Գյումրիի «Ցայգ»-ն «աղանդի» քարոզի՞չ. բորբոքվող կրքեր «Հայտնություն» հաղորդման շուրջ

Արդեն երկրորդ օրն է, ֆեյսբուք սոցիալական ցանցի գյումրեցի օգտատերերը տարբեր գրառումներ են անում այն մասին, որ Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերությունը վճարովի եթերաժամ է հատկացրել ինչ-որ կրոնական կազմակերպության, որն էլ իր քարոզն է իրականացնում: Մասնավորապես «Ազգային արժեք ակումբ»-ը գրեց հետեւյալը. «Գյումրիի «Ազգային Արժեք» ակումբը ցավով ստիպված է արձագանքել «Ցայգ» հեռուստաընկերության եթերով վերջին օրերին սկսված աղանդավորական քարոզին, որը, ըստ մեր ունեցած տեղեկությունների, հեռարձակվելու է ամենօրյա պարբերականությամբ ու տևական ժամանակով։ Սա շատ վտանգավոր նախադեպ կարող է հանդիսանալ հայկական՝ առանց այն էլ ապականված հեռուստաեթերի համար։ Անկախ նրանից, թե որ կրոնական կառույցի հետ գործ ունենք, անթույլատրելի ենք համարում պատերազմող Հայաստանի պայմաններում նմանատիպ հեռարձակումները, քանի որ դրանք ուղղակիորեն խփում են թե՛ հայոց բանակին, թե՛ ազգային արժեհամակարգին ու թե՛ հայկական ընտանիքին։ «Ազգային արժեք» ակումբն իր մտահոգությունն է հայտնում այս թեմայի կապակցությամբ՝ ակնկալելով, որ խնդիրը շատ արագ կլուծվի ոչ միայն «Ցայգ» հեռուստաընկերության ղեկավարության խոհեմության, այլև գյումրեցիների պատվախնդրության արդյունքում։ Անտարբերությունն այս հարցում կարող է բերել լրջագույն հետևանքների»։Ի պատասխան այս գրառման, ֆեյսբուքը ողողվեց ամենատարբեր մեկնաբանություններով, մեղադրանքներով եւ անհարգալից արտահայտություններով: Հեռուստաընկերության հետ կապված խնդրի պարզաբանման ֆեյսբուքյան սլաքն ուղղվեց դեպի ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Իհարկե, ոչ ինքնանպատակ, եւ ոչ որպես զուտ պատգամավորի ընտրություն էր սա: Նազելի Բաղդասարյանը «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի դուստրն է, նաեւ մինչ պատգամավոր դառնալը հանդիսացել է այս հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի հեղինակն ու վարողը:

Պատգամավորի պատասխանն ի պաշտոնե չուշացավ: Ֆեյսբուքի իր էջում Նազելի Բաղդասարյանը գրեց. «Վերջին օրերին «Ցայգ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող կրոնական հաղորդումն անհարկի շահարկումների պատճառ է դարձել որոշ խմբերի եւ շրջանակների կողմից՝ կապելով այդ երեւույթն իմ անձի հետ: Հայտնելով իմ պաշտոնական դիրքորոշումը՝ կարծում եմ, որ տվյալ հաղորդումը խտրականություն է քարոզում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով: Ուստի, հեռուստաընկերության տնօրինությանը, սեփականատերերին ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին առաջարկում եմ վերանայել տվյալ հաղորդման հեռարձակումը:

Հ.Գ Խոսքի եւ մամուլի ազատությունը Հայաստանի ձեռքբերումներից մեկն է: Իհարկե, այն ժողովրդավարության կայացման գլխավոր երաշխիքն է, այն հենասյունը, որն ապահովում է բազմակարծությունը:

Անշուշտ, ազատ մամուլի դերն առանցքային է «քաղաքացիական հասարակություն» եւ «պետություն» երկխոսության գործում: Միեւնույն ժամանակ խոսքի, մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը բացարձակ իրավունք չէ՝ ըստ ՄԻԵԿ-ի եւ ենթակա է այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ հասարակական անդորրի, հասարակական կարգի, առողջության ու բարոյական պահպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»:Ավելին, Նազելի Բաղդասարյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ գրավոր դիմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին: «Այսօր ՀՌՀ եմ դիմել գրավոր, որպեսզի պարզաբանեն, թե արդյո՞ք տվյալ հաղորդումը ատելություն ու խտրականություն քարոզու՞մ է, թե՝ ոչ: Քանի որ ես շատ ահազանգեր ունեմ այդ առիթով, խնդրել եմ նման տարրեր հայտնաբերելու դեպքում միջնորդել, որպեսզի հաղորդումը դադարեցվի»:

Ինչու՞ ստեղծված խնդիրն ուղիղ գծով կապվեց Ձեր հետ, եւ այս պահին ինչ կապ ունեք հեռուստաընկերության հետ հարցին, պատգամավորը պատասխանեց. «Ես «Ցայգ»-ի հետ կապ ունեմ այնքանով, որքանով որ մայրս տնօրենն է: Քանի որ ես այս հը-ում տեւական ժամանակ աշխատել եմ, եղել եմ հաղորդավար, այլ կերպ ասած հեռուստաընկերության դեմքը, նաեւ հաշվի առնելով, որ տնօրենն ազգակցական կապ ունի, հավանաբար դրա համար են կապել են ինձ հետ: Բայց, բնականաբար ես ոչ հեռուստաընկերության ծրագրային քաղաքականությունը մշակողն եմ, ոչ էլ, առավելեւս, իրենց կոմերցիոն գործունեության հետ կապ ունեմ: Դա իրենց որոշումն է»:

Ի պատասխան ե՛ւ ֆեյսբուքյան գրառումներին ե՛ւ պատգամավոր Բաղդասարյանի կարծիքին, թե եթեր հեռարձակվող հաղորդումը խտրականություն է քարոզում, ինչն արգելված է ՀՀ Սահմանադրությամբ եւ Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, «Ցայգ» հեռուստաընկերությունը իր կայքում պաշտոնապես տեղեկացրեց, որ «Ցայգ» հեռուստաընկերությունը չի հեռարձակում հաղորդումներ, որոնք դեմ են մարդու իրավունքներին, քարոզում են անհանդուրժողականություն եւ խտրականություն:

Հեռուստաընկերության պաշտոնական էջում գրված է. «Ցայգ» հեռուստաընկերությունը անկախ, ինքնաֆինանսավորման սկզբունքներով աշխատող հեռուստաընկերություն է: Հեռուստաընկերության ծրագրերը տարբերվում են իրենց բազմակարծությամբ: Ծրագրերում լավագույնս համադրվում են անկախ տեղեկատվության հեռարձակումն ու վերլուծությունը՝ կրոնական, մշակութային, երաժշտական, ժամանցային, սոցիալական, հասարակական-քաղաքական, մարզական, կրթական-ուսումնական հաղորդումների հետ: Հիմնադրման օրվանից «Ցայգ» հեռուստաընկերության համար սկզբունքային է խնդիրների համակողմանի ներկայացումը, երբեք անձնական կարծիք չպարտադրելը: Հեռուստահաղորդումների հիմքում ավելի շեշտադրված են համամարդկային արժեքները: «Ցայգ» հեռուստաընկերությունը չի հեռարձակում հաղորդումներ, որոնք դեմ են մարդու իրավունքներին, քարոզում են անհանդուրժողականություն եւ խտրականություն: Ի պատասխան վերջերս սոցիալական ցանցերում տարաբնույթ մեկնաբանություններին, տեղեկացնում ենք, որ բազմակարծությունը «Ցայգ» Հ/Ը հիմնական գործելակերպն է: Հաղորդումների բովանդակությունը միշտ չէ, որ արտահայտում է հեռուսատընկերության տեսակետը: Իսկ հնչած կարծիքները կարող են չհամընկնել հեռուստադիտողների կարծիքների հետ: «Ցայգ» հեռուստաընկերությունը միջոց է՝ հասարակության բոլոր շերտերի տեսակետները լսելի դարձնելու համար»:

ՀԺ-ի հետ զրույցում «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանն ասաց, որ «Հայտնություն» հաղորդմանը եթերը տրամադրվել է վճարովի հիմունքներով, ըստ առկա  պայմանագրի, որը կնքվել է 2019 թվականի մայիսի 1-ին: «Մենք բազմակարծության կողմնակիցն ենք եւ մշտապես ենք դա ապահովում բոլոր ոլորտներում»,-ասաց նա:

Ի դեպ, մինչ այս հողորդումը տեւական ժամանակ «Ցայգ» հեռուստաընկերությունը յուրաքանչյուր կիրակի եթեր էր հեռարձակում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի «Եղիցի լույս» հաղորդաշարը, որն արդեն 1.5 տարի է՝ դադարեցված է հենց թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի որոշմամբ:  

Այսօր խնդրի հետ կապված հայտարարությամբ հանդես եկավ Հանրային խորհրդի սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի կրոնի ենթահանձնաժողովի նախագահ Արթուր Դավթյանն ու առաջարկեց կազմակերպել քննարկում` խնդիրը համացանցից հանրային ավելի կառուցողական քննարկման դաշտ տեղափոխելու նպատակով: «Հարգելի ընկերներ, ես հանդիսանալով Հանրային խորհրդի սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի կրոնի ենթահանձնաժողովի նախագահ և հաշվի առնելով մեր քաղաքացիների մտահոգությունն ու անհանգստությունը` կապված վերջին օրերին Ցայգ հեռուստատեսության եթերում կրոնական կազմակերպությանը վճարովի եթեր տրամադրելու հետ, առաջարկում եմ կազմակերպել քննարկում` խնդիրը համացանցից հանրային ավելի կառուցողական քննարկման դաշտ տեղափոխելու նպատակով: Չնայած այն բանին, որ հեռուստաընկերությունը իրենց պաշտոնական կայքում հայտնել է իրենց իսկ դիրքորոշումը, շահագրգիռ կողմերին հրավիրում եմ սույն թվականի մայիսի 8-ին, ժամը 18:00-ին, Արաքս հյուրանոց (հասցե Գորկու փող. 25, ք. Գյումրի)` միասին քննարկելու ու վերլուծելու այն, ինչ այս պահի դրությամբ տագնապի հիմք է առաջացրել քաղաքացիների շրջանում: Քննարկումից հետո կկազմվի քննարկման առաջարկների, կարծիքների և արդյունքների վերաբերյալ արձանագրություն, որը կփոխանցվի Հանրային խորհուրդ և այնուհետև կքննարկվեն տվյալ ոլորտի մասնագետների հետ»,-գրեց Դավթյանը:«Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստ է այդ քննարկմանը, քանի որ որեւէ օրենք ու կարգ չի խախտել:

Տպել
2469 դիտում

Օտար լեզվի քննության ժամանակ արձանագրվել է արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 27 դեպք

Ոչ մեկը հստակ չի կարող ասել, Նարեկը ուր է, սահմա՞նն է անցել, թե՞ ինչ-որ դեպք է տեղի ունեցել

Ամեն անգամ նմանատիպ դեպքերը մեզ համար կարծես նորություն են, դասեր չենք քաղում․ Մարտիրոսյանը՝ «Յուքոմ»-ի խափանման մասին

Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից հետո կվերականգնվի նախկին ճարտարապետությամբ

30-ամյա Նարեկ Սարդարյանը որոնվում է որպես անհետ կորած

«Աջարաբեթ»-ի գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Ռուսաստանը հուլիսի 15-ից վերսկսելու է միջազգային ավիահաղորդակցությունը. ով կարող է մեկնել ՌԴ եւ ինչպես

Նրա գմբեթը բավական մեծ էր բոլորի համար. Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու որոշմանը

«Է»-ն լեզվի «փողկապ»- ն է, երբ այն չկա, մարդը բարեկիրթ չէ. Վիկտոր Կատվալյան

Գերդրամատիկ խաղում «Նոան» առաջին անգամ Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր դարձավ

Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում

12 մլն դրամ, 8000 դոլար, կենսաթոշակ ոստիկանությունից․ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հայտարարագիրը

Բենիամինում կայծակնահար է եղել գյուղի նախրապանը. երեքով են եղել՝ ինքը, թոռը, տղան

Նոր Գեղիում անօդաչու թռչող սարքերի միջոցով բույսերի որակական ստուգման և բուժման առաջին փորձն է իրականացվել

Գեղարքունիք համայնքի 12 փողոցներում կանցկացվի գիշերային լուսավորության համակարգ

Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հերթափոխ

21-ամյա երիտասարդը դանակահարվել է վիճաբանությանը միջամտելու ժամանակ. հարուցվել է քրեական գործ

Էջմիածնի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մոտ 23կգ մշակված կանեփի բույս, 240գ. նույն բույսի թաց զանգված, կաթուցիչ

Հուլիսի 6-9-ը Տեսաչական մարմինը մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում իրականացրել է 40 մշտադիտարկում