Գյումրիում ազատ հյուրանոց եւ հյուրատուն չի մնացել. անկախության տոնին ընդառաջ քաղաքում բում է

Տոնակատարությունների կենտրոն դարձած Գյումրին վերջին շրջանում աննկարագրելի մարդաշատ է, հյուրանոցներն ու հյուրատներն էլ՝ լեփ-լեցուն: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին նվիրված գլխավոր միջոցառումները եւս տեղի են ունենալու այստեղ, ինչով էլ պայմանավորված է Հանրապետության երկրորդ քաղաքում նման ակտիվությունը:

Boocing.com-ի միջոցով ամրագրումներ իրականացնող տեղեկատու կենտրոնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ հյուրանոցներում եւ հյուրատներում ասեղ գցելու տեղ չկա, դրանք զբաղված են եղել դեռ մեկ շաբաթ առաջ: Վերջին մեկ շաբաթվա մեջ միայն մեկ հյուրանոց էր ազատ մնացել, այժմ դա էլ է զբաղված: Ամրագրումներ իրականացնող կենտրոնից նաեւ տեղեկացրին, որ իրենց դիմած քաղաքացիները 90 տոկոսով հայեր են:

Անկախության տոնին ընդառաջ մեծ ակտիվություն է նկատվում նորաբաց «Օլիմպիկ» հյուրանոցում: Հյուրանոցում 24 գործող համար կա, այնտեղից մեզ փոխանցեցին, որ ազատ տեղեր այլեւս չունեն: Մոտ մեկ տարի առաջ բացված այս հյուրանոցում համեմատաբար ամենաէժան գներն են, միօրինակ մեկտեղանի համարի արժեքն սկսվում է 15.000 դրամից, առավելագույնը հասնում է 40.000-ի:

«Թոմուս» հյուրանոցում եւս ազատ տեղեր չկան: Թեեւ այս հյուրանոցի գինը hotel.am-ում նշված էր 10.000 դրամ, սակայն ադմինիստրատորը նշեց, որ միօրինակ համարի արժեքն սկսվում է 24.000 դրամից, առավելագույն գինն այստեղ եւս 40.000 է: Մեզ փոխանցեցին, որ նախորդ տարի հյուրանոցն ավելի շատ այցելուներ ունեցել է հատկապես սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին, իսկ այս տարի մեծ հոսքն սկսել է նկատվել ավելի վաղ՝ մարտ, ապրիլ ամիսներից: «Մեր այցելուների թվում հայաստանաբնակները շատ քիչ են, հիմնականում դրսի եկողներն են շատացել, գալիս են այն մարդիկ, որոնք երկար տարիներ Հայաստանում չեն եղել»,- ասաց աշխատակցուհին:

Շատերին հայտնի «Ալեքսանդրապոլ» հյուրանոցից հայտնեցին, որ այցելուների փոփոխություն այստեղ չի նկատվել: Նախատոնական օրերին թանկացումներ չեն եղել, Սեպտեմբերի 21-ի համար ազատ տեղեր այլեւս չկան: «Մեզ մոտ միօրինակ գներ չեն, փոփոխվում են ամեն տարի՝ կախված սեզոնից»,-ասաց հյուրանոցի աշխատակիցը: Նա նաեւ նկատեց, որ վերջին շրջանում մեծ թվով այցելուներ սկսել են հյուրատներ գնալ, ուստի դրանով է գուցե պայմանավորված այն փաստը, որ վերջին մեկ տարում նախորդ տարիների համեմատ այցելուների թիվը չի ավելացել:

Գյումրիի կենտրոնական պողոտաներից մեկում գտնվող «Նանէ» հյուրանոցային համալիրը քաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկն է, այստեղ գներն սկսվում են 40.000-ից, հասնում առավելագույնը 55.000-ի: Ի տարբերություն համեմատաբար մատչելի «Ալեքսանդրապոլ» -ի՝ վերջին երեք՝ 2017, 2018 եւ 2019 թվականներին, հյուրանոցի այցելուների թիվը տարեցտարի ավելացել է: «Սփյուռքահայերն են ավելացել մեզ մոտ, իսկ վերջին երկու տարիներին հատկապես շատ են չինացիներն ու հնդիկները»,- ասաց ադմինիստրատորը:

Գործող մի քանի հյուրանոցների կողքին վերջին տարիներին Գյումրիում ակնհայտորեն շատացել է նաեւ հյուրատների թիվը: Հյուրերին սպասարկող բիզնեսի այս տեսակը հյուրանոցից տարբեր է ոչ միայն գներով, այլեւ ինքնատիպ միջավայրով: Գյումրիում հոթելներն ու հյուրատները նոր են, բայց շատ արագ տեմպերով են շատանում: Պատճառն օտարազգի այն հյուրերն են, որոնք գալիս են՝ քաղաքը տեսնելու, պատմական շերտերը բացահայտելու, նաեւ այն զբոսաշրջիկները, որոնք նախընտրում են գիշերակացի էժան տարբերակ կամ տնային հարմարավետ պայմաններ:

Նմանատիպ պայմաններ է առաջարկում այցելուին «Դոմ Պոլսկի» կոչվող հյուրատունը, որը գործում է 2016 թվականից: «Դոմ Պոլսկի»-ն Հովհաննիսյանների ընտանեկան փոքր բիզնեսն է: Այս երեք տարիների ընթացքում հյուրատանը գնային փոփոխություն չի կատարվել, սենյակների օրավարձն սկսվում է 6.000 դրամից՝ հասնելով առավելագույնը 9.000-ի: Այստեղ թեյն ու սուրճն անվճար է:

Հյուրատան սեփականատեր Բուրաստան Հովհաննիսյանն արդեն գիտի յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի պահանջներն ու պահվածքը, ասում է՝ Երեւանից ժամանող հյուրերն ամենապահանջկոտն են, ուզում են 5.000 դրամ վճարել, բայց դելյուքս հյուրանոցի հարմարվետություն վայելել: «Եվրոպայի տուրիստը գիտի, թե այդ գնայինի մեջ ինչ է մտնում, նրան շատ բան պետք էլ չէ, ցնցուղ լինի ու գիշերակացի հարմարվետ տեղ, բայց երեւանցիները պատկերացնում են, թե 5 աստղանի հյուրանոց պիտի լինի: Ամենակարեւորը մեզ մոտ իդեալական մաքրություն է»,-ասաց Բուրաստան Հովհաննիսյանը:

Նա նաեւ նկատեց, որ հյուրատունը ճանապարհին է, դրա համար շատ են օգտվում Վրաստանից Հայաստան տեղափոխվող զբոսաշրջիկները. «Մեր հյուրերը հիմնականում գիշարակաց փնտրող հյուրեր են: Միայն այս երկու օրերին են մեզ մոտ շատ մնացողները, բայց հենց տոներն ավարտվեն, նորից նույն վիճակը կլինի»:

Նորաբաց «Հայ ասպետ» հյուրատունը գտնվում է Գյումրիի պատմական միջուկում:

Հյուրատան սեփականատեր Մարինա Բազաեւան ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր ամիս այցելուների թվի մեջ մեծ տարբերություն, ակնհայտ աճ է նկատում: «Հայ ասպետ»-ը գործում է 2018 թվականի փետրվարից: Սեփականատիրոջ խոսքով՝ գները բավականին նվազեցրել են. սկզբում մեկ անձի համար նախատեսված համարը 40.000 դրամ է եղել, այժմ՝ 29.000 է:

Ներքին հարդարումը, կահույքը, տան իրերն ու ամեն մի անկյունը կահավորելիս Մարինա Բազաեւան շատ մանրակրկիտ է ուսումնասիրել գյումրվա կահ-կարասին ու պատմական անցյալը: Մեր զրուցակիցը եւս փաստեց, որ վերջին շրջանում շատացել են հյուրատների թիվը:

«Մոտ 70 գրանցված հյուրատուն կա, որոնք գրանցված են, չհաշված այն, որ մարդիկ իրենց տներն են հանձնում, սենյակներից մի քանիսը: Իհարկե, դա տարիների ընթացքում կնվազի, որովհետեւ ոչ բոլորն են պատկերացնում, թե հյուրատուն ունենալն ինչ է: Հյուրատունը վարձով տուն չէ, պետք է աշխատել հյուրերի հետ: Բոլորը չէ, որ կարող են հաջողության հասնել»,-ասաց նա:

Մարինա Բազաեւան նկատեց, որ լեզվի չիմացությունը, էթիկայի, էլեմենտար կուլտուրայի նորմերի չիմացությունը, հաճախ հյուրի անձնական տարածք մտնելը, հյուրասիրության ձեւ չիմանալը շուտով կհանգեցնի մի շարք նորաստեղծ հյուրատների անհաջող փորձի: «Տեղեր կան, որ ամեն օր կարող են հյուրին ձու մատուցել, որը պարզապես սխալ է, կամ շատ ցածր որակի նրբերշիկ տալ, էլ չեմ ասում, որ դիզայնի վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում»,-ասաց նա:

Մարինա Բազաեւան հայտնեց, որ հյուրատներ ստեղծելու տենդենց հատկապես նկատվում է է 2018 թվականից այս կողմ: Նրա խոսքով՝ Գյումրիում բարձրացել է նաեւ կահույքների գները. «Ամեն օր ինձ զանգում են ու ասում՝ մենք էլ ենք ուզում հյուրատուն բանալ, կլինի՞ գանք, տեսնենք: Ես ում ճանաչում եմ՝ ուզում է հյուրատուն բանալ, ահավոր մեծ բում է, բոլորն ուզում են հին քաղաքի կենտրոնում տներ գնել»:

Տան մի հատվածը հյուրատուն սարքած անձանց թվում է Հրաչյա Գյուրջօղլյանը:

Նախորդ տարի բացված Գյուրջօղլյանի «Հյուրատուն Գյումրիում»-ն այնքան էլ մեծ չէ: Սեփականատերը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց տան մի հատվածը կահավորել ու առաջարկում է հյուրերին, սակայն այն փոքր է, շատ քիչ ննջարաններով: Հրաչյա Գյուրջօղլյանը հյուրատանը գնային փոփոխություններ չի արել, նկատեց, որ այցելուների թիվը եւս ակնհայտ փոփոխության չի ենթարկվել:

Տպել
2965 դիտում

Արցախում ճշգրտվում են սահմանները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անհետ կորածների հարազատների հետ

Արցախում ականի պայթյունից վիրավորված փրկարարների ու ՊԲ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն (տեսանյութ, լուսանկարներ)

Վարչապետն այցելել է ռազմարդյունաբերական ընկերություններ և հանձնարարել շարունակել արտադրական հզորությունների զարգացումը

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

Ականի պայթյունի հետևանքով Արցախում ռուս սպա է վիրավորվել. ria.ru

Ախուրյանի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Արագածոտն գյուղում այրվել է մոտ 450 հակ անասնակեր․ ԱԻՆ

Արցախի տեղեկատվական շտաբի արձագանքը Մարտունու շրջանի Բերդաշենին հակառակորդի և ռուսական ուժերի մոտենալու մասին լուրերին

Որոնողական աշխատանքները շարունակվում են Մարտունի, Մատաղիսի ուղղությամբ, Շեխեր եւ Զարդարաշեն գյուղերում․ ԱՀ ԱԻՊԾ

Հարությունյանը շնորհակալություն հայտնել ԿԳՄՍՆ թիմի անդամներին, նշել, որ բարեփոխումների արդյունքները կլինեն առաջիկայում

ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ 22-ամյա վարորդը տեղում մահացել է

Հայ ֆուտբոլիստների արդյունավետ ուիք-էնդը․ Մխիթարյանը փայլեց, Ղադիմյանը գոլը նշեց Հայաստանի դրոշով

Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Սփյուռքը շարունակում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան

ԿԳՄՍ նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը

ԱԻՆ-ը 441 բեռնատար հումանիտար օգնություն է փոխանցել լիազոր մարմիններին

Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից