Զինված խմբերը հարձակվում են ցանկացած մեկի վրա, ով կփորձի օգնություն ցույց տալ. փորձագետ

Երեկվանից, ինչպես հայտնի է, Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսում, որտեղ առկա է նաեւ հայ բնակչություն: Բնակչության հետ անմիջական կապի մեջ է թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: Վերջինս մեր զրույցում որոշ մանրամասներ է պատմել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

-Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ տեղեկություններ ունեք Սիրիայից, որտեղ ռազմական գործողություններ են:

-Ինչպես հայտնի է, թուրք-սիրիական սահմանից 30 կիլոմետր խորությամբ Թուրքիան իրականացնում է ռազմական գործողություններ կամ, ինչպես իրենք են անվանում, «խաղաղության գարուն» օպերացիան՝ անվտանգության գոտի ստեղծելու մտադրությամբ: Սրա նպատակն իրականում տարածքները կրոնական փոքրամասնություններից մաքրելը եւ դրանք թուրք օմոններով եւ վարձկաններով բնակեցնելն է: Ինչ վերաբերում է այս պահի դրությամբ իրավիճակին, իմ ունեցած տեղեկություններով, որոշ տարածքներում իրավիճակն արդեն հանգիստ է, բայց տարածքներ կան, որ ռմբակոծությունը շարունակվում է: Այսօր առավոտից Քամիշլոյում, օրինակ, ռմբակոծությունները դադարեցված են: Երեկ այնտեղ մեծ ավերածություններ են եղել: Քամիշլոյի Բեշերիյե թաղամասում ռմբակոծության հետեւանքով մի ասորու տուն է ավերվել, տանտերը զոհվել է: Պետք է նշեմ, որ ռմբակոծությունից հետո հետեւակ է մտել այդ բնակավայր, սակայն հետեւակը թուրքական չի եղել, այլ «Մուհամեդի բանակ» անունը կրող խմբավորում: Այն կազմված է թուրք օմոններից, թուրքերից:

- Քամիշլոյում իրականացվո՞ւմ է բնակչության տարհանում:

- Իրականում տարհանում իրականացվում է, սակայն տարհանումը ոչ թե իրականացվում է պետական մակարդակով կամ միջազգային կառույցների, այլ ինքնակազմակերպման միջոցով: Պետք է շեշտեմ, որ Քամիշլոն շրջափակված է վերը նշված զինված խմբավորումներով, որոնք թե՛ ներս մտնող եւ թե՛ դուրս եկող բոլոր քաղաքացիական անձանց հետ հաշվեհարդար են տեսնում, փորձում են խուճապային տրամադրություններ ստեղծել այդ բնակավայրերում:

-Իսկ մարդիկ ո՞ւր են գնում:

- Փորձում են հեռանալ այն գոտիները, որոնք որ ընդգրկված չեն Թուրքիայի կողմից հայտարարված անվտանգության գոտու շրջանակներում: Քարտեզներով տարածվել են այն տարածքները, որոնք անվտանգ են: Օրինակ՝ Քամիշլո բնակավայրից դուրս արդեն չի համարվում անվտանգության գոտի: Այսինքն՝ Թուրքիան այդ տեղերում ռազմական գործողություններ չի իրականացնում դե ֆակտո, սակայն այդ գործողությունները իրականացնում են Թուրքիայի աջակցությունը վայելող՝ Սիրիայում գործող ռազմական խմբավորումները:  

-Սարի քանի բնակավայրի մասին ի՞նչ կարող եք ասել: Այնտեղ եւս հայեր կան:

-Երեկ այնտեղ մի փոքր էր հրետակոծությունը, սակայն այսօր առավոտյան արդեն ուժգին հրետակոծություն, ռմբակոծություն, օդային հարձակումներ են եղել: Պետք է նշեմ, որ հետաքրքիր ռազմավարություն է մշակել Թուրքիան. սկզբից հրետակոծություն է իրականացվում կամ օդային հարձակման է ենթարկվում բնակավայրը, այնուհետեւ բնակավայր են մտնում Թուրքիայի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումները: Սարի քանիում արդեն շուրջ 15 զոհ կա քաղաքացիական բնակչության շրջանում: Նրանցից երկուսը ասորիներ են՝ նույն ընտանիքից:

-Նրանց մեջ հայեր չկա՞ն:

-Թե՛ Քամիշլոյում, թե՛ այլ տեղերում որեւէ հայ չի տուժել:

- Պարոն Հովհաննիսյան, ձեզ հետ կապի մեջ գտնվող Սիրիայում բնակվող հայերը ի՞նչ կարծիք ունեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ի՞նչ ակնկալիք ունեն Հայաստանից:

-Քանի որ ես գտնվում եմ Քամիշլոյի հայկական համայնքի հետ ուղիղ կապի մեջ, նրանք ասում են, որ իրավիճակի վերաբերյալ իրենք բացառապես տեղեկություն էին ստանում համացանցի միջոցով եւ, ըստ ամենայնի, համացանցը նման դեպքերում ոչ այնքան հավաստի աղբյուր է: Այսինքն՝ որեւէ այլ պաշտոնական աղբյուրից իրենք չեն ստացել ստույգ տեղեկատվություն, որ հնարավոր է Թուրքիան իրականում հարձակում սկսի իրենց նկատմամբ եւ այսպես նրանք հայտնվել են ծուղակում: Երեկ ուշ գիշերը, երբ ես զրուցում էի Քամիշլոյի հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկի հետ, իրենք նաեւ շեշտում էին, որ հնարավոր չէ այդ պահին դուրս գալ Քամիշլոյից: Երբ քննարկում էինք տարհանման ճանապարհները, պարզվեց, որ այդ ճանապարհները եւս փակ են: Այսինքն՝ հիմա ինչի մասին էլ մենք մտածենք, ինչպիսի ճանապարհ էլ մտածենք՝ ուշացած է, քանի որ այնտեղ իրականում ոչ մի հումանիտար միջանցք չի բացվում, ոչ թե նրա համար, որ Թուրքիան թույլ չի տալիս, այլ նրա համար, որ ոչ լեգիտիմ այդ խմբավորումներն ուղղակի հարձակում են գործում ցանկացած մեկի վրա, ով կփորձի օգնության հասնել կամ որեւէ հումանիտար միջանցք բացել: Նրանց նպատակը սպանդ իրականացնելն է, որ այնտեղից բնակիչները ոչ թե ժամանակավորապես, այլ ընդմիշտ հեռանան: Սա քաղաքականություն է՝ ուղղված տվյալ բնակավայրերում ազգային բնագիծը փոխելուն:

Երկրորդը, իմ կարծիքով, թեեւ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածել է, բայց մենք պետք է հանդես գանք ոչ թե որպես հերթական պետություն, որը մտահոգված է, այլ պետք է հանդես գանք կողմ: Ի վերջո այստեղ նաեւ հայեր են բնակվում, եկեղեցի կա: Մենք պետք է միջազգային կառույցներին ներկայացնենք, որ այստեղ հայերը ենթարկվում են էթնիկ զտման ազգային, կրոնական հողի վրա:

-Ձեր կարծիքով՝ Սիրիայում բնակվող քրդերը ի՞նչ պետք է անեն:

-Այս տարածաշրջանում թվաքանակով թուրքերի միակ հակակշիռը քրդերն են: Միայն նրանք կարող էին թուրքերի համար շատ մեծ խնդիրներ ստեղծել: Սակայն քրդերը, լինելով բազմալեզու ազգ, իրենց լեզվամտածողությանը բնորոշ ձեւով բաժանված են տարբեր էթնիկ խմբերի եւ հենց այդ խմբերում եղած առճակատումը, ներքին լարվածությունը թույլ չէր տալիս, որ համախմբվեին, պայքարեին Թուրքիայի դեմ: Բայց այս ռազմական գործողությունը կարծես թե բոլոր քրդերի մոտ միասնության ձգտում է առաջացրել: Հույս ունենանք՝ կլինի այդ համախմբումը:

Տպել
1194 դիտում

Նիկոլ Փաշինյանը՝ մեծ կտավի մեկ մասնիկի առաջին գնորդն ու կտավն ամբողջացնող վերջին այցելուն Գյումրիում

Աննա Հակոբյանը մասնակցել է Ararat challange փառատոնի բացման արարողությանը

Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան

Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

Հյուսիսային մաքսատունը Գյումրիում կբացվի այս տարի. հստակ ժամկետ, սակայն, չկա

«Էրեբունի-Երեւան» միջոցառումների շրջանակներում սպասվում է անակնկալ. Հայկ Մարության

Ապօրինի գույքի «քաղհալածյալ» սեփականատերերը․ նախկին իշխանություններին խիստ մտահոգել է օրենքի նախագիծը

Վարչապետը ծանոթացել է Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինաշխատանքներին

Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար

Ոստիկանությունում տեղի ունեցած նիստից հետո մարզային պետեր են ազատվել

Հայկ Մարությանը Երվանդ Մանարյանին հանձնեց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումը

Երկիր մոլորակին կմոտենա մեկ կիլոմետր տրամագծով երկնաքար

Արմեն Կարապետյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հերքվել է Սամվել Ֆարմանյանի հայտնած այն տեղեկությունը, թե շոգեբաղնիքում իրեն ՀՔԾ քննիչ է մոտեցել․ ոստիկանություն

Դատախազները քննարկումներ են անցկացրել հանրակրթական եւ հատուկ դպրոցների աշակերտների հետ

Մեր տարածաշրջանը վառոդի տակառ է, մեր անվտանգության երաշխիքները՝ երկուսը

Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Պետական եկամուտների կոմիտեի Գյումրիում կազմակերպած ռազմավարական պլանավորման աշխատաժողովին

Գեղարքունիքի մարզում մեքենան բախվել է բետոնե պատնեշին․ 18-ամյա վարորդն ու նույն տարիքի ուղեւորը մահացել են

Երեւանցին նա է, ով սիրում է Երեւանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության