Արտակարգ դրության պայմաններում դատավորի աշխատանքում իր ուրույն տեղն է գտնում «Մի վնասիր» սկզբունքը. Դավիթ Հարությունյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանն առաջիններից էր, որ հաշվի առնելով տարածված համավարակը՝ փոխեց կալանավորի խափանման միջոցը՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելով: Հարությունյանի համոզմամբ՝ արտակարգ դրության պայմաններում դատավորի աշխատանքում օրենքով ամրագրված օրինականության, արդար դատաքննության եւ մյուս սկզբունքների շարքում իր ուրույն տեղն է գտնում ավելի շատ բժշկության մեջ ընդունված «Մի վնասիր» սկզբունքը, որը բխում է հանրային առողջության պահպանման առաջնահերթությունից:

«Հայկական ժամանակ»-ը Հարությունյանի հետ զրուցել է արտակարգ դրության պայմաններում դատարանների աշխատանքի եւ հնարավոր խնդիրների մասին:

- Պարոն Հարությունյան, ինչպիսի՞ն է դատավորի աշխատանքը արտակարգ դրության պայմաններում, ի՞նչ խնդիրների եք առնչվում գործնականում:

- Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, արդարադատության իրականացումը, ի թիվս գործունեություն այլ ոլորտների, անմասն չի մնացել վերջին տասնամյակների համար առողջապահական աննախադեպ մարտահրավերի հետ առերեսումից: Համավարակի առկայությունն ու իրավունքների սահմանափակումը, անշուշտ, իրենց ազդեցությունն են թողնում հասարակության բոլոր անդամների, այդ թվում նաեւ՝ դատավորների ու դատարանների բնականոն գործունեության վրա: Արտասահմանի գործընկերները եւս հավաստում են, որ բախվել են նույն խնդիրներին, ինչ մենք, դրա մասին են վկայում նաեւ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հայտարարություններն ու զեկույցները: Պետք է նշեմ, որ քրեական գործեր քննող դատավորներս, անկախ ստեղծված պայմաններից, հերթապահության շրջանակներում անշեղորեն իրականացնում ենք դատական վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ եւ քննարկում ենք անհետաձգելի հարցեր՝ կալանավորման, կիրառված խափանման միջոցների վերանայման եւ այլն: Ստեղծված սահմանափակումների պայմաններում փոխվել է աշխատանքների հիմնական ուղղվածությունն ու գործելակերպը, եւ մարդու իրավունքների գերակայության սկզբունքից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել գործերի քննության մեթոդները եւ դրան հարմարեցնել պրակտիկան:

- Շա՞տ են հետաձգումները, դրանք հիմնականում դատարանների՞, թե՞ կողմերի նախաձեռնությամբ են արվում:

- Օրենսդրությունը քրեական գործերով հեռավար արդարադատություն իրականացնելու հնարավորություն չի ընձեռում, հետեւաբար, որոշ գործերով նիստերը հետաձգվել են դատարանի նախաձեռնությամբ, իսկ շատ դեպքերում դիմումներ են ներկայացրել մեծամասամբ հանրային պաշտպանները, փաստաբանները, հազվադեպ՝ դատախազները: Խնդիրը հետեւյալն է. եթե դատավորը կողմերին ծանուցում է դատական նիստի մասին, որոշակի պատասխանատվություն է կրում նրանց  համար. պետք է վստահ լինի կամ ողջամտության սահմաններում կանխատեսելի լինի, որ դատական նիստերի դահլիճում ներկա անձանց առնվազն առողջությանը վտանգ չի սպառնում: Եթե սովորական պայմաններում կողմի կամ դատարան կանչված անձանց ներկայությունը պարտադիր էր, առանց հարգելի պատճառների չներկայացածների նկատմամբ կարող էին կիրառվել նաեւ սանկցիաներ, ապա տվյալ դեպքում կողմերի ներկայությունը թույլատրվում է բացառապես այն դեպքում, երբ վերջիններս պնդում եւ ներկայանում են դատական նիստին: Օրինակ՝ դատախազները պարտադիր ցանկանում են ներկա գտնվել: Իսկ եթե առկա է տեղեկատվություն, որ կողմը կարող է լինել վատառողջ կամ վարակակրի հետ շփում ունեցած լինի, բնականաբար, նրա ներկայությունը չի խրախուսվում: Իհարկե, պետք է նշեմ նաեւ, որ այս կապակցությամբ միասնական մոտեցում առկա չէ եւ օբյեկտիվորեն չի էլ կարող լինել. յուրաքանչյուր դատավոր, չունենալով հատուկ մասնագիտական գիտելիքներ համաճարակաբանության կամ բժշկության ոլորտում, ինքն է ունեցած հասանելի տեղեկատվությամբ ողջամտության սահմաններում գնահատում ռիսկերն ու իր ներքին համոզմամբ նման որոշում կայացնում՝ աչքի առաջ ունենալով արդարադատության շահը: 

- Որքանո՞վ են տուժում դատաքննության փուլում գտնվող գործերը. ողջամիտ ժամկետի քննության կամ անձանց ազատության սահմանափակումների չե՞ք հանգելու:

- Քանի դեռ հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե որքան կտեւի համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակը, այս պահին վնասների, իրավունքների սահմանափակման ծավալների եւ դրանց տուժելու մասին ստույգ գնահատականներ հնչեցնելը վաղ է: Ամեն դեպքում, գնահատականներ կարող են լինել կոնկրետ գործի շրջանակներում՝ պայմանավորված գործի առանձնահատկություններով:

- Իսկ դատարանների ծանրաբեռնվածության առումո՞վ:

-Կրկին հնարավոր չէ կանխատեսել, սակայն հարկ է նշել, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը մինչ այս էլ աննախադեպ ծավալների էր հասել, որի միակ հնարավոր լուծումը, թվում է, դատավորների հաստիքների կրկնապատկումն է:  Իմ տեղեկություններով՝ քրեական գործեր քննող գրեթե բոլոր դատավորները տարբեր ժամանակներում՝ մինչեւ վերջին դեպքերը, դիմել են ԲԴԽ-ին՝ գործերի բաշխումը ժամանակավորապես կասեցնելու խնդրանքով, սակայն դա զուտ ժամանակավոր լուծում է: Իրավիճակը երբեմն հումորով, պատկերավոր նմանեցնում ենք նրան, որ երեք ջրասույզի համար հատկացված է ընդամենը մեկ թթվածնի բալոն:

- Մոտավորապես քանի՞  նիստ եք հետաձգել արտակարգ դրության հաստատումից ի վեր:

-Վարույթումս քննվում է շուրջ 80-ից ավելի գործ եւ գրեթե նույն քանակի էլ բողոք-միջնորդություններ, բայց քննարկվում են բացառապես հրատապ լուծում պահանջողները: Այսինքն՝ բացառություն են կազմում կիրառված հարկադրանքի միջոցների՝ կալանավորումների վերանայման գործերը, որոնք քննարկվում են կողմերի միջնորդությամբ, իսկ եթե այդպիսիք չեն ներկայացվում՝ դատարանի նախաձեռնությամբ: Պետք է նշեմ նաեւ, որ հավելյալ ժամանակն օգտագործվում է ընթացիկ տասնյակ գործերով դատական ակտերի նախագծերի կազմման՝ նկարագրական մասի, ապացույցների շարադրման համար, որը հետագայում կնպաստի ակտերի՝ ժամանակին տրամադրմանը:

- Իսկ կայանալու դեպքում ինչպե՞ս եք կողմերի հետ ընդհանուր հայտարարի գալիս:

-Ի պատիվ մեր գործընկերների՝ փաստաբանների եւ դատախազների, բոլորն էլ ըմբռնումով են մոտենում, հակառակն ինձ մոտ չի պատահել: Իհարկե, քրեական դատավարությունում սուբյեկտների մեծամասնության ներկայությունը դատական նիստում օրենքով պարտադիր է, սովորական պայմաններում դատախազի, ամբաստանյալի կամ պաշտպանի բացակայությամբ կայացված որոշումները կարող են դատավարական խախտման հանգեցնել, սակայն մասնավորապես խափանման միջոցների վերանայման դեպքերում իմ քննած բոլոր գործերով կողմերը եղել են համակարծիք, եւ դատարանն էլ արձանագրել է, որ պետք է նշված հարցը քննարկել չներկայացածների բացակայությամբ:

- Այս պայմաններում որքանո՞վ է կարեւորվում անցումը դատավարության էլեկտրոնային տարբերակի:

- Թեեւ հիմա ոչ բոլորն են դրան պատրաստ, բայց կարծում եմ՝ իրավիճակը ստիպում է, որ էլեկտրոնային արդարադատության գործիքակազմերի կիրառման հարցին օրենսդրական կարգավորմամբ տրվի հրատապ լուծում՝ դրանից բխող անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունն ապահովելով: Ստեղծված իրավիճակը ամբողջ աշխարհում է պետություններին պարտադրում առավել հրատապ միջոցներ ձեռնարկել՝ անցում կատարելու էլեկտրոնային արդարադատության գործիքակազմերի կիրառմանը, որի ուղղությամբ որոշակի քայլեր թեեւ ձեռնարկվել են, սակայն գործնականում կիրառելու լիարժեք հնարավորություն չկա: Վերջերս գործընկերներով քննարկում ենք տեսակապի տարբեր հավելվածների կիրառման հարցը. թեեւ այն օրենքով քրեական դատավարությունում նախատեսված չէ, սակայն ըստ իս՝ ուշ թե շուտ կիրառվելու է: Ես կարծում եմ եւ հնարավոր համարում, որ արժե որոշ դեպքերում կիրառել շատերին հասանելի այնպիսի հավելվածներ, որոնք, օրինակ, օգտագործում են մեր երեխաները դասապրոցեսների համար: Էականը հատկապես կողմերի համար հավասարության, մրցակցության ապահովումն է ցանկացած ողջամիտ եղանակով: Կարծում եմ՝ ստեղծված պայմաններում դատավարական ֆորմալ կանոններից համաչափ շեղումը կարող է լինել արդարացված, եւ դատարանի մատչելիության, մյուս իրավունքների սահմանափակումը կարող է կոմպենսացվել մինչ այս թեկուզ խորթ այլընտրանքներին դիմելու եղանակով:

- Կոնկրետ ո՞ր դեպքերում եք տեսակապի կիրառելիությունը հնարավոր համարում՝ հաշվի առնելով նման օրենսդրական կարգավորման բացակայությունը:

-Ինչպես արդեն ասացի, օրենսդրությունը ձեւավորված պրակտիկային ու տեսությանը համընթաց չի քայլում, թեեւ պետք է մեկը մյուսից բխի, իսկ մարդու հիմնարար իրավունքները չեն կարող այդ պատճառով տուժել: Հետեւաբար, գտնում եմ, որ հնարավոր չէ տեսակապով իրականացնել անձանց հարցաքննությունները, բայց ինչ վերաբերում է անհապաղ ենթակա քննության հարցերին, օրինակ, խափանման միջոցների քննարկմանը, ապա կողմերի դիրքորոշումներն այդ եղանակով լսելը միանգամայն ընդունելի եմ համարում:

- Պարոն Հարությունյան, Ձեր վարույթում քանի՞ գործ եք  ունեցել այս ընթացքում, որով փոխել եք կալանավորի խափանման միջոցը՝ հաշվի առնելով տարածված վարակը, ԵԽ-ի զեկույցը՝ համավարակի համատեքստում:

- Հստակ քանակը չեմ մտաբերի, սակայն կարող եմ փաստել, որ բոլոր գործերով կալանավորումները թե կողմերի միջնորդությամբ, թե դրա բացակայության դեպքում իմ նախաձեռնությամբ պարտադիր վերանայվել են, 2-3 գործերով էլ նշանակվել են դատական նիստեր այս շաբաթ: Կալանավորական գործերով գերակշիռ մեծամասնության դեպքում գրավի կիրառումը թույլատրելի է համարվել: Ինչ վերաբերում է ԵԽ-ի՝ ԽԿԿ-ի Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում 2020 թվականի մարտի 20-ի եւ ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի մարտի 25-ի զեկույցներին, պետք է նշեմ, որ դրանցում ամրագրված սկզբունքները չեն անտեսվում, դրանք ենթակա են գնահատման յուրաքանչյուր գործի համատեքստում: Դրանցով սահմանվում է, որ դատավորների վարույթում քննվող կալանավորական քրեական գործերից յուրաքանչյուրը ենթակա է պարտադիր վերանայման՝ պարզելու համար դրանց կիրառման խիստ անհրաժեշտությունը հանրային առողջությամբ պայմանավորված արտակարգ իրավիճակում: Բացառությամբ հազվադեպ իրավիճակների՝ անազատության  այլընտրանքները համավարակի պայմաններում պետք է առավել լայն կիրառվեն՝ ի տարբերություն «ոչ համավարակային» իրավիճակների: Չի կարելի անտեսել այն՝ առաջնորդվելով սովորական կամ նախկինում ընդունված թեկուզեւ օրինական կամ համաչափ ստանդարտներով: Այս մոտեցումները տեղ են գտել նաեւ կայացրածս որոշումներում, որոնց մի մասը հասանելի է «Datalex.am» համակարգում:

- Հայտնի է, որ Էրեբունու նստավայրի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Տեղեկություն ունե՞ք՝ Ձեր նստավայրում հաստատված դեպքեր կամ թեստավորում անցած աշխատակիցներ կա՞ն, թե ոչ: Ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում կանխարգելման համար:

- Առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վատառողջներին: Մեր նստավայրում նման տեղեկություններ չեն ստացվել, թեստավորում եւս որեւէ մեկը չի անցել, իսկ կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ նշեմ, որ յուրաքանչյուրը  փորձում է հետեւել առողջապահական-կանխարգելիչ խորհուրդ-կանոններին: Կոնկրետ մեր նստավայրում արտակարգ դրությունից ի վեր երեք անգամ իրականացվել են նաեւ համալիր ախտահանիչ միջոցառումներ հատուկ մասնագիտացված կազմակերպությունների կողմից, հերթականը կիրականացվի մոտ օրերս:

Տպել
3742 դիտում

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան