«Երեխաներին դնում ենք վանդակների մեջ, էլի ճաղերի արանքից լույս են տալիս»

12/02/2020 schedule13:04

Երջանկությունը երևութական է: Հնարավոր չէ, որ մարդը մտածող լինի և միաժամանակ երջանիկ լինի: Երկսայրի բան է երջանկությունը. ինձ համար դա երջանկություն է, ուրիշի համար կարող է երջանկություն չլինել: Սուտ կլինի ասել, թե մարդը միշտ երջանիկ է և կամ մարդը միշտ դժբախտ է: Երջանկությունը կարող է ծիծաղելու չափ փոքրիկ բաների մեջ լինել: Հավատացյալը կարող է երջանիկ զգալ այն մտքից, որ ինքը կհայտնվի Աստծո դրախտում, իր ներսում փայփայի այդ գաղափարը և թեթևորեն անցնի հազար ու մի տառապանքների միջով: Մի խաբուսիկ բան կա երջանկության մեջ, որ քեզ, ի վերջո, հարմարեցնում է կյանքի դժբախտություններին ու դժվարություններին: Եթե երջանկության հույսն անթեղված կրակի պես անընդհատ մեր ներսում չլիներ, շատ դժվար կլիներ ապրելը: Կայծակի նման է երջանկությունը՝ անկրկնելի և շատ կարճ: Եվ հաստատ կարող եմ ասել, որ մարդը երջանիկ է, երբ կարողանում է ուրիշին երջանկացնել: Մեր լուսամուտագոգին կերակրատախտակ եմ սարքել թռչունների համար, և արդեն քանի տարի է՝ մեկ հաց ավելի եմ գնում, փշրում, կերակրում թռչուններին: Եվ ինչ լավ է, որ թռչունները չեն կարող գալ և շնորհակալություն հայտնել: Հնուց եկած խոսք է՝ ինչքան տալիս ես, ավելին ստանում ես, տվածն է մնում: Ինչո՞ւ է տվածը մնում, որովհետև այն երջանկացրել է ինչ-որ մեկին, և այդ զգացողությունը բումերանգի պես վերադարձել է քեզ: Բայց եթե մի քիչ փիլիսոփայական խորքերը գնանք, կհասկանանք, որ երջանկության մեջ էլ առանձնապես մի բան չկա: Լուրջ եմ ասում: Երջանիկ լինելը քիչ է՝ երջանիկ լինելու համար:

Գրող, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյան

Անձնական երջանկություն

Ես Սևանի ափին գտնվող Նորաշեն գյուղում եմ մեծացել: Հետպատերազմյան շրջան էր՝ դեպրեսիաներ, ուտելիք չկար, հագնելիք չկար, շատ բարդ մանկություն: Գառնարած էինք: Գիտե՞ք՝ ինչից էինք երջանկանում. եթե այդ օրը կարողանում էինք դաշտերում գտնել մեր սիրած ուտելիքները՝ մոռ, ճպռուկ, սինձ, կոճղես: Երբ գարունը բացվում էր, տրակտորներն սկսում էին արտերը վարել: Մենք գնում էինք արտեր և խուզարկու հայացքներով սևահողի մեջ փնտրում կոճղեսներ, եթե գտնում էինք այդ կարծր ու հողոտ պալարները, քսում էինք թևքին կամ ափով սրբում էինք և ուտում: Կոճղեսները քաղցրահամ էին՝ մանկության պես քաղցր: Իսկ երբ ուտելու բան այդպես էլ չէինք գտնում արտերում, կոլտնտեսության արտից ցորենի հասկեր էինք քաղում, որ մեր բոյին էին, մենք էլ՝ 11-12 տարեկան երեխաներ, չոր խոտ էինք հավաքում ու վառում, ցորենի հասկերի գլուխները դնում էինք կրակների մեջ, մի քիչ խարկվում էր, դառնում աղանձի նման մի բան, փշրում էինք խորովված հասկերն ու կանաչ հատիկներն ուտում: Ամենայն լրջությամբ եմ ասում՝ այդ հատիկները երջանկության համն ունեին: Եվ երջանկություն էր, որ չէինք բռնվում, որովհետև պատահում էր, որ դաշտապահը գալիս բռնեցնում էր, իսկ հետևանքները ծանր էին՝ ծնողին ասել կար, դպրոցում ասել կար, մտրակի հարված «ուտել» կար: Թռչունի երամի նման ճռվողելով վազվզում էինք քարքարուտներում, մի մոռի թուփը դատարկում՝ թռչում էինք դեպի մյուս թուփը... Շատ հաճախ հետո ես հասկանում, որ երջանիկ էիր: Եթե այդ պահին ես ընկալում, զգացածդ ավելի շուտ հրճվանք է, քան՝ երջանկություն: Եթե գիտակցես, որ երջանիկ ես, երջանկությունը կանէանա:    

Բնականաբար, մեծ երջանկություն է սերը: Առանց սիրո զգացողության կյանքը խելակորույս վազք է:Ասենք՝ սերը կնոջ նկատմամբ, մանրամասներ չպատմեմ. դրանք միշտ ինձ հետ են: Սերը կնոջս նկատմամբ, որի հետ ձեռք ձեռքի՝ շրջել ենք ողջ Հայաստանում: Ընկերներով արշավների ենք գնացել, օրերով սարերում ենք եղել, Նախիջևանից սկսած՝ Ջավախքով վերջացրած ոտքով ման ենք եկել: Որքան երջանկություն կար այդ օրերում՝ հայրենիքը ճանաչելու, միմյանց ճանաչելու այդ սքանչելի ժամանակներում: Հիմա արդեն մեքենայով ենք գնում արշավի, նախկին ուժը, ավյունը էլ չկա: Եվ ամեն անգամ, երբ ընկերներով նստում ենք հանգստանալու, զրուցում ենք՝ աշխարհի մի ծերից տալով, մյուսից դուրս գալով: Ու ամեն անգամ հասկանում ենք, որ Աստծո տված ամեն օրը երջանկություն է: Ամենամեծ երջանկությունը լինելն է՝ կաս, տեսնում ես աշխարհը, զգում ես արարչական վեհությունը, ամեն անգամ ապշում ես աշխարհի գեղեցկության վրա՝ քարը, ծիտը, գետը, աստղը... Ամեն ինչը գեղեցիկ է:

Մասնագիտական երջանկություն

Իմ կարծիքով՝ ամենամեծ երջանկությունը սիրով արարելն է: Արարող մարդը կարող է զգալ շատ բարձրաշունչ երջանկություն, որովհետև, ի վերջո, արարումը երևութականորեն անմահանալու ձև է ու հնարավորություն: Մոտ հարյուրի չափ գիրք եմ գրել՝ ուսումնական, մանկական, գեղարվեստական: Հիշում եմ՝ երբ երիտասարդ էի, գիրք էի գրում ու մտածում, որ եթե տպագիր գիրքս տեսնեմ, իմ պես երջանիկ մարդ աշխարհում չի լինի: Ամեն անգամ, երբ տպարանից վերցրել եմ հերթական գիրքը, երջանկությունը տևել է մոտ տասը վայրկյան, այո՛, ընդամենը այդքան, հետո դառնում է սովորական: Սակայն մի գիրք, այնուամենայնիվ, իմ մեջ երկար պահեց երջանկության զգացողությունը. դա Այբբենարանն էր, որ արդեն 21 տարի հանրակրթական դպրոցում է, դրանով սովորել է մեկ միլիոն երեխա, այդ գրքով դարձել են տառաճանաչ, սիրել են հայրենիքը, որովհետև Այբբենարանի ամեն էջում հայրենիք կա: Այդ զգացողությունը, որ օգտակար ես եղել երեխաներին, իսկապես, տևական երջանկություն բերեց ինձ:     

Իմ կարծիքով՝ շատ բարդ է լինել ինչ-որ գործի լավ մասնագետ և միևնույն ժամանակ պահպանել լայնախոհությունը. նեղ մասնագիտացումը սովորաբար վտանգում է լայնախոհությունը: Ահա՛, այս երկուսի համատեղումը, իրոք, մասնագիտական երջանկություն է:

Երեք տարի է, ինչ «Քվանտ» վարժարանում դասավանդում եմ «Ստեղծարար մտածողություն» առարկան: Այս առարկայի դասավանդումն ինքս եմ առաջարկել: Մենք դպրոցում շատ բան ենք սովորեցնում երեխաներին, շատ գիտելիքներ ենք տալիս, բայց շատ հաճախ շրջանցում ենք ստեղծարար մտածողությունը, այսինքն՝ առարկայի, երևույթի հանդեպ նոր մոտեցումը, ոչ ստանդարտ վերաբերմունքը, մտածողության իներցիայի հաղթահարումը, երևույթը տարբեր տեսանկյուններից դիտարկումը: Ես ստեղծեցի մոտ 600 էջանոց մի գիրք՝ այդտեղ ամփոփելով իմ քսան տարիների աշխատանքը: Եվ հիմա այդ գիրքը կիրառում եմ դպրոցում: Երբ ստեղծարար մտածողության դասի ժամանակ տեսնում եմ երեխաների ոգևորությունը տարատեսակ առաջադրանքներ կատարելիս, չեք պատկերացնի, թե որքան երջանիկ եմ ես: Երբ ներս եմ մտնում դասարան, երեխաները հրճվում են, որովհետև գիտեն՝ առաջիկա 40 րոպեների ընթացքում միասին պիտի մի շատ լավ բան արարենք: Ամենաանկեղծ բանը, որ զգում եմ, երեխաների սերն է ու ժպիտը: Շատ զարմանալի բան պիտի ասեմ՝ երբեմն կարծես մեծն իրենք են. կարող են այնպիսի հոգատարություն ու ջերմություն ցուցաբերել, որ կարծես ինձ տիրություն են անում: Վերջին երեք տարիներին մասնագիտական ամենասուր, ամենաանփոխարինելի զգացողությունն ինձ պարգևել են իմ աշակերտները: Այսօր վարժարանում երկրորդ և չորրորդ դասարանի աշակերտները քննություն էին հանձնում մաթեմատիկա առարկայից: Ինձ համար երջանկություն էր քննություն հանձնողների մեջ տեսնել հանճարեղ երեխաների, որ իրենց հանձնարարված խնդիրներին այնպիսի լուծում էին տալիս, մտքովդ անգամ չէր անցնի: Ինչ սերունդ է մեծանում, ինչ խորքեր կան այս երեխաների մեջ: Ա՛յ, սա է իսկական երջանկությունը: Մեծերի խնդիրն է, որ երեխաներին կաղապարներից դուրս պահեն, թույլ տան, որ երեխաները սիրուն մտածեն: Երբեմն ուսուցիչները բողոքում են, թե իմ դասագրքերում ներառված վարժությունները բարդ են: Ասում եմ՝ «Անկեղծ եղեք, ո՞ւմ համար են դժվար, ձե՞զ համար, թե՞ երեխաների»: Եվ եթե անկեղծ են լինում, ասում են, որ երեխաներն այդ վարժությունները շատ ավելի արագ են լուծում, քան՝ մեծերը: Շատ կուզեի, որ դպրոցում վերանար կաղապարվածությունը, սերտողականությունը, երեխան կարողանար արևի պես բացվել աշխարհին: Երեխային դնում ենք վանդակի մեջ, ճիշտ է, էլի ճաղերի արանքից լույս է տալիս, բայց ինչո՞ւ թույլ չենք տալիս, որ նրանք ամբողջովին ճառագեն՝ միաժամանակ օգնելով նրանց պահպանել ինքնահսկումը:       

Հանրային երջանկություն

Ծառայել եմ սովետական բանակում, ավագ լեյտենանտ եմ եղել: Միշտ վիճում էի բելոռուս, ուկրաինացի ընկերներիս հետ, ասում էի՝ ինչո՞ւ մենք չպիտի ունենանք զինված ուժեր, որ ամենքս ծառայեինք մե՛ր երկրում: Հետո եղավ 1988-ը: Շատ բարձր տրամադրություն կար մեր մեջ: Հանրային երջանկությունն այդ օրերին գագաթնակետին էր. ազգովի ընդհանուր գաղափարի հետևորդն էինք: Բոլորը քեզ նման էին, պաշտպանված էիր քեզ զգում: Երկրորդ անգամ այդ զգացողությունն ապրեցինք 2018-ին, երբ ազգը որոշեց իր վրայից հանել բոլոր այն կաղապարները, բոլոր այն շղթաները, որ խանգարում էին ապրել, արարել: Բացառվում է, որ հանրային երջանկության այդ զգացողությունը երկար մնա. էլի գալիս է կյանքը՝ քո անձնական դժբախտություններից սկսած, մահկանացու լինելով վերջացած և, իհարկե, նախևառաջ քո ներսի երջանկության ծառը ջրելու անհրաժեշտությամբ: Ուրիշի երջանկությամբ երջանկանալը հազվագյուտներին է տրված. Քրիստոսը կարող էր երջանկանալ ուրիշի երջանկությամբ և ջրեր բոլորի երջանկության ծառերը: Լավ է, որ հանրային երջանկության իմպուլսները լինում են, դրանք մեզ պահում են երկար տարիներ, մինչև նոր, զորեղ իմպուլս է գալիս, և հանրային երջանկությունը ապրելու նոր հնարավորություն է տալիս:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

Երջանիկ ես, երբ թիկունքիդ զգում ես քո պետության ներկայությունը, որովհետև ապահովության զգացողությունը երջանկության բաղադրիչներից է: Գուցե եսասիրական բան եմ ասում, բայց այդպես է: Ինչո՞ւ մեծ տերությունների բնակիչներն իրենց շատ ավելի երջանիկ են զգում և շատ ավելի քիչ են կախված դժբախտության, վշտի փեշերից, որովհետև նրանց թիկունքին հզոր պետություն կա, որտեղ իրենք ապահով են, չեն վախենում պատերազմից, ապագայի հանդեպ հավատ ունեն, կարող են իրենց թույլ տալ երկարատև հեռագնա նպատակներ դնել իրենց առջև և հասնել դրանց: Մեր ազգաբնակչությունը, ցավոք, անընդհատ դեպերսիայի մեջ է, որովհետև հայրենիքը վտանգված է, ընտանիքի առօրյան վտանգված է, զավակների կյանքը վտանգված է: Ենթադրենք՝ ունես երջանիկ լինելու մարդկային ամենասովորական բաղադրիչները՝ տուն, ընտանիք, աշխատանք, բայց գիտես, որ հարևանիդ երեխան կոնֆետ է ուզում, իսկ ծնողը չի կարողանում գնել այդ կոնֆետը: Ինչպե՞ս կարող է մարդը երջանիկ լինել, եթե նվազագույն անհրաժեշտի կարիքն ունեցող երեխաներ կան, և դու չես կարող բոլորին օգնել, դու Աստված չես: Ուզում եմ ասել, որ երջանկությունը չի կարող կոլեկտիվ երկարատև զգացողություն լինել, և եթե դու քեզ մեծ հանրության մի մասնիկն ես համարում, չես կարող երջանիկ լինել, եթե շուրջդ կան ու պատահում են դժբախտություններ:

Մենք չպիտի թույլ տայինք, որ մեր երկիրն այսքան փոքրանար, ով ուզենար, կարողանար քարկտիկի քարի նման շուռումուռ տալ: Բայց իրողությունը սա է՝ մենք ունենք փոքրիկ երկիր, որը մեծ կախվածություններ ունի հզոր երկրներից: Երկիրը պիտի կարողանա մեզ համար թիկունք լինել... Պատկերավոր ասեմ՝ կյանքն ինձ հետ է հրում, ես գնում եմ, գնում եմ, պիտի թիկունքով հենվելու տեղ ունենամ, իմ հենման կետը, իմ թիկունքը պահողը պիտի իմ երկիրը, իմ պետությունը լինի: Նա պիտի ինձ թույլ չտա այնքան հետ գնալ՝ մինչև անդունդ ընկնեմ և կամ խեղդվելու չափ ամփոփվեմ ինքս իմ մեջ:

Երեկ բարձրացել էի Ուշիից վերև գտնվող հինգ-վեց հազար տարվա մի բերդ և այնտեղից նայում էի Հայաստան աշխարհին: Ասես ափիս մեջ լինեին Մասիսը, Գեղամա լեռնաշղթան, Արայի լեռը, Հատիսը, Արագածը: Նայեցի, նայեցի ու հանկարծ այնպիսի անբացատրելի երջանկության զգացում ունեցա, այնպիսի զորավոր պաշտպանություն զգացի, որ վհատության հետք իսկ չմնաց, հազարերորդ անգամ զգացի, որ սիրտդ պատառ-պատառ անող հենց այս երկրում է հնարավոր երջանիկ լինել: Պարզապես պետք է սիրես ու ճանաչես նրան՝ քար առ քար, թուփ առ թուփ, հոգի առ հոգի: Մեր մարդիկ էլ լավն են: Մեր մարդկանց համար պետք է մթնոլորտ ստեղծել, որ իրենց միջի լավը դուրս գա:

Հայկական առածն ասում է՝ «Ձուկը ձկանն ասաց՝ մի քիչ էն կողմ գնա, ո՞ւր գնամ, երկուսս էլ նույն թավայի մեջ ենք տապակվում»: Հիմա մենք բոլորս նույն նավակի մեջ ենք, բայց անընդհատ հրում ենք իրար: Եթե կարողանանք մի քիչ ավելի լավ վերաբերվել միմյանց. ի վերջո, պետություն ունենք, երկրի սահմանները պաշտպանելու ունակություն ունենք, հաղթելու ունակություն ունենք, որը ցույց տվեցինք, բայց այդ հաղթանակի զգացողությունը, որը մեզ պիտի երջանիկ պահեր, ցավոք, մսխեցինք: Հույս ունեմ, որ դեռևս կգան այն ժամանակները, գուցե նախաշեմին ենք, չգիտեմ, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, որ կարողանալու ենք լեզու գտնել առաջին հերթին ինքներս մեզ հետ, հետո նաև՝ մնացած ազգերի հետ: Եվ կարողանալու ենք նրանց համոզել, որ մեր երջանկությունը նրանց վնաս չէ: Մարդիկ միշտ երազել են համերաշխ երկրագունդ ունենալու մասին, որպեսզի մեկի երջանկությունը մյուսի համար խանգարող հանգամանք չլինի: Բայց նույնիսկ Քրիստոսը չկարողացավ դա անել: Մուհամեդն էլ չկարողացավ, ոչ էլ՝ Բուդդան: Որովհետև միշտ կա ապրելու խնդիրը: Ներսի ագահության, նախանձի, չարակամության վիշապներին դժվար է սանձել, և դա ո՛չ օրենքով է հնարավոր և ո՛չ էլ բռնությամբ:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4356 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին