Թուրքիայում տնտեսական լուրջ ցնցումները և արտադրական խնդիրները կարող են ազդել նաև հայաստանյան տնտեսության վրա. թուրքագետ

 

Դեռևս 2019 թվականի մարտին Ուլուդաղի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության մասին խոսելիս ընդգծել  է, որ այդ երկրի տնտեսությունը ռեցեսիա է ապրում, և եթե ռեֆորմներ չարվեն, ապա ճգնաժամը կխորանա:

Աճեմօղլուն նշել է, որ թեև սովորաբար ռեցեսիայի ժամանակ ռեֆորմներ չեն իրականացվում, սակայն Թուրքիան այլ ելք չունի:

«Մակրոտնտեսական քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականությունը, բարեփոխումները կարգավորելը անխուսափելի են: Բնականաբար քայլեր չձեռնարկելու, ռեֆորմներ չանելու  դեպքում ճգնաժամը կխորանա»,- ասել է Աճեմօղլուն՝ ավելացնելով, որ առաջիկա տարիներին Թուրքիայի տնտեսությունը աճ չի գրանցի։

Աճեմօղլուն կարծիք է հայտնել, որ առանց օտար կապիտալի ներհոսքի Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի դժվարությամբ կվերականգնվի ու ավելացրել. «Օտար կապիտալի ներհոսքի համար պետք են այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն դատարանների անկախությանը, անորոշության վերացմանը, դրամավարկային քաղաքականության ռացիոնալացմանը»,- գրում է ermenihaber.am-ը։

Համավարակի գլոբալ ճգնաժամի ալիքը, ինչպես նաև համավարակից առաջ սկսված տնտեսական ճգնաժամը Թուրքիայում հետզհետե նոր տնտեսական խնդիրներ են առաջացնում, որը տարածաշրջանում նույնպես անհետևանք չի մնա։

Հայաստանի արտաքին առևտրում Թուրքիան զգալի տեղ ունի, ուստի կարելի է ենթադրել, որ Թուրքիայի տնտեսական անկումը կարող է ազդել նաև հայկական տնտեսական որոշ ուղղությունների վրա։

 «Թուրքիան վերջին տարիներին տնտեսական և ֆինանսական խնդիրներ ունի, դա հայտնի փաստ է, որը բազմիցս քննարկվել է: Եվ Թուրքիայում արդեն իսկ առկա տնտեսական խնդիրներն էլ ավելի են խորանում կորոնավիրուսի ստեղծած սոցիալական և տնտեսական բացասական ազդեցության հետևանքով: Իհարկե, ստեղծված իրավիճակը թուրքական տնտեսության որոշ ճյուղերի համար կարող է նաև դրական ազդեցություն ունենալ, ինչպես օրինակ՝ բժշկական ուղղվածության արտադրությունն է, սակայն հստակ է՝ համաճարակի ընդհանուր ազդեցությունը բացասական է և վաղ թե ուշ այն արտացոլվելու է ամենատարբեր ոլորտների վրա: Իհարկե, համավարակի ամենացավոտ հարվածը, թերևս, Թուրքիայի տնտեսության կարևոր ճյուղերից զբոսաշրջությանն է ուղղված, որն առավել արագ և շոշափելի զգաց այն:

Թուրքական տնտեսությունն ամրության պաշարներ ունի, սակայն ստեղծված իրավիճակն ու ժամանակը դեմ են աշխատում: Եվս մեկ խնդիր է այն, որ Թուրքիայում կան միլիոնավոր փախստականներ, հիմնականում Սիրիայից, որոնք խիստ խոցելի են համավարակի պայմաններում՝ հաշվի առնելով նաև նրանց բնակվելու պայմանները: Հետևաբար, Թուրքիան և այդ երկրի նախագահ Էրդողանը լուրջ մարտահրավերների առջև են կանգնած: Եվ, համավարակի տարածման ժամանակահատվածը համընկնում է Թուրքիայի վերջին տասնամյակների ամենաբարդ շրջաններից մեկի հետ, երբ երկրում կա ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական խորացող լարվածություն»,- մեր զրույցում ասում է թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։

- Պարոն Պետրոսյան, Հայաստանը և Թուրքիան, որոնք չունեն դիվանագիտական հարաբերություններ, համավարակի ճգնաժամի հետևանքով տնտեսության ուղղությամբ ի՞նչ կորուստներ կունենան։ Որքանո՞վ է ՀՀ-ի համար Թուրքիան կարևոր տնտեսական առումով։

- Իրականում, Հայաստանն ու Թուրքիան, չունենալով դիվանագիտական հարաբերություններ, ունեն համեմատաբար ակտիվ տնտեսական հարաբերություններ, որոնք տարիներ շարունակ աճ են գրանցել: Թուրքիան վերջին շրջանում երրորդն է Ռուսաստանից և Չինաստանից հետո դեպի Հայաստան ապրանքաշրջանառության ծավալներով: Ցավոք, նույնը չի կարելի ասել Հայաստանից Թուրքիա ապրանքաշրջանառության մասին: Այնուամենայնիվ, Թուրքիայից Հայաստան ներկրվում է արտադրական հումք, շինանյութ, տարատիպ տեխնիկա, տեքստիլ արտադրանք, ինչը, որքան էլ զարմանալի թվա, կարևոր է Հայաստանի տնտեսության աշխատանքի և զարգացման համար: Հետևաբար, Թուրքիայում տնտեսական խոր և լուրջ ցնցումները, որոնք կարող են բերել արտադրական խնդիրների, կարող է ազդել նաև հայաստանյան տնտեսության վրա: Իհարկե, նման ազդեցության պրոֆեսիոնալ վերլուծություններ պետք է սպասել համապատասխան մասնագետների կողմից: Ինքս, չլինելով տնտեսագետ և լինելով թուրքագետ, ներկայացնում եմ ընդհանուր պատկերը՝ ինձ հասանելի գործիքներով և իմ մասնագիտական գիտելիքների հիման վրա:

- Համավարակը մեր տարածաշրջանում ի՞նչ զարգացումներ է արձանագրելու։

- Մերձավոր Արևելքը COVID-19-ից առավել տուժած (ու դեռևս տուժող) տարածաշրջաններից պետք է համարել: COVID-19-ի կարճաժամկետ բացասական ազդեցությունները տեսնում ենք փակ սահմանների, տնտեսական ակտիվության անկման տեսքով, սակայն երկարաժամկետ ազդեցությունը նույնպես խիստ կարևոր է, և ներկայում բարդ է ասել, թե նախ որքան կտևի ճգնաժամի այս փուլը և առավել ևս՝ որքան կլինի նախկին «նորմալին» վերադարձն ու համաճարակի հետևանքների վերացումը: Ընդ որում, մարդկային կյանքերը, որոնք խլում է վտանգավոր այս հիվանդությունը, ցավոք, անվերականգնելի է: Իհարկե, Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ էին դեռ համաճարակից շատ տարիներ առաջ, բայց այն է՛լ ավելի ամուր է փակվում այս իրավիճակում: Այս պահին, թերևս, տարածաշրջանի համար հնարավորության ժամանակ է՝ բարձրացնելու փոխօգնության մակարդակը, քանի որ կորոնավիրուսին հետաքրքիր չեն քաղաքականությունը, փակ սահմանները, ազգությունները: Ասել է թե՝ կորոնավիրուսը թշնամի է բոլորին և առնվազն հումանիտար մակարդակում համագործակցությունը տրամաբանական կդիտարկվի մեր տարածաշրջանում:

- Ասում են՝ Թուրքիայում համավարակից հետո ալիքն ավելի կոշտ է լինելու։ Այս համատեքստում դուք ի՞նչ եք կանխատեսում, վերականգնման ընթացքը Թուրքիայի դեպքում որքա՞ն ժամանակ կպահանջի։ Այստեղ արտագնա աշխատանքի եկած մեր հայրենակիցների մնալը որքանո՞վ է ճիշտ։

- Իհարկե, սա խնդիր է: Խնդիր է ոչ միայն Թուրքիայում, այլ նաև աշխարհի այլ երկրներում ժամանակավոր բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացիների համար: Թուրքիայի դեպքում իրավիճակն ավելի բարդ է՝ հաշվի առնելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնույթն ու մեր հայրենակիցների, կարելի է ասել, ի սկզբանե անորոշ ներկայությունն այդ երկրում: Այն, որ հաճախ խոսվում է ոչ միայն COVID-19-ի ստեղծած առողջապահական, այլ հետզհետե ավելի խորացող տնտեսական և սոցիալական խնդիրների մասին, առավել ակնհայտ է դառնում այս օրինակով: Ընդ որում, այս ամենն առավել առարկայական և արագ են զգում խոցելի խմբերը, որոնց շարքին պիտի դասել նաև Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին և պահել ուշադրության կենտրոնում:

***

Ըստ տնտեսագետ Արամ Աշուղյանի՝ Թուրքիայում տնտեսական ճգնաժամը կանդրադառնա նաև Հայաստանի վրա, սակայն դա կարող է մեզ օգնել, որ մենք անցնենք այլ շուկաների․օրինակ՝ ավելի ակտիվ աշխատենք Իրանի հետ։ «Բնականաբար Թուրքիան կարևոր առևտրային սուբյեկտ է մեզ համար, սակայն այն թշնամի երկիր է։ Ենթագիտակցորեն Թուրքիայի հետ առևտրին կողմ չեմ, բայց բիզնեսը ազգություն չի ճանաչում»,- ընդգծում է տնտեսագետը։

Իրականում ի՞նչ պատկեր ունի Թուրքիայի հետ մեր առևտուրը։ Թուրքիայից Հայաստան կոշիկ ներմուծող գործարար Իրինա Արզումանովան մեզ հետ զրույցում անդրադարձավ կորոնավիրուսի առաջացրած դժվարություններին սեփական բիզնեսի օրինակով, ինչպես նաև հայ-թուրքական առևտրին։ Իրինան 12 տարի ապրել է Ստամբուլում՝ աշխատելով կոշիկի արտադրության և մեծածախ առևտրի ոլորտում։ 2016 թվականին նա տեղափոխվել է Հայաստան և հիմնել իր փոքրիկ բիզնեսը՝«Պեգասուս» կոշիկի խանութը։

«Երկու ամիս է չենք աշխատում, բեռնափոխադրումները չեն աշխատում, Թուրքիայից ապրանք չի ներմուծվում։ Վաճառք չունենք, և ձմեռային ամբողջ տեսականին մնաց։ Փոխարենը՝ շուտով խանութը կբացվի, սակայն նոր տեսականի չունենք, ինչպես նաև չունենք այն ձեռք բերելու գումարը։ Եվ կորոնավիրուսի բացասական ազդեցությունն ակնհայտ է ինչպես մեր, այնպես էլ թուրքական շուկայի վրա »,- ասում է Իրինան։

- Համավարակից դուրս, հայ-թուրքական առևտուրն ինչպիսի՞ պատկեր ունի։

- Թուրքիայից Հայաստան տարատեսակ ապրանքներ են ներմուծվում՝ սնունդ, տնտեսական ապրանքներ, հագուստ, կոշիկ և այլն։ Ի սկզբանե արժե նշել, որ Թուրքիայում գների թանկացումը ազդում է մեր շուկայի գների վրա՝ դժվարացնելով վաճառքը։ Թուրքիայից է ներմուծվում նաև տեղական արտադրանքի հումքը․ կոշիկի դեպքում՝ կաշի, կտոր, մեխ, սոսինձ: Երբեմն խանութ եկած «ազգասեր» հաճախորդները հրաժարվում են թուրքական արտադրանքից՝ վա՛յ, չէ՛, չենք ուզում թուրքականը։ Ներքուստ վստահ եմ, որ նրանք  ռուսերեն կրկնօրինակմամբ թուրքական սերիալների մոլի երկրպագուներ են (հաճախ տեղյակ չեն, որ թուրքական սերիալ են նախընտրում)։ Եվ ցավոք պիտակավորում են ոչ միայն կոշիկը՝ made in Turkey, այլև՝ Թուրքիայից եկած հային։

- Դուք կոշիկ եք ներմուծում Թուրքիայից Հայաստան, իսկ երբևէ մտածե՞լ եք սեփական արտադրանքը ստեղծելու ուղղությամբ։

- Կոշիկի արտադրության ոլորտում սեփական արտադրանքը ստեղծելու մասին երկար եմ մտածել, սակայն հեշտ չէ․ շատ բան է պետք, որը դեռ Հայաստանը չունի։ Օրինակ՝ Թուրքիայից Հայաստան կաշվի 5 տեսակ են ներմուծում, մինչդեռ դրանք Թուրքիայում 100-ից ավելին են։ Նորմալ կոշիկի արտադրություն ստեղծելու համար պետք է ունենալ անհրաժեշտ հումք և արհեստավարժ մասնագետներ։ Լավ առևտրի համար էլ՝ բարձր սպասարկում․այս առումով Թուրքիայից շատ հետ ենք, թուրքերը առևտրի ոլորտում ամեն առումով ճկուն են։ Ավելին՝ Թուրքիայում տնօրենն ու աշխատողը միմյանցից չեն տարբերվում․աշխատանքը հավասարաչափ է արվում, ինչը չես կարող ասել Հայաստանի մասին։ Թուրքական օրինակը մեջբերելիս հաճախ եմ քննադատության արժանանում․հաջող առևտուր ծավալող երկրների օրինակները մեր աչքի առաջ ունենալով՝ պետք է անընդհատ զարգանալ։ Երբ Հայաստանում Թուրքիա, թուրք, թուրքական բառերը միայն 1915 թվականի պահանջատիրական գիտակցությամբ են ընկալվում, Թուրքիան ոչ թե գործընկեր, այլ թշնամի է ընկալվում։ Մինչդեռ նրանց հետ աշխատելիս՝ երբեք իմ ինքնությունը Թուրքիայում չեմ թաքցրել, բացահայտ ասում էի, որ հայ եմ, իսկ նրանք հարգալից էին վերաբերվում հայի հետ։

Լիլիթ Պողոսյան,

Թուրքիա

Տպել
1323 դիտում

Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը հեռացել է Փյունիկից

Շների հարձակման ենթարկված 2,5 տարեկան երեխայի վիճակը ծանր է. երկրորդ անգամ են վիրահատել

Սևան քաղաքի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են. ոստիկանության արտակարգ ծառայությունը Սևանում (տեսանյութ)

Վանաձորի Շիրակացի փողոցի հանրակացարանի տանիքի պոկված ճաղավանդակները հեռացվել են

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են Հայաստան վերադառնալ Դուբայ-Թբիլիսի չվերթով

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու, որն ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ

23–ամյա վարորդն Աբովյանում Opel-ով վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնին. նրան հոսպիտալացրել են

ՔՏՀԱ տեսչական մարմինը արտակարգ ռեժիմով վերահսկում է հանրային տրանսպորտի գործունեությունը

Վեդի քաղաքում այրվել է մոտ 30 հակ կուտակած անասնակեր

ՍԱՏՄ-ը շարունակում է մշտադիտարկումները հանրային սննդի օբյեկտներում. կասեցվել է մի շարք տնտեսվարողների աշխատանքը

Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Կորոնավիրուսի հետեւանքով մահացել է Սարհատ Պետրոսյանի մայրը՝ Ռուբինա Ղազարյանցը

KFS, «Փարվանա» ռեստորան, «Թումանյանի շաուրմա». կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը (տեսանյութ)

Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցում ճանապարհահատվածը փլուզվել է, դարձել մասամբ երթեւեկելի

Քննադատելու բարոյական իրավունքը

Արայիկ Հարությունյանը՝ Լանզարոտեի կոնվենցիայի շուրջ կեղծ պնդումների մասին (տեսանյութ)

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում կորոնովիրուսի 8 դեպք կա. 1-ը՝ կենտրոնի հիվանդներից

«Մեյմանդար» շուկայի գյուղմթերք վաճառողները չեն կրել դիմակներ. խախտումները կներկայացվեն պարետատուն

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Այսօր կիրականացվեն Մինսկ-Երևան-Մինսկ եւ Մոսկվա-Երևան չվերթները. քաղավիացիա