Նախկինում ներդրողների հիմնական շեշտադրումն էր՝ «մի հատ հանք լինի վերցնենք շահագործենք». Մանուկյան

Օրեր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր թե՛ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող վիճակագրական ցուցանիշները եւ թե՛ սպառողական գների ինդեքսը:

2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշի 7.1 % աճ ունենք, որը պայմանավորված է արդյունաբերական արտադրանքի ծավալի աճով՝ 9.7 %, շինարարության ծավալի աճով՝ 4.4 %, առեւտրի շրջանառության աճով՝ 8.8 %, մատուցած ծառայությունների ծավալի աճով՝ 15.5 %: Զուգահեռաբար նվազել է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 4.8 %-ով: 2019-ի հունվար-հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը եւս աճել է՝ 1.6 %-ով, իսկ հոկտեմբերը նախորդ հոկտեմբերի համեմատ աճել է 0.9 %-ով:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ մինչեւ տարեվերջ տնտեսական աճը ամենավատատեսական սցենարով կլինի 6- 6.5 տոկոս:

- Պարոն Մանուկյան, վերջին ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները որքանո՞վ են ձեզ գոհացնում։

- Վեկտորի առումով մենք պետք է քննարկենք այն պլանային ցուցանիշները, որոնք դրված են եղել որպես կանխատեսում 2019-ի համար, աշխարհում տիրող միտումները, եւ թե այդ ֆոնի վրա ինչ է մեզ հաջողվել անել։ Այս առումով իհարկե, մենք չպետք է մոռանանք, որ 2019-ի համար 4.9 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսվում, սակայն հիմա ամենավատատեսական սցենարով առնվազն կանխատեսվում է 6 տոկոս։ Ու սա ոչ թե այն սցենարն է, որ ֆինանսների նախարարության կողմից է ներկայացվում կամ Կենտրոնական բանկի, սա նաեւ ամրապնդվում է անաչառ միջազգային կառույցների կողմից։ Այսինքն մեր հնարավորությունները, որը կանխատեսվել է նախորդ ստարտային ժամանակահատվածում, բավականաչափ լավացել է։ Ու սա այն դեպքում, երբ աշխարհի մակարդակով միջին ցուցանիշները նվազել են։ Շատ է գոհացնում հատկապես արդյունաբերության մեջ մշակող արդյունաբերության մասնաբաժնի ավելացումը, բայց միեւնույն ժամանակ իմ կարծիքով որոշակի խնդիրներ կան գյուղատնտեսության հետ։ Սա էլ է հասկանալի, այս ոլորտում ցածր շահութաբերություն է եղել, այստեղ կան նաեւ վիճակագրական խնդիրներ։ Բայց ամենակարեւոր համակարգային լուծումները դրված են 2020 թ. բյուջեով: Մասնավորապես գյուղատնտեսության ապահովագրությունը՝ մոտ 600 միլիոն դրամի, հուսով ենք, որ սա կտա հնարավորություն, որ այս ոլորտում ավելի կանխատեսելի եւ ավելի շուկայականին մոտ մոտեցումներ լինեն։ Օրինակ, որ գյուղացին կախված չլինի համայնքապետի քմահաճույքից կամ մոտեցումներից, թե ինչքան է կարկուտի խփած բերքը գնահատման փուլում՝ դրանից բխող համապատասխան որոշակի ռիսկերով։ Այս համատեքստում ինձ համար նաեւ կարեւոր է, որ ծառայությունների բնագավառի խստացմանը զուգընթաց զբոսաշրջությունը եւս բավականաչափ տպավորիչ աճ է գրանցել։

- Մինչեւ տարեվերջ այս թվերը կաճե՞ն, թե կայուն կմնան։

- Իհարկե, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հավելյալ շրջանառություն է լինում՝ հաշվի առնելով, որ Ամանոր է, բայց թե ինչ չափով դա կազդի՝ ամենապահպանողական սցենարներով դա կլինի 6- 6.5 տոկոսի շրջանակներում։

- Վարչապետը կարեւորում է տեղական արտադրանքը, հատկապես հագուստի արտադրանքի մասին հեղափոխությունից հետո շատ է բարձրաձայնվել։ Ձեր գնահատմամբ՝ դա ի՞նչ ազդեցություն է թողել եւ արդյո՞ք տեղական արտադրանքի հագուստը  հիմա ավելի  են նախընտրում քաղաքացիները։

- Այստեղ միայն տեղականի հարցը չէ, իմ կարծիքով վարչապետը կարեւորում է մրցունակ արտադրանքը։ Մեր տեքստիլ արդյունաբերությունն այն ուղղությունն է, որը, թե՛ աշխատուժի մասով է որոշակի դրական զարգացումներ տալիս, թե՛ դրան զուգահեռ նաեւ մրցունակ է։ Եթե մենք դիտարկենք օրինակ՝ 2018 թ. մայիսից մինչեւ 2019 թ. նոյեմբերը, կառավարության որոշումներով տրված մաքսային եւ հարկային արտոնություններով այդ բնագավառում 95 մլրդ դրամի սարքավորումներ է ներմուծվել։ Սա խոսում է նաեւ տեխնոլոգիական զինվածության բարձրացման մասին։ Ես կարող եմ ասել, որ հենց այս ոլորտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բիզնեսը՝ ներդրողները, նաեւ տեխնոլոգիական վերազինում են անցնում։ Գաղտնիք չի չէ՞, որ նախկինում վստահություն ու հավատ այդքան էլ չկար իշխանությունների վարած քաղաքականության հանդեպ։ Ներդրողները հիմնական շեշտադրումը դնում էին՝ մի հատ հանք լինի՝ վերցնենք շահագործենք, մի հատ ռազմավարական օբյեկտ լինի՝ ՀԷԿ լինի, ներդրումներ անենք։ Այսինքն  այդքան էլ հետաքրքրված չէին մրցունակ արտադրանք թողարկելով։

- Ստացվում է, որ պետությունը տեղական արտադրանքը մրցունակ դարձնելու համար անում է իրենից կախվածը. այդ դեպքում ի՞նչ քայլեր է անում բիզնեսը։

- Այս համատեքստում մենք նաեւ պետք է խոսենք հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին, որով պետությունն ամեն ինչ անում է, որ աշխատող մարդը կարողանա էլ ավելի բարձրացնել  իրական այն գումարը, որը կարող է իրեն մնալ հարկերը վճարելուց հետո։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ ասեմ՝ եթե առաջին տպավորությամբ Երեւան քաղաքում շրջանառության մասով թափանցիկ մոտեցումները բավականաչափ տեսանելի են, ապա մարզերում շատ հաճախ ինքս էլ նկատում եմ, որ նույն ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ կտրոն չեն տալիս։ Եթե մեկը ՀԴՄ կտրոն տա, մյուսը չտա՝ այլ հավասար պայմաններում այդ ՀԴՄ կտրոն տվողը ավելի ոչ մրցունակ իրավիճակում է հայտնվում, եւ ըստ էության չի կարող սա երկարաժամկետ ռազմավարություն լինել։ Այս առումով ես գոհ ու շնորհակալ եմ այն քաղաքացիներին, որոնք պահանջում են, որ իրենց կատարված ձեռքբերումների կամ գնումների դիմաց ՀԴՄ կտրոն տպվի։ Ինչո՞ւ, քանի որ սրանով է պայմանավորված՝ կենսաթոշակառուների կենսաթոշակի մեծությունը, նրանց երեխաների համար կառուցվող շենքային պայմանների լավ լինելը։ Երեւանում սա ավելի արագ է լինում, քան մարզերում։

- Սպառողական գների մասին ի՞նչ կասեք։ Կա՞ն շոշափելի թանկացումներ։

- Սպառողական  գների ինդեքսի զսպումը չպետք է լինի ինքնանպատակ։ Եթե մենք դիտարկում ենք, թե միջին ամսական անվանական աշխատավարձը ինչքան է աճել, ապա տարեսկզբից այս առումով 5.9 տոկոս աճ ունենք, ինչը մի քանի անգամ ավելի բարձր է, քան գնաճը։

- Ինչքանո՞վ կարելի է հավատալ այդ սպառողական գների աճի 0.9 տոկոսին։ Հանրությունը միշտ էլ թերահավատ չէ՞ այս թվերի հանդեպ։

- Ընդունում եմ, որ սրա վերաբերյալ թերահավատություն կա ու այնպես չի, որ դա հիմք չունի։ Բայց մենք պետք է հասկանանք մեթոդաբանությունը։ Սպառողական գների ինդեքսը զամբյուղ է, այդ զամբյուղի մեջ կան ավելի հաճախ օգտագործվող ապրանքներ եւ ավելի նվազ օգտագործվող ապրանքներ, ու ըստ դրա՝ սա հաշվարկվում է։ Բայց եթե դուք քիչ կշիռ ունեցող ապրանքը օգտագործում եք ավելի շատ ծավալներով, քան այն չափանիշը, որն այստեղ դրված է, ապա ակնհայտ է, որ սրա գնի բարձրացումը ձեզ վրա ավելի մեծ ազդեցություն կունենա։

Այնուհանդերձ ավելի լավ մեթոդ, քան այս միջինացված մոտեցումը՝ չկա։ Բայց կարծում եմ, որ մենք  պետք է ավելի որակյալ դարձնենք սոցիալական զամբյուղ հասկացությունը։

Տպել
1133 դիտում

78-ի կոալիցիան. Իսրայելը դուրս է գալիս քաղաքական ճգնաժամից

Ապրիլի 10-ից քաղաքացիները կարող են դիմել առցանց եւ ստանալ նախատեսված սոցիալական աջակցությունները

ԱՀ ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Բանտարկությունից մինչեւ սեփական թեստերի կիրառում. ինչպես Սինգապուրը դարձավ կորոնավիրուսի արդյունավետ պայքարի օրինակ

Տավուշում կարտոֆիլի բարձրորակ տնկանյութի բավարարման նպատակով մարզպետարանը հավաքագրել է անհրաժեշտ տեղեկությունները

«Գյումրի» ԲԿ բժիշկները մասնակցել են COVID-19-ի կանխարգելմանն ու բուժմանն ուղղված օնլայն դասընթացներին

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնաքարն է. ՀՀ ԱԳՆ

Մասնագիտական պարապմունքներ են անցկացվել 4-րդ զորամիավորումում․ ՊՆ

Արցախում Հայաստանից մեկնած երկու քաղաքացի է մեկուսացվել, իրականացվել է նմուշառում

Արցախ մեկնած ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ մինչև ապրիլի 2-ը՝ ժամը 23:59-ը

Երեկ գիշերը միջադեպ է տեղի ունեցել Քաշաթաղի շրջանի Մուշ համայնքում. գյուղապետին եւ այլ մասնակիցներին բերման են ենթարկել

Կայացել է ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների քննարկումը

Աշխարհը հումորի շատ հետաքրքիր զգացում ունի․ այսօր ապրիլի 1-ն է

Քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքը և աջակցության նոր ծրագրերը

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները հրաժարվել են մարտի պարգևավճարից. 8 մլն դրամն այլ նպատակի կուղղվի

Վարչական վարույթի մասնակիցները հանձնաժողովի նիստերին առցանց մասնակցելու հնարավորություն ունեն. ՏՄՊՊՀ

Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ

Սահմանափակումների նոր ռեժիմ է մտնում նաև աշխատանքի վայր այցելող անձանց համար. կայացել է պարետատան նիստը

2-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք․ ՊՆ

ՖԻՖԱ-ն 2.74 միլիարդ դոլար պահուստային գումար ունի. օգնելու է ֆուտբոլի ֆեդերացիաներին. The New York Times