«Որքան էլ սայթաքես, ես կասեմ՝ վե՛ր կաց»

24/04/2020 schedule13:33

Մի օր տեսա մեր հարևան տղաներին, որ ուսապարկերով տուն էին գալիս:

- Որտեղի՞ց եք գալիս:

- Սարից:

- Ինձ էլ կտանե՞ք ձեզ հետ:

- Կտանենք:

 Այդ ժամանակ ես 16 տարեկան էի եւ առաջին անգամ, երբ նրանց հետ սար բարձրացա, կյանքս փոխվեց: Մի անգամ ես պոկվեցի ժայռից, և ընկերս փրկեց իմ կյանքը՝ վտանգելով իր կյանքը: Եթե մեզ կապող պարանը կտրվեր, կամ ես չկարողանայի պահել հավասարակշռությունս, մենք երկուսով անդունդն էինք գլորվելու: Ես հասկացա, թե ինչ է ընկերությունը: Մտածում էի՝ «Աստված իմ, ես կարող էի չլինել, բայց ապրում եմ... Գուցե էս կյանքն ինձ պարտքով է տրված»:

Դերասան Սերգեյ Թովմասյան

Անձնական երջանկություն

Փոքր տղա էի, ինձ հեծանիվ նվիրեցին: Հիշում եմ, թե ինչքան էի ուրախացել: Հիմա մտածում եմ, որ չեմ մեծացել, էն փոքր տղան եմ մնացել, որ կարող է հեծանվից երջանկանալ: Մի անգամ մի տղա խնդրեց՝ հեծանիվս տամ իրեն՝ մի քիչ էլ ինքը քշի: Ես վստահեցի նրան հեծանիվս, իսկ նա փախցրեց տարավ, գողացավ հեծանիվս: Այն տարիներին Երևանում տարածված էր հեծանվի գողությունը: Ես էլ չգտա այդ տղային, ոչ էլ՝ հեծանիվս: Տխրել էի շատ, բայց հետո մի վատ բան եղավ՝ իմ հորեղբոր տղան էլ ուրիշի հեծանիվը գողացավ բերեց, թե՝ «Վերցրո՛ւ, էլ մի՛ տխրիր: Հեծանիվը կներկենք, քոնը կդառնա, չեն ճանաչի»: Ասացի՝ «Չէ՛, չեմ ուզում, ախր, ես գիտեմ, թե հիմա ինչ է զգում այս հեծանվի տերը»:

Ես մի ներկայացում եմ խաղում, որ Սոս Սարգսյանն է բեմադրել, կոչվում է «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը»: Սենյոր Կուպելոն տիկնիկագործ է, նա մի մարդ է, որը չի մեծացել և չի կորցրել իր մանկության տիկնիկը: Սենյոր Կուպելոյի մեջ ես ինձ տեսա և շատ ուրախացա, որ գտա ինձ նմանին: Ներկայացման վերջում, երբ դերասանները խոնարհվելու են գալիս, ես միշտ տիկնիկներից մեկը ձեռքիս էի մտնում. այդ ժեստով մարդկանց ուզում էի ասել, որ չկորցնեն իրենց մանկության խաղալիքը, թե չէ կմեծանան, կյանքը նրանց կստիպի ընդունել խաղի իր կանոնները, իսկ տիկնիկ չունեցողներն անպայման կընդունեն դրանք, որովհետև ոչ ոք չի լինի, որ նրանց հետ կպահի այդ որոշումից, և, գիտեք՝ այդ ժամանակ շա՜տ տխուր բան կստացվի:

Մասնագիտական երջանկություն

Ես միշտ ուզել եմ դառնալ դերասան կամ օդաչու: Ճիշտն ասած՝ օդաչուի մասնագիտությունն ավելի շատ հայրս էր սիրում. հորեղբայրս օդաչու է եղել, 1943 թ. անհայտ կորել է, ինձ կոչել են անհայտ կորած հորեղբորս անունով: Այնպես ստացվեց, որ ես թատերական կրթություն ստացա և դարձա դերասան, բայց միշտ նախանձում էի նկարիչներին: Նկարիչը երբ ուզի՝ կնկարի, չի ուզի՝ չի նկարի. ինքն է, իր կտավն ու վրձինը. նկարիչը կախված չէ ոչ մեկից: Թատրոնը կոլեկտիվ աշխատանք է, թատրոնում ներկայացման կայացումը փոխկապակցված է ողջ կոլեկտիվից, և, ցավոք, միշտ չէ, որ թատրոնի մարդն ունենում է կոլեկտիվի զգացողությունը:

Ի վերջո, Ամերիկայում սկսեցի փայտից կոլաժներ ստեղծել, եւ մի մարդու համար, որ ընդհանրապես նկարել չգիտի, ստեղծագործելու այս ձևը հրաշքի պես մի բան էր: Լուչանո Պավարոտտիի կյանքի պատմությունն էի կարդում, աշխարհահռչակ երաժիշտն ասում է՝ «Եթե հիմա ես հպարտանամ ու ասեմ՝ «Այդ ե՛ս եմ, Պավարո՛տտին եմ՝ ձայնային բացառիկ տվյալներով օպերային տենորը, Աստված մեկ վայրկյանում կարող է վերցնել այդ ձայնն ու տալ արժանավոր մեկին»: Եվ ես էլ այն կարծիքին եմ, որ փայտերով կոլաժներ ստեղծելու շնորհն Աստծուց է: Այս գործում իմ մուսան եղել և մնում է կինս՝ Նարինեն: Ինձ ոգևորում են իմ նկարիչ և դերասան ընկերները, և ես այնքան շնորհակալ եմ նրանց: Հիմա որոշել եմ գեղանկարչություն սովորել: Իմ ընկեր Ավոն առաջարկեց, որ գնամ և իր արվեստանոցում նկարեմ: Ես բոլորովին հավակնություններ չունեմ, թե հանճարեղ բաներ եմ նկարելու, բայց և չեմ վախենում չհաջողելուց: Հետո՞ ինչ, որ չստացվեց: Այս պատմության մեջ երջանկությունն այն է, որ ընկերս էսպիսի բան է առաջարկում, և որ ես նոր բան եմ փորձելու անել:

Թատրոնում ամեն ինչ ավելի բարդ է: Ես շատ լավ հասկանում եմ, որ Ռոմեո խաղալու իմ ժամանակն անցել է և, անկեղծ եմ ասում, բոլորովին չեմ տվայտվում այդ մտքից: Այնքան հետաքրքիր պիեսներ ու կերպարներ կան, որ կարելի է բեմադրել ու ներկայացնել: Եթե ես մշակույթի նախարար լինեի, ապա կարգելեի գոնե 10 տարով այդ հանճարեղ մարդու՝ Շեքսպիրի պիեսները բեմադրել, որպեսզի այդկերպ ռեժիսորների հետաքրքրությունն ուղղեի դեպի ժամանակակից պիեսները: Այսօր աշխարհում այնքան նոր ու հետաքրքիր պիեսներ կան. ափսոս են մեր ժամանակների, մեր խնդրիների, մեր հուզող հարցերի մասին նոր լեզվով, նոր արտահայտչամիջոցներով պատմող այդ գործերը: Պիտի դատարկվես, որ լցվես:

Հանրային երջանկություն

Արցախյան պատերազմի տարիներին մեր տղաների ամեն հաղթանակով անսահման երջանկացել եմ և մինչև հիմա երջանկանում եմ այն մտքից, որ ես մի ազգի զավակ եմ, որի որդիները պատերազմի ժամանակ եկան՝ պաշտպանելու իրենց հայրենիքը, որի մասին գուցե միայն լսել էին: Ծնված օրվանից ապրելով օտար երկրում, Հայաստանի մասին միայն լսած լինելով՝ այդ տղաները թողեցին իրենց կրթությունը, տուն-տեղը, ընտանիքն ու եկան հայրենիք՝ պատերազմի: Այս տղաների սխրանքը միայն հայրենիքի փրկության համար կյանքը դնելը չէր, կռվելն ու հաղթելը չէր: Այս տղաներն իրենց կյանքով, իրենց ապրածով, իրենց արժեհամակարգով մեկ բռունցք դառնալու հանրային երջանկության օրինակն ու գիտակցության ձևավորողը եղան: 

Ինչպես 1988-ին, այնպես էլ 2008-ին և դրանից հետո երևանյան բոլոր ցույցերին մասնակցել եմ, ոստիկանները բռնության են ենթարկել: Հիշում եմ՝ սկզբում ժողովրդին քշեցին Օպերայից, հետո՝ Մատենադարանից, հետո՝ Հյուսիսային պողոտայից, Սարյանի պուրակից... Մարտի 1-ին ներկայացում ունեինք, խաղացինք, արդեն տուն էինք վերադառնում, ճանապարհին կրակոցների ձայներ լսեցինք, Պրոսպեկտի մոտակայքում անծանոթ տղաներ գոռում էին՝ «Մի՛ եկեք էս կողմ, մի՛ եկեք...»: Փաստորեն, մինչ մենք ներկայացում էինք խաղում թատրոնում, մարդիկ փողոցում կռվում էին ու մեռնում: Ահավոր զգացողություն էր, բայց ես գիտեի, համոզված էի, որ այդ ամենը մի օր վերջ է ունենալու, և այդպես էլ եղավ: 2018-ի բոլոր ցույցերին գնում էի Եվայի՝ աղջկաս հետ: Եվան այդ ժամանակ 4 տարեկան էր: Ինձ հետ ուրախանում էր, ծափ էր տալիս: Եվան տեսնում էր, որ էլի երեխաներ կան: Ես գիտեի, թե ում դեմ եմ դուրս գալիս երեխայիս հետ: Հասկանում էի, որ նրանցից ամեն ինչ սպասելի է, բայց Եվային վերցնում էի ինձ հետ, որովհետև վստահ էի, որ այս անգամ ամեն ինչ լավ է լինելու: Եվ հիմա էլ եմ դրանում վստահ: Եթե անգամ պարզվի, որ սխալվել եմ իմ լավատեսության մեջ, միևնույն է, երբեք չեմ ափսոսելու իմ պայքարի և այս բոլոր օրերի մեծ վստահության ու լավատեսության համար:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

Ես բնույթով կոսմոպոլիտ եմ, ինձ համար չկան լավ կամ վատ ազգեր: Բոլոր ազգերի մեջ կան լավ և վատ մարդիկ: Ես կարող եմ ապրել մոլորակի ցանկացած կետում և դրանից վատ չզգալ: Հույս ունեմ, որ գուցե թոռներս կապրեն մի մոլորակում, որտեղ սահմաններ չեն լինի, և մարդը երբ ու որտեղ ուզենա կկարողանա գնալ, բայց չեմ կարող չխոստովանել, որ երբ Հայաստանում չեմ, կարոտում եմ իմ հայրենիքը, աչքերս կարծես Հայաստան են փնտրում: Ես իմ ամբողջ սրտով սիրում եմ իմ մոլորակը և այն փոքրիկ երկիրը, որտեղ ծնվել ու մեծացել եմ:

Իմ կարծիքով՝ երջանկությունը երկրից չէ, մարդու ներսից է: Ես միշտ կարողացել եմ երջանիկ լինել՝ երբ հացի հերթ եմ կանգնել, երբ հացի համար ոտքով ձմռան օրով հասել եմ Բյուրեղավան, երբ ուտելու ոչինչ չի եղել: Իմ երջանիկ զգալու առիթը չի կարող ճնշել իմ ֆինանսական դրությունը. փողն ինձ երջանկության չի մղել, և ոչ էլ դրա պակասությունն է այն նվազեցրել: Մի անգամ իմ գրպանում եղած-չեղած 100 դրամ կար: Մայրիկս խնդրեց, որ տուն գալիս հաց բերեմ: Հիշում եմ՝ 2002-2003 թվականն էր: Ձմեռ էր: Ներկայացումից հետո մտա խանութ, իմ միակ 100 դրամով հաց առա, հենց խանութից դուրս եկա՝ մի տատիկ հանդիպեց՝ «Բալա՛ ջան, հացի փող կտա՞ս», և ես այդ հացը տվեցի նրան: 100 դրամանոց հացի դիմաց նա ինձ միլիոնանոց օրհնանքներ տվեց: Ճանապարհին մտածում եմ՝ «Լավ, բայց տանը ի՞նչ եմ ասելու, տանը սոված ինձ են սպասում, գոնե հացի կեսը տայի տատիկին...»: Մտա տուն, մայրս թե՝ «Հացն ո՞ւր ա»: Պատմեցի, որ էսպես-էսպես՝ մի տատիկ սոված էր, հացը տվեցի նրան: Մայրս ժպտաց՝ «Լա՛վ ես արել, Ռուզանը /քույրս է, որ Ամերիկայում է ապրում - Ս.Թ./ 500 դոլար փող է ուղարկել»: Հաջորդ օրերին փնտրեցի այդ տատիկին, որ նրան մի քիչ փող տամ, որովհետև վստահ էի, որ նրա օրհնանքները բոլորիս փրկեցին նեղ դրությունից: Իհարկե, տատիկին էլ չհանդիպեցի: Ինչպե՞ս պիտի հանդիպեի. չէ՞որ նա այն հրեշտակն էր, որ եկել էր՝ ինձ փորձելու համար: Ո՞վ ասաց, թե մեծահարուստները երջանիկ են, եթե անգամ փողն են համարում երջանկության գրավականը: Որովհետև եթե նրանք ունեն 10 միլիոն, ապա նրանց հանգիստ չի տալիս 20 միլիոն ունենալու ախորժակը, եթե ունեն 10 վիլլա, ապա 20-րդն ունենալու միտքն է տանջելու:

Հայերը բարդ ժողովուրդ են: Հեշտ բան չէ հայ լինելը: Ինքս հայ եմ ու գիտեմ, որ իմ գլխում մի հարցի շուրջ հազար միտք է պտտվում՝ «Իսկ եթե այսպես, գուցե այնպես, չէ՛, երևի այնպես...»: Ա՛յ մարդ, մի բան արա: Սխալվիր, ոչի՛նչ, բայց մի բան արա: Դե, եթե մեկ հայն ինքն իր հետ այդպիսի «առճակատումներ» է ունենում, պատկերացրեք՝ մի խումբ հայերի դեպքում ինչ է կատարվում: Կասկածելը մարդկային է, բայց կասկածել պետք է քայլի շարժառիթին և ազնվությանը, այլ ոչ՝ հաջողությանը կամ անհաջողությանը: 

Հիմա մեր թատրոնում առակներ ենք բեմադրում, և մարդն այդ առակները լսելիս հաստատ մտածում է՝ «Բայց ի՜նչ ճիշտ է ասում»: Մարդը համաձայն է առակի իմաստին, բայց ինքն այդպես չի ապրում: Ուրեմն աշակերտը մոտենում է ուսուցչին և հարցնում.

- Եթե ես ընկնեմ, ի՞նչ կասեք:

- Կասեմ՝ վե՛ր կաց:

- Իսկ եթե նորի՞ց սայթաքեմ ու ընկնեմ:

- Նորից կասեմ՝ վե՛ր կաց:

- Իսկ եթե էլի՞ սայթաքեմ և ընկնեմ:

- Որքան էլ սայթաքես, ես կասեմ՝ վե՛ր կաց, և եթե դու վեր չկենաս, ուրեմն արդեն մեռած ես:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4022 դիտում

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան