Դատարանը ազատ չի արձակել «Վարդաշեն» ՔԿՀ-ի կալանավոր օպերին՝ չնայած այնտեղ արձանագրված կորոնավիրուսի դեպքերին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը օրերս մերժել է ազատ արձակել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող եւ ըստ պաշտպանի՝ ռիսկային խմբում գտնվող կալանավոր Սուրեն Գինովյանին, չնայած «Վարդաշեն»-ում արդեն իսկ արձանագրված վարակի հաստատված դեպքերին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց Գինովյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Ըստ դատական տեղեկատվական համակարգի՝ Սուրեն Գինովյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով (զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ, շինություն ապօրինի մուտք գործելով ավազակությունը): Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն՝ Սուրեն Գինովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպեր լիազորի պաշտոնը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով օժտված լինելով իշխանության ներկայացուցչի լիազորություններով, 2018 թվականի հուլիսի 30-ին և սեպտեմբերի 4-ին դիմակավորված ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող Սաֆարյան փողոցի թիվ 410/3 հասցեում գործող «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ պատկանող բուքմեյքերական գրասենյակի օպերատորի համար առանձնացված՝ շինություն հանդիսացող աշխատասենյակ, եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, գրասենյակի օպերատորների կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով կատարել է ավազակություն։ Նրա լիազորություններն այժմ կասեցված են: Պաշտպանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքում Գինովյանն իրեն մեղավոր չի ճանաչում եւ գտնում է, որ ի վերջո կհասնեն արդարացման: Նշենք, որ գործը դատարան է մուտք եղել 2018 թվականի սեպտեմբերի 26-ին եւ գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում:

Մեր զրույցում պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մանրամասնեց, որ Գինովյանի առողջական խնդիրները եղել են դեռեւս 2016 թվականից. նա ունի զարկերակային գերճնշում, ինչով պայմանավորված ժամանակին նաեւ ստացիոնար բուժում է անցել. «Դատաքննության այս մեկ տարի երեք ամիսների ընթացքում դատարանը որեւէ անգամ չէր անդրադարձել խափանման միջոցի հարցին, ինչը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից, եւ իմ կողմից ներկայացվեց միջնորդություն՝ նրան 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին. ես հղում էի արել դատավոր Դավիթ Հարությունյանի որոշումներից մեկին, որով նույն արարքի կատարման համար մեղադրվող անձն ազատ է արձակվել այդ գումարի դիմաց, բայց միաժամանակ նշել էի, որ եթե դատարանը անհրաժեշտ համարի, կարող է սահմանել ավելի մեծ գումար»: Պետրոսյանի խոսքով՝ իր միջնորդությունը պետք է անհապաղ քննվեր, սակայն դատարանն այն քննության առավ մեկ շաբաթ անց եւ մերժեց առանց իր պաշտպանյալի մասնակցության, որովհետեւ առկա պայմաններում նրան հնարավոր չէր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել դատարան: Արդարադատությա նախարարության տվյալների համաձայն՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի 8 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, ինչը, ըստ պաշտպանի, խնդիրներ է ստեղծել դատական նիստերի կայանալու հետ կապված. «Ապրիլի 10-ին նշանակված էր դատական նիստ, որ տեղի չունեցավ, քանի որ կալանավորին չբերեցին, այսինքն՝ արդեն տեւական ժամանակ է, ինչ իմ պաշտպանյալի գործով դատական նիստերը չեն կայանում, իսկ մենք գիտենք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի պրակտիկա է ձեւավորվել կոնկրետ համաճարակով պայմանավորված. ԵԽ խոշտանգումների կոմիտեի հայտնի զեկույցից հետո դատարանները լայնորեն թույլատրում են գրավի կիրառումը նույնիսկ այն անձանց նկատմամբ, որոնց մեղսագրվում է առանձնապես ծանր հանցագործությունների կատարում, իսկ տվյալ դեպքում խոսքը ծանր հանցագործության մասին է»:

Պաշտպանի նշած զեկույցով Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն արձանագրել էր, որ համապատասխան մարմինները պետք է ջանքեր գործադրեն՝ կիրառելու ազատությունից զրկման այլընտրանքային միջոցներ՝ հաշվի առնելով, որ անձնական շփումները խթանում են COVID 19-ի տարածմանը: ԵԽ-ի այս զեկույցից հետո Հայաստանում եւս եղան դեպքեր, երբ դատարաններն ազատ արձակեցին կալանավորներին՝ հղում անելով վերը նշված հանգամանքներին:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մերժման հիմքում դատարանը նշել է, որ կալանավորման հիմքերը պահպանվել են, եւ ազատության մեջ մնալով՝ նա կարող է խոչընդոտել գործի քննությանը. «Ես խնդիր եմ տեսնում այս դատավորի հետ, որովհետեւ «Վարդաշեն»-ում արձանագրված են վարակի դեպքեր, դատարանին ներկայացվեց նաեւ տեղեկանք, որ անձը ՔԿՀ-ում գտնվում է հսկողության ներքո, ունի զարկերակային գերճնշում, իսկ տարբեր հեղինակավոր կառույցների հրապարակումների համաձայն՝ թիրախային խմբում են տարեցները եւ առողջական խնդիրներ ունեցողները. տվյալ դեպքում իմ պաշտպանյալը երիտասարդ է, բայց ունի հիվանդություն, ինչով պայմանավորված էլ՝ թիրախային խմբից է»: Դատարանի այդ որոշման դեմ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը եւս հնարավոր չի եղել քննել սեղմ ժամկետում. «Այդ որոշումը հրապարակվել է ապրիլի 2-ին, ապրիլի 5-ին արդեն բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, սակայն դատավորը տեւական ժամանակ գործի նյութերը չէր ուղարկում Վերաքննիչ, ինչը եւս պայմանավորված է նրա տրամադրվածությամբ, որ ձգձգում է նույնիսկ գործն ուղարկելը»: Միայն ապրիլի 15-ին է պաշտպանը տեղեկացել, որ գործը Վերաքննիչ դատարանում է եւ մակագրվել է դատավոր Սեւակ Համբարձումյանին. «Հույս ունենք, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի բոլոր հանգամանքները, ստեղծված նախադեպային պրակտիկան, ինչպես նաեւ այն, որ կորոնավիրուսի՝ վերջին շրջանում արձանագրված մահվան դեպքերում ուղեկցվող հիվանդությունների թվում կամ շաքարային դիաբետն է, կամ զարկերակային գերճնշումը, ինչը պաշտպանյալիս դեպքում լուրջ խնդիր է»,- եզրափակեց Ինեսսա Պետրոսյանը:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի խոսքով, սակայն, իրականացվում են միջոցառումներ ՔԿՀ-ներում պահվող եւ նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից պաշտպանելու համար: Դրանց շրջանակներում, ըստ նրա, Դատախազությունը սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն, որի արդյունքում մինչ ապրիլի 14-ը ներառյալ ստորագրությամբ ազատ է արձակվել 20 կալանավոր. «Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, դատախազության համապատասխան դիրքորոշման պայմաններում պատժից ազատվել է հիվանդություններով տառապող 2 անձ, ևս 2 անձի վերաբերյալ դատախազության միջնորդության արդյունքում դատարանների կողմից ընտրվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի տեսակ»,- գրել է Աբրահամյանը՝ հավելելով, որ գործընթացը լինելու է շարունակական:

 

Լուսանկարում՝ Ինեսսա Պետրոսյանը

 

 

Տպել
1142 դիտում

Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է

«Անցյալին վերադարձ չի լինելու` ՀՀԿ կլինի, քոչարյանականներ կլինեն, ով ուզում ա լինի»

Թուրքիան վերսկսելու է ավիահաղորդակցությունը շուրջ 40 երկրի հետ

Արեւաշող համայնքի «Յազիկ» թաղամասում կկառուցվի մանկական խաղահրապարակ

ՌԴ-ից Ադրբեջան ռազմական արտադրանք է մատակարարվել կաշառքի միջոցով. ձերբակալվել են պաշտոնյաներ

Արդենիսում 1730 մետր նոր ջրագիծ կկառուցվի

ԿԳՄՍ նախարարությունը սկսել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ձեւավորման գործընթացը. բուհ գրություն է ուղարկվել

Արթուր Վանեցյանը դատի է տվել վարչապետին եւ նրա խոսնակին․ պահանջում է նաեւ 2 մլն դրամ

Ամբերդ համայնքում 80 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ․ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող

Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ

Կառավարական թիվ 1 և 3 տներում գործող հանրային սննդի կետերը կասեցվել են. Արթուր Ասոյան

Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ. նա մեղադրյալ է ներգրավվել 4 հոդվածով

Նախակորոնավիրուսյան «Մարդկության դիմանկար»-ը

Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե կորոնավիրուսից բուժվածների թիվն ինչու՞ է փոքր

Ոստիկանության ծառայողներից մեկին սպանելու, մյուսին մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Ցանկացած հրապարակում ահազանգ է, իսկ անհատական տվյալների պաշտպանության խնդիր միշտ կա. Նիկոլ Փաշինյան

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ

Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Գողանում էին մեքենաների համարանիշերն ու տերերից փող շորթում․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)