Երեւանի ամբողջ մաքրությունը 290 հավաքարար են իրականացնում. բակերի ու մայթեզրերի աղբին բնակիչները «դեմքով են ճանաչում»

Երեւան քաղաքի մաքրությունն այս պահին իրականացնում են 290 հավաքարարներ: Նրանք աշխատում են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջաններում: Գործող հավաքարարների քանակը գրեթե այնքան է, որքան պահանջարկ ներկայացվել է ու հաստատվել Երեւանի ավագանու նիստում: Ու թեպետ թվում էր, որ աշխատուժի պակաս այլեւս չպետք է լիներ, Երեւանի տարբեր հատվածներ շարունակում են ակնհայտ անմաքուր մնալ: Ճիշտ է, բերնեբերան լցված աղբամաններ արդեն գրեթե չեն հանդիպում, բայց մայթեզրերին ու բակերում կուտակված աղբին բնակիչներն սկսել են «դեմքով ճանաչել»: 

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, որն ստեղծվել է այս տարվա ապրիլին, վերջերս է համալրել աշխատողների թիվը: Երեւանի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշմամբ՝ աշխատակիցների թիվը 206-ով ավելացել է, այսպիսով՝ նշված հիմնարկի աշխատակիցների ընդհանուր թիվն այս պահին հասնում է 853-ի:

Ավելացված 206 հաստիքներից 150-ը հավաքարարի հաստիքներն են: Նախկին 150-ի փոխարեն հիմա 290 հավաքարար են աշխատում:

Մաշտոցի պողոտա, Սուրբ Սարգիս եկեղեցուն հարող հատվածը

«Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այս պահին 290-ը հավաքարարների կայուն թիվն է: Մնացած 10 հաստիքները պարբերաբար ազատվում են եւ համալրվում նոր կադրերով: Արմեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե որոնք են հավաքարարների հաճախակի ազատման պատճառները: «Մեկն առողջական խնդիրների պատճառով է դուրս գալիս, մյուսը՝ ընտանեկան, մեկը մի քանի օր աշխատելուց հետո չի ուզում աշխատել, պատճառները շատ տարբեր են, բայց հիմնականում կենցաղային խնդիրներ են»,- պատասխանեց նա:

Հավաքարարներն աշխատում են օրական 8 ժամ: Մեկ հավաքարարի համար օրական նախատեսված է 8-10 հազար քառակուսի մետր տարածք, որը նա պետք է մաքրի: Սակայն, ըստ համայնքային հիմնարկի տնօրենի, լինում են դեպքեր, որ չեն հասցնում նախանշված տարածքն ամբողջությամբ մաքրել: «Մեծ քանակությամբ աղբի գեներացված կույտեր կային, որոնք շատ դժվարությամբ մեր բանվորների ուժերով հանեցինք: Բավականին սեղմ ժամկետում կարողացանք այս ճգնաժամից դուրս գալ: Բացի դրանից, հաճախ հանդիպում ենք այսպիսի տեսարանի. մի կողմից աշխատակիցները մաքրում են քաղաքը, մյուս կողմից քաղաքացին ավտոմեքենայից դուրս է նետում աղբը: Մինչեւ այս վիճակը չհաղթահարենք, տուգանքներ չկիրառենք, մեր քաղաքի մաքրությունը լիարժեք չենք տեսնի»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

Մաշտոցի պողոտայի հատվածներից մեկը հոկտեմբերի 29-ի դրությամբ

Քաղաքի որոշ հատվածներում տիրող անմաքուր վիճակն Արմեն Գրիգորյանը բացատրեց հիմնարկի նորաստեղծ լինելով: Վերջինս նկատեց, որ հավաքարարների թվի ավելացում հիմնարկում չի նախատեսվում, մնացած բացը լրացվելու է ապագայում ստանալիք փոշեկուլների միջոցով: «Մեկ փոշեկուլը կարող է կատարել մոտ 20 հավաքարարի աշխատանք»,- ասաց հիմնարկի տնօրենը:

Կեսգիշերն անց, երբ հանդարտվում է մեքենաների ու հետիոտնի անցուդարձը, իրենց աշխատանքն են սկսում քաղաքի մաքրուհիները: Մինչեւ լուսաբաց ձգվող աշխատանքն ունի իր բարդությունները: Անելիքը շատ է, երբեմն նաեւ՝ ոչ անվտանգ:

Թեեւ քաղաքի մաքրությամբ զբաղվող աշխատակիցները կրում են լուսաանդրադարձիչ հատուկ համազգեստ, երբեմն լինում են վրաերթի դեպքեր: Այդ պատճառով նրանց հագուստները նախկինից մի փոքր տարբեր են. մոխրագույնի վրա նարնջագույնով լուսաանդրադարձիչը հիմա ավելի է գերակշռում: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ դրանք հատուկ ավելի շատ են արել, որպեսզի մեքենաները հեռվից նկատեն ուշ ժամին աշխատող մարդուն:

Հիմնարկի տնօրենը նկատեց՝ այս պահին աշխատող հավաքարարների գերակշռող մասը կանայք են, բայց փոփոխություն կա տարիքային շեմի առումով: «Մեզ մոտ տարիքային սահմանափակում չկա: Եթե մարդն ի վիճակի է եւ նորմալ աշխատում է, կարող է գալ աշխատել. 20 տարեկան էլ կա, 50 էլ կա»,- ասաց նա:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ թե՛ աղբահանություն իրականացնող բանվորների, թե՛ սանիտարական մաքրություն իրականացնող կանանց մեջ բավականին մեծացել է երիտասարդների թիվը: Երեւանի սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկի տնօրենն այդ ցուցանիշը բացատրում է աշխատավարձի ավելացմամբ: Սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկում աշխատողների միջին աշխատավարձը, հարկերը հանելուց հետո, 130 հազար դրամ է, նախկինում հավաքարարների աշխատավարձը եղել է 70-90 հազար: Տնօրենի խոսքով՝ լավ աշխատողները նաեւ խրախուսվում են, աշխատավարձն այդ դեպքում կարող է հասնել 145 հազար դրամի:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ փոշեկուլներով մաքրելու են փողոցի կենտրոնական անանցանելի հատվածները, որտեղ (երթեւեկության մեջ) վտանգավոր է մարդկանց աշխատանքը, իսկ մինչեւ փոշեկուլները տեղ կհասնեն, դեռեւս ջրցան մեքենաներով են այդ հատվածը մաքրում:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ փոշեկուլների գնման գործընթացն արդեն մեկնարկել է, ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ կամ 2020-ի սկզբին կունենանք 5 փոշեկուլ:

Նախկինում հավաքարարների փոքր թիվը (150) պատճառաբանվում էր նրանով, որ քաղաքի մաքրությունը կազմակերպվելու է նաեւ փոշեկուլների միջոցով, հետեւաբար մարդու աշխատանքի կարիքն այդքան մեծ չի լինելու: Հետո արդեն հավաքարարների լրացուցիչ պահանջարկը պատճառաբանվում էր այն հանգամանքով, որ փոշեկուլների ձեռքբերման գործընթացը ժամանակատար է, ու մինչ այդ անհրաժեշտ է հոգալ մայրաքաղաքի մաքրության հարցը: Խոսնակը հայտնեց, որ փոշեկուլները ձեռքբերելուց հետո հավաքարարների թիվը չի կրճատվի: Հաստիքացուցակը սահմանվում է՝ հաշվի առնելով նաեւ տեխնիկական միջոցների ներգրավումը:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ փոքր տարողությամբ 5 աղբատար է եկել, սպասվում է՝ եւս 15-ը: Բացի դրանից, նաեւ նշել էր, որ մի քանի հազար աղբաման են ստանալու, որից շուրջ 1000-ը մետաղական են: Այժմ նշեց, որ փոքր տարողությամբ եւս հինգ աղբատար հիմա Երեւանում է, որոնք դեռ չեն շահագործվում, գրանցման ու տեխնիկական սպասարկման գործընթացի մեջ են: «Դեկտեմբերի ընթացքում կունենանք մետաղական աղբամանները, զուգահեռաբար նաեւ պլաստիկե աղբամանների համալրման գործընթացն է շարունակվում»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է աղբահանության արդեն նախկին օպերատոր «Սանիթեք» ընկերության աղբամաններին, ապա խոսնակը նկատեց՝ աղբամաններն այդ ընկերության գույքն են, դրանք բոլորը փոխարինվելու են:

Համայնքային հիմնարկում այս պահին տեխնիկայի եւ աշխատակիցների համալրումը շարունակվում է: Աղբը մեր փողոցներից ու բակերից հեռացնելու համար համայնքն առնվազն 55 մասնագիտացված մեքենայի կարիք ունի: Ձնամաքրման աշխատանքների կազմակերպման համար էլ կպահանջվի շուրջ 30, իսկ սանմաքրման համար՝ 17 միավոր տեխնիկա:

Տպել
1107 դիտում

Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում. էկոնոմիկայի նախարարություն

Փաշինյանին տեղեկություն տվողները կամ գիտությունից բան չեն հասկանում, կամ ակադեմիայի թշնամիներն են

Սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Ջեքսոնի հիթերը դասական մոտեցմամբ. համերգը նախորդ տարի հետաձգվել էր

ԱՄՆ Սենատում երկրորդ անգամ է վետո դրվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա

Նոր օրինագծով հայոց լեզվի քննությունը բուհ ընդունվելիս պարտադիր կլինի, իսկ մինչ այդ խախտվում է «Լեզվի մասին» օրենքը

Չարենցավանի բժշկական կենտրոնի շուրջ 15 տարի լքված մասնաշենքը հիմնանորոգվել է

Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնական մեղադրանք է առաջադրվել

Փոքր եւ միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը բացասական կողմեր չունի. գյուղատնտես

ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում. ԱԻՆ

Քննարկվել են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն

Աղմուկ հանած եւ Կինոկենտրոնից 16 միլիոն դրամ ստացած «Չնչիկ»-ն այս տարի էլ մեծ էկրան չի բարձրանա

Վանաձորի՝ անձրեւի ժամանակ հեղեղվող դպրոցի տանիքը վերջապես կփոխվի (լուսանկարներ)

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկին

Խաշմանյանը պետք է ներողություն խնդրեր երկրպագուներից ու հրաժարական տար. Լեւոն Պաչաջյան

Իտալիայի վարչապետի հետ ունեցանք բովանդակալից և արդյունավետ բանակցություններ. վարչապետ

Ոստիկանները հայտնաբերել են նարկոլոգիական կենտրոնում հաշվառված վարորդների (տեսանյութ)

10-ից ավելի միկրոավտոբուս տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանող հատուկ տարածք. հայտնաբերվել են դանակներ

ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին

ՖԱՖ եւ «Red Eagles» ֆան-ակումբները գիտեն՝ ՀՖՖ ինչպիսի նախագահ են ուզում