«Բարև, Ավո ջան, ո՞նց ես»

02/04/2020 schedule19:11

Ամեն բան կատարվում է մարդու գլխում: Այն ամենը, ինչ մարդը համարում է գեղեցիկ և տեսնում է գեղեցիկը, երջանկություն է: Օրինակ, երբ ընկերդ զանգում ու ասում է` «Բարև, Ավո ջան, ո՞նց ես, ես քեզ կարոտել եմ», սա այնքան գեղեցիկ է և այնքան երջանկություն կա այս զրույցի մեջ: Կամ, օրինակ, երբ նկարս լավ է ստացվում, գեղեցկությունից ու երջանկությունից սկսում եմ պարել: Ես սիրում եմ աղոթել, ու երբ լուսաբացին արթնանում եմ, միշտ աղոթում եմ: Ես մենակ եմ ապրում իմ արվեստանոցում: Մի օր քայլում էի իմ արվեստանոցում` պատերին իմ նկարներն են, անկյուններում իմ աճեցրած ծաղիկներն են, սա իմ միջավայրն է, ես առողջ եմ, հայր, եղբայրներ, երեխաներ ունեմ: Հանկարծ գիտակցեցի, որ երջանիկ եմ: Ասացի` «Տեր Աստված, ինչ լավ է, որ երջանիկ եմ»: Ընդհանրապես, ասում են, որ երջանկությունն այն է, երբ դրա մասին չես մտածում: Բայց այդ օրը ես մտածեցի երջանկության մասին, հասկացա, որ երջանիկ եմ և դրա համար շնորհակալ եղա Աստծուն: Իմ կարծիքով, սիրտը բաց և գոհունակ մարդիկ են երջանկություն ապրում: Համենայն դեպս, նրանք հակված են երջանկությանը և կարողանում են լինել երջանիկ: Դժգոհ մարդը դժվար կարողանա ապրել այդ զգացումը:  

Նկարիչ Ավետիս Խաչատրյան

Անձնական երջանկություն

Ամենաերջանիկ շրջանը մանկությունն է` կյանքիդ ամենաանհոգ շրջանը, երբ պարտավոր չես փող աշխատել, դու չգիտես, որ քո հարազատներից մեկը հիվանդացել է, չգիտես, որ մահացել է: Դու կարող ես տրվել քո խաղին: Հիմա մտովի գնացի այն տունը, որտեղ ծնվել եմ, խաղացել ու մեծացել եմ: Սովետաշենի խճուղում գտնվող մեր շենքից մոտ քսան մետր հեռու ռուսական զորամաս կար: Մենք երեքից հինգ տարեկան փոքր երեխաներ էինք, բակի երեխաներով հավաքվում էինք պատշգամբի տակ, ու երբ ռուս զինվորներն անցնում էին մեր բակով, որ խանութ գնան, կախվում էինք այդ զինվորներից, թե` «Солдат, дай мне значок»: Ու մինչև այդ զինվորները մի բան չէին պոկում իրենց հագուստից, պոկ չէինք գալիս նրանցից: Երբեմն, «значок» չէր լինում և դրա փոխարեն զինվորներն իրենց կոճակներն էին պոկում տալիս մեզ: Պատահել է, որ գնդապետն իր ուսադիրի վրայից հերթով պոկել է այդ աստղերն ու տվել մեզ: Ու մենք երեխաներով մրցում էինք, թե ով ավելի շատ «значок» կհավաքի: Տոպրակներով զինվորական շքանշաններ, աստղեր ու կոճակներ էինք հավաքել: Ու ամեն «значок» ստանալը մեծ երջանկություն էր, ու հիմա էլ` երջանկությամբ հիշեցի այդ պատմությունը: Ես շատ եմ կարոտում մեր այդ տունը, ուզում եմ նորից գնալ այնտեղ, որտեղ մեր մաման ու պապան մեզ մեծացրել են, որտեղ առաջին անգամ ընկերացել եմ: Մամաս ինձ թույլ էր տվել խաղալ բակում ու զգուշացրել էր, որ պատշգամբի սահմաններից չանցնեմ: Եվ ես խաղում էի այդտեղ, երբ հանդիպեցի մեր հարևան Արտակին, որի մաման էլ էր նույն բանը զգուշացրել: Մենք ծանոթացանք, խաղացինք հողերի հետ... Պատշգամբից այն կողմ չանցնող այդ փոքրիկ հատվածում ես ճանաչեցի աշխարհը: Ես ամեն անգամ ուզում եմ գնալ այդտեղ, տեսնեմ կա՞ այն ուռենին, ովքե՞ր են ապրում այդ տանը, ի՞նչ երեխաներ են այնտեղ ապրում, ձեռք տալ այն պատին, ուր կախված էր հորս կիթառը, որ հայրս նվագում էր մեզ համար խաղաղ երեկոներին, մյուս պատին, որտեղ դրված էր տոնածառը, որ շուռ եկավ էլեկտրական ջեռոցի վրա ու այրվեց` վարագույրներն էլ հետը մոխրացնելով: Հիշում եմ` հայրս գիշերային հերթապահությամբ էր աշխատում, մայրս էլ լուսաբացին էր գնում աշխատանքի, ու երբ հայրս դեռ չէր վերադարձել տուն, իսկ մայրս արդեն պիտի գնար աշխատանքի, մոտ երեք ժամ երեք եղբայրներով պիտի տանը մնայինք, մինչև հայրս տուն կհասներ: Մայրս մեզ հանձնարարություններ էր տալիս` կենցաղային փոքրիկ պարտականություններ, որ զբաղվենք, չձանձրանանք, մեզ չվնասենք, և անպայման զգուշացնում էր`«Ով դուռը կծեծի, չբացես, մինչև հայրիկը կգա աշխատանքից»: Գյուղից գալիս է մեր պապին, դուռը ծեծում է.

- Ո՞վ է:

- Ձեր պապին է, եկել եմ գյուղից, բացեք դուռը:

- Պապի ջան, չենք կարող դուռը բացել, մաման ասել ա, որ հանկարծ դուռը չբացենք, մինչև հայրիկը չգա...

Խեղճ պապին երեք ժամ նստած մնաց դռան մոտ, մինչև հայրիկը եկավ: Իհարկե, պապին այդ ժամանակ բոլորովին երջանիկ չէր, բայց ես հիմա երջանկությամբ եմ հիշում այդ պատմությունը: Եվ ընդհանրապես, երջանկության մասին մտածելիս մանկություն եմ գնում: Մինաս Ավետիսյանը պատմում էր, որ երբ գնում էր իր գյուղ` Ջաջուռ, վախենում էր դիպչել իր տան պատերին, որովհետև մտածում էր, թե մանկությանն է դիպչում:

Ավելի հասուն տարիքում մեծ երջանկություն եմ ապրել, երբ անհատական ցուցահանդես եմ ունեցել Ֆամենկոյի թատրոնում` ինչպես դիմավորեցին նրանք մեզ, ինչ զգացողություններ ապրեցի, ինչպես ռուս մտավորականը խոնարհվեց հայ ստեղծագործողի առջև: Երբ սեղմեցի լուսահոգի Պյոտր Ֆամենկոյի ձեռքն ու շնորհակալություն հայտնեցի ցուցահանդեսի կազմակերպման համար, նա ջերմ խոսքեր ասաց ինձ և ավելացրեց` «Շնորհակալություն հայտնեք Անդրեյ Միխայելովիչին, որովհետև մտածում եմ, որ մեր թատրոնը երբեք նման տնօրեն չի ունենա»: Եվ իսկապես, Պյոտր Ֆամենկոն մեծ մտավորական էր, որի առջև թատրոնի 330 հոգանոց կոլեկտիվը խոնարհվում էր, որովհետև ինքն էր խոնարհվում իր աշխատակազմի առջև, ամեն բան անում էր, որպեսզի թատրոնում հարաբերությունները լինեն ազնիվ և առողջ: Այսպիսի մարդկանց, այսպիսի մտավորականների, այսպիսի տնօրենների կարիք ունի նաև Հայաստանը, որովհետև մեկ մարդը կարող է մթնոլորտ փոխել և երջանկության տարածքներ ստեղծել:    

Ես երջանիկ եմ իմ ընկերներով: Ձեզ պատմեցի իմ մանկության ընկեր Արտակի մասին, ում մանկության տարիներին ոչ թե ընտրեցի, այլ հանգամանքների բերումով ընկերացանք: Բայց հասուն տարիքում ես նորից նրան ընտրեցի, նորովի վերահաստատեցի մեր ընկերությունը: Իմ ընկերներն իմ աշխարհից են: Ես սիրում եմ նրանց, ես կարող եմ նրանց հետ հարբել, հարբած ժամանակ հիմար բաներ թույլ տալ, տխրել, ուրախանալ, զայրանալ, գժվել: Ես նրանց հետ ազատ եմ, ես նրանց հետ ես եմ` ամբողջովին բաց:

Ես երջանիկ եմ իմ ընտանիքով և եթե ուրիշ ընտանիքում ծնվեի, երևի նկարիչ չէի դառնա, որովհետև իմ ծնողներն ամեն ինչ արել են, որպեսզի ես անեմ այն, ինչ սիրում եմ և ինչ ուզում եմ: Մայրս է աչքերս «բացել», որպեսզի տեսնեմ գեղեցիկը: Հայրս ինձ ազատել է նկար վաճառելու հոգսից, որպեսզի նկարեմ արվեստ` արվեստի համար: Նրանք ինձ այդ հողը տվել են` և' նյութական, և' հոգևոր իմաստով:

Մասնագիտական երջանկություն

Աստծո` ինձ տրված ամենամեծ պարգևը նկարելու ձիրգն է, նկարելու միջոցով իմ զգացածը հաղորդելու ունակությունը: Մի անգամ ընկերներով գինետուն էինք գնացել: Ես էի, Խաչկալյան Աշոտն էր, Քալաշյան Արան էր: Շատ սիրուն հարբեցինք: Գինին և մյուս բարիքները դրված էին բավական լավ որակի և մեծ ֆորմատի ստվարաթղթի վրա, որի վրա գինետան գովազդն էր: Կերուխումից հետո ես այդ թուղթը վերցրի ինձ հետ: Կեսգիշերին հասա տուն, չնայած գինովցած էի, բայց քունս բոլորովին չէր տանում: Վերցրի գինետնից բերած ստվարաթուղթն ու նկարեցի մեզ` գինու սեղանի շուրջ և, իհարկե, մատուցողուհուն, որ մոտեցել էր մեր սեղանին: Այնքան կենդանի նկար էր, բայց զգում էի, որ մի բան պակասում է: Եվ այդ պակասը լրացրեց իմ սառնարանում պահված գինին, որ լցրեցի նկարի վրա ու արդեն վերջ` ամեն ինչ ճիշտ էր: Շուտով Քալաշյան Արայի ծնունդն է, և ես այդ նկարը նվիրելու եմ նրան. կարծում եմ` ավելի թանկ ու նվիրական նվեր դժվար է մտածել: Ընդհանրապես, սիրում եմ, երբ նկարը պատմություն ունի: Եվ չեք պատկերացնում, թե ինչ երջանկություն է, երբ կարողանում ես նկարել և' տառապանքը, և' ուրախությունը, և' սերը: Վերջերս ինքս ինձ «բռնեցրել եմ» նրանում, որ անընդհատ ընտանիք եմ նկարում: Սկզբում նկարում եմ աղջիկ, հետո մտածում եմ, որ նրա կողքին պիտի տղա լինի: Հետո նկարը լիարժեք դարձնելու համար փոքրիկ մարդուկներ եմ նկարում, որ, փաստորեն, նրանց երեխաներն են: Ու ստացվում է այնպես, որ ես ընտանիք եմ նկարում տարբեր գործողությունների մեջ, բայց անկախ նրանից, թե ինչ են անում` համերաշխ են ու երջանիկ: Փաստորեն, նկարում եմ այն, ինչի կարիքը ես ունեմ: Եվ չեք պատկերացնի, թե ինչ երջանկություն է, երբ կարողանում ես արտահայտել զգացածդ ու ապրածդ: Ես մի ընկեր ունեմ` բանկի փոխկառավարիչ է, որ ասում է` «Ավո, խեղդվում եմ, էլ չեմ ուզում էդ գործը»: Իրոք, դժբախտություն է, երբ անում ես մի բան, որը չես սիրում: Եթե ես երկրորդ անգամ ծնվեի, էլի նկարիչ կլինեի կամ էլ... ծաղրածու:

 Հանրային երջանկություն.

Դպրոցական երեխա էի,  երբ Հայաստանը ազատվում էր խորհրդային ռեժիմից: Ես վառ հիշում եմ հրարապարակը` լիքը մարդկանցով, հիշում եմ հարթակում կանգնածներին: Բոլորը գոռում էին` Միացում: Այնքան ուժեղ, այնքան պինդ: Ես մտածում էի, որ սա է Հայաստանը, հայերն այսպիսինն են: Հետագայում, իհարկե, մի քանի փուլով մեծ հիասթափություններ ապրեցի: Ինքս ինձ խոստացել էի, որ այլևս չեմ հավատալու, այլևս չեմ խառնվելու քաղաքականությանը, որովհետև դա արդեն պղծված դաշտ է: 2018-ին իմ ընկեր Մարկն ասաց` «Ավո, արի գնանք հրապարակ»: Ու ես գնացի և հավատացի: Եվ այս անգամ վստահում եմ իմ ինտուիցային: Դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, հեքիաթ էր գրում երեխաների համար: Ես հիշում եմ նրա Տնակի մասին հեքիաթը: Ոչինչ չկար, ոչ մի հույս չկար, բայց մարդը հեքիաթ էր գրում: Այդպիսի հեքիաթ գրողը չի կարող վնասել պետությանը, ժողովրդին: Ես այդպես եմ կարծում: Եվ ես չեմ ափսոսում, որ հեղափոխության օրերին կանգնեցի հրապարակներում և քայլեցի բոլորի հետ:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Եթե խոսքը հեքիաթի չվերածեմ ու պաթոսով չպատմեմ, թե այդ երկիրն իմ երևակայության մեջ  է` ինչպես փոքրիկ իշխանն ուներ իր մոլորակը, և եթե բոլորը գան իմ մոլորակ, երջանիկ կլինեն, ապա կասեմ` հայերի համար այդ երջանիկ երկիրը Հայաստանն է, որովհետև այստեղ կարող ես հայերեն բարևել, այստեղ քո արմատներն են: Ուրեմն, մեր կողքի շենքում հանրապետականներ էին ապրում, որ հաճախ հավաքվում էին շենքի դիմաց: Երբ անցնում էի նրանց կողքով, խուսափում էի ուղիղ նայել նրանց և կամ բարևել, որովհետև մտածում էի, որ վտանգավոր մարդիկ են: Ինչու՞ են վտանգավոր` որովհետև եթե ընտրություններ չեն, ապա այդ մարդիկ ամբողջ օրը պարապ կանգնած են շենքի առջև: Իսկ պարապ մարդը շատ վտանգավոր է: Հարցն այն չէ, որ նրանք անպայման պիտի աշխատեն բառի բուն իմաստով: Բայց մարդը ինչ-որ բանով պիտի հետաքրքրված լինի, նրան ինչ-որ բան պիտի հուզի, նա ինչ-որ բանով պիտի զբաղված լինի: Ես կարծում եմ, որ երջանիկ են այն տարածքները, որտեղ մարդիկ զբաղված են և հնարավորություն ունեն հետաքրքրվելու արվեստով` թատրոնով, կինոյով, ցուցահանդեսներով, ինտելեկտուալ քննարկումներով: Երանի այսպիսի հետաքրքիր ու սիրուն Հայաստան ունենանք: Վերջերս Մալյանի թատրոնում էինք, մի արտակարգ ներկայացում ունեն`«Սիրելի Պամելան»: Հիմնարկներից մեկը տոմսեր էր գնել իր աշխատողների համար, բայց եկել էր դահլիճի կեսը, որովհետև մյուս կեսին պարզապես հետաքրքիր չէր այդ ներկայացումը: Ոչ թե փող չունեին տոմս գնելու համար` հիմնարկը տոմսը նվիրում էր, ոչ թե ժամանակ չունեին, այլ ուղղակի հետաքրքիր չէր: Ահա, որքան շատ մարդկանց հետաքրքրի թատրոնը, այնքան այդ երկրում երջանկության շանսը մեծ է:

Երջանիկ երկիր ունենալու համար, թերևս, ամենակարևորը լավ ուսուցիչներ ունենալն է: Կարծեմ Ժան Ժակ Ռուսոն է ասել, թե կարևոր են ոչ թե նրանք, որ կառավարում են պետությունը, այլ նրանք, որ կրթում ու դաստիարակում են պետություն ղեկավարողներին: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի, ասենք, քիմիայի ուսուցիչը ոչ միայն քիմիա սովորեցնի, այլև պատասխանատու լինի իր աշակերտների մեջ մարդկային լավագույն որակները սերմանելու հարցում: Աշխարհի բոլոր երեխաները լավն են: Միջավայրը և նրանց հանդիպած մարդիկ են փչացնում երեխաներին, փակում նրանց աչքերը գեղեցիկի առջև, սիրտը` բարության, միտքը` ազատության:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը      

Տպել
3080 դիտում

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան