծ դեր ունի այն, որ անհայտ է, թե որքան է շարունակվելու այս դրությունը, քանի որ մարդը սիրում է տնօրինել իր կյանքը, իսկ հիմա կարծես քո կյանքը կախված չէ քեզնից»:

Անձնական, հանրային պատասխանատվությունն էլ մյուս կողմից թույլ չեն տալիս անհոգ լինել. «Մարդը մտածում է՝ ես շփվեցի, նա վարակվա՞ծ էր, իսկ մյո՞ւսը, այն մեկը փռշտաց, ալերգիա՞ էր, թե՞ այլ բան: Մեզ նման հարցերով զանգում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ ծերեր՝ միայնակ, կասկածներով: Եվ եթե մարդու մոտ նման մտքերը ավելի ու ավելի հաճախ են դառնում, լավն այն է, որ զանգի զրուցի մասնագետների հետ, ստանա հոգեբանական խորհրդատվություն»:

Անընդհատ փոխվող թվերը, թարմացվող հակահամաճարակային ցուցումները, երբեմն հակասական տեղեկատվությունը, ապատեղեկատվությունը եւս կասկածների պարարտ հիմք են: «Ոչ բոլորը կարող են զտել արժանահավատ տեղեկատվությունը, եւ մարդիկ երբեմն, ընկած այդ տեղեկատվական հորձանուտի մեջ, կարող են սխալ որոշումներ կայացնել, նոր մտահոգությունների առիթ ունենալ»,- նշեց նա:

Ինչպես հետեւել կորոնավիրուսի մասին լուրերին, եթե մի կողմից մարդիկ դրանց պահանջն են զգում, մյուս կողմից դրանք դառնում են մտատանջության նոր առիթ հարցին ի պատասխան՝ Արմիդա Զախարյանն ասաց. «Պիտի անպայման սահմանափակեն տեղեկատվություն ստանալը, հետեւեն միայն պաշտոնական լուրերին եւ օրվա մեջ՝ մեկ անգամ: Դա կնվազեցնի սթրեսային պահերը, եւ կյանքը չի պտտվի անընդհատ նոր լուրեր փնտրելու, դրանց հավատալու եւ չհավատալու մտորումների միջակայքում»:

Հոգեբանը հիշեցրեց, որ ի սկզբանե կորոնավիրուսի նկատմամբ կար բնական պաշտպանական մոտեցում՝ չէին ընդունում դրա գոյությունը, սակայն այսօր արդեն հարկ է մտածել ստեղծված իրավիճակում կայանալու, զարգանալու, առաջ գնալու մասին: «Շատ կազմակերպված մարդիկ, որ ունեն սթրեսը հաղթահարելու փորձ, կարողանում են դա կիրառել եւ կարող են նույնիսկ այս բացասականն իրենց համար դրականի վերածել, տանը գտնվելու ժամանակն օգտագործել ինքնակրթության, հեռահար կրթության համար, բայց լայն առումով դա այդպես չէ: Ես կուզեի, որ մեր լուրերում լինեին նաեւ դրական ազդակներ՝ կյանքը շարունակելու, հաղթահարելու, այս ամենի ավարտից հետո առաջ գնալու մասին: Ի վերջո, աշխարհում ժամանակին բազմաթիվ վարակների թեժ բռնկումներ են եղել: Մենք պիտի հիշենք, որ կյանքը դրանից հետո շարունակվելու է: Հիմա նաեւ շատ են մարդիկ, որ ձգտում են այս առիթը բաց չթողնել եւ վերարժեւորել իրենց հարաբերությունները, իրենց կենսափիլիսոփայությունը: Պետք են գրագետ տեղեկատվություն եւ դրական միտումով ազդակներ: Դա չի թուլացնի զգոնությունը: Հիմա երբեմն ըմբոստություն է նկատվում, թե միայն բացասական բաներ են ասում, իսկ այդ դրականը կբերի հավասարակշռություն, այն ներդաշնակությունը, որ անհրաժեշտ է, եւ դա ենթագիտակցորեն անպայման ազդում է»,- ամփոփեց Արմիդա Զախարյանը:

ՀԳ - Կորոնավիրուսի պատճառով եւս մեկ ինքնասպանության փորձ եղել էր ապրիլին, երբ գյումրեցի տղամարդը քացախաթթվի էսենցիա էր խմել՝ մտածելով, որ վարակված է: Դեպքը տեղի էր ունեցել նրա՝ Ռուսաստանից վերադառնալու եւ ինքնամեկուսանալու 13-րդ օրը, երբ վատ ինքնազգացողություն էր ունեցել։ Այրվածքներ ստացած տղամարդը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ ավելի ուշ պարզվել էր, որ կորոնավիրուսի նմուշառման թեստի պատասխանը բացասական է:

Տպել
2996 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)