Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն առաջիկայում սպորտը համատեղելու է քաղաքականության հետ: Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 57-րդ համարն է: Մասնակցելու է որպես անկուսակցական թեկնածու: Սպորտից չի հեռանում: 2020 թ. Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու ու ոսկին նվաճելու նպատակ ունի: Մյուս կողմից գիտակցում է, որ կարիերայի ավարտը մոտ է, ու պետք է նաեւ զբաղվի իր մյուս մասնագիտությամբ: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան, այժմ նույն ֆակուլտետի ասպիրանտ է: Մասնագիտությամբ միջազգայնագետ-դիվանագետ է: Նախկինում ուղղակիորեն քաղաքականությամբ չի զբաղվել: Հիմա վստահ է, որ իր գիտելիքներով կարող է օգտակար լինել ԱԺ-ում: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց որոշման ու իր անելիքների մասին:

- Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն:

- Եթե ասեմ, որ բացարձակ ոչ մի ձեւով չեմ զբաղվել քաղաքականությամբ, սուտ կլինի, բայց, այո՛, պաշտոնապես առաջին անգամ է: Ելնելով 2-րդ մասնագիտությունիցս՝ միջազգայնագետ-դիվանագետ, չէի կարող անմասն մնալ, չմասնակցել քննարկումների: Շատ ընկերներ, ովքեր կային պրոցեսների մեջ, խորհուրդների համար էին դիմում: Միշտ էլ ինչ-որ առումով ներգրավված եղել եմ, բայց առաջին անգամ է, որ ուղղակիորեն, անձամբ ես եմ ներգրավված: Ինչո՞ւ որոշեցի հիմա: Մի քանի պատճառ կա: Նախ մոտեցել է սպորտային կարիերայիս ավարտը, պաշտոնապես հայտարարել եմ, որ մինչեւ 2020 թվականն եմ լինելու ակտիվ սպորտում, եւ ընդամենը տարիուկես է մնացել, ու պետք է արդեն աստիճանաբար փորձես քեզ մյուս մասնագիտությանդ մեջ: Եվ առաջին պայմանն էլ այս ուժի հետ եղել է այն, որ, եթե ներգրավվում եմ պրոցեսների մեջ, պարտադիր սպորտը շարունակելու եմ ու ոչ թե ձեռքի հետ, այլ ամենայն լրջությամբ: Բոլոր երկրպագուներիս էլ նաեւ այս հարցազրույցով կարող եմ ինչ-որ առումով հանգստացնել, որ սպորտը չեմ թողնելու ու մինչեւ Տոկիոն ուժի մեջ է:

Նախապայմաններից մեկը սպորտն էր: Մյուս պայմանն էլ, քանի որ այս պահին կուսակցությունը հարաբերականորեն նոր է ստեղծված, հատկապես հեղափոխությունից հետո շատ ակտիվորեն մարդիկ ներգրավվեցին, ու նրանցից շատերին անգամ հիմնադիրները չեն ճանաչում, եւ պայմանն այն էր, որ այս պահին ես անկուսակցական եմ մնալու: Հետագայի մասին կքննարկենք: Այդ պայմանը եւս բավարարվեց:

Ինչո՞ւ հիմա: Որովհետեւ կարծում եմ՝ պետք է փակենք նախորդ կարեւոր փուլը, բայց սկսվում է շատ ավելի կարեւորը: Այն է՝ արժեքները, ցանկությունները, երազանքները, որ ունենք մեր ապագայի, նոր Հայաստանի հետ կապված, պետք է կարողանանք իրականություն դարձնել ոչ թե խոսքով, այլ գործով: Լավ մտքեր անընդհատ կարող ենք ասել, բոլորս էլ գիտենք խնդիրները, նախկին իշխանությունները նույնպես չեն թաքցնում, որ տեղյակ են այդ խնդիրներից: Բայց՝ ինչպես կյանքի կոչել եւ բարեփոխումներ անել, արդեն կախված է առանձին անձանցից: Կարծում եմ՝ գիտելիքներս եւ այսքան տարիների ձեռք բերած շրջապատը, շփումները կնպաստեն, որպեսզի կարողանամ իմ ուժերի չափով նաեւ այստեղ լավագույն ձեւով անել իմ ներդրումը:

- Առաջարկն ինչպե՞ս է եղել:

- Դեռեւս երբ ՔՊ-ն նոր էր ստեղծվում, նրանց շարքերում ունեի մտերիմներ, ընկերներ, համակուրսեցիներ, ոչ թե միայն քաղաքական հայացքներով, այլ ուղղակի ճանաչված լինելով, շփումներով, կապերով: Քաղաքականությունը մի կողմ, մենք շփվել ենք, կապերը գնալով զարգացել են: Հետագայում, երբ նրանք կուսակցություն ստեղծեցին, մտան կուսակցություն եւ հեղափոխությունից հետո էլ անցան տարբեր պաշտոնների, միշտ էլ տարբեր մակարդակներում շփումը եղել է: Դեռ հեղափոխության ժամանակ էինք կապի մեջ, բայց ես չէի ուզում քաղաքական պրոցեսներին ուղղակիորեն ներգրավվել: Ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես առաջարկ եղավ նրանց կողմից, բայց նպատակահարմար չգտա: Շատ պարզ նրանց ասացի, որ չեմ ուզենա, որ ավագանիով լինի մուտքս սպորտից զատ այլ բնագավառ: Այս անգամ արդեն շատ ավելի լուրջ, կուսակցության շատ ավելի տարբեր կողմերից, շատ բարձր մակարդակով հանդիպումներ տեղի ունեցան, առաջարկներ, նստեցինք, քննարկեցինք, հասկացանք իրար շատ լավ, ջերմ, ընկերական միջավայրում: Մինչեւ այսօր այդ ուժի հետ այլ կերպ չի էլ եղել:

- Ինչո՞ւ եք ցանկանում դեռ անկուսակցական մնալ:

- Երբեք էլ հակված չեմ եղել որեւէ կուսակցության հարել: Գլխավոր պատճառը դեռ ավելի երիտասարդ տարիքից այն է եղել, որ հետաքրքրված եմ եղել դիվանագիտական գործով եւ մտածել եմ, որ դիվանագետը պետք է անկուսակցական լինի, որպեսզի կախված չլինի կուսակցության որոշումներից, այլ միայն պետականամետ քաղաքականություն վարի, ծառայի աշխատի ի շահ պետության՝ անկախ նրանից՝ ով է իշխանության ղեկին: Բացի դրանից՝ Հայաստանում կուսակցական պատկանելիությունը այն չէ, ինչ ես պատկերացնում եմ՝ այն ավանդական կուսակցությունները, որ կան, օրինակ, Մեծ Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում: Մեզ մոտ այդպես չէ: Տարբերվող են մեր կուսակցությունները. շատերը ձեւավորվում են 1-2 անձանց շուրջ: Դա դառնում է ոչ թե կուսակցություն, այլ անձի կուսակցություն: Ես չեմ ընդունում այդ սկզբունքը: Նաեւ կուսակցությունը, կուսակցական որոշումները սահմանափակում են քո ազատությունը: Արդեն չես կարող բացարձակ օբյեկտիվ լինել: Անկուսակցական լինելը քեզ աշխատելու, գործելու ավելի լայն շրջանակներ է տալիս եւ ավելի մեծ ազատություն է տալիս: Ճիշտ է՝ չես կարող բացարձակ հաշվի չառնել այն ուժի կարծիքը, որով մտնում է քաղաքականություն, բայց մեկ բան է լինել կուսակցական, մեկ այլ բան է լինել ազատ:  

Նաեւ գաղափարախոսություն ունենալու հետ կապված հարց կա: Շատ կուսակցություններ այսօր ստեղծվում են չունենալով լուրջ գաղափարախոսություն, այլ ուղղակի ճաշակով, հրավերով, ում որտեղ հրավիրեն, ում ընկերը որտեղ է կամ ինչ են խոստանում գնում մտնում են կուսակցություն առանց հաշվի առնելու, թե աջակողմյան հայացքների է, ձախակողմյան է, պահպանողական է, կրոնական է, այսինքն՝ ինչ ուղղվածություն ունի: Շատ քչերն են հիմա հայացքները հաշվի առնելով անդամագրվում կուսակցություններին, ցավոք, որովհետեւ կարծում եմ հենց այդպես պետք է լիներ:

ՔՊ-ի մասին նշեմ՝ այս պահին տեսնում ենք, թե ինչ թվով են մարդիկ անդամագրվում՝ հազարներով: Եթե ստուգենք, երեւի կտեսնենք, որ ամեն շաբաթ առնվազն մի քանի հարյուրով շատանում են կուսակցականները: Այդքանին ենթադրում եմ՝ դժվար կլինի ստուգել, եթե ոչ անհնար, ու երբեք չէի ցանկանա նման ալիքի տակ մտնել ինչ-որ կուսակցություն եւ տեսնել, որ քեզ հետ միաժամանակ 5000 հոգի մտել է: Ձգտելու եմ հետագայում էլ մնալ անկուսակցական, բայց չեմ կարող ասել, որ բացառում եմ երբեւէ ինչ-որ կուսակցության հարելը: Ժամանակը ցույց կտա եւ սկզբունքներն ու գաղափարախոսությունը այն կուսակցության, որին որոշեմ հարել:

- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր աշխատանքը ԱԺ-ում: Սպորտի՞ հետ է կապված լինելու: Ի՞նչ անելիքներ ունեք այնտեղ:

- Սուտ կլինի ասել, որ սպորտը չի գերակշռելու: Պատճառներից մեկն էլ, որ համաձայնել եմ, դա է, որ սպորտի առումով բավական անմխիթար վիճակ եմ տեսնում ԱԺ-ում: Ոչ թե հիմա, այլ երկար տարիներ է՝ ԱԺ-ում սպորտի ուղղությամբ հիմնավորված եւ լուրջ աշխատանք չեմ տեսնում: Չեմ տեսնում օրենքների ընդունում ի շահ մարզիկների, չեմ տեսնում մարզիկների պաշտպանվածություն օրենսդրում, իսկ այնտեղ հավատացնում եմ՝ շատ անելիքներ կան: Բազմաթիվ օրենքներ կան, որ պետք է մտածվեն, կազմակերպվեն, եւ եթե իհարկե նպատակահարմար կհամարի արդեն նորաստեղծ Ազգային ժողովը, ընդունվեն. սկսած մարզիկների «ստաժ» կոչվածից՝ աշխատանքային փորձից: Երկար տարիներ այս մասին խոսում ենք, ոչինչ չի արվում: Եւ նույն բանակի հարցը. ցավոք սպորտային վաշտը փակվեց: Հիմա լուրեր են շրջանառվում, պաշտպանության նախարարը նշեց, որ նորից վերաբացվելու է: Ժամանակին իմ կապերով շատ ակտիվ փորձել եմ դեմ արտահայտվել ԲԿՄԱ-ի փակմանը, բայց ցավոք փակվեց: Կարծում եմ՝ հիմա կկարողանանք Ազգային ժողովից՝ ավելի բարձր ամբիոնից, պայքարել դրա վերադարձի ուղղությամբ:

Շատ խնդիրներ կան: Հավատացեք՝ մարզիկները գրեթե անպաշտպան են ԱԺ-ում, ոչ թե այն պատճառով, որ նախկին պատգամավորները չեն ուզեցել հօգուտ մարզիկների լավ բան անել, այլ ենթադրում եմ, որ ուղղակի ներկայացնող, առաջարկող եւ բացատրող չի եղել: Հիմա եթե կարողանամ ոչ թե մենակ, այլ ինչ-որ խումբ ձեւավորել մարդկանց, որոնք սրտացավ են սպորտի նկատմամբ, հասկանում են սպորտի կարեւորությունը պետության համար (որովհետեւ դա միայն մարզիկինը չէ, պետության խնդիրն է), եւ մեկս մեկիս օգնելով կարողանանք օրենքներ ընդունել ի նպաստ մարզիկների, միայն ուրախ կլինեմ: Բայց իմ գործունեությունը չի սահմանափակվելու միայն սպորտով: Այն բնագավառները, որոնցում ավելի շատ եմ կոմպետենտ, ավելի շատ եմ հասկանում, կլինեն իմ ուշադրության կենտրոնում:

-Մյուս բնագավառներից 1-2-ը կնշե՞ք:

- Արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը շատ հետաքրքիր են, շատ կարեւորում եմ դրանք: Տնտեսությունը ինձ շատ է հետաքրքրում, բայց չունեմ կրթություն, զբաղվում եմ, կաշխատեմ այս ընթացքում ավելի հարստացնել գիտելիքներս: Կարծում եմ՝ պատգամավորը, գնալով ԱԺ, իրավունք չունի միայն 1 հարցով զբաղվել:

- Սպորտը չեք թողնում, բայց Լեւոն Ջուլֆալակյանը (ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը, Արսեն Ջուլֆալակյանի հայրը) բավականին խիստ մարզիչ է: Ինչպե՞ս կկարողանաք համատեղել, մանավանդ, եթե օլիմպիական խաղերի մասնակցելու ու ոսկին նվաճելու նպատակ ունեք, ինչը մեծ աշխատանք է ենթադրում:

- Ճիշտ է՝ մինչեւ հիմա տարբեր գործեր, տարբեր մասնագիտություններ հաջողությամբ հաջողվել է համատեղել եւ համատեղել շատ բարձր մակարդակով, ամենալավ օրինակն է ուսումը. 2 բնագավառում էլ՝ թե՛ սպորտում, թե՛ ուսման մեջ առաջադեմ էի, բայց քանի որ ինձ համար ԱԺ-ն բացարձակ նոր բնագավառ է, այնտեղ չլինելով չեմ կարող ասել՝ ինչպիսին է ծանրաբեռնվածությունը, եւ նրբություններն էլ չգիտեմ: Պետք է փորձեմ նախ հասկանալ ծանրաբեռնվածության չափը եւ հետո արդեն կկարողանամ համատեղել սպորտի հետ: Կարծում եմ՝ ցանկացած աշխատանք էլ ճիշտ կազմակերպելու դեպքում հնարավոր է անել: Իսկ օրինակները շատ են. եվրոպական երկրներում կան, եթե ոչ պատգամավոր, ապա մեկ այլ մասնագիտությամբ զբաղվող պրոֆեսիոնալ մարզիկներ: Ռուսաստանում ավելի շատ են գործող մարզիկ-պատգամավորները, եթե կոնկրետ պատգամավորի օրինակ բերենք: Ժամանակին լավագույն օրինակ էր Ալեքսանդր Կարելինը (խմբ. օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ), որը գործող մարզիկ էր եւ միաժամանակ պատգամավոր:

Քանի դեռ չեմ ծանոթացել ԱԺ-ի աշխատանքային պրոցեսի հետ, չեմ կարող ասել: Ամեն դեպքում վստահաբար կարող եմ նշել, որ զուտ պետք է ճիշտ կազմակերպել աշխատանքը սպորտում եւ ԱԺ-ում: Ինձ մոտ էլ կազմակերպչականը միշտ լավ է ստացվել, ժամանակի ճիշտ կառավարումը միշտ արդյունավետ է ինձ մոտ եղել: Հաճախ ընկերներս զարմանում են՝ ինչպես եմ կարողանում մաքսիմալ օգտագործել ժամանակս: Դա փոքրուց է ձեւավորվել, քանի որ միշտ էլ ժամանակն ինձ մոտ սուղ է եղել: Հաճույքներին քիչ ժամանակ կմնա եւ հանգստին (խմբ. ծիծաղում է), ինչը կբարդացնի առօրյան: Բայց նորից կրկնեմ՝ այս գործով զբաղվելու նախապայմաններից մեկը եղել է այն, որ սպորտը չպետք տուժի, ես էլ ամեն ինչ անելու եմ, որ այդպես լինի:

- Մտավախություն չկա՞, որ գուցե ընտրության առաջ կանգնեք:

- Ժամանակը ցույց կտա: Եթե մոտենամ օլիմպիական խաղերին եւ զգամ, որ իրոք շատ բարդ է, միգուցե խոսենք, քննարկենք, հասկանանք՝ ինչ կարող ենք անել, որ երկուսից էլ պատվով  դուրս գանք եւ երկուսն էլ չտուժեն:

- Օլիմպիական նպատակը նույնն է՝ ոսկե մեդալը...

- Այո՛, մյուս տարին վարկանիշային է: Շատ են խստացվել վարկանիշ ձեռք բերելու օրենքները: Հիմա օլիմպիական խաղերում ամեն քաշային կարգում մասնակցելու է ընդամենը 16 ըմբիշ, այսինքն՝ 4 մասնակցով քչացել է, հետեւաբար ավելի է բարդացել օլիմպիական վարկանիշի նվաճելը: Ավելի մեծ ջանք ու եռանդ է պետք: Կոնկրետ իմ քաշային կարգում 45-50 մարզիկ կա, եւ նրանցից միայն 16-ն են կարողանալու մասնակցել օլիմպիական խաղերին: Ահեղ պայքար է լինելու: Նախ՝ պետք է վարկանիշը նվաճել աշխարհի մյուս տարվա առաջնությունում, իսկ հետո ավելի հանգիստ թե՛ նյարդային, թե՛ ֆիզիկական առումով պատրաստվել Տոկիո 2020-ին: Դա երազանք է, նպատակ է, որն այս պահին ինձ համար անփոփոխ է:

- Ինչպե՞ս է Ձեր որոշումն ընդունել Լեւոն Ջուլֆալակյանը:

- Խոսեցինք, քննարկեցինք բոլոր դրական եւ բացասական կողմերը: Եթե ռեյտինգային ցուցակով մասնակցելու առաջարկ լիներ, բարդ էր լինելու, ժամանակի առումով ավելի ծախսատար էր լինելու: Հետո պետք է ասեմ, որ անձամբ ես ռեյտինգայինին դեմ էի եւ ոչ միայն հիմա, այլեւ նախկինում, որովհետեւ ռեյտինգայինում հաճախ հաղթում են մարդիկ, որոնք օրենսդիր գործունեության հետ այնքան էլ կապ չունեն: Ռեյտինգայինի պարագայում ավելի լուրջ դեր է խաղում ունեցած հեղինակությունը: Հասկացա, որ ինձնից ավելի շատ ժամանակ են խլելու քարոզարշավը, հանդիպումները, մեր ամբողջ շրջապատին գործի դնելը, ինչը համամասնականի դեպքում այդ ծավալի չէ: Կա բնականաբար, որովհետեւ ամեն ինչ պետք է անես, որ քո ուժը հաղթի, բայց դա կարող ես անել ոչ ուղղակի՝ զանգերի միջոցով, ինչը հիմա արվելու է իմ կողմից: Բայց քանի որ խաղի կանոնները մնացին այսպիսին, նախկին ԱԺ-ն չփոխեց ընտրական օրենսգիրքը, եւ ռեյտինգայինը, ցավոք, մնաց ուժի մեջ, ուրեմն պետք է սրանով առաջնորդվենք: Ե՛վ ես, ե՛ս պարոն Ջուլֆալակյանը  կողմ էինք, որ համամասնական ցուցակով մասնակցեի, ոչ ռեյտինգայինով: Կուսակցական քննարկումների ժամանակ էլ եկանք եզրահանգման, որ պետք է իմ ներդրումը լինի այդ կարգավիճակով, ոչ ռեյտինգայինով:

- Իսկ ընտանիքի մյուս անդամներն ու ընկերները ինչպե՞ս վերաբերվեցին:

- Ընկերներս վաղուց էին ինձ ասում, բայց ոչ կոնկրետ պատգամավոր դառնալու մասին: Պատգամավոր դառնալու մասին, երեւի առաջին անգամ է խոսվում: Նախկին ԱԺ-ի ժամանակ նույնիսկ մտքիս ծայրով չէի անցկացնի երբեւէ կփորձել գործել նման ԱԺ-ում, որովհետեւ համարում էի, որ դա ինձ համար հետընթաց կլինի: Ես ինձ չէի պատկերացնում նախկին ԱԺ-ի պատգամավորների հետ մի տեղում: Կային հիասքանչ պատգամավորներ, բայց մարդիկ էլ կային, որ, ըստ իս, պետք է չզբաղվեին օրենսդիր գործունեությամբ: Բայց դա արդեն անցյալ է, հուսով ենք՝ չեն լինի նման օրենսդիրներ: Ընկերներս հատկապես նրանք, ովքեր ինձ շատ լավ գիտեն նաեւ սպորտից դուրս, միշտ էլ խորհուրդ են տվել հնարավորինս շուտ մտնել քաղաքականություն, որովհետեւ, երեւի, զգացել են, որ կկարողանամ օգտակար լինել թե՛ սպորտին, թե՛ պետությանը՝ արդեն քաղաքականության մեջ: Բայց միշտ էլ հետ եմ կանգնել, եւ առաջնահերթությունը միշտ տրվել է սպորտին: Նորից գալով մեր խոսակցության սկզբին, քանի որ մարզական կարիերայիս մնացել է տարիուկես, մտածեցի, որ ճիշտ ժամանակն է այս տարիուկեսը համատեղել, հետո էլ անցնել մեկ այլ բնագավառի: Վստահ եմ, որ հետագայում չեմ սահմանափակվի միայն օրենսդրով: Այլ բնագավառներ կլինեն, որոնք ինձ կհետաքրքրեն, ենթադրում եմ՝ կլինեն նաեւ առաջարկներ, եթե այստեղ ինձ լավ դրսեւորեմ:

Իսկ ընտանիքս, փառք Աստծու, շնորհակալ եմ, որ այդպես է, միշտ իմ կողքին են, երբ կասկածում եմ, միշտ ինձ փորձում են քաջալերել, ինչը ավելի է ուժ տալիս ինձ, որովհետեւ այնպես չէ, որ հեշտ եմ համաձայնվել, շատ երկար եմ մտածել, ծանրութեթեւ արել: Բավականին երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ՝ ինչ պատասխանել, որովհետեւ հասկանում եք՝ թե նժարի վրա ինչ կարեւոր հարցեր են դրված՝ օլիմպիական խաղեր եւ ԱԺ, երկուսն էլ մեկը մեկից կարեւոր, թե՛ պետության, թե՛ անձամբ ինձ համար: Շատ երկար մտորելուց, շատ սրտացավ մարդկանց հետ քննարկելուց հետո, մարդիկ, որոնք միշտ են իմ կողքին եղել թե՛ լավ, թե՛ ծանր շրջաններում ու որոնց վրա գրեթե բացարձակ վստահ եմ, որ միայն լավն են ուզում, եկանք այն եզրահանգման, որ իմանալով իմ կարողությունները՝ կկարողանամ այս մեկուկես տարին համատեղել, եւ դրանից հետո եղավ պատասխանը՝ այո: Ընտանիքս ինձ հետ համակարծիք է, որ պետք է քո գիտելիքներն ու կարողությունները միայն քեզ չմնան, այլեւ ծառայեն հասարակությանը, պետությանը, ժողովրդին:

Տպել
8236 դիտում

Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը

Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով

ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ

Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան

Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին՝ անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ

Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին