Նախագահը ստորագրել է սեռական բռնություններից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան վավերացնելու օրենքը և վավերագիրը

29/05/2020 schedule19:38

Հայաստանի Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» եւ վավերագիրը. այն ստորագրման էր ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին:

Ինչպես տեղեկացանք Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության նախագահը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր անձնական ուշադրության կենտրոնում պահել Կոնվենցիայի բարեխիղճ եւ պատասխանատու կատարման գործընթացը եւ խստորեն հետեւել դրան՝ ելնելով ընտանիքի եւ երեխաների՝ որպես բարձագույն արժեքների ա՛յն ընկալումից, որոնք բնորոշ են մեր ազգային նկարագրին:

Նշենք, որ նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել եւ իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Կոնվենցիայով ընդգծվում է, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են: Կոնվենցիան ունի կանխարգելիչ նշանակություն՝ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տեղեկացնելու տեսանկյունից, ինչպես նաեւ կարեւոր է զոհերի պաշտպանության համար:

Հայաստանն ավելի քան 20 տարի անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ այդ ընթացքում նաեւ բազմաթիվ կոնվենցիաների միջոցով ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այս կարեւորագույն կազմակերպության եւ դրա 47 անդամ պետությունների համար ընդհանուր արժեքները՝ միաժամանակ, ներդաշնակորեն հավատարիմ մնալով իր ազգային արժեհամակարգին եւ պահպանելով այն:

Այդ արժեհամակարգում ընտանիքը, երեխաները, նրանց անվտանգությունն ու առողջությունը մեր պետության, Հայ Առաքելական եկեղեցու եւ մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ հոգածության առարկան են: Հենց այս հոգածությունն ու պատասխանատվությունն են, որ կոնվենցիայի կարգավորման առարկան զգայուն են դարձնում մեզ համար, եւ դրա կիրառման հետ կապված մեր հասարակությունում առաջացել են մտահոգություններ ու հարցեր:

Ակնհայտ է սակայն, որ այդ հարցերի պատասխանները հասարակությանը պետք է տրվեին Կոնվենցիան 2010 թվականին ստորագրելիս, ինչպես նաեւ Ազգային ժողովում դրա վավերացմանը նախորդած տասը տարիների ընթացքում:

Ողջունելի է, որ, հրապարակայնորեն հնչած քննադատություններին ու տարաբնույթ նկատառումներին արձագանքելիս, պատասխանատու պաշտոնյաները խոստումներ են հնչեցրել համընդհանուր հավանության արժանացած լուծումներին հետագայում նախապատվություն տալու մասին: Առավել շահեկան կլիներ, իհարկե, եթե Կոնվենցիայի վավերացման գործընթացն ուղեկցվեր հենց այդ խոստումներին համահունչ, նախապես մշակված հստակ, որոշակի եւ կանխատեսելի հայեցակարգ ներկայացնելով:

Հասարակության մտահոգությունները փարատելու եւ հենց կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները լավագույնս կատարելու նպատակով է, որ իրավասու մարմինները պետք է մանրամասն եւ մասնագիտորեն ուսումնասիրեն ու վերլուծեն Կոնվենցիայի կիրառման միջոցներն ու հնարավոր հետեւանքները, Հայաստանի առողջապահական, սոցիալական, իրավապահ համակարգերի կարողություններն ու հնարավորությունները եւ մշակեն Կոնվենցիայով նախատեսվող օրենսդրական եւ գործնական միջոցառումների իրականացման հստակ ծրագիր:

Կոնվենցիան, դատելով դրան կից բացատրագրից, պետություններին վերապահում է հայեցողական լայն լիազորություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է այլ պետությունների փորձի վերլուծության արդյունքների, նեղ մասնագետների, հատկապես՝ մանկական հոգեբանների, իրավագետների, մանկավարժների եւ սոցիոլոգների եզրակացությունները հաշվի առնելով ընտրել առավել հիմնավորված տարբերակներ:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները պետք է մշակվեն համապատասխան մասնագետների ու հասարակության ամենալայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ եւ հանրային քննարկումների հիման վրա՝ ելնելով երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու նպատակից: Պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանը, պետականությանը, ազգային արժեքներին, մշակույթին եւ ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները մշակելիս խստորեն պետք է պահպանվեն երեխաների կրթության եւ դաստիարակության հարցում ընտանիքի/ծնողների առաջնային դերակատարման եւ պատասխանատվության սկզբունքը, պետական մարմինների, կրթական հաստատությունների կողմից նրանց հետ համագործակցելու եւ համաձայնեցված գործելու անվերապահ պայմանը:

Ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ պետք է իրականացվեն Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված «վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում», եւ «..անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը եւ իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին»:

Հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:

Կոնվենցիայի վավերացման մասին օրենքի ստորագրման հարցում Հանրապետության նախագահի դիրքորոշումը շատ հստակ է՝ Կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու որոշման առկայության պայմաններում հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը եւ վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական եւ անձնական բարձր պատասխանատվության՝ Հանրապետության նախագահի ընկալմանը եւ մինչ այժմ դրսեւորած գործելակերպին:

Այս առումով Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարեւորությունը, նշելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են, մեր երկրի ապագան, եւ նրանց նկատմամբ մեր վերաբերմունքում արտահայտվում է մեր երկրի նկատմամբ մեր սերը, հարգանքը եւ հոգատարությունը:

Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա Կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, եւ այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության եւ պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը:

Նախագահը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին եւ անձանց, այդ թվում նաեւ՝ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախագահի աշխատակազմ ներկայացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս գործընթացում Հանրապետության նախագահը կարեւորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը եւ դրա նկատմամբ հանրային հսկողությունը, ինչը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է. նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
658 դիտում

Հուլիսի 10-ին արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3118 դեպք

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի

Փեսայի ուղերձները՝ կառավարության դիմացի մայթին

Անցած 7 օրում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ 1800 կրակոց է արձակել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել. հաստատված է 146 դեպք, մեկուսացման ցուցում ունի 84 մարդ

«Իմ քայլը» հիմնադրամի աշխատակիցները եղել են Արարատ և Խաչիկ համայնքներում, քննարկել համայնքների զարգացման տարբեր հարցեր

Աշխատանքային այցով Տավուշի մարզում է եղել ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը

Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

ՀՀ տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

Սահմանամերձ Բարեկամավանում մեկնարկել են գերժամանակակից փոստային բաժանմունքի կառուցման աշխատանքները (տեսանյութ)

Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է. վարչապետ

Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ տալով թուրքական իշխանությունները վերահաստատեցին այլատյաց կեցվածքը. ԱՀ նախագահ

Կորոնավիրուսի 489 նոր դեպք և 710 առողջացած, 1 օրում մահացել է 13 քաղաքացի, եւս 3-ը՝ այլ հիվանդությունից

Հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը.այն կկայանա վաղը՝ հուլիսի 12-ին

ՃՏՊ Գրիգոր Հասրաթյանի փողոցում. կա 2 տուժած (լուսանկարներ)

Քաղաքացին ընկել է Աղձք գյուղի ջրանցքը

Հրդեհ է բռնկվել Նարեկ և Դարակերտ գյուղերի միջնամասում

Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 37-ամյա տուժածը հոսպիտալացվել է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք