Չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մարտահրավերները. Արցախի ՄԻՊ-ի ելույթը ԵԽԽՎ-ում

01/10/2019 schedule10:58

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության նախաձեռնությամբ և աջակցությամբ, մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կազմակերպված՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջոցառմանը:

Ա.Բեգլարյանը և ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախկին ղեկավար Ռենե Ռուկեն հանդես են եկել ելույթներով: Միջոցառմանը ներկա էին ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ, տարբեր երկրների դիվանագետներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներ ու փորձագետներ:

Պաշտպանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև:

«Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ,

Ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակությանը և պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանին՝ չճանաչված պետություններում մարդու իրավունքների պաշտպանության և ԵԽ դերի կարևորության մասին խոսելու հնարավորության համար:

Պատիվ է այս հարթակը կիսել նաև պարոն Ռուկեի հետ, ով, իսկապես, լավ հասկանում է մեր այսօրվա քննարկման թեման:

Որքան գիտեմ ՝ սա առաջին անգամն է, որ Արցախի պաշտոնական ձայնը կլսվի Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում. այնպես որ այս միջոցառումը կերտում է պատմություն…

Թույլ տվեք խոսքս սկսել Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրի երկրորդ հոդվածը մեջբերելով.

«Յուրաքանչյուր ոք ունի սույն Հռչակագրում նշված բոլոր իրավունքներն ու ազատությունները՝ առանց որեւէ տարբերակման: Ավելին, որևէ տարբերակում չպետք է դրվի ելնելով անձի պատկանելության երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից՝ լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով կազմավորում»:

 

Այսպիսով, մարդու իրավունքները հռչակված են որպես համընդհանուր, իսկ ինչպիսի՞ն է իրականությունը...

Կգերադասեի պատասխանել ԵԽ նախկին գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերով, ով 2014թ.-ին իր զեկույցում անդրադարձավ Եվրոպայի հակամարտությունների գոտիներում բնակվող գրեթե 3 միլիոն մարդկանց դեմ ծառացած մարտահրավերներին՝ նշելով. «Չկարգավորված հակամարտությունների գոտիներում բնակվող մարդկանց իրավունքների պաշտպանությունը հաճախ միջազգային հանրության առաջնահերթություններից չէ, երբ փորձում ենք զբաղվել այդ հակամարտությունների կարգավորման դժվարություններով»:

Սա կարևոր խոստովանություն էր, քանի որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ծառայի նախևառաջ մարդու իրավունքների պաշտպանությանը:

Այնուամենայնիվ, ինչպես սովորաբար, այստեղ նույնպես իրականությունը հակասում է ցանկություններին և հայտարարություններին: Իրականությունն այն է, որ Եվրախորհրդի տարածքում միլիոնավոր մարդիկ չունեն պատշաճ հասանելիություն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին, ինչպես նաև միջազգային աջակցության և զարգացման ծրագրերին: Նրանք դե ֆակտո պետություններում ապրող մարդիկ են, պետություններ, որոնք ձևավորվել են հակամարտությունների արդյունքում, բայց պաշտոնապես չեն ճանաչվել միջազգային հանրության կողմից:

Խնդրի ծավալը հասկանալու համար հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի 17%-ը առնչվում է այդ չլուծված հակամարտություններին: Կարծում եմ ՝ տոկոսը հետագայում կաճի, քանի դեռ իրավիճակը դրականորեն չի փոխվել:

Ջորջ Օրվելի հայտնի խոսքը փոքր-ինչ խմբագրելով՝ պարզվում է, որ բոլոր մարդիկ հավասար են, բայց նրանցից ոմանք ավելի քիչ հավասար են…

 

Ինչո՞ւ «քիչ հավասար» մարդիկ հավասար չեն «ավելի հավասար» մարդկանց...

 Կարճ պատասխանը երկու մասից է բաղկացած.

ա) Իր չափանիշներն առաջ մղելու հարցում միջազգային հանրության քաղաքական կամքի բացակայության պատճառով: Այն հաճախ տրվում է քաղաքականությանը և սակարկություններին՝ մարդու իրավունքների պաշտպանության վրա կենտրոնանալու փոխարեն:

բ) Եվրոպայի խորհրդի անդամ որոշ պետությունների կոշտ ընդդիմության պատճառով, որոնք ներգրավված են այդ հակամարտություններում, վիճարկում են դե ֆակտո պետությունների օրինականությունը և ձգտում են մեկուսացնել դրանց բնակչությանը:

 

Գիտակցելով այս իրողությունը՝ 2018թ.-ին Վեհաժողովն ընդունեց իր 2240 բանաձևը, որտեղ վերահաստատեց Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների իրավական պարտավորությունները՝ լիարժեքորեն և բարեխղճորեն համագործակցել մարդու իրավունքների մշտադիտարկման միջազգային մեխանիզմների հետ, որը ներառում է նաև հակամարտության գոտիներ մուտք գործելու հնարավորությունը:

Բացի այդ, գլխավոր քարտուղար Յագլանդը իր 2019 թվականի զեկույցում կրկին անդրադարձել է այդ մարտահրավերին և ներկայացրել դրա լուծման իր մոտեցումները: Նա, մասնավորապես, առաջարկել է, որ «Մարդու իրավունքների հանձնակատարը պետք է ունենա լիարժեք, ազատ և անսահմանափակ մուտք բոլոր չկարգավորված հակամարտությունների գոտիներ՝ ցանկացած պահի, ինչպես նաև ցանկացած հնարավոր և անվտանգ միջոցների օգտագործմամբ»: Այնուամենայնիվ, մինչ այժմ որևէ առաջընթաց չկա այդ ուղղությամբ: Դժվար չէ կռահել պատճառները…

 

Ինչո՞ւ են ԵԽ անդամ որոշ երկրներ դեմ արտահայտվում ավելի մեծ թափանցիկությանը, երբ խոսքը վերաբերում է դե ֆակտո պետություններին...

Նրանց վախերից մեկը դե ֆակտո պետությունների իշխանությունների լեգիտիմացման ռիսկն է: Բայց, օրինակ, 2240 բանաձևում հստակ ասվում է, որ այդ տարածքներ այցելությունները և իշխանությունների հետ շփումները չեն հանդիսանում և չպետք է ներկայացվեն որպես այդ իշխանությունների լեգիտիմության ճանաչում՝ միջազգային իրավունքի հիման վրա: Ներգրավում առանց ճանաչման մոտեցումը լայնորեն և հաջողությամբ օգտագործվում է միջազգային հանրության կողմից, օրինակ, Պաղեստինի և ինչ-որ չափով Կոսովոյի հետ հարաբերություններում: Այնպես որ, այդ վախն այնքան էլ հիմնավորված չէ:

Բայց, կարծում եմ, ավելի կարևոր պատճառն այն է, որ նրանք ձգտում են պահպանել դե ֆակտո պետությունների առավելագույն մեկուսացումը՝ կանխելու միջազգային շփումները, խոչընդոտելու նրանց ժողովրդավարական, սոցիալական և տնտեսական զարգացումը, ինչպես նաև թաքցնել իրենց իսկ կողմից իրականացվող մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները և սահմանափակումները:

 

Ի՞նչը կարող է գործընթացն առաջ մղել...

Կանոնադրային առումով, Եվրոպայի խորհուրդն ունի մանդատ և իշխանություն անդամ պետությունների վրա իրական քաղաքական և դիվանագիտական ճնշում գործադրելու համար՝ միտված իրենց պարտավորությունները հարգելուն և լիովին համագործակցելուն, որպեսզի հակամարտության գոտիներ լիարժեք, ազատ և անսահմանափակ մուտքն ապահովված լինի: Բայց, շատ դեպքերում, երբ գործելու ժամանակն է գալիս, շատ անդամ պետություններ հրաժարվում են աջակցել այդ պարտավորությունների կատարմանը:

Օրինակ ՝ Մարդու իրավունքների հանձնակատարի Լեռնային Ղարաբաղ այցի միակ խոչընդոտը Ադրբեջանի ընդդիմանալն է այդպիսի այցերին: Կարևոր է շեշտել, որ չկարգավորված հակամարտությունների տարածքներ ֆիզիկական հասանելիություն ապահովելու առումով դե ֆակտո պետության իշխանությունների քաղաքական կամքն ու համաձայնությունը ավելի էական դեր ունեն, քան անդամ պետություններինը: Այդ իմաստով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են լիարժեքորեն համագործակցել բոլոր համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, ներառյալ մարդու իրավունքների մշտադիտարկման դրանց մեխանիզմները: Միգուցե ժամանակն է, որ մարդու իրավունքների պաշտպանության անկախ հաստատություններն առաջնահերթություն տան մարդու իրավունքների պաշտպանությանը՝ դիվանագիտական և քաղաքական նպատակահարմարության փոխարեն:

 

Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը դե ֆակտո պետություններում...

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը ոչ միայն պետք է մշտադիտարկի մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը դե ֆակտո պետություններում, այլև նպաստի դրա շարունակական բարելավմանը: Առանց աջակցության միայն մշտադիտարկում իրականացնելը նման է առանց շարունակական դասավանդման դպրոցական քննություն վերցնելուն, որը չի կարող ապահովել արդյունավետություն:

Մշտադիտարկման և աջակցության գործընթացը ես կբաժանեի երեք հարթության ՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային:

  1. Տեղական հարթությունում նրանք պետք է մշտադիտարկեն մարդու իրավունքների հնարավոր այն խախտումները, որոնք ենթադրաբար կատարվել են իշխանությունների կողմից, ինչպես նաև ինստիտուտների և մեխանիզմների համապատասխանությունը միջազգային չափանիշներին: Ընդհանուր առմամբ, դա տեղավորվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում: Արցախի դեպքում, մենք հիմնել ենք ժողովրդավարական ինստիտուտներ և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, պարբերաբար անցկացնում ենք ընտրություններ, ունենք իշխանության ճյուղերի տարանջատում և այլն: Այնուամենայնիվ, մենք կարիք ունենք ապահովելու ինստիտուտների և մեխանիզմների հետագա և ավելի արագ զարգացումը, ինչպես նաև պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունների կայուն բարելավումը: Որոշ իրավունքների ոլորտներում մեզ անհրաժեշտ են նոր բարեփոխումներ՝ սոցիալ-տնտեսական իրավունքներ, խոշտանգումների կանխարգելում, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց և այլ խմբերի իրավունքներ: Կարևոր է նշել, որ մենք գիտակցում ենք, թե ինչ է մեզ անհրաժեշտ և ունենք կամք այդ ուղղությամբ աշխատելու համար: Մարդու իրավունքների մշտադիտարկման միջազգային մարմինները և հասարակական կազմակերպությունները կարող են իրենց ներդրումը ունենալ այդ առումով՝ գործունեություն ծավալելով Լեռնային Ղարաբաղում:
  2. Տարածաշրջանային հարթությունում նրանք պետք է վերահսկեն մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՝ չկարգավորված հակամարտությունների համատեքստում, որտեղ մարդու իրավունքների հիմնական ոտնահարողը ԵԽ անդամ որոշ պետություններն են: Մեր դեպքում իրավիճակը, թերևս, ամենավատն է, քանի որ Ադրբեջանը մարդու իրավունքների խախտման առաջամարտիկ է թե՛ ներքին, և թե՛ արտաքին հարթակներում: Դժբախտաբար, միջազգային հանրությունը ճնշում է գործադրում և պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ ներքին իրավախախտումների հիմքով, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ կատարված խախտումների համար: Նման խախտումների միայն մի քանի օրինակ ներկայացնեմ.
  • Նախ, տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները վարում են հայատյացության պետական քաղաքականություն, որը ներառում է հայերին ատելու և սպանելու խրախուսում, դպրոցներում և մանկապարտեզներում հայերի նկատմամբ ատելության սերմանում և, իհարկե, իրենց բոլոր անհաջողությունների համար հայերին մեղադրում: Տխրահռչակ օրինակ է Սաֆարովի դեպքը, երբ ադրբեջանցի սպան կացնահարել է քնած հայ սպային Բուդապեշտի հյուրանոցներից մեկում: Նա մեծապես հերոսացվել է Ադրբեջանում. նախագահ Ալիևը նրան պարգևատրել է, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Սաֆարովը վառ օրինակ է ադրբեջանցի երիտասարդների համար: Հայատյացության քաղաքականության մանրամասները ներկայացված են Ադրբեջանում հայատյացության մասին 2018թ-ի մեր զեկույցում:
  • Երկրորդ ՝ Ադրբեջանը միշտ օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն ընդդեմ Ղարաբաղի և Հայաստանի ՝ սպառնալով պատերազմ սկսել, ինչը մեր կյանքի նկատմամբ իրական սպառնալիք է և պատերազմի արգելքի մասին միջազգային իրավունքի նորմերի խախտում: Ավելին, 2016 թվականի ապրիլին Ադրբեջանը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ ՝ ներգրավելով տասնյակ հազարավոր զորք և հատուկ նշանակության ուժեր, ծանր հրետանային և հրթիռային համակարգեր, ինչպես նաև այնպիսի զինատեսակներ, որոնց կիրառումն արգելված է միջազգային պայմանագրերով: Գրեթե բոլոր հայ քաղաքացիական անձինք և զինվորականները, որոնք հայտնվել էին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ, խոշտանգվել, գլխատվել կամ խեղվել են: Նրանցից 3-ը գլխատվել են իսլամական պետության ահաբեկիչների ոճով: 3 քաղաքացիական անձ սպանվել և խեղվել է, այդ թվում ՝ 92-ամյա կին: Արցախյան դպրոցներից մեկի հրետակոծման հետևանքով մեկ երեխա է սպանվել, ևս երկուսը վիրավորվել են: Հարյուրավոր անձինք ունեցել են լուրջ նյութական վնասներ՝ ադրբեջանական հրետակոծության հետևանքով, իսկ հազարավոր բնակիչներ լքել են իրենց տները: Համոզվելու համար, որ այդ ամենը կազմակերպվել և խրախուսվել է պետության կողմից, պետք է հաշվի առնել, որ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը հրապարակայնորեն պարգևատրել է այդ հանցագործությունները կատարողներից ոմանց, այդ թվում՝ այն զինվորականին, ով գլխատել էր երկու հայ զինծառայողների: Հարկ է նկատի ունենալ, որ չնայած միջազգային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են այդ բոլոր իրադարձությունները, ոչ մի միջազգային դիտորդական մարմին չի եկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու համար: Այս սարսափելի և բարբարոսական ոճրագործությունները կատարվել են Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից ընդդեմ Լեռնային Ղարաբաղի բնակչության, որն իրավունք ունի օգտվելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տրամադրած պաշտպանության միջոցներից:
  • Երրորդ, Արցախի բնակիչների տարբեր իրավունքներ շարունակաբար ոտնահարվում են Ադրբեջանի կողմից: Օրինակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ նրանք կխոցեն քաղաքացիական ինքնաթիռները, եթե մենք շահագործենք Ստեփանակերտի օդանավակայանը: Բացի այդ, Ադրբեջանը սև ցուցակում է ընդգրկում Ղարաբաղ այցելած բոլոր օտարերկրացիների անունները: Որոշ դեպքերում պաշտոնական Բաքուն նույնիսկ փորձել է քրեական հետապնդում իրականացնել ոմանց հանդեպ, բայց Ինտերփոլը չի ընդունել Ադրբեջանի դիմումները: Նրանք քրեական գործեր են հարուցել անգամ Եվրախորհրդարանի 3 անդամների նկատմամբ, բայց դա միայն քարոզչական քայլ էր, ոչ մի լուրջ իրավական հիմք և հետևանքներ: Ադրբեջանը նաև քաղաքական և դիվանագիտական ճնշումներ է գործադրում Ղարաբաղում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող միջազգային ներդրողների կամ ընկերությունների նկատմամբ, Ղարաբաղում աշխատող ցանկացած կազմակերպության, Ղարաբաղում հետազոտություններ իրականացնող գիտնականների նկատմամբ և այլն: Բոլոր այդ դեպքերում, կարծում եմ, Արցախի բնակիչների տարբեր իրավունքներ ոտնահարվում կամ սահմանափակվում են:
  1. Միջազգային հարթությունում միջազգային հանրության կողմից խախտվում կամ սահմանափակվում են դե ֆակտո պետությունների բնակիչների իրավունքները: Ընդհանուր առմամբ, այդ խախտումների ամենամեծ դրսևորումը դե ֆակտո պետությունների մեկուսացումն է միջազգային ծրագրերից և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերից: Արդյունքում, այդ պետությունների բնակիչներն առերեսվում են խնդիրների մուտքի արտոնագրերի ստացման, քաղաքացիական ակտերի գրանցման ու կրթական փաստաթղթերի ճանաչման և մի շարք այլ հարցերում: Այս խնդիրներն ազդում են արտերկրում բնակվող անձանց լայն շրջանակի իրավունքների պատշաճ իրացման վրա, որը ներառում է կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տնտեսական զարգացման, հաղորդակցության, ազատ տեղաշարժի և այլ իրավունքներ:

Թեև արցախյան օրինակը եզակի է, բայց այլ դե ֆակտո պետություններ այդ իմաստով մեզ հետ նմանություններ ունեն:

 

Արդյո՞ք մեկուսացումը նշանակում է կյանքի վերջը դե ֆակտո պետություններում...

Միջազգային ճանաչման բացակայությունը պետք է նվազագույն ազդեցություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության վրա, հակառակ դեպքում միջազգային կազմակերպությունները չեն կարող ունենալ բացարձակ իրավունք խոսելու մարդու իրավունքների և դրա համընդհանրության սկզբունքի մասին:

Մեկուսացումը նշանակում է միայն ավելի մեծ պայքար, ավելի շատ ջանք և ավելի շատ պատճառներ մարդու իրավունքներն արժեվորելու համար ՝ հենվելով սեփական ներուժի վրա: Անշուշտ, կյանքը դե ֆակտո պետություններում շարունակվում և զարգանում է, նույնիսկ եթե դրանք ընկալվում են որպես «գորշ գոտիներ» այն օտարերկրացիների համար, ովքեր չեն ցանկանում այցելել այնտեղ:

Այնուամենայնիվ, անկախ մեկուսացումից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատասխանատվություն է ստանձնել մասնակցել միջազգային կյանքին և կիրառել միջազգային չափանիշները ՝ ավելի ամուր ժողովրդավարություն զարգացնելու, մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման համար: Ղարաբաղը միակողմանիորեն միացել և իր իրավական համակարգում ներառել է մարդու իրավունքների պաշտպանության մի շարք միջազգային պայմանագրեր, ներառյալ՝

  • Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը,
  • Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագիրը,
  • Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը,
  • Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան,
  • Ժնևյան կոնվենցիաները և մի շարք այլ պայմանագրեր:
  • Ի հավելումն, վերջերս ես պաշտոնապես դիմել եմ Արցախի կառավարությանն ու Ազգային ժողովին՝ քննարկելու Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոնվենցիային միանալու հնարավորությունը, ինչը կբարձրացնի խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների արդյունավետությունը:

Ավելին, մեր հանրապետությունը պատասխանատվություն է զգում միջազգային հանրության առջև և վերջերս ՄԱԿ-ին է ներկայացրել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի իրագործման վերաբերյալ իր սկզբնական կամավոր պարբերական զեկույցը: Լեռնային Ղարաբաղը նաև մշակել է իր ազգային ակնարկը 2030-ի կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ: Դա նշանակում է, որ մենք բաց ենք համագործակցության և մշտադիտարկման միջազգային մեխանիզմների համար:

Ամփոփելով՝ հավելեմ, որ ցանկացած երկիր ուսումնասիրելու լավագույն միջոցն այնտեղ այցելելն է: Այսպիսով, ես բոլորիդ հրավիրում եմ այցելել Ղարաբաղ ՝ ձեր սեփական աչքերով տեսնելու մեր ունեցած կյանքը, մարտահրավերներն ու հաջողությունները, գիտակցելու, որ բոլոր մարդիկ պետք է իսկապես հավասար լինեն, բոլոր մարդիկ արժանի են մարդու իրավունքների պաշտպանության ու խաղաղության ամենուր, անկախ այն բանից, թե որտեղ են բնակվում՝ Ստրասբուրգում, թե՝ Արցախում»:

Տպել
1140 դիտում

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են